• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Սումկայիթի Եղեռնագործութեան Զոհերուն Յիշատակի Հոգեհանգիստ Պէյրութի Մէջ

01.03.2015   22:47

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմնի նախաձեռնութեամբ՝ Սումկայիթի եղեռնագործութեան զոհերուն յիշատակին հոգեհանգստեան արարողութիւն կատարուեցաւ երէկ առաւօտ Սուրբ Նշան մայր եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի:

Հոգեհանգստեան րարողութիւնը նախագահեց Լիբանանի Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսեան: Սրբազանին պատգամ-քարոզէն ետք, յիշատակի հաւաք տեղի ունեցաւ եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղադրուած՝ Սումկայիթի զոհերուն նուիրուած Խաչքարին առջեւ:

Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմնի անունով ծաղկեպսակներու զետեղումէն ետք, հաւաքին մասնակից Լիբանանի մօտ ՀՀ Դեսպանին եւ Հիւպատոսին, լիբանանահայ կուսակցական, քաղաքական եւ միութենական աւագանիին ու ներկայ հանրութեան առջեւ խօսք առաւ Պրն. Ռաֆայէլ Ումուտեան ներկայացնելով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմինը եւ ապա ՀՀ վսեմաշուք դեսպան Պրն. Աշոտ Քոչարեան ներկաներուն փոխանցեց իր խօսքը (Պրն. Դեսպանին խօսքին բովանդակութիւնը կու տանք վարի տողերով):

Աւարտին երգուեցաւ Հայաստանի Հանրապետութեան հիմներգը:

[divide width=”medium”]

Պարոն Դեսպանին Խօսքը՝

Սումգայիթյան եղեռնագործության 27-րդ տարելիցը

Կրկին անգամ հավաքվել  ենք Սուրբ Նշան եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ մեր հարգանքի տուրքը մատուցելու ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ. անմեղ զոհված հայորդիների հիշատակին: 1988 թ. փետրվարի 26-28-ին Ադրբեջանի Սումգայիթ  քաղաքում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ջարդերը էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակն էին Խորհրդային Միության տարածքում: եղան տասնյակ զոհեր: Հարյուրավոր անմեղ մարդիկ բարբարոսական հարձակումների և խոշտանգումների արդյունքում վիրավորվեցին և անդամալույծ դարձան: Հանցագործ խաժանուժը իշխանությունների աջակցությամբ ներխուժեց հայ ընտանիքների հարյուրավոր բնակարաններ, կողոպուտի ենթարկեց արհեստանոցներն ու խանութները: Անկասկած, անմարդկային ջարդերը, հանցագործություններն  ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից:      

Սումգայիթում հայերի դեմ կատարված բռնությունները փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթ և 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ դարձավ շրջադարձային: Քաղաքակիրթ  և օրինական յուրաքանչյուր գործողությանը հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, բռնություններ և կոտարածներ, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը  սկիզբ առավ 27 տարի առաջ, որպես խաղաղ ցույցերի շարք հայերի կողմից, որոնք ցանկանում էին որոշել իրենց սեփական կյանքը, իրենց ապագան ոչ Ադրբեջանի իրավասության տակ:

Միջազգային արձագանքը կատարվածի առնչությամբ բավարար չէր: Փլուզվող Խորհրդային Միության իշխանություններն  չտվեցին համապատասխան գնահատական կատարվածին: Գորբաչովյան վարչակազմը սահմանափակվեց <<խուլիգանական տարրերի գործողություններ>> գնահատականով:  Եղան արձագանքներ միջազգային որոշ կառույցների, ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների  կողմից: Մասնավորապես,   Եվրոպական դատարանը դատապարտեց Սումգայիթում և Բաքվում կատարված էթնիկական զտումները հայերի հանդեպ: 2006թ. ընդունվեց նաև բանաձև, որը դատապարտում է հայկական կրոնական և մշակությանին հուշարձանների ոչնչացումը նախկինում հայաբնակ Նախիջևանի մարզում:

Արձագանքեցին նաև աշխարհահռչակ գիտնական  Անդրեյ Սախարովը, Ջորջ Սորոսը:

Սունգայիթյան եղեռնագործությունից հետո ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ հարձակումները հայ բնակչության հանդեպ շարունակվեցին ամբողջ երկրի տարածքով:1988թ. մայիսին Շուշիում, որտեղից հաջորդ մի քանի տարիների ընթացքում հրետանային ռմբակոցություններ էին իրականացվում Ստեփանակերտի վրա կազմակերպվեց հայերի տեղահանում: 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայերի կոտորածները տեղի ունեցան Բաքվում, Կիրավաբադում` Գանջա, Շեմաքում, Շեմաքորում, Նախիջևանում, այլ բնակավայրերում: Հայերը սպանվեցին և վիրավորվեցին Խոջալու գյուղում: Խորհրդային մամուլը նկարագրում էր, թե ինչպես ոճռագործները Կիրովաբադում ներխուժել էին ծերանոց, սպանել անօգնական ծերերին, ներառյալ անդամալույծների:  1990թ. սկզբին հայկական հետապնդումներն ու կոտարածները դարձան ավելի կազմակերպված Բաքվում: Սպանվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ, մամուլը ամենօրյա հաղորդագրություններում զետեղում էր նյութեր աննկարագրելի սարսափների մասին: Օրեկան սպանությունները կատարվում էր տեղական իշխանությունների աչքի առջև: Ադրբեջանից հայ փասխստականների և տեղահանվածների թիվը 400 հազարից ավելի է:  

Հաջորդ տարիներին Ադրբեջանը փորձեց լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել Ղարաբաղի դեմ, սակայն տապալվեց իր նենգ ծրագրերում: Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն արժանի հակահարված տվեցին ադրբեջանական բանակին: Ռազմական պարտությունները ստիպեցին ազերիներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ 1994թ. մայիսի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրել հրադադարի արձանագրությունը:  

Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազ·ային հերոսներ: Հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարկի արդյունքում ազատ արձակվեց մարդասպան Սաֆառովը, ով կացնահար էր արել քնած հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, և նախագահ Ալիևվի կողմից հռչակվեց ազգային հերոս: Ի դեպ այս տարի փետրվարի 19-ին լրացավ այդ սարսափելի և անմարդկային հանցագործության 11-րդ տարելիցը:  

Ներկայումս  ադրբեջանական քարոզչությունը ամենուր և անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Հայաստանին և Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Շարունակվում են ռազմատենչ հայտարարությունները, սահմանային ոտնգձույթյունները, զինադադարի խախտումները:

 Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարները: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրացնում է պետական – ժողովրդավարական կառույցները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը:

Միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Ադրբեջանը  հիմա էլ շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը և հայերի հանդեպ ատելության մթնոլորտ ստեղծել իր երկրում: Սա պետք է խստորեն դատապարտվի միջազգային  հանրության կողմից:  

2015թ. հույժ կարևոր և  խորհրդանշական տարի է և  հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար: Ողջ աշխարհով սփռված հայ ժողովուրդը պատրաստվում է պատշաճ կերպով անցկացնել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հունվարին Երևանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի արդյոնքում ընդունվեց համահայկական հռչակագիր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ հռչակագրի հրապարակման արարողությունը: Փաստաթուղթն ընթերցեց Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշեց, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: Ինչպես ասացի, տարին առանձնահատուկ է: Նշելու ենք կյանքի հաղթանակը մահվան հանդեպ` ընդգծելով վերապրելու, վերածնվելու և ազատագրվելու այն հերոսական ու փառահեղ ուղին, որ անցել է մեր ժողովուրդը: 27 տարի հետո մեր գլուխն ենք խոնարհում Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմումք հայտնում, որ հայերի հանդեպ կատարված հանցագործությունները, աննկարագրելի դաժանություններն և ոճռագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից: Գիտակցում ենք, որ միայն մեր միասնական կամքով և հավաքական ուժով կարող ենք հզորացնել մեր Հայրենիքը և ապահովել մեր բոլոր հայրենանվեր և ազգանվեր իղձերի և ծրագրերի իրականացումը:

 Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր