Էվերեսթը յաղթահարած հայազգի լեռնագնացը պատրաստւում է նոր նուաճումների

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրեանը ծնունդով Լիբանանից է։ Այնտեղ, երբ սկսուեց քաղաքացիական պատերազմը, ընտանիքը որոշեց տեղափոխուել Ֆրանսիա։ «Արմէնփրէս»ի հետ զրոյցում Արա Խաչատուրեանը պատմում է, որ բնակութիւն հաստատեցին Մարսէլում։ Տարիներ անց Արան սկսում է զբաղուել ոսկերչութեամբ, որն էլ շուտով դառնում է իր հիմնական գործունէութիւնը։
«Երբ 40 տարեկան էի, մի անգամ Լիբանանից իմ մտերիմ ընկերներն ինձ հրաւիրեցին մասնակցելու մարաթոնեան վազքի։ Առաջարկը հաւանեցի, և ես սկսեցի աշխուժօրէն մարզուել։ Նախապատրաստական ընթացքից, մարաթոնեան վազքից ոգևորուած որոշեցի աշխոյժ մարզուելը շարունակել։ Որոշ ժամանակ անց, երբ արդէն Ֆրանսիայում էի, ևս մէկ մրցման մասնակցելու առաջարկ ստացայ։ Մարզումներս բարձր մակարդակով պահելու համար որոշեցի բարձրանալ Մոնպլան լեռը, որի բարձրութիւնը հասնում է 4810 մեթրի։ Երբ առաւօտեան 6։30-ին հասայ լերան գագաթ ու արևածագը վայելեցի, շատ տպաւորուեցի, շատ ոգևորիչ էր։ Դա խթան դարձաւ, որ շարունակեմ լեռնագնացութիւնը», պատմում է Արա Խաչատուրեանը։ Նա յետագայում բարձրացաւ Քիլիմանճարօ լեռը, Արարատը, որն ըստ Արայի, շատ յուզիչ էր։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն Արային հրաւիրեց պատմելու, թէ ինչպէս բարձրացաւ Արարատ լեռը։ Այդ ժամանակ 2013 թուականն էր։ Քննարկման ընթացքում Արա Խաչատուրեանը հանդէս եկաւ առաջարկութեամբ։ Նա տեղեկացրեց, որ աջակցութեան դէպքում կը բարձրանայ աշխարհի ամենաբարձր լերան՝ Էվերեսթի գագաթը։
«Ես պատրաստւում էի իմ արշաւը նուիրել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին։ Ցանկանում էի այդ քայլով հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել Հայոց Ցեղասպանութեան հարցի վրայ։ Կոչս՝ ճանաչելն էր 1915 թուականի ողբերգութիւնը։ Այդ կարևոր գործում աջակիցներ ունենալուց յետոյ սկսեցի ծանր նախապատրաստական աշխատանքներ։ Եղայ մի շարք վայրերում՝ Փերու, Պոլիվիա, Էքուատոր, և այնտեղ բարձրացայ նախ 6 հազար, այնուհետև 6 հազար 300, 6 հազար 500, 6 հազար 700մ. բարձրութեամբ լեռներ», ասաց Արա Խաչատուրեանը։ Նրա խօսքով, դա բաւարար չէր Էվերեսթը բարձրանալու համար, հետևաբար ճանապարհորդեց դէպի Ղրղզստան, որտեղ բարձրացաւ 7 հազար 134մ. բարձրութիւն ունեցող Լենինի Փիք լեռը։
Մի շարք բարձունքներ յաղթահարելուց յետոյ 2015 թուականին տեղափոխւում է Քաթմանտու՝ Էվերեսթը բարձրանալու համար։
«Շատ շատ էի մարզւում, քայլում էի, վազում, հեծանիւ էի քշում, լողում էի, աստիճաններ էի բարձրանում՝ ծանր պայուսակ կրելով, ոտքերիս ծանրութիւն էի կապում, բերանիս լաթ էի դնում, որ քիչ թթուածին լինէր. չէ՞ որ լեռ բարձրանալիս թթուածինը գնալով պակասում է։ Աշխատանքային օրերին մարզւում էի 3-6 ժամ, հանգստեան օրերին՝ աւելի յաճախ։ Շնչառութիւնս էի ուժեղացնում։ Օր կար 16 ժամ քայլում էր», ասաց Արա Խաչատուրեանը։
Էվերեսթի գագաթի ճանապարհը դժուարին է եղել, խմբի անդամներից շատերը նոյնիսկ կէսից հրաժարուել են շարունակել ճանապարհը։ Բաւական տպաւորիչ է եղել վերջին օրը։
«8 հազար 300մ. բաձրութեան վրայ էինք գտնւում, այդ օրը երեկոյեան 20։30-ին որոշեցինք շարժուել առաջ։ Գագաթին հասել ենք առաւօտեան 8։30-ին, 8 հազար 848 մեթր բարձրութիւնը յաղթահարուած էր։ Շատ յուզիչ էր, շատ տարօրինակ զգացողութիւններ էին։ Ի դէպ, խմբից մի քանիսն այդպէս էլ գագաթ չհասան», ասաց նա։
Էվերեսթը բարձրանալիս Արա Խաչատուրեանը նամակ է գրում Թուրքիայի նախագահին՝ կոչ անելով առերեսուել պատմութեանը և ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Նամակը տեղ հասցնելու համար հանդէս եկաւ նոր նախաձեռնութեամբ՝ «Խաղաղութեան վազք» Մարսէլից Երևան։ Այն մեկնարկել է այս տարի Ապրիլին Մարսէլից եւ աւարտուել Յուլիսին՝ Երեւանում։ Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ յաղթահարել է մօտ 5000 քմ. տարածութիւն։ Ճանապարհին, երբ գտնւում էր Թուրքիայի տարածքում, այդ ժամանակ այնտեղ նախագահական ընտրութիւններ էին։ Քանի որ չգիտէր, թէ ով էր լինելու նախագահը, հետևաբար նամակը չյանձնեց և վազքը շարունակեց Երևան, որտեղ այդ ժամանակ իրականացւում էր յեղափոխութիւն։
«Ես Ապրիլի սկզբին սկսեցի խաղաղութեան վազքը, Նիկոլ Փաշինեանն էլ իրականացրեց խաղաղ յեղափոխութիւն։ Շատ ուրախ էի, որ հանգիստ եղան իրադարձութիւնները։ Մարդկանցից հզօր էներգետիկա էր գալիս, բոլորը շատ ուրախ էին, ժպտում էին։ Նրանք մեծ յոյսով էին, որ փոփոխութիւններ կը լինեն։ Իմ ուղերձն այն է, որ համատեղ ու ամէնօրեայ աշխատանքով հասնեն իրենց նպատակին», աւելացրեց Արա Խաչատուրեանը։
Քանի որ Թուրքիայի նախագահին հասցէագրուած նամակը դեռ իր մօտ է, այն տեղ հասցնելու համար որոշել է նոր նախաձեռնութեամբ հանդէս գալ։ Այս անգամ Միջերկրական ծովով թիավարելով՝ Մարսէլից հասնելու է Լիբանան։ Նա կ՚անցնի Իտալիա, այնուհետև Յունաստան, Թուրքիա, որտեղ կանգ կ՚առնի և նամակը կը յանձնի Թուրքիայի նախագահին, յետոյ կը շարժուի Սիրիա, վերջին կանգառը կը լինի Լիբանանը։ Նրա խօսքով, եթէ կարողանայ օրական 100 քմ. թիավարել, ապա մօտաւորապէս Լիբանան կը հասնի 50 օրում։ Յառաջիկայում կը սկսին նախապատրաստական աշխատանքները։ Նախաձեռնութիւնն իրականութիւն կը դառնայ 2019-ին կամ 2020-ին. դա կապուած է իր պատրաստուածութեան աստիճանից։
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

