ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել ՀՀ իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին կարծիքի համար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, հայտարարության մեջ նրանք նշում են, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին որոշել է արտահերթ նիստ անցկացնել և քննարկել որոշ փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի` նախագծերի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու պահանջը: 

«Ի թիվս այլ բաների, սա կփոխի Սահմանադրության վերանայման կարգն ինքնին: Բացի դրանից, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը նպատակ ունի դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների գործունեության ժամկետները։ Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, նաև հաշվի առնելով բարձրացված մի քանի հարց, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքը ստանալու համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-նշված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *