• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

100-ամեակ Հայկական Լեգէոնի Արարայի բարձունքների յաղթական գրոհի

16.11.2018   00:53

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԷՈՆԻ ԱՐԱՐԱՅԻ ԳՐՈՀԸ 

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ 

 

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. Պատիւ Մուսալեռցի լեռնականներին, որոնք յաղթական կռուից եկած իրենց սուրը պատեան չդրին, ասացին թշնամու դէմ իրենց կռիւը դեռ չի վերջացել, զինէ’ք մեզ, տարէ’ք կռուի այնտեղ որտեղ դուք տանուլ էք տուել ձեր կռիւը

                                                                                       

Թրքական վարչապետարանի ընդհանուր տնօրէնութիւնը երկու հազար չորս թուականին՝ «Հայ-ֆրանսական յարաբերութիւնները Օսմանեան պատմութեան  ընդմէջէն» գրքի Գ. հատորն էր հրատարակել: Այդ գրքում հրապարակուել էին օսմաներէն ու ֆրանսերէն փաստաթղթեր՝ 1921-1922  տարիներին ֆրանսացիների հետ հայերի գործակցութեան մասին: Այնտեղ յիշատակուել են  ֆրանսական զօրքերի կողմից գրաւուած շրջաններում ապրող քաղաքացիների դէմ իբր հայ զինուորների կողմից գործադրուած բռնարարքներ: Գրքի մէջ զետեղուած են նաեւ փաստաթղթեր, որտեղ վկայուած են, թէ հայ զինուորներ յարձակած են Այնթապի, Ուրֆայի, Մարաշի եւ այլ բնակավայրերի մէջ բնակուող իսլամ բնակչութեան վրայ:

Ֆրանսական զօրքի մէջ ի՞նչ հայ զինուորներ: Սուրիա, Կիլիկիա արշաւող ֆրանսական բանակի մէջ ոչ թէ հայ զիուորներ, այլ՝ Հայկական լեգէոն, առանձին հրամանատարական կազմով հայերի զօրաբանակ: Ո′չ, նրանք զինուորներ չէին, վրէժի ցասումով բռնկած լեգէոնական մարտիկներ էին, որոնք ցեղին սրտի ցաւի մորմոքը իրենց սրտերում, զէնք էին վերցրել՝ թշնամուն զարկելու: Նրանց գերդաստանների տարեց այրեր, կանայք ու աղջիկներ, մանուկներ մահուան կարաւաններ դարձել, թշնամու եաթաղանները պատռել էին նրանց լանջերը, մարել էին մանչերի նայուածքներում հրեշտակային խինդի ժպիտը, նրանց արեգակունք ակների լոյսի բոցերը, հողի մշակների հորովէլների երգերը: Լեգէոնական մարտիկների ստուար մի մասը դեռ նոր էին իրենց լեռների բարձունքներում յաղթական ճակատամարտեր մղել նրանց դէմ: Կռուի ու վրէժի արեւավառ տենչով, իրենց Վահագնի յաղթանակի ու պատերազմի ոգու արեգակի հուրը սրտերում՝ զինուորի հագուստով զէնքին էին փարել, պիտի արշաւէին Կիլիկիա: Հայը ցանկացաւ նորէն քայլել իրենց անուշ Կիլիկիայի հողին, Հռոմկլայի կաթողիկոսանիստ տաճարում աղօթելու, ունկնդրելու իրենց վարդապետների արեգակի արդար լուսոյ շարականները:

Ռազմանաւեր էին խարսխել հայկական ծովածոցի  փոթորկած ջրերում, դիմացն էր արեւի հրէ թագի ճակատին ելած լերան գագաթը, նրա կողերից ջրվէժող կանաչը հոսում էր ծովի կապոյտ ջրերին: Կռիւ էր այդ լեռներում, հայու ալեբորբ հոգու «Դաւթի Թուր կեծակին» զարկում թշնամուն: Մոլորակի բազում ազգեր պատերազմում էին, ո՜հ, այդ պատերազմում ողջակիզւում էր արիական մի ցեղի սիրտը: Ռազմանաւերի տէրերը՝ պատերազմող Ֆրանսիա, Անգլիա չյանդգնեցին այդ լեռներում ճակատել թշնամուն, ստիպեցին լեռնականներին մարել հրացանների որոտները, լքել իրենց լեռները, գնալ ո՞ւր եւ ինչո՞ւ:

Յիսուներեք օրերի յաղթական մարտերից յետոյ՝ Եգիպտոս, Փորթ Սայիտ նաւահանգստի միւս ափին Լազարէտտօ առողջապահական աւանի աւազուտներում էին, կանաչ հիւղակների փոխարէն ապաստանել ՀԲԸՄ-ի ջանքերով ձեռք բերուած վրաններում: Վրանաքաղաք էին այն անուանել, վրան-դպրոցներ, վրան-եկեղեցիներ էին: Արեւի վարսերը այրում էին, իրենց լեռների լանջերի արեւը տաքուկ շոյում էր դէպի իրեն երկարած այգիների ծառերի թեւերը, ծիածան գօտի կապում նրա մէջքին, մտածում էին այդ արեւի իրենց երկրի արե՞ւն էր: Խաղաղ էր այդտեղ, ո’չ այգիներ, ո’չ ցորեանի ծովեր, ոչ արօր ու մաճկալ, ոչ ալեծուփ լեռների կանաչ լանջեր, ոչ մանուշակի կապոյտ ծովեր, ո’չ շանթերի կրակալոյսը գրկած Նար Ծովինարի անձրեւ, ո’չ պայթող աղբիւրների ջրերի հռնդիւն: Աշխարհի կռիւն էր դեռ մոլեգնում, իրենց սրտերում դեռ չէին մարել հայրենի լեռներում հրացանների պայթիւնների որոտների արձագանգը, իրենց դեռ չաւարտուած կռիւն էին տենչում, իրենց հոգիներում վրէժի բոցեղէն խարոյկն էր:

Վրանաքաղաքում աւագանին ժողով էր գումարել, ի թիւս այլ հարցերից, Գաբրիէլ Գազանճեանից, Մարտիրոս Պօյաճեանից ու Սերոբ Գազանճեանից բաղկացած պատուիրակութիւն էին ստեղծել: 1916 թուականին ներկայացել էին ֆրանսական զրահանաւի հրամանատար՝ Պընուա տ՚Ազիրի-ին, նրան հաղորդել ֆրանսական բանակին զինուորագրուելու իրենց ցանկութեան մասին: Հրամանատարը խորհրդակցել էր Ֆրանսական նաւատորմում ծառայող ծովային սպայ Տիրան Թէքէեանի հետ: Տիրան, որ ֆրանսական ռազմանաւերով մուսալեռցիների փրկութեան սատարողն եղել ու անձամբ ականատեսը այդ կտրիճ լեռնականների քաջութեանը, զրահանաւի հրամանտարին թելադրել էր ընդառաջել նրանց ցանկութեանը:

Տիրան Թէքէեանի կողմից խմբագրուած զգայացունց դիմումնագիրը զրահանաւի հրամանատարը ուղարկել էր Ֆրանսա պետական նախարարին: Վրանաքաղաքի աւազուտների բացատնրում մուսալեռցի երիտասարդները սկսել էին զինուորական մարզանքների ու զինավարժութեան փորձեր կատարել: Ֆրանսական կառավարութիւնը անսացել էր լեռնականնեի խնդրանքին, Փորթ Սայիտ ուղարկել գնդապետ Ռոմիոյին, յանձնարարել «Արեւելեան լեգէոն» կազմելու հնարաւորութիւնը ուսումնասիրել: Այդպէս էին ցանկացել անուանել նոր զօրագունդը, սակայն յետագային համարեա ամբողջութեամբ հայերով համալրուած լինելով այն  վերանուանուել էր «Հայկական լեգէոն»:

Վրանաքաղաքի լեռնականների հոգիներում պատերազմի շեփորների հրավառութիւն էր, արեւը գրկած հրացանների սուիններից ժայթքած կրակը վրէժի ջահեր պիտի վառէր, պիտի կռիւ լինէր, պատերազմի էին գնում: Ցեղի մարտիրոսացած հոգիների ստուերներն էին վրէժի կանչում: Լեգէոնին զինուորագրուել էին վեց հարիւր մուսալեռցի լեռնականներ, իրենց լերան կռուի քաջութեան դափնեպսակին փառքի արեւալոյս նոր ծիածաններ պիտի շողային, որոնցից մէկն էլ Կապորալ դարձած հայրս՝ Արմենակ Պօղոս Լագիսեանն էր: Հապա նրանց պատումը գրելիս, ինչքա՜ն  եմ նրանց քաջութեան սիրով արբեցել,  երեւակայութեանս լուսաճաճանչ շողերին բազմած՝ ես էլ զէնք գրկած նրանց հետ գրոհի գնացել, ափսոս, որ դեռեւս աստղերից իջած չեմ եղել, ես էլ հոգուս հուրի նետերը զարկէի թշնամու դէմքին: Իրենց բնաշխարհից պոկուած եգիպտահայերի երեք հարիւր հայեր նաեւ զինուորագրուել էին Լեգէոնին: Թրքական բանակի զօրանոցներից, ճանապարհային տաժանակիր աշխատանքից ճողոպրած հարիւրաւոր փախստականներ հասել վրանաքաղաք հայու զօրագունդին զինուորագրուելու, գնալ զարկելու թշնամուն:

Հեռու երկրներ՝ Ամերիկա, Ֆրանսա արձագանգել էին Հայկական լեգէոնի շեփորների ղօղանջներին: Այնտեղ հանգրուանած սեբաստացիներ, արաբկիրցիներ, խարբերդցիներ, վանեցիներ եւ իրենց նախնիների  բնաշխարհի այլ աւաններից ու շէներից արեւորդիներ՝ իրենց ցեղակիցների ցաւն իրենց սրտերում, ժամանում Փորթ Սայիտ, զինուորագրուելու նորաստեղծ  զօրագունդին: Ամերիկայի հարիւրաւոր քեսապցիներ կարծես վազելով էին հասել Փորթ Սայիտ զինուրական համազգեստ հագնելու, զէնք վերցնելու: Մեսքենէի, Տէր Զօրի ճանապարհներին մահուան երթի իրենց հայրենակիցների  տառապանքի կանչերի ցաւը իրենց սրտերում՝  կռուի պիտի գնային, պիտի սլանային թշնամու դիրքեր: Թշնամին մարտի դաշտում թող յանդգնէր մարել հայու ոգու կրակի բոցերը, ոչ թէ մանչերին, ալեհեր մարդկանց, կանանց կարաւաններին տանէին անապատներ: Ամերիկայից եկած 1200 կամաւորների շարքերով կային աստիճանաւոր զինուորականներ, ինչպէս՝ Ճիմ Չանգալեան, Ռուբէն Հէրեան, Ճոն Շիշմանեան:

1915 թուականի Նոյեմբեր, 1916 թուականի Մարտ-Մայիս ամիսներին՝ Անգլիա-Լոնտոն, անգլիական ու ֆրանսական արտաքին գործերի նախարարներ՝ Սաքս ու Փիքօ, մասնակցութեամբ Նուպար Փաշայի Ազգային պատուիրակութեան, երկարատեւ բանակցութիւնների ընթացքում սահմանել էին հարաւ արեւմտեան Ասիայի երկրների ազդեցութեան գօտիները: 1916 թուականի Մայիսի 16-ին կողմերի միջեւ կնքուել էր համաձայնագիր: Նրանով Անգլիային վերապահուել վերահսկողութիւն սահմանել Միջերկրական ծովի ու Յորդանան գետի միջեւ տարածութեան երկրների, իսկ Ֆրանսային վերապահուել վերահսկողութիւն սահմանել թրքական նեղուցների ու Հայաստանի նկատմամբ: Ըստ համաձայնագրի, Ֆրանսա ու Անգլիա իրաւասու պիտի լինէին որոշելու իրենց ազդեցութեան գօտիների երկրների պետական սահմանները: Սահմանուել էր Օսմանեան տիրապետութեան արաբական նահանգների կարգավիճակը, արաբական թերակղզիինը՝ առանձին: Անգլիայի  վերահսկողութեան տարածքների առանձին երկրների կարգավիճակը որոշուել էր Յորդանանի բլուրներից մինչեւ ներկայ Թուրքիայի (առանց Ալեքսանդրէթի գաւառի) սահմանները եղող երկրներ՝ Պաղեստին, Յորդանան, Իրաք,  իսկ Ֆրանսային նաեւ «Լեւանդ» երկրներ՝ Լիբանան ու Սուրիա: Օսմանեան կայսրութեան տարածքի անուղղակի բաժանումն էր այն: Հայկական պատուիրակութեան հետ կողմերի միջեւ կայացած համաձայնութեամբ վաւերացուել էր Հայկական լեգէոնի կազմութիւնը, Ֆրանսայի կողմից Կիլիկեան գրաւելուց յետոյ, նրա հովանաւորութեամբ այնտեղ հիմնադրուէր ինքնավար Հայաստանի իշխանութիւն: Լեգէոնը իրաւասում էր պատերազմել միայն Թուրքիայի դէմ, այն նուաճուելուց յետոյ դառնար ինքնավար Կիլիկիայի պետական զօրաբանակի հիմքը:

Զինուորագրուած հայ արեւորդիներին տարել էին Կիպրոս կղզու Մոնարկա վայրը: Լեգէոնական Արմենակ Պօղոս Լագիսեան հայրս պատմում, իրենց տարել ֆրանսական ծագումով, Լուսինեան տոհմից Կիլիկիայի Լեւոն Դ. թագաւորի բերդի տարածք: Մարզումների ատեն ֆրանսական սպան դիմելով նրանց ասել՝ այս ամրոցում, Կիլիկիայի Լեւոն թագաւորի սխրանքների արձագանգներն են թեւածում, ձեր նախնիների ոգու հուրը սրտերում, պատրաստուէք զէնքով մուտք գործելու թագաւորանիստ Սիս քաղաքի ամրոց:

Ամրացել էին լեգէոնականները, տիրապետում նոր զէնքերին: Նրանց տարել էին Պաղեստին, խրամատաւորուել Երուսաղէմից 50 քմ. հիւսիսի Արարայի (Նաբլուս) բարձունքի դիմաց: Արարայի բարձունքում դիրքաւորուած էր օսմանեան «Եիլտրիմ» (Yildrim) բանակը՝ հրամանատարութեամբ գերման նշանաւոր զօրավար` Օթթօ Լիման Ֆոն Սանտըրսի, բաղկացած թուրք-գերման զինուորներից. ճակատի հրանատարն էր Աթաթուրք: Էնվեր ու գերմանական զօրավարը յոխորտացել էին, իրենց դիրքերը անառիկ ու անընկճելի էին: Իրապէս այն խիստ ամրացուած էր, ֆրանս-անգլիական զօրախումբի մի քանի գրոհները անզօր են եղել այն նուաճելու: Ահա այդ ամրոցը խորտակելու առաջադրանքը վստահել էին հայ լեգէոնականներին։

 

Վերջը՝ յաջորդիւ

 

Կլենտէյլ, Հոկտեմբեր 2018                                                       

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր