• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Երբ  Հոգին  Է  Համրանում

28.07.2020   17:34

– Պապի’ ջան, you know I am a pretty girl,-չարաճճի ժպիտը դէմքին՝ ծոռնուհին վազեց պապի մօտ ։
–  Շա’ն լակոտ, հազար անգամ քեզ ասել եմ՝ իմ տանն էդ օտարի լեզվով 
չխօսես,- շանթահարուածի պէս՝ տեղից վեր թռաւ Արշակ պապը։
– Ձա՛գս, Էլե՛նս,- զայրոյթը խեղդելով՝ վերջինս հինգ տարեկան թոռանը գիրկն առաւ։ Արցունքի խոշոր կաթիլները կախուել էին փոքրիկի կոպերից, հազիւ էր իրեն զսպում, որ չվազեր տատի մօտ ու չբողոքեր։ 
–  Էլե՜ն, էդ ի՞նչ անուն է,- ծոր տալով՝ պապը գրպանից հանեց թաշկինակը։ – Լա՛ւ, մի նամուսով, հայկական անուն չկա՞ր։
– Պապի՛, դէ լաւ էլի, ի՞նչ պապի ես, ո՛չ անունս ես հաւանում, ոչ էլ թողնում ես իմ լեզուով խօսեմ։

– Վա՜յ, տունս քանդուեց, էդ ի՞նչ ես ասում, ա՛յ բալա, քո լեզուն հայերէ’նն է, հայերէ’նը, հասկացա՞ր, դու հա՛յ ես, հա՛յ։ Զայրոյթից ձեռքերը դողում էին, ասես շնչահեղձ էր լինում։ -Իմ Արամի բալե՜քը…Երանի՜ սիրտս կանգ առներ, խելագարուէի, միայն չլսէի, թէ ոնց է թոռս օր օրի օտարանում։ Ա՜խ, Աստուա՛ծ, էսքան կրակ լցրիր գլխներիս, բայց դիմացանք, մարմիններս ճանկռոտելով՝ մեր հոգին մաքուր պահեցինք, ու հիմա, մեր զաւակներին սփռում ես աշխարհով մէկ, որ ձուլուե՞ն, վերանա՞ն, ապա ո՞ւր ես, հայի աստուած, ինչո՞ւ ես մեզ անդադար պատժում։ Չէ՜, հայի արմատներն ամուր կպած են հողին, ոչ մէկը չի կարող նրա կենաց ծառը կտրել…

Ահա այսպէս, տասը երկար ու ձիգ տարիներ, պապի օրը սկսւում էր գիւղացիներին, երիտասարդներին խրատելով, որ չլքեն իրենց գիւղը, աշխատեն, շէնացնեն, շատ երեխաներ ունենան։
– Աշխատանք միշտ էլ կը գտնուի, համա դրա համար ցանկութիւն է պէտք, հրեն, ամեն օր գիւղսովետի պատին նոր յայտարարութիւններ են գրում. պահանջւում են բանուորներ, հնձուորներ, զօդողներ… Աշխատանք՝ ինչքան սիրտդ ուզի, բայց էս գիւղում ջահելա մնացել որ,- ասում էր ու բարկացած գլխարկը գետնովը տալիս։ Արշակ պապն էդպէս էլ սովետի ժամանակներից էս կողմ չեկաւ, նրա համար շրջանն էդպէս էլ մարզ չդարձաւ։ Մի օր էլ  հարեւաններից մէկը չդիմացաւ։

-Ա՚յ հեր օրհնած, էդ որ աջ ու ձախ խրատներ ես տալիս, մի խրատ էլ էն քո Ամերիկաներում ապրող թոռներին տուր, թէ չէ, քոնը թողած՝ առաւօտից իրիկուն ուրիշների գլխին ես քարոզ կարդում, ճիշտ ու սխալ սովորացնում։ Էդ ու էդ էր, որ Արշակ պապը մէկ էլ գիւղի ջահելներին դաս տար։

«Է՜հ, գիւղն օր օրի դատարկւում է, ո՛չ հարս կա, ո՛չ էլ նոր ծնուող երեխայի ձայն է լսւում,- մտածում էր Արշակ պապը՝ նայելով դատարկ դար ու դաշտերին, անտեր մնացած տներին։ Ասատուրի տունը՝ մէկ, Սահակի տունը՝երկուս, Ասլանի տունը՝ երեք, Սմբատի տունը՝ չորս… ու էսպէս, տան շեմին նստած, Արշակ պապը անտէր-անտիրական մնացած տներն էր հաշւում ։ Բա քո տունը հաշի՞ւ  չի, ա՛յ բիձա»- մէկի ձայնն, ասես ականջները խլացնելով, շանթահարի պէս՝ երդիկից գլխին ընկաւ։ Դեռ լաւ էր թոռը խղճում էր, ամառային արձակուրդներին երեխաներին մի քանի օրով նրանց մօտ էր ուղարկում, իբրեւ պապն ու տատը կարոտներն առնէին։ «Է՜, տեսնես էդ Ամերիկայի վրայ մե՞ղր է քսած, որ մեր զաւակները, տուն-տեղ թողած, մեղուի պէս շուրջն են հաւաքւում։ Այսքան տարի, վիշտը շալակած՝ ապրում էին ինքն ու իր պառաւը։ Կեանքը նրա համար գոյները կորցրեց այն դաժան օրը, երբ հարսն ու տղան աւտովթարից մահացան։ Այդ օրից Արշակ պապի դէմքից ժպիտն անհետ կորաւ։ Միակ սփոփանքը թոռներն էին, բայց նրանք էլ տուն-տեղ թողեցին ու հեռացան։ «Էս գիւղում ես ոչ անելու բան ունեմ, ոչ էլ՝ ապագայ»- մի օր ասաց թոռը, քրոջը վերցրեց, տատի ու պապի սիրտն էլ մինչեւ վերջին կաթիլը դատարկեց ու գնաց։ Շատ տարիներ էին անցել, նրա Արամ թոռը մեծ մարդ էր դարձել, բայց դա պապի սիրտը չէր ուրախացնում։ Նա իր արիւնը օտարի արեան հետ էր խառնել՝ վշտացնելով պապի ցաւատանջ սիրտը: 
– Արշա՛կ պապ, ո՞ւր ես,- մէկը ձայնը գլուխը գցած՝ պապին էր փնտրում։ – Պապի՛, էդպէս էլ գիտէի, որ քեզ էստեղ կը գտնեմ, հիւթալի ծիրանների ծանրութիւնից կախուած ճիւղերը մի կողմ տանելով՝ ասաց գիւղի միակ երիտասարդը, որ յիսուն տարեկանին մօտ տղամարդ էր։ Ա՜յ մարդ, առանց բահ կեանք չունես, առաւօտից իրիկուն բաղից դուրս չես գալիս։ Աղջի՛կս, Էս էլ մեր Արշակ պապը,- կողքին կանգնած սիրունատես աղջկան դիմեց Արշակի դրկիցը։
– Բարեւ, Արշա’կ պապ,- աղջիկը, մտերմաբար, ձեռքը վերջինիս մեկնեց ։ Պապի’ ջան, մի հաղորդում ենք պատրաստում. «Ցեղասպանութիւնը ականատեսի աչքերով»։ Ասացին, որ մեծ մայր ունէք, ում ծնողները եաթաղանի զոհ են դարձել։ Լրագրողը, դեռ չէր հասցրել տեղաւորուել, Վերջալոյս տատի հետ մի երկու բառ փոխանակել, երբ, մէկը միւսի հետեւից, ներս մտան հարեւանները։ Տատի դէմքն այնքան ծռմռուած էր, որ կարելի էր համրել ցաւից գոյացած ակօսները։ Չնայած տեղահանութեան տարիներին նա հազիւ մի տարեկան լիներ, բայց աչքերն ասես ցաւից կախուած տոպրակներ լինէին, որ տարիների հետ գոյացել էին՝ կաթիլ առ կաթիլ հաւաքած արցունքներից։ Քթի տակ մի երգ էր մրմնջում ու ձեռքի փոքրիկ թաշկինակով մերթընդմերթ մաքրում աչքերը։

– Հօրս սիրած երգն էր, – ասես անդունդի միջից՝ լսուեց Վերջալոյս տատի ձայնը։ Այն չարագոյժ տարին մօրս կրծքից կախուած մանկիկ էի, բայց երբ յիշում եմ տատիս պատմածները, նրա քարացած աչքերը, ակամայից դառնում եմ այդ չարագոյժ օրերի ականատեսը։ Երբ տատս հօրս մասին էր պատմում, միշտ այս երգն էր հնչեցնում. «Քելէ’ լաօ, քելէ’ երթանք մըր էրկիր»։ Դժուար է հայի ճակատագիրը, աղջի՛կս, ով փրկուել է այդ օրերի ահուսարսափից, նրա սրտում մի մեծ վիհ է գոյացել, որ տարիների հետ, որքան էլ փորձել է լցնել, այն աւելի ու աւելի է խորացել։ Տատս պատմում էր, որ ինձ ու մորս մի թուրք կին է փրկել՝ թաքցնելով իրենց մարագում։ Երբ էդ անաստուածները մեր տուն էին մտել, հորս ու պապիս սրի քաշել, հարեւանի կինը, ում տղային մի օր հայրս մահից էր փրկել, մորս ու ինձ թաքցրել էր իրենց մարագում, իսկ գիշերը, մայրս, ինձ մէջքին կապած, այստեղ- այնտեղ թաքնուելով՝ փախել էր կողքի գիւղը, ուր մօրեղբօրս ընտանիքն էր ապրում։ Ասում էր․ -Աղջի՚կս, արեան գետեր էին հոսում, անասունի պէս մորթում էին՝ առանց աչքերը թարթելու։ Աղջիկներին անարգում , մարմիններին թուրքական նշաններ էին դաջում, որ մի հրաշքով փրկուելու դէպքում էլ այդ օրերի սարսափները ողջ կեանքում կոպերից կախուած մնային»: Վերջալոյս տատի ձեռքերն ասես իրեն չէին ենթարկւում, անընդհատ այս կողմ-այն կողմ էր տանում՝ ասես փորձում էր փախչել այդ վայրայառաջ գազանների ճիրաններից։ 

– Տատիս դէմքին երբեք ժպիտ չտեսայ, երբեմն, ինձ թւում էր՝ նրա հոգին մնացել էր հորս ու պապիս անշունչ դիակների վրայ, որ այդպէս էլ, ոչ մի տեղ հանգրուան չէին գտել. ո՞վ իմանար, այդ շներն ինչպէս էին յօշոտել նրանց մարմինները։ Ախր, նրանք փոքր եղբօրս էլ չէին խնայել։ Տատս ասում էր, որ նրանք շատերին չսպանեցին, որ ամբողջ կեանքում սարսափն աչքերին ապրեն, չհասկանալով՝ մեռած են, թէ՛ կենդանի։ Յաճախ էի տատիս շուրթերից լսում՝ «երանի ինձ էլ սպանէին» արտայայտութիւնը: Բայց մի օր հասկացայ՝ նրա խօսքերի խորքում ինչ էր թաքնուած, երբ, պատահաբար, նրա մարմնի վրայ սարսափելի հետքեր տեսայ։ Քանի քանիսն ապրեցին՝ մահ խնդրելով. կարծես մահն էլ էր նրանցից երես թեքել։  Այն գիշեր, մի հնարքով, թուրք կինը ինձ ու մորս մօրեղբօրս տուն է հասցնում։ Բայց մայրս չի հանդարտւում, ինձ թողնում է այնտեղ ու գնում հօրս ու եղբօրս դիակներն այդ դահիճներից ազատելու: Ցաւօք այդ անիծեալները մօրս ու էլի շատ կանանց, աղջիկների բռնում են, անարգում, սրատում, մի քանիսին էլ անգիտակից թողնում ճանապարհներին։ Անիծուած սերունդ էինք, աղջի՚կս։ Այդ ժամանակ էլ հաւատ չունէինք, – խորը շունչ քաշելով, համարեայ շշուկով, ասաց Վերջալոյս տատը։ Բայց տատս աստուածավախ կին էր, թոյլ չէր տա մէկը իր հոգու մատուռը պղծեր։ Թէ մարդը մարդու ձեռքով մորթուի, բա գազանին ի՞նչ անուն տանք։ 

– Վերջալոյս տատ, իսկ մա՞յրդ, նա՞ էլ չփրկուեց, -տատի ցաւն աւելի բորբոքելով՝ վերջինիս դիմեց լրագրողը։ Մի պահ տատի աչքերում այնպիսի փոթորիկ բարձրացաւ, որ թուաց՝ ուր որ է մաքրելու է տանի ցաւն էլ, դրանից գոյացած հետքերն էլ, ու խեղճ կինը վերջապէս հանգստութիւն է գտնելու։

– Ես տատիս պատմութիւններով եմ ծնողներիս յիշում։ Հայրս գիւղում մեծ յարգանք է վայելել։ Մայրս էլ՝ իր ամուսնուն, երեխաներին նուիրուած, խոնարհ կին է եղել, հայ մայր։ Նա չի կարողացել նստել եւ սգալ հորս եւ եղբօրս կորուստը. գնացել է նրանց հետեւից ու այդ մարդասպանների կեղտոտ ճանկերն ընկել։ Բայց, որ ամենասարսափելին էր, մօրս սրտի տակ մի սիրտ էլ է բաբախել , որ այդպէս էլ լռել է՝վիրաւոր թռչնի պէս թպրտալով։ Շատերը փախել են, շատերը՝ սրի մատնուել, շատերը թոնրատանն են մնացել, շատերը՝ մանկան օրօրոցին կռթնած, իսկ տատիս ականջներին խլացել էին նրանց լալահառաչ ճիչերը։ Մորթոտուած երեխաների բաց աչքերը , որ դեռ չէին հասցրել փակուել մայրական քաղցր օրօրից, այդպէս էլ ամբողջ կեանքում տատիս թարթիչներից կախուած մնացին։

– Յոգնեցի, աղջի՛կս,- սառած աչքերով՝լրագրողի ձեռքը բռնեց Վերջալոյս տատը: Գնամ թախտիս հետ կռիւ տամ, աղերսեմ, որ մի պատանք դառնայ, ինձ էլ տանի-հասցնի ծնողներիս, որ էս ցաւն էլ չպատմուի, չյիշուի, որ մի օր աշխարհն էլ մաքրուի հուշերի փոշուց ու հանգիստ, խաղաղ ապրի։ Գնա’մ, գնամ ծերերին կանչեմ, ցախաւելը վերցնենք ու սկսենք մարդկանց յուշերը մէկ-մէկ մաքրել, իստակել։ Արշակ պապի թեւին կռթնած, ինքն իր հետ խօսելով, Վերջալոյս տատը գնաց՝ մարդկանց ցաւերից ազատելու ուղիներ փնտռելու։

ՆԵԼԼԻ ԵՆՈՔԵԱՆ

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր