COVID-19. վարակվածների թիվն աշխարհում անցել է 4 միլիոն 455 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 455 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 298 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 676 հազար 413 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 408 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 216 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321: 

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 9 հազար 974 նոր դեպքով, 252 հազար 245 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 222 հազար 104 է: Վարակից մահացել է 31 հազար 106 մարդ։  Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240: 

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 060 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 074 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 098 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 861 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 143 հազար 114-ի, մահացածներինը՝ 3 հազար 952-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 929 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 652-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 975-ի, մահացածներինը՝ 88-ի: Եգիպտոսում 10 հազար 431 հաստատված դեպք կա, մահացել է 556 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 032 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 886 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Իսլանդիայի իշխանությունները նշել են զբոսաշրջիկների համար երկիրը բացելու ժամկետները

Իսլանդիայի իշխանությունները ծրագրում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել հունիսի 15-ից ոչ ուշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իսլանդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 802 է, որից 1780-ն ապաքինվել է, 10 մարդ՝ մահացել: Ներկայում բուժում է ստանում 12 մարդ: Վերջին շաբաթում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել՝ չնայած թեստավորման թվի ավելացմանը:

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը հայտարարել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկիրը կբացեն հունիսի 15-ից ոչ ուշ: Երկիր ժամանողների համար երկշաբաթյա կարանտինը կհանվի, սակայն այցելողները պարտավորված կլինեն թեստ հանձնել: Թեստի արդյունքները պարզ կլինեն նույն օրը:

Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկների համար գլխավոր խնդիրը կլինի ճանապարհը, որովհետև բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները և պլանավորում են վերականգնել հուլիսից ոչ շուտ:

ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորվում էր մայիսի 19-ին Մինսկում, կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Ես այդ հարցը (ռուսական գազի գինը- թարգմ.) առաջ եմ քաշել ԵԱՏՄ-ի տեսակոնֆերանսի ժամանակ և մոտ ապագայում կկայանա նման ձևաչափով կոնֆերանս»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ պլանավորվածի՝ գագաթնաժողովը պետք է մայիսի 19-ին կայանար Մինսկում, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, մի շարք երկրներ փակել են սահմանները և մտցրել են կարանտինի ռեժիմ: Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ դիտարկվում է ԵԱՏՄ առաջնորդների հետ քննարկումը տեսակապի միջոցով անցկացնելու հնարավորությունը: Դրանից բացի, Լուկաշենկոն չէր բացառել գագաթնաժողովի ժամկետների փոփոխությունը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության կազմում են Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը:

ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg

ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Հակառակ պատկերն է այն խնութներում, որտեղից մթերք գնել կարող են իրենց թույլ տալ հիմնականում բարձր եկամուտ ունեցողները:

Շատ սպառողներ կանգնել են աշխատատեղերի կորստի ու եկամուտների նվազման խնդրի առջև, ինչն ազդեցություն է թողնում ընտրության վրա՝ ավելի թանկ գնով գնել միս, թե՞ սահմանափակվել առանց դրա: «Bloomberg»-ը նշում է, որ մսի գներն ապրիլի սկզբից սկսած բարձրանում են: Նշվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդգծվել է սոցիալ-տնտեսական անհավասարակշռություն, վարակն ավելի շատ ազդեցություն է թողել քիչ եկամուտ ունեցողների վրա:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ մսի արտադրության ոլորտում մի քանի հազար աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում աշխատողների համար դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԱՄՆ-ում միս արտադրող ընկերությունները նախազգուշացրել էին, որ շուկայում կարող է լինել մսի դեֆիցիտ: Կորոնավիրուսը հանգեցրել է մի քանի խոշոր ընկերությունների փակման:

Ավստրալիայի շուրջ 600 հազար բնակիչ ապրիլին կորցրել է աշխատանքը`պայմանավորված hամավարակով

Ավստրալիայի շուրջ 600 հազար քաղաքացի, համավարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով, ապրիլին կորցրել է աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի վիճակագրական բյուրոյին:

Բյուրոյի տվյալների համաձայն, մեկ ամսում 594 հազար 300 մարդ կորցրել է աշխատանքը, միևնույն ժամանակ գործազրկության մակարդակ բարձրացել է 1 տոկոսով՝ դառնալով 6.2 տոկոս: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շուրջ 600 հազար աշխատատեղի կորուստը համարել է կործանարար:

Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6 հազար 975-ի, որից 19-ը մահացել է, 6 հազար 200-ը՝ առողջացել:

Moody՛s-ը վատթարացրել է աշխարհում ավտոմեքենաների վաճառքի կանխատեսումը

«Moody՛s» միջազգային վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է ընթացիկ տարում աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալների 20 տոկոսի չափով անկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կազմակերպության այս գծով նախորդ կանխատեսումը 14 տոկոսի չափով էր:

Կազմակերպության տվյալներով, ընթացիկ տարում այս ցուցանիշը Եվրոպայում կիջնի 30 տոկոսի չափով, ԱՄՆ-ում՝ 25 տոկոսի:  «Moody՛s»-ն անփոփոխ է թողել իր կանխատեսումը Չինաստանի հետ կապված, այնտեղ անումը կլինի 10 տոկոսի չափով: Կազմակերպությունը չի բացառում, որ հաջորդ տարի ավտոմեքենաների վաճառքի ծավալն աշխարհում կաճի 11.5 տոկոսով՝ G20-ի երկրների ՀՆԱ-ի 4.8 տոկոս աճի պայմաններում:

Ամերիկյան ավտոարտադրող հսկաները՝ «General Motors»-ը, «Ford»-ը և «Fiat Chrysler»-ը մայիսի 18-ից կվերսկսեն իրենց աշխատանքը Միչիգան նահանգի իրենց գործարաններում: Ընկերություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մինչ գործարանների աշխատանքի վերսկսումը աշխատակիցներn ընկերության կողմից կստանան ֆինանսական աջակցություն գործազրկության գծով: «General Motors»-ը միակ ավտոարտադրող խոշոր ընկերությունն է, որն առաջին եռամսյակում ունեցել է եկամուտ: Ընկերության մաքուր եկամուտը նշված ժամանակահատվածում կազմել է 0.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նոր Զելանդիան կհատկացնի ավելի քան 30 մլրդ դոլար համավարակից տուժած տնտեսությանն աջակցելու համար

Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նրա խոսքով, 2020 թվականի բյուջեի առանցքային խնդիրը կլինի 50 մլրդ նորզելանդական դոլարի (30.2 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով հատուկ ֆոնդ ստեղծելը:

«Վերականգնման ֆոնդը կապահովի խոշոր ներդրումներ աշխատանքի տեղեր ստեղծելու, ինչպես նաև մի շարք մասնագիտությունների գծով անվճար ուսուցում կազմակերպելու համար, կիրականացվի դպրոցներում անվճար սնունդ ծրագիրը և այլն»,- նշել է նա: Վարչապետի խոսքով, կանխատեսումների համաձայն, առաջարկվող ծրագրերի իրականացման շնորհիվ կպահպանվի 138 հազար աշխատանքային տեղ և կապահովվի զբաղվածության աճ հաջորդ երկու տարիների համար:

Նոր Զելանդիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 497 մարդ: Արդեն բուժվել են 1411-ը, մահացել՝ 21-ը: Վերջին երեք օրն այստեղ վարակի նոր դեպքեր չեն գրանցվում:  

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել ԵՄ երկրներին հնարավորինս շուտ բացել սահմանները

Եվրոպական միության երկրները պետք է որքան հնարավոր է շուտ բացեն իրենց սահմանները, որոնք մարտից փակվել են կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Ընդունելով անհրաժեշտ միջոցներ՝ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ կրկին բացել եվրոպական սահմանները»,- նշել է նա:

Պատվաստանյութի ստեղծման հետազոտություններն արագ առաջ են ընթանում. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովում անցկացվել են լսումներ երկրի գլխավոր համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի մասնակցությամբ: Վերջինս նախազգուշացրել է երկրիժամանակից շուտ վերաբացման վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ բացի նրանից, լսումներին հեռավար կարգով մասնակցել են նաև այլ պաշտոնատար անձինք՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեթֆիլդը, Սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչության ղեկավար Ստեֆան Հանը և առողջապահության փոխնախարար Բրեթ Ջիուարը: Կորոնավիրուսի համավարակին նվիրված լսումները հեռավար կարգով Թենեսիի իր տնից առցանց նախագահում էր այնտեղ ինքնամեկուսացած հանրապետական սենատոր Լամար Ալեքսանդրը:

Դոկտոր Ֆաուչին նշել է, որ անհրաժեշտ է համարժեք ախտորոշում` կորոնավիրուսի հետ կապված խնդիրները լուծելու համար: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտը, որը ներառում է իր ղեկավարած գերատեսչությունը, վերջերս ընդլայնել է ախտորոշման ծրագրերը: Ըստ նրա, կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման գործում մեծ աշխատանք է տարվում գիտնականների կողմից: Այս ուղղությամբ հետազոտություններն արագ տեմպերով առաջ են ընթանում:

«Առկա են պատվաստանյութի առնվազն 8 տեսակներ, որոնք փորձարկվում են կլինիկական պայմաններում: Առողջապահության ազգային ինստիտուտն այս հարցում համագործակցում է շատ դեղագործական ընկերությունների հետ: Ես կներկայացնեմ մեկը, որը միակը չէ, բայց դրա հետազոտման աշխատանքներում մենք շատ ակտիվ ներգրավված ենք: Դա Moderna Therapeutrics ընկերության հետ տարվող աշխատանքն է RNA պատվաստանյութի ուղղությամբ: Եթե հիշում եք, հունվարին այս հանձնաժողովում ես ասացի, որ այս աշխատանքները ոտավորապես կտևեն մեկ տարուց մինչև 18 ամիս, եթե հաջողության հասնենք պատվաստանյութի հարցում»,- նշել է Ֆաուչին:

Անդրադառնալով երեխաներին դպրոցներ վերադարձնելու խնդրին՝ Ֆաուչին ընդգծել է կորոնավիրուսի թեստավորման մատչելիության ապահովման անհրաժեշտությունը: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշում է, որ ժամանակից շուտ վերաբացումը կարող է հանգեցնել հիվանդության կրկնությանը: Նա ընդգծեց, որ մինչ դպրոցների վերսկսումը պատվաստանյութը դժվար թե պատրաստ լինի:

«Իմ կարծիքը չի փոխվել այս հացրում: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իմ մտահոգությունն այն է, որ եթե որոշ քաղաքներ, նահանգներ, տարածքներ բացվեն ժամանակից շուտ ու առանց համապատասխան կարողության արդյունավետ հակազդելու հարցում, ապա կարող ենք ականատես լինել վարակի նոր բռնկմանը, որը կրկին կվերածվի համավարակի, ուստի շատ հստակ է ուղերձս՝ հնարավորին չափով հետևեք մշակած ուղեցույցերի պահանջներին, որոնք խորքային են և լավ մշակված»,- ասել է Ֆաուչին:

President of European Council urges EU member states to open borders as soon as possible

The Member States of the European Union should open borders as soon as possible, which have been closed since March as a result of coronavirus pandemic. ARMENPRESS reports, citing TASS, President of the European Council Charles Michel said, speaking at the European Parliament.

‘’Taking appropriate measures, it’s necessary to open the European borders as soon as possible’’, he said.

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ շտաբի տվյալների՝ վարակվածների թվի աճը կազմել է 4.3 տոկոս՝ նախորդ օրվա 4.9 տոկոսի դիմաց: Հաստատված նոր դեպքերից 4 հազար 461-ը ախտանիշներ չեն ունեցել:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 4 հազար 491-ով՝ կազմելով 48 հազար 003: Այսպիսով, երկրում բուժվել է վարակվածների 19.8 տոկոսը:Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, երկրում մ ահացել է 2 հազար 212 մարդ:

Apple-ն առաջիկա շաբաթներին կսկսի փուլային տարբերակով աշխատակիցներին վերադարձնել գրասենյակներ

«Apple» ընկերությունը մտադիր է առաջիկա շաբաթներին սկսել ապահովել աշխատակիցների վերադարձը գրասենյակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Վերջինիս տվյալներով, ընկերության ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար վերականգնել աշխատանքը:

 Առաջին փուլում՝ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, սովորական աշխատանքային ռեժիմին կվերադառնան ընկերության խոշոր գրասենյակների աշխատակիցները: Սկզբում խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք չեն կարողանում տնային պայմաններում իրականացնել իրենց պարտականությունները: Այդ թվում այն մարդիկ են, որոնք ներգրավված են «Apple» արտադրանքի համար անհրաժեշտ մասերի ստեղծման գործում: Ակնկալվում է, որ ավելի մեծ թվով աշխատակիցներ կվերադառնան աշխատանքի երկրորդ փուլում, որը կլինի հուլիսին:

Մարտի սկզբից «Apple»-ի մեծ թվով աշխատակիցների գործունեությունը սկսեց կազմակերպել հեռավար:

Վրաստանում կարող են արագացնել կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը

Վրաստանում կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը կարագացվի, եթե առաջիկայում պահպանվի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի կրճատման և ապաքինվածների թվի ավելացման միտումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:

«Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը վերջին օրերին արդեն ապաքինվածներից քիչ է: Եթե այս միտումը շարունակվի և պահպանվի, ապա դա լավ հիմք կլինի, որ արագացնենք սահմանափակումները հանելու  գործընթացը»,-նշել է նա: Տալակվաձեն նաև ավելացրել է, որ դա կարող է թույլ տալ վերականգել այն տնտեսական գործընթացները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով:

Վրաստանում վարակվածների թվի կրճատման ու ապաքինվածների թվի ավելացման միտումը նկատվում է վեջին 4 օրերին: Ապրիլի վերջից երկրում սկսել են կարանտինից դուրս գալ փուլային տարբերակով:

Արաբական Միացեալ Էմիրութիւնները Կը Զօրակցի Լիբանանահայ Կարիքաւորներուն

Լիբանանի մէջ Արաբական Միացեալ Էմիրութիւններու կողմէ կատարուած մարդասիրական-բարեսիրական աշխատանքներու շրջագիծին մէջ, Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանը 11 մայիս 2020-ին, ստանձնեց սննդեղէնի 100 սնտուկներ, որոնք պիտի բաժնուին համայնքի կարիքաւոր ընտանիքներուն։

Այս առիթով, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Շահէ եպս․ Փանոսեան իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ Արաբական Միացեալ Էմիրութիւններու իշխան շէյխ Խալիֆա պըն Զայէտ Ալ Նահիանի, գահաժառանգ իշխան շէյխ Մոհամետ պըն Զայէտ Ալ Նահիանի եւ Լիբանանի մէջ Արաբական Միացեալ Էմիրութիւններու դեսպան Տոքթոր Համատ Սաիտ Ալ Շամիսի, ընդհանրապէս Լիբանանին եւ ի մասնաւորի Լիբանանի համայնքին նկատմամբ իրենց ցուցաբերած նուիրումին, շնորհակալութիւն յայտնելով անոնց ճիգերուն եւ մաղթելով, որ այս դժուարին օրերը աղօթքով եւ հաւաքական աշխատանքով կը յաղթահարուին։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Պոլսոյ Հայկական Եկեղեցւոյ Դէմ Կատարուած Ոտնձգութեան Հարցը Թուրքիոյ Խորհրդարան Տեղափոխուած է

Թուրքիոյ ընդդիմադիր քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութենէն (HDP-ԺԺԿ) ընտրուած հայ պատգամաւոր Կարօ Փայլան հայկական եկեղեցւոյ վրայ կատարուած յարձակման հարցը տեղափոխած է երկրի խորհրդարան: Այս մասին կը հաղորդէ Ermenihaber.am։

Ան գրաւոր հարցում ներկայացուցած է Թուրքիոյ խորհրդարան` ուղղուած ներքին գործոց նախարար Սուլէյման Սոյլուին:

Յիշեցնենք, որ Թուրքիոյ քաղաքացներէն մէկը 8 Մայիսին փորձած էր վառել Իսթանպուլ քաղաքի Պաքըրքէօյ շրջանի Զեյթինլիք թաղամասի մէջ գտնուող հայկական Ծնունդ Սբ. Աստուածածնի եկեղեցւոյ դուռը, բայց չէր յաջողած: 

Փայլան հանրութեան ուշադրութեան կիզակէտ դարձուցած է, որ դէպքին համար բերման ենթարկուած անձնաւորութիւնը իր խոստովանական ցուցմունքով որպէս իր արարքին պատճառաբանած է հետեւեալը. «Որովետեւ պսակաձեւ ժահրը ասոնք (հայեր-խմբ․) բերած են»:

Հայ պատգամաւորն ընդգծած է նաեւ, որ ատելութեան մթնոլորտի պայմաններու տակ Պաքըրքէօյի եւ տարբեր շրջաններու մէջ պարբերաբար եկեղեցիներուն նկատմամբ ոտնձգութիւններ կը կատարուին: Եղած են դէպքեր, երբ ցեղապաշտական, ազգայնամոլական բնոյթի գրութիւններ տեղ գտած են հայկական եկեղեցիներու պատերուն վրայ:

Այս բոլորը նկատի առնելով Կարօ Փայլան Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլէյման Սոյլուին ուղղած է հետեւեալ հարցերը.

Չէք կարծե՞ր, որ փոքրամասնութիւններու կրօնական հաստատութիւններուն հանդէպ ատելութեան հողին վրայ իրականացուող յարձակումներու վրայ ազդեցութիւն կ’ունենան Թուրքիոյ նախագահի կողմէն գործածուող խօսքերը, ինչպէս օրինակ` «Թուրի աւելցուկ» արտայայտութիւնն է:

Ինչպիսի՞ միջոցներ կը ձեռնարկէք յաճախակի յարձակման ենթարկուող փոքրամասնութիւններուն պատկանող կրօնական հաստատութիւնները պաշտպանելու համար:

Ըստ ինծի` ատելութեան հողին վրայ իրականացուող այս յարձակումները ինչպէս նախապէս, այնպէս ալ հիմա, կ’ուղղորդուին պետութեան ներսը գտնուող տեսանելի կամ անտեսանելի կեդրոններու կողմէ: Հակառակը կրնա՞ք պնդել:

Յիշեցնենք, որ Իսթանպուլի ոստիկանութիւնը եկեղեցւոյ տարածքին անվտանգութեան տեսախցիկներուն շնորհիւ յանցագործը յայտնաբերած ու բերման ենթարկած է զինք: Վերջինս իր խոստովանական ցուցմունքով որպէս իր կատարածին պատճառ յայտնած է հետեւեալը. «Որովետեւ պսակաձեւ ժահրը ասոնք (հայերը-խմբ․) բերած են»:

Իսթանպուլի նահանգապետարանը տեղեկացուցած է, որ յանցագործը ձերբակալուած է, եւ նախաքննութիւնը կը շարունակուի:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Լիբանան Չորսօրեայ Խիստ Արգելափակումներու Սեմին

Լիբանան այսօր երեկոյեան պիտի մտնէ ամբողջական փակումի հանգրուանի մէջ, որ պիտի տեւէ 4 օր: Այս մասին որոշում կայացուց կառավարութիւնը երէկուայ իր ժողովին ընթացքին: Նախարարաց խորհուրդը այս որոշումին հանգեցաւ երբ որոշ նուազումէ ետք քորոնա ժահրով  վարակակիրներու համեմատաբար մեծ թիւեր սկսան արձանագրուիլ վերջին օրերուն:

Ընդհանուր փակումը ընթացք պիտի առնէ այս երեկոյեան ժամը 19:00ին եւ պիտի տեւէ մինչեւ յառաջիկայ Երկուշաբթի առաւօտ: Բացառութիւններու մասին հաղորդագրութիւն մը կը հրապարակուի շուտով Ներքին գործոց նախարարութեան կողմէ::

Իրավիճակի վերարժեւորումը պիտի կատարուի յառաջիկայ Կիրակի երեկոյեան եւ ըստ այնմ որոշում կայացուի Երկուշաբթի դարձեալ բանալու առնչութեամբ:

Քաղաքացիներէն պահանջուած է մնալ իրենց տուները եւ դուրս չգալ բացի չափազանց անհրաժեշտ պարագաներու համար:

Մինչ այդ Առողջապահութեան նախարարութիւնը պիտի բազմապատկէ իր ճիգերը աւելի եւս մեծ թիւով քաղաքացիներու համար քննութիւններ անցնելու:

Լիբանանի տարածքին երէկ, 11 նոր վարակակիրներ գրանցուեցան ընդհանուր թիւը հասցնելով՝ 870-ի:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը