• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

08.11.2018   23:16

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. –   Հոկտեմբերի 31-ին Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցաւ «Հայկ Նագգաշեան գրական գնահատանք» Հիմնադրամի առաջին մրցանակաբաշխութիւնը՝ գրողի որդու՝ Շահէ Նագգաշեանի մասնակցութեամբ:

Բացման խօսքով հանդէս եկաւ եւ հանդիսութիւնը վարում էր Հիմնադրամի յանձնախմբի նախագահ, «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, Փրոֆ. Սուրէն Դանիէլեանը: Նա ներկայացրեց Հիմնադրամի գնահատիչ յանձնախմբի կազմը՝ Արամ Սեփեթճեան (Լիբանան), Անուշ Նագգաշեան (Երուսաղէմ), Բագրատ Եպս. Գալստանեան (Հայաստան), Սօսի Նագգաշեան (գրողի տիկինը, Քանատա):

Ձեռնարկին ներկայ էր եւ ողջոյնի խօսք ասաց Հայաստանի Գրողների Միութեան քարտուղար Պետրոս Դէմիրճեանը: Նա արժեւորեց Հայկ Նագգաշեանի գրականութիւնը եւ ընդգծեց նման մրցանակաբաշխութիւնների դերակատարութիւնը, մանաւանդ երիտասարդ արուեստագէտներին խրախուսելու հարցում:

Առաջին մասում բանասիրական բաժանմունքի մագիստրատուրայի ուսանող Ժենիա Կիրակոսեանը (1-ին լսարան) ներկայացրեց գրողի կենսագրական գծերը, համալսարանի աշխատակից Գարունա Երանոսեանը կարդաց «Ծերացած ձին» պատմուածքը: 4-րդ լսարանի ուսանողուհի Ստելլա Սիմոնեանը կատարեց «Երազ» երգը՝ Կոմիտասի մշակումով:

Այնուհետեւ Սօսի Նագգաշեանի ողջոյնի գիրն ընթերցեց ու խօսք ասաց լրագրող Նաիրա Հայրապետեանը: Հայկ Նագգաշեանի որդին՝ Շահէ Նագգաշեանը, պատմեց հօր մասին հետաքրքրական ու ուսանելի յուշ:

Ապա Սուրէն Դանիէլեանը, դիմելով գրականութեան մէջ Լռութեան գեղագիտութեանը, որ ձգւում է Ստեֆան Մալլարմէից մինչեւ Վահան Տէրեան, մինչեւ Վահան Թէքէեան եւ Աւետիս Ահարոնեան, վերջապէս յայտարարեց մրցանակակրի՝ Անի Ամսէեանի անունը: Մրցանակը նրան շնորհուել է 2017-ին լոյս տեսած «Ճանապարհ դէպի լռութիւն» բանաստեղծական ժողովածուի համար, որը յանձնեց Շահէ Նագգաշեանը: Անակնկալի եկած ու յուզուած բանաստեղծուհին շնորհակալութիւն յայտնեց իրեն գնահատելու եւ այսպէս արժեւորելու համար:

Երկրորդ մասն ամբողջովին նուիրուած էր Անի Ամսէեանի ստեղծագործութիւններին: Մագիստրոսներ Յասմիկ Գրիգորեանը (2-րդ լսարան) եւ Աստղիկ Պօյաճեանը (1-ին լսարան) հանգամանալից վերլուծութեան ենթարկեցին գիրքը, իսկ Լուսինէ Մարտիրոսեանը, Դիանա Չոլոյեանը (2-րդ լսարան) եւ Անի Պետրոսեանը (1-ին լսարան) արտասանեցին բանաստեղծութիւններ: Գեղարուեստական մասը «Սարի աղջիկ» երգով եզրափակեց երրորդ լսարանի ուսանողուհի Հայկանդուխտ Մարգարեանը:

Իր ելոյթում ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Համալսարանի Հայ հին եւ միջնադարեան գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Փրոֆ. Աէլիտա Դոլոխունեանը շնորհաւորեց մրցանակակրին եւ բերեց 12 տարեկանում Ֆրանսիայի Ակադեմիայի մրցանակը ստացած Վիկտոր Հիւգոյի ոգեւորիչ օրինակը: Նա նաեւ գնահատեց Հայկ Նագգաշեանին եւ սերունդների այն երկխօսութիւնը, որ ապահովում է այս մրցանակը:

Ամփոփիչ իր խօսքում բանասիրական բաժանմունքի դեկան, բ.գ.թ., դոցենտ Աշոտ Գալստեանը շնորհակալութիւն յայտնեց միջոցառման կազմակերպիչներին, Սուրէն Դանիէլեանին եւ ուսանողներին, որոնց համար սա ուսանելի դաս էր եւ երկար կը մնայ նրանց յիշողութեան մէջ:

Միջոցառման աւարտին հիւրերն ու ուսանողները համախմբուեցին սիրոյ սեղանի շուրջ:

 

 «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր