Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հյուրրընկալել է Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին

     Ղազախստանում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 17-ին հյուրընկալեց Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին՝ իրենց ծնողների և դպրոցի տնօրեն Հայաստան Մնեյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

     Ողջունելով աշակերտներին և ծնողներին՝ դեսպան Արա Սահակյանը բաց դաս անցկացրեց՝ նվիրված Հայաստանի անկախության առաջիկա տոնին, որի ընթացքում ներկայացրեց հայոց անկախ պետականության նվաճման և կայացման դժվարին ուղին, հետադարձ հայացք գցեց հայ ժողովրդի պատմության բախտորոշ փուլերին, ընդգծեց հայոց լեզուն և ինքնությունը պահպանելու գործում հայ ընտանիքի ու դպրոցի անվիճելի դերը: 

     Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հերթին հանդես եկան հայ բանաստեղծների ստեղծագործությունների արտասանությամբ, հայրենասիրական երգերի կատարմամբ: 

     Դեսպանի վարած «Անկախության դասի» ընթացքում աշակերտները պատասխանեցին նաև հայոց պատմությանը, մշակույթին, Հայաստանի աշխարհագրությանը վերաբերող հարցերի: Դասի ավարտին աշակերտների համար կազմակերպվեց ընդունելություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *