Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության «Լիգա Ա»-ի առաջին տուրն արդեն պատմություն է: Վերջապես Հայաստանում էլ կանցկացվի բասկետբոլի կանոնավոր առաջնություն: Մինչ այս ֆեդերացիան սկսել էր նաև 16 տարեկանների առաջնությունը: Բայց մինչ առաջնությունը սկսի հունի մեջ ընկնել ու, գուցե և, կարող է դիտարժան դառնալ, ինչը չես ասի առաջին տուրի խաղերի մասին, «Լիգա Ա»-ի կազմակերպիչները շատ անելիքներ ունեն:
Իսկ «Լիգա Ա»-ին չի ՞ «սպառնում» «Ուրարտու»-ի ճակատագիրը…
Միանշանակ պատասխանել այս հարցին դժվար է: Ինչպես «Ուրարտու»-ի դեպքում, «Լիգա Ա»-ն ևս մեծ ներդրումներ է պահանջում: Ֆեդերացիան այժմ օգնության ձեռք է մեկնում այն թիմերին, որոնք չունեն մարզահագուստ և մարզագույք: Բայց, 7 թիմերից, որոնք մասնակցում են առաջնությանը, մի քանիսն են «լուսավոր ապագա» խոստանում: «Լիգա Ա»-ի խնդիրներից է մրցավարների՝ միջազգային կարգին չհամապատասխանելը: Հայաստանում կա 12 բասկետբոլային մրցավար, սակայն ոչ մեկը միջազգային կարգ չունի:
Դահլիճները և դիտարժանությունը…
Առաջնության խաղերը անցկացվում են մի քանի դահլիճներում, որոնք հիմնականում նախատեսված չեն երկրպագուների համար: Օլիմպավանի դահլիճը բարձրակարգ է, նորագույն կահույքով, բայց այն նախատեսված է մարզումների համար: Իհարկե, կան երկրպագուների համար նախատեսված հատվածներ, որոնք սակայն քիչ են, և օրինակի համար, առաջնության առաջին տուրում բասկետբոլիստների համար նախատեսված նստարաններին նստել էին երկրպագուները: Կամ, «Արթիկ»-«Արցախ» հանդիպումն անցկացվեց Արթիկի մարզադպրոցի մարզադահլիճում, որը Խորհրդային Հայաստանից մնացած «ժառանգություն է», և գտնվում է անմխիթար վիճակում: «Արցախ»-ն էլ իր հանդիպումները կանցկացնի Ստեփանակերտում, որտեղ հնարավոր է մոտ ապագայում 1300 երկրպագուների համար նախատեսված հատուկ մարզադահլիճ կկառուցվի: Առաջնությանը, սակայն կարող ենք հետևել նաև համացանցի միջոցով: Vsport կհեռարձակի տուրի խաղերը:
Թիմերը…
Ինչպես նշեցինք, Հայաստանի առաջնությանը մասնակցում են 7 թիմեր և յուրաքանչյուր տուրում մեկ թիմ չի խաղում: Առաջին տուրում չկար «Գրանդ Սպորտ»-ը:
«Ուրարտու».
Սա այն նույն թիմն է, որ խաղում էր ռուսական Սուպերլիգայում, սակայն թիմում հին կազմից մնացել են միայն 4 բասկետբոլիստներ՝ Նիկիտա Զախարովը, Էդգար Բաբայանը, Միքայել Պողոսյանը և Կարեն Հայրապետյանը: «Ուրարտու»-ն համալրում ունի նաև հավաքականից՝ կենտրոնական Արարատ Քոչինյանը: Բացի նրանից, Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի հաղթողներից երևանյան ակումբում խաղում են նաև Լևոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը և Դավիթ Քարամյանը:
ՖԻՄԱ
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմն ամենաերիտասարդներից մեկն է: Բայց ակումբի հիմնական խաղացողները միմյանց հետ խաղալու փորձ ունեն, իսկ համալրումները մինչև 18 տարեկանների հավաքականից (Արման Դանիելյան, Վլադ Հարությունյան) կարող են ՖԻՄԱ-ին դարձնել առաջնության ֆավորիտ թիմերից մեկը:
«Շիրակ»
Գյումրեցիներն առաջիններից էին, ովքեր դրական արձագանքեցին «Լիգա Ա»-ում իրենց թիմն ունենալուն: «Շիրակ»-ը դեռևս ձևավորման փուլում է, բայց տուրի առաջին խաղում ունեցած հաղթանակից («Ինժեներ»-ի նկատմամբ) չես կարող հաստատ պատկերացում կազմել «Շիրակ»-ի ապագայի հարցում:
«Արցախ»
Ստեփանակերտը ներկայացնող թիմի կազմը թույլ է տալիս «Արցախ»-ին ֆավորիտների շարքին դասել: «Արցախցիների» կազմում հանդես է գալիս Հայաստանի Մ18 տարեկանների ավագը՝ Գեորգի Պոդկոլզինը: Խաղային յուրահատուկ տեմպ և որակ «Արցախ»-ի խաղին կհաղորդեն նաև Ալեքս Սիմոնովիչը, Դանիելո Դուկը: Խոսակցությունների համաձայն «Արցախ»-ը շարունակելու է համալրել կազմը առաջնության ընթացքում ևս:
«Գրանդ Սպորտ»
Այս ակումբում հանդես են գալիս «Գրանդ Սպորտ»-ի սաները, ովքեր ևս երիտասարդ կազմ ունեն, բայց միմյանց գիտեն դաշտում: Այս ակումբի «հաղթաթղթերից» կարող են դառնալ հայր և որդի Խաչատրյանները:
«Ինժեներ»
Այս ակումբն համալրված է հայկական բասկետբոլի վետերաններով: Սակայն «Ինժեներ»-ին առաջնության մրցանակային տեղերի համար պայքարելու ֆավորիտ չես համարի, դա հաստատ է:
«Արթիկ»
Շիրակի մարզը ներկայացնող երկրորդ թիմը կարող է պայքարել փլեյ-օֆֆի 4 ուղեգրերից մեկի համար: «Արթիկ»-ում են խաղում կենտրոնական Արման Հակոբյանը և պաշտպան Արտավազդ Ղռաթյանը:
Հայաստանի առաջնությունը նոր է սկսվել, և թե որքան «ջրեր կհոսեն», ցույց կտա ժամանակը, բայց լավ հեռանկարի համար պետք է լավ հիմք դնել, այսինքն՝ անհրաժեշտ է առաջնությունը զարգացնել հետևողական աշխատանքով:
Վարվառա Հայրապետյան
Լուսանկարները՝ Բասկետբոլի ֆեդերացիայի