Վիեննայում հյուպատոսական ծառայությունների զարգամացման թեմայով սեմինար- քննարկում է անցկացվել

Վիեննայում սեպտեմբերի 27-29-ը անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված արտերկրում իրականացվող հյուպատոսական ծառայությունների զարգացմանը, մասնավորապես՝ փաստաթղթերի շրջանառության անվտանգությանը, միգրանտների վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացներին, ինչպես նաև մուտքի արտոնագրի քաղաքականության վերաբերյալ թեմաներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Սեմինար-դասընթացը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում Հայաստանում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ-ICMPD) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Սեմինարին մասնակցում էին Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում. Բելգիայում, Լեհաստանում և Չեխիայում Հայաստանի դեսպանությունների դիվանագետները:

Ավստրիայում ՀՀ դեսպանությունում սեմինարի մասնակիցներին ողջունեց Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: 

Տեղի ունեցած քննարկումներին ՀՀ ՏԿԶ նախարարության Միգրացիոն Պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ու ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիշալյանն անդրադարձան ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման, Ռեադմիսիայի համաձայնագրի բովանդակությանն ու այդ առնչությամբ ՀՀ փորձին, դրանց շրջանակներում տարվող գործընթացներին ու վերջին զարգացումներին:

Քննարկվեցին վերջին տարիներին Հայաստանում ձևավորված միգրացիոն իրավիճակի գնահատման եղանակները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների վերադարձի գործընթացի տեսական և գործնական խնդիրներն ու վերջիներիս վերաինտեգրման իրական հնարավորությունները:

Ներկայացվեց «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգն ու կարճաժամկետ հեռանկարում նախատեսվող միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հայեցակարգը, որի նպատակն է ռեադմիսիոն գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպումն ու դյուրացումը:

Վիեննա կատարած այցի շրջանակներում Գագիկ Եգանյանն և Վլադիմիր Կարմիշալյանը հանդիպում ունեցան Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի Գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգգերի հետ:

Սեմինարի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարարությունում, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնում և Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում:

Միջոցառման շրջանակներում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց այցելել Ավստրիայի պետական տպագրատուն, որտեղ հյուրերին մանրկակրկիտ ներկայցվեց ճամփորդական փաստաթղթերի տպագրման արդի տեխնոլոգիաներն ու տվյալ ոլորտում հնարավոր նորամուծությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *