• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Գիտէ՞ք Թէ․․․

09.06.2020   09:04

Համադրեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

ա-

Հազարամեակներ առաջ հայ կինը իր կրծքի կաթը հեղել է քարի վրայ, ապա նորածնին կերակրել քարին թափուած կաթով: Դա մեծ խորհուրդ է ունեցել. մայրն իր որդուն կապել է հայրենի տան, հայրենիքի հետ, սիրելի դարձրել նրան քարակերտ օրրանը: Այդ պատճառով էլ քարը հնուց ի վեր սրբազան է եղել հայի համար: Ռաֆայէլ Իսրայէլեանը գրել է.- «Քարի վրայ է ծնուել հայը, քարի վրայ ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարի վրայ բարձրացել: Քարերի մէջ է աճել հայ մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պէս ամրացել»: 

 

 

 

 

բ-

«Հայաստանում, կինը առանձնապէս չի ստրկացուել ո՛չ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստուածներ (Անահիտ, Աստղիկ, Նանէ), եւ ո՛չ էլ միջին դարերում, աւատատիրական (ֆէոտալական) կարգերի օրով, երբ կինն անգամ շինարարական աշխատանքների եւ նուիրատւութիւնների մէջ հանդէս է գալիս իբրեւ բարեգործ՝ իր ամուսնու կամ հօր ու եղբայրների հետ հաւասար, երբ նրանց յիշատակին կամ արեւաշատութեան համար եկեղեցիներում պատարագ է մատուցւում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր եւ կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թուականին Ներքին Դուինում բացուած դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրայ պատկերուած են կողք-կողքի կանգնած տղամարդ ու կին՝ իրար ձեռք բռնած, որ նրանց միասնութիւնն ու սիրոյ դաշինքն են ազդարարում»: Ասել է հնագէտ, ազգագրագէտ Կարօ Ղաֆադարեանը:

գ-

 Տնջրին 2030 տարեկան հսկայ չինարի ծառ է Արցախի Վանանդայ գաւառի Սխտորաշէն գիւղի հանդամասում: Խորհրդային Միութեան շրջանում այս ծառին անձնագիր է շնորհուել որպէս ԽՍՀՄ տարածքում գտնուող ամենատարեց եւ ամենաբարձր ծառի: Չինարին ունի 44 քառակուսի մետր մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղաւորուել հարիւրից աւել մարդ: Հսկայ ծառի սաղարթի ստուերը կազմում է 1400 քառակուսի մետր: Տնջրու բնի շրջանագիծը հիմքում 27 մետր է, իսկ բարձրութիւնը՝ 54 մետրից աւել, մօտ 18 յարկանի շէնքի բարձրութեամբ:

 

 

 

 

 

դ-

1840 թուականի յունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ ամբողջովին կործանուեցին Մասիսի կատարամերձ Ակոռի գիւղը եւ նրա կողքի Սուրբ Յակոբ եկեղեցին: Զոհւում են Ակոռի գիւղի բոլոր բնակիչները՝ մօտ 2000 մարդ: Երկրաշարժից երեք տարի անց՝ 1843 թուականին, գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագէտ ու բնագէտ Մորից Ուակնըրը Խաչատուր Աբովեանի հետ բարձրանում է Ակոռի գիւղի տեղանքը: Նրանց զարմացնում է մի բան: Երկրաշարժը Ակոռից ոչ-մի հետք չէր թողել, սակայն գիւղի հռչակաւոր այգում կանգուն են մնացել 13 ծիրանենի: 

 

ե-

Յովհաննէս Թումանեանի ծննդավայր Դսեղ գիւղից 2 կմ հիւսիս-արեւելք, Մարցաջուր գետակի ձախակողմեան ձորալանջի նեղ հարթակի վրայ, անտառում գտնւում է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը, որ կառուցել է իշխան Մարծպան Մամիկոնեանը 1221-ին: Վանքը եղել է Մամիկոնեան իշխանների տոհմական տապանատունը: Ի դէպ, Թումանեանն իրեն համարել է Մամիկոնեանների շառաւիղը: Վանք տանող ճանապարհին է գտնւում այն աղբիւրը, որից «Գիքոր» ֆիլմում ջուր են խմում Համբոն ու Գիքորը: Այդ պատճառով էլ տեղացիները աղբիւրն անուանել են Գիքորի աղբիւր:

 

զ-

Մոսկուայի Կրեմլի զինապալատում է գտնւում «Ալմաստէ գահը», որը պատրաստել են Նոր Ջուղայի հայ վարպետները: Այն Սպահանից Մոսկուա եկած հայ վաճառական Զաքար Սահրատեանը 1660 թուականին նուիրել է Ալեքսէյ Միխայլովիչ ցարին: Գահի պատրաստման համար օգտագործուել են 897 տարբեր չափսի ալմաստ, 1298 մարգարիտ, շափիւղայ, յակինթ, 1830 Նիշաբուրի փիրուզ, ոսկի, արծաթ: «Ալմաստէ գահը» աշխարհին յայտնի ընտիր գահերից մէկն է:

 

 

է-

1918 թուականի Մայիսի 22-28-ին՝ Սարդարապատի հերոսամարտի օրերին, եօթ գիշեր ու ցերեկ անընդմէջ ղօղանջում էին Արարատեան դաշտի եւ շրջակայ վայրերի հայկական եկեղեցիների զանգերը՝ ազդարարելով, որ հայ ժողովուրդը կենաց եւ մահու կռիւ է մղում: Դա ամենատեւական զանգահարութիւնն էր Հայկական լեռնաշխարհում վաղընջական ժամանակներից մինչեւ մեր օրերը:

 

 

 

ը-

Առաջին կինը, որ բարձրացել է Արարատ լեռան գագաթը, ալեքսանդրապոլսցի բժշկուհի Հայկանդուխտ Չախմախչեանն է: Նա 1912 թուականի սեպտեմբերի 16-ին Ցիւրիխից ժամանած գիտնականների հետ նուաճեց բիբլիական լեռան գագաթը:

 

 

 

թ-

  Գիտնականների հաշուարկներով Արարատ լեռը մօտաւորապէս երեքուկէս միլիոն տարեկան է: Մեծ ու Փոքր Մասիսները իրարից բաժանւում են երկրաբանական մի ամբողջ դարաշրջանով: Փոքր Մասիսը (Սիսը) ընդամէնը 200,000 տարեկան է, հետեւաբար Մեծ Մասիսը հազարամեակներ շարունակ առանձին է եղել:

 

 

 

ժ-

Եւրոպայի երաժշտահանները Տիգրան Մեծի մասին գրել են 24 օփերա: Օփերաները բեմադրուել են Թորինօ, Վենետիկ, Վիեննա, Լոնտոն եւ այլ քաղաքներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր