Սրբոց Թարգմանչաց տօնին առթիւ Երեսունվեց սանդուխներ յաւերժութեան

Ռ. ԿՈՐԻՒՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Երևանում գտնուելուս օրերին նպատակադրել էի Սրբոց Թարգմանչաց տօնը յիշատակել-նշել Թեհրանում, ներկայ լինել պատարագի խորհրդին, այդու Երևանից դէպի Մեղրի սահմանը անցայ հանրակառքով ճամբին հիանալով բնութեան պարգևներով, հրաշալիքներով: Ներկայ մի կտոր Հայաստանը գեղեցիկ է և առաւել գեղեցիկ իր ամբողջական տարածքներով. մեզ ինչ է մնացել, մի պուճուր Հայաստան, մի մասնիկը այն դրախտավայր երկրի, այդ բոլորը Սովետի օրօք նուիրուել է մեր չարակամ հարևաններին։ Ե՞րբ պիտի սրբագրուի այս ճակատագրական սխալը, հողերը վերադառնան իրենց իսկական տիրոջը. յուսով կը լինի մի օր, միայն թէ մեր միասնական կուռ հաւատքով և հզօրացումով. արդեօք ուրիշ ելք կա՞յ…:
Ուրախ էի դարձեալ. Թեհրանում իմ հարազատներիս և ընկերներիս այցելում էի և ներկայ էի գտնուելու Սրբոց Թարգմանչաց տօնի արարողակարգին, որը անուանւում է նաև հայ մշակոյթի տօն, նաև մեր մշակոյթի գործիչների՝ ուսուցիչների տօնն է: Մեր ազգային-կրօնական մեծ տօներից է նուիրուած մեր դպրութեան երախտաշատ կերտիչներին՝ եռամեծար Սրբ.Մեսրոպ Մաշտոցին, Սրբ. Սահակ Պարթև կաթողիկոսին և Սրբոց Թարգմանիչ վարդապետներին: Տօնը կատարւում է Հոկտեմբեր ամսում. ողջ Հոկտեմբերը նուիրուած է հայ մշակոյթին և զարդարւում է հանդէսներով «ոսկէ աշունի» պէս:
***
Մշակոյթը գոյութեան հիմք և ամբարտակ է. հայութիւնը երկար դարերի զուրկ պետականութիւնից իր մշակոյթի շնորհիւ է գոյատևել և վերստին պետականութիւն ստեղծել հասնելով 21-րդ դարի այս գլոբալիզացիայի դարաշրջանին, որում, պէտք է կարևորութեամբ վերաբերուել մեր մշակոյթի և մեր լեզուի հետ։
Մշակոյթի հիմնական և էական բանալին լեզուն է և լեզուամտածողութիւնը. նա է մեր յաւերժական կեանքի գրաւականը, սակայն ցաւօք երիտասարդ մայրն իր մատղաշ երեխային ինչպէս է քաջալերում օտար լեզուով խօսելու, նրա ուղեղում դրոշմելով օտար լեզուամտածողութիւնը, հասկանալի է տարբեր լեզուների իմացութիւնը, բայց ոչ թոթովախօս մանուկին զրկել մայրենի լեզուից: Ծառը չորանում է բնի մէջ առաջացած որդից…:
Մենք վաղուց պիտի չքանայինք պատմութեան թատերաբեմից, եթէ մեր մշակոյթի հրապուրանքը չլինէր, մեր հոյակապ ու ճկուն, հարուստ ու քաղցրահնչուն լեզուն չլինէր, մեր գեղազարդ տառերը՝ իւրաքանչիւրը նկարչական հոյակապ մի պաստառ, մեր հոգեկան և բարոյական արժանիքները, մեր ընտանեկան սովորութիւնները և այլն չլինէին: Մենք երախտապարտ ենք մեր սխրագործ պապերին՝ Մեսրոպ Մաշտոցին, որ իր գիւտով յաւերժի ճամբան բացեց և հիմքը դրեց ինքնուրոյն դպրութեան, Սահակ Պարթև կաթողիկոսին Աստուածաշնչի հայերէնի թարգմանութեամբ, Վռամշապուհ արքային նիւթականի օգնութիւններով՝ապագայի տեսլականով, երեք անմահանուն այրեր ազգանուէր ու հայրենանուէր ծառայութեամբ:
Յար յիշատակելի է մեր Թարգմանիչ վարդապետների փաղանգի ստեղծած վիթխարի կրօնական, փիլիսոփայական և պատմական գրականութիւնը, նրանք իրենց ուսուցիչների հետ միասնաբար ստեղծեցին հայոց դպրութեան «Ոսկեդարը», Աստուածաշունչի «Թագուհի թարգմանութիւնը»:
Ասում ենք՝ մեր մշակոյթի գանձարանը հարուստ է, ոսկեայ օղակներով հիւսք։ Եկէ՛ք, միասնաբար պահենք, պաշտպանենք և է՛լ աւելի փայլեցնենք այս հիւսքը նոր օղակներ զօդելով:
***
Հեռաւոր ԱՄՆ-ից և Իրանի հարևան ու բարեկամ Հայաստանի ճամբով եկած կարօտի զգացումով մասնակցեցի Հոկտեմբերի 13-ի եպիսկոպոսական Սրբ. Պատարագին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում. պատարագիչն էր ԹՀԹ-ի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանը։ Հնչում էր մեղմահունչ երգեցողութիւնը, խորհրդաւոր մթնոլորտ, լեցուն հաւատացեալներ, նկատելի էին պապիկներ և տատիկներ բազկատարած աղօթելիս առ Աստուած, նրանք ինչ էին մրմնջում, ինչ էին աղերսում, վստահաբար զաւակների համար յաջող կեանք և բարին իրենց կեանքի վերջին օրերին: Հասաւ պահը քարոզի, առաջնորդը վեր հանեց տառերի գիւտի իմաստն ու խորհուրդը և կոչ արեց երկիւղածութեամբ պահել ու պաշտպանել մեր լեզուն, մեր մշակոյթի արժէքները և նախանձախնդիր լինել այդ ճամբին: Սրբազան հայրը իր քարոզի մէկ հատուածում ասաց. «Հայերէն տառերը եղան այն 36 սանդուխները, որոնցով մեր ժողովուրդն առաջնորդուեց դէպի յաւիտենականութիւն…», իրաւացի և իմաստուն բնութագրում:
Եկեղեցու շրջափակում գրքերի ցուցահանդէսի սեղաններն էին շարուած գրքերով ծանրաբեռնուած՝ համայնքի տպագրութիւն: Ամէն տարի տեղի է ունենում այս ցուցահանդէսը 2000 թուականից ի վեր Սեպուհ սրբազանի նախաձեռնութեամբ: Սրբազանը զարկ է տուել կրօնական և դասական գրքերի հրատարակման:
Այս տարի ևս ըստ աւանդական սովորութեան եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր կազմակերպել եկեղեցու սրահում հրաւիրելով քաղաքամասի ազգային մարմինների և միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչներ ու ուսուցիչներ։ Նախկինում հիւրասիրութիւնը կատարւում էր դուրսը հիւրանոցում, յետագային եկեղեցին օժտուեց սրահով և գրասենեակներով ժամանակի եկեղեցու խորհրդի նախագահ՝ Խեչում Խեչումեանի օրօք: Միջոցառման հանդիսավար և խօսնակն էր եկեղեցու խորհրդի նախագահ՝ Արարատ Քեշիշեանը, նա պատշաճօրէն կատարեց իր պարտականութիւնը խմելով սրբազան հօր, թեմական մարմինների, քահանայից դասի, ուսուցիչների և ներկաների կենացը, եղան արտասանողներ և երգողներ: Տէր Կոմիտասը խմեց հանդիսավարի, Պրն. Վարդան Վարդանեանի, Խեչում Խեչումեանի, իրար յաջորդող խորհուրդների և ուսուցիչների կենացը. նա խօսելով Սրբազանի մասին դրուատեց ծառայութիւնները: Արտայայտուեց բանաստեղծ և վաստակաւոր ուսուցիչ Ալմինը, ի մասնաւորի խօսելով տառերի և նրա մեծ ու փրկարար դերի մասին։ Ի միջի այլոց տեղեկացրեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ի մօտոյ կատարուելիք յիսնամեակի հանդիսութեան մասին։
Սրբոց Թարգմանչաց եկեղեցին կառուցուել է 1968-ին համաշխարհային եկեղեցիների միութեան կողմից լուսահոգի Արտակ սրբազանի նախաձեռնութեամբ և ջանքերով, որի տօնը կատարւում է այդ թուականից:
Հանդէսի աւարտին օրհնութեան խօսք ասաց Սրբազանը. նա իր խօսքի շարանների մի հատուածում խորհուրդ տուեց դպրոցների ծնողական խորհուրդներին և ուսուցիչներին, որ ջանան պատարագին մասնակից դարձնել աշակերտութեան:
Կոկիկ կազմակերպուած հանդիսութիւն, այս տարի մի նորութիւն էր աւելացել. բակում ևս հիւրասիրութեան սեղան էր բացուել թէյով, սուրճով և խմորեղէնով՝ ներկաների համար:
Վարձքները կատար:
Սանլենտ, Լոս Անճելըս
20 Հոկտեմբեր 2018
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

