Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է

Զրուցեց՝ ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԶԱՐԹՕՆՔ», ԲԵՅՐՈՒԹ-ԵՐԵՎԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը վերանայում է կառավարության կառուցվածքը և օպտիմալացնում  կառավարման համակարգը։ 17 նախարարությունների փոխարեն առաջարկում է կառավարության կազմում ունենալ 12 նախարարություն։ Հայաստանում և Սփյուռքում քննարկման առարկա են դարձել հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների՝ այլ նախարարությունների հետ միավորելու հիմնախնդիրը։ Այդ կապակցությամբ  ձեզ եմ ներկայացնում «Զարթօնք»ի հարցազրույցը  ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որով նա դիմում է ՀՀ վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու Սփյուռքի նախարարությունը պահպանելու հարցը։

***

  • Տիկին Հակոբյան, վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել Սփյուռքի նախարարության փակման առիթով։ Ի՞նչ կարող եք ասել որպես հիմնադիր նախարար։

10 տարի առաջ, երբ Հանրապետության նախագահը ինձ առաջարկեց ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը և ձեռնարկել Սփյուռքի նախարարության ստեղծման գործընթացը, ես առաջարկեցի և խնդրեցի շարունակել քննարկումները, որպեսզի ճշգրտվեն նախարարության նպատակները, խնդիրները, գործառույթները, կառուցվածքը և այլն։ 2008թ-ի ապրիլին ձևավորված կառավարությունում այդպես էլ տեղ չգտավ Սփյուռքի նախարարությունը։ Վերջնական որոշում կայացվեց այն բացել հոկտեմբերի 1-ին։ Արդեն 3 ամիս անց, մեր փոքրիկ թիմի հետ մեզ պարզ դարձավ, որ 17 տարի ուշացումով է ստեղծվում այս նախարարությունը։ Սփյուռքի հետ աշխատանքների մի մասը ԱԳՆ-ն էր իրականացնում, մի փոքր հատված՝ ԿԳՆ-ն, իսկ բուն աշխատանքները, կապերն ու հարաբերությունները բարձիթողի վիճակում էին։

  • Դուք այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր  էիք։

Այո, ես 22 տարի պառլամենտում էի, ի դեպ 5 անգամ ընտրվել եմ  ժողովրդի կողմից՝ մեծամասնական ընտրակարգով, և 2003թ-ից էլ  ղեկավարում էի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը, հեղինակ էի 100-ից ավելի օրենքների և աշխատել էի սոցիալական ապահովության նախարար։ Եվ անտեղյակներին էլ ասեմ, որ ես անգործ չէի, որ ինձ համար նախարարություն ստեղծվեր, այլ դրա ստեղծումը ժամանակի հրամայականն էր։ Կառավարությունում և պառլամենտում ունեցած իմ փորձն ու գիտելիքները հաշվի առնելով էր,  որ ինձ առաջարկվեց ձեռնամուխ լինել այդ նախարարության կայացմանը։

  • Իսկ ինչպե՞ս ընդունեց Սփյուռքը նախարարության ստեղծումը։

Սփյուռքում այն միանշանակ չընդունվեց։ Հնչում էին ձայներ, որ նախարարությունը կառավարման մարմին է և ի՞նչ է՝ եկել են մեզ կառավարելու։ Կամ որոշ մասը մտածում էր, որ այն պետք է գոյատևի Սփյուռքի ֆինանսական միջոցների հաշվին։ Կային մարդիկ էլ, ովքեր գուցե իրավացիորեն դեմ էին նախարարության անվանմանը և առաջարկում էին Սփյուռքի հետ կապերի նախարարություն և այլն։ Մեզ հաջողվեց ոչնչից, զրոյական վիճակից,  գործակցելով սփյուռքյան խոշոր կառույցների, կազմակերպությունների, անհատների, գիտնականների,  հոգևոր առաջնորդների,  ՀԲԸՄ ղեկավարության հետ, մոտ 1 տարի մշակել և քննարկել, ապա ՀՀ կառավարության կողմից 2009թ-ի օգոստոսի 20-ին հաստատել Հայրենիք-Սփյուռք գործակցության ռազմավարությունը և ամրագրել քաղաքականության հստակ  սկզբունքները՝

  1. Աջակցել Սփյուռքում գործող կառույցներին, կազմակերպություններին հայապահպանության կարևոր աշխատանքներում, պայքարել երիտասարդությանը օտար ափերում հայ պահելու համար։
  2. Հայտնաբերել Սփյուռքի ներուժը և այն օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար։
  3. Մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք կխթանեն հայրենադարձությունը։

Մենք այդ տքնաջան, պատասխանատու և անչափ կարևոր գործին լծվեցինք նվիրյալ թիմով և, կարծում եմ,  պատվով իրականացրինք մեր կառույցի առաքելությունը։ Մշակվեցին և իրականություն դարձան տարեկան քսանհինգից ավելի համահայկական ծրագրեր, հաստատվեցին կապեր հարյուրավոր երկրներում ապրող մեր հայրենակիցների, հազարավոր կազմակերպությունների, կառույցների և գործիչների հետ։

Համահայկական կազմակերպությունների հետ կնքվեցին գործակցության հստակ համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր։ 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, ‹‹Նորավանք›› գիտակրթական հիմնադրամի գիտնականների կողմից մեր պատվերով իրականացվեցին 108 գիտական հետազոտություններ՝ նվիրված Սփյուռքի տարբեր հիմնահարցերին։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն և դասական ուղղագրությամբ ամեն տարի լույս ընծայեցինք 600 էջից ավելի ծավալով «Սփյուռք» տարեգիրքը, որը ներառում է Սփյուռքի համայնքների  և նրանց գործունեության մասին բովանդակալից տեղեկատվություն՝ դառնալով հայոց նորագույն պատմության մի մաս, հանրագիտական արժեք ունեցող տպագրություն՝ աղբյուրագիտական հսկայածավալ նյութով։

Սփյուռքի ճանաչողության բացը լրացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները գիտականորեն ուսումնասիրելու համար նախևառաջ մասնագետներ էին հարկավոր։ Ահա թե ինչու մեր խնդրանքով և առաջարկությամբ ԵՊՀ-ում բացվեց Սփյուռքագիտության ամբիոն, որը պատրաստել է ավելի քան հարյուր մագիստրոս սփյուռքագետներ, իսկ ՀՀ ԳԱԱ-ի հասարակագիտական բոլոր ինստիտուտներում հիմնադրվեցին ու ընդլայնվեցին Սփյուռքի բաժինները։

  • Տիկին Հակոբյան, նախարարության կողմից մեծ ուշադրություն էր դարձվում հայ մասնագիտական ներուժի համախմբմանն ու դրա նպատակային օգտագործմանը հայրենիքի զարգացման համար, որոնց մի մասին անձամբ եմ մասնակցել, և կարող եմ վկայել, որ լրագրողների համախմբման ձեր ջանքերը իզուր չանցան։

Այո, Դուք Ճիշտ եք։ Գործունեության լավագույն ձևաչափը դարձավ համահայկական մասնագիտական համաժողովների անցկացումը։ Տաս տարվա ընթացքում կազմակերպվել է 104 համաժողով, որոնք հնարավորություն են ընձեռել Հայաստանի և Սփյուռքի մասնագետներին շփվել միմյանց հետ, փոխանցել առաջավոր փորձ, մշակել գիտական ծրագրեր, կյանքի կոչել մասնագիտական գործընկերության նախագծեր։ Սփյուռքի մասնագետներից շատերը դարձան կարևոր ծրագրերի ղեկավարներ,  գրասենյակներ բացեցին հայրենիքում, Հայաստանի գիտնականներին ներգրավեցին իրենց գիտական հետազոտություններում, դասընթացներ վարեցին համալսարաններում, ղեկավարեցին ասպիրանտների՝ հաղորդակից դառնալով հայրենիքում ընթացող գիտական աշխատանքներին։ Այդ ընթացքում ստեղծվեցին ճարտարապետների, լրագրողների, իրավաբանների, բանկիրների, արվեստագետների, սրտաբանների և այլ մասնագիտական  համահայկական ընկերակցություններ։ Համաժողովների ու տասնյակ գիտաժողովների ընթացքում քննարկվում էին հայ ինքնության պահպանման, հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման, արևմտահայերենի պահպանման և զարգացման, դասական ուղղագրությանն անցման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, իսլամացած և ծպտյալ հայերին, խառնամուսնություններին վերաբերող և բազում այլ հիմնախնդիրներ։

  • Դուք նաև շարունակեցիք 1999թ-ին հիմք դրված համահայկական խորհրդաժողովների ավանդույթը։

Սփյուռքում առանձնակի սպասում և ոգևորություն էին առաջացնում համահայկական համաժողովները (2011, 2014, 2017թթ)։ Չնայած թերհավատներին՝ գնալով մեծանում էր այդ համաժողովների  մասնակիցների թիվը, ընդլայնվում աշխարհագրությունը։ Միայն 2017 թվականին 71 երկրից  1842 անձ մասնակցեց այս կարևոր համահայկական համաժողովին, որն անփոխարինելի հարթակ էր Հայաստան-Սփյուռք կապերն ընդլայնելու, գործակցության ծրագրերն ու դրանց արդյունքները ներկայացնելու, համահայկական ուժն ու հզորությունը Սփյուռքում ու Հայրենիքում ի ցույց դնելու համար։

Համաժողովների արդյունքում հաստատվում էին ազգային և պետական առաջնահերթությունները, որոնք էլ հիմք էին հանդիսանում հետագա աշխատանքի համար։ 2017 թվականի համաժողովը հաստատեց հետևյալ ազգային առաջնահերթությունները՝

  • հզոր և ապահով Հայաստանի կառուցումը,
  • Արցախի անկախության և անվտանգության ապահովումը,
  • Սփյուռքի առավել կազմակերպումը,
  • հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվանի դիտարկումը,
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը 100 տարի անց,
  • Հայ եկեղեցու շուրջ համախմբումը,
  • արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության ապահովումը և այլն։

Յոթ միլիոնանոց Սփյուռք ունեցող պետության քաղաքականության կարևոր ձեռքբերումներից էր այդքան հասունացած երկքաղաքացիության ինստիտուտի ընդունումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության փոփոխության արդյունքում։

  • Կուզեի թվարկեք հայապահպանությանը միտված ձեր ծրագրերից մի քանիսը։

Սփյուռքը Հայրենիքին կապելուն, արտերկրում ապրող հայ երիտասարդների մեջ հայրենասիրություն սերմանելուն  էր միտված «Արի տուն» ծրագիրը, որը դարձավ Սփյուռքի ամենասիրելի և ընդունված ծրագիրը։ Այն ոչ միայն օգնեց սփյուռքահայ պատանիներին և աղջիկներին  համախմբվել հայրենիքի շուրջ, այլև փոխադարձ կապեր ստեղծեց Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց և հայաստանյան հյուրընկալ ընտանիքների միջև։ Այս ծրագրին մասնակցած հազարավոր հայ երիտասարդներն այսօր մեր «դեսպաններն» են Սփյուռքում։ Կամ որքան ժամանակ, եռանդ ու աշխատանք ներդրեցինք «Իմ Հայաստան» փառատոնները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու, մշակութային կյանքը Սփյուռքում աշխուժացնելու, սփյուռքյան երգի, պարի, թատերական խմբերի կատարած աշխատանքը հայրենիքում ներկայացնելու, Հայաստանում ստեղծված մշակույթին նրանց հաղորդ դարձնելու համար։

Մեծ կարևորություն ունեին Երևանի պետական համալսարանում գործող ‹‹Սփյուռքի դպրոց››-ում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման և սփյուռքյան դպրոցներին դասագրքերով ապահովելու ծրագրերը։ Նախարարությունը միայն չորս տարվա ընթացքում հազարից ավելի հայկական դպրոցների տրամադրել է ավելի քան  երեք հարյուր հազար կտոր գիրք, ուսումնաօժանդակ նյութեր։ Կամ՝ Վրաստանի հայկական դպրոցներին, մշակութային և սպորտային կենտրոններին տրամադրվող համակարգիչներից, մարզական գույքից օգտվում էին բազում երիտասարդներ, որոնք խանդավառությամբ մասնակցում էին համատեղ կազմակերպված տարբեր միջոցառումների։ Հայ ինքնության պահպանման ուրույն դպրոց դարձավ մեր կողմից Բաթումիում հիմնված ‹‹Ալեքսանդր Մանթաշյանց›› հայ տունը։ Սփյուռքում՝  Լատինական Ամերիկայում, Ռուսաստանի Դաշնությունում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, այլ տարածաշրջաններում առանձնահատուկ ջերմությամբ էին ընդունում նախարարության կողմից գործուղված ուսուցիչներին, դասախոսներին, երգիչներին ու արվեստի գործիչներին։

Սփյուռքին առանձնակի լիցք էին հաղորդում նախարարության՝ ‹‹Մերոնք››, ‹‹Սփյուռքի ժամ››, ‹‹Հայ լուր Սփյուռք›› ‹‹Հայ Սփյուռք›› ‹‹Այլադավան հայերի մասին››, ‹‹Հայաստան ներգաղթելու տաս խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները››, ‹‹Հայկական տոհմածառ››, ‹‹Մեր մեծերը››, ‹‹Մեր բարերարները›› հեռուստահաղորդաշարերը, հայոց լեզվի ուսուցողական ծրագրերը,  ‹‹Կամուրջ›› և այլ ռադիոհաղորդումները, ինչպես նաև մեր կարգախոսները՝ ‹‹Հայաստանը համայն հայության Հայրենիքն է››, ‹‹Հայ է նա, ով իրեն հայ է զգում››, ‹‹Սփյուռքահայը հայրենիքում պետք է շահ ստանա, եկամուտ ունենա››, ‹‹Ճանաչել, վստահել և գործակցել››, ‹‹Դու ինչ ես արել Արցախի համար››  և այլն։

  • Այս օրերին նախարարության փակման դեմ պայքարում են նաև սիրիահայերը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

 2012 թվականին, երբ արդեն կարելի էր արձանագրել, որ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները ճշգրտված են, և անհրաժեշտ է նոր որակ հաղորդել ծրագրերին ու ձեռնարկներին, հայ ամենակազմակերպված համայնքներից մեկի՝ սիրիական համայնքի գլխին կախվեց  լինել-չլինելու դամոկլյան սուրը։ Մեր հայրենակիցները 100 տարի անց հարկադրված էին դարձյալ անտերունչ  թողնել տուն ու գործատեղ,  բիզնես և սեփականություն՝  իրենց  պապերի պես  բռնելով գաղթի ճամփան։ Միակ հույսն ու լուսավոր կետն այն էր, որ նրանց մի մասը գալիս էին Հայրենիք։ Իսկ Հայաստանում նրանց ընդունման, տեղավորման, աշխատանքի, կրթության, առողջապահության և այլ հարցերում աջակցության, երկրին ու հասարակությանն ինտեգրման ողջ պատասխանատվությունը հանձնարարվեց ՀՀ սփյուռքի նախարարությանը։

   Մշակվեցին սիրիահայերին աջակցության համալիր ծրագրեր,  գործարկվեցին նրանց խնդիրների լուծման հստակ կառուցակարգեր, որոնց օժանդակեցին նաև համահայկական կառույցները։ Սիրիահայերի հետ տարված աշխատանքը ՄԱԿ-ի մասնագիտական կառույցները լավագույնս համարեցին և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փախստականների հարցերով նստաշրջանի բացման արարողությունը վերապահվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչին։

  • Ի՞նչ կասեք, այլ երկրներում և՞ս գործում են Սփյուռքի նախարարություններ։

Խոշոր Սփյուռք ունեցող երկրներում ժամանակի ընթացքում ևս բացվում են նախարարություններ, գործակալություններ,  կառույցներ, որոնք զբաղվում են Սփյուռքի հիմնախնդիրներով, լինում են դեպքեր նաև, որ  կրճատվում են /Վրաստան, Լիբանան, Ֆրանսիա/։

  • Այդ դեպքում ի՞նչ կասեք մեր երկրի մասին։

Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին,  և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել, կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ  ձեռք բերած,  գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված  թիմը։ 

  • Չե՞ք կարծում, որ կան հետաքրքիր արձագանքներ Սփյուռքից։

Դա պատասխանն է բոլոր այն անտեղյակների, որոնք խոսում են Սփյուռքի նախարարության վատ աշխատանքի մասին։ Ուրախ եմ և հպարտ, որ նախարարությունը  կայացել է, խոր արմատներ ձգել Սփյուռքում, նրա դերն ու կարևորությունը գնահատվում է Սփյուռքի մեր խստապահանջ կառույցների կողմից։ Դա ապացույցն է նաև այն բանի, որ նախարարությունը երբևէ սիմվոլիկ բնույթ չի կրել, այլ դարձել է սիմվոլ-խորհրդանիշ  Հայրենիքի  և Սփյուռքի  կապերի զարգացման և ամրապնդման գործում։

Միայն պետք է իմանալ,  ճանաչել Սփյուռքը, նրա բազմաշերտ, բազմալեզու, բազմակրոն, բազմակարիք էությունը, որպեսզի կարողանալ հարաբերություններ ձևավորել ու գործել նրա հետ։ Եվ մեզ մեծ դժվարությամբ,  քայլ առ քայլ հաջողվեց նվաճել Սփյուռքի վստահությունը, գնահատել, արժևորել  շատ անհատների և կառույցների ներդրած ջանքերը՝ հայ ինքնության պահպանման, հայոց ցեղասպանության պայքարին անմնացորդ նվիրումի և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ 

Ուզում եմ դիմել իմ գործընկերներին, խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին, հայտնելով շնորհակալություն, որ նրանց օգնությամբ կառուցել ենք նախարարությունը՝ կյանքիս տաս տարիները նվիրելով այդ կառույցի կայացման, հեղինակության բարձրացման, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքում պատշաճ ներկայացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները հայրենի կառավարությանը ներկայացնելու, նախարարությունը սփյուռքահայերի տուն դարձնելու գործին։  Հասկանալի է, որ իմ սիրտը շատ  է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար։

Հավատացած եմ, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Փոփոխություններն սկսվեցին ապրիլից, զարմանալիորեն դրանք սկսվեցին իմ երդմնակալությունից հետո: Պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես հեղափոխություն չէր, որը ստացավ «թավշյա» անվանումը: Այն մեծ նվաճում էր մեր ժողովրդի համար: Եվ ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա նվաճում էր ժողովրդի, ոչ միայն անհատների համար, թեպետ անհատները, ինչպես ընդդիմության առաջնորդ պարոն Փաշինյանը, իրենց անձնական ներդրումն են ունեցել այս հեղափոխության խաղաղ իրականացման գործում: Ցանկանում եմ նաև հավելել, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ևս մեծ դերակատարում ունեցավ, քանի որ նախընտրեց հեռանալ պաշտոնից, այլ ոչ թե հակադրվել, ինչը խնդրահարույց իրավիճակ կառաջացներ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այդ իրական, հայկական ոճի հեղափոխությունը, որի մասին խոսեցին ողջ աշխարհում՝ ընդգծելով, որ մենք հեղափոխություն իրականացրինք առանց արյունահեղության»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանն այժմ մեկ այլ «հեղափոխության» առաջ է կանգնած: «Հայաստանը 27 տարի շարունակ եղել է նախագահական հանրապետություն: Նախկինում, երբ մենք Խորհրդային Միության մաս էինք, այն բացարձակ նախագահական էր, քանի որ կառավարումն ուղղահայաց էր՝ վերևից ներքև: Այժմ մենք փոխում ենք համակարգը՝ անցնելով խորհրդարանական հանրապետության: Իհարկե, այդ փոփոխությունները հեշտ չեն տրվում: Պետք է ասեմ, որ սա նաև սերնդային հեղափոխություն է: Երիտասարդ ասելով ես նկատի ունեմ ոչ թե տարիքով երիտասարդ, այլ ոգով, նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքով ու կառավարման մեթոդներով: Կարող ես լինել 60-70 տարեկան, սակայն միևնույն ժամանակ լինել երիտասարդ: Ուստի ինձ համար երիտասարդ լինելը պայմանավորված է ոչ թե տարիների քանակով, այլ կյանքի նկատմամբ մոտեցմամբ»,- նշել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ոմանք ասել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ինչ-որ առումով ներշնչված էր Գանդիի սատյագրահայից, որը ևս քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի շարժում էր, նախագահը պատասխանել է. «Չգիտեմ՝ որքանով են Մահաթմա Գանդիի գաղափարներն ու հնդկական փորձն ազդեցություն ունեցել փողոցում գտնվող անհատների, երիտասարդների վրա, սակայն դրանք, անկասկած, մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա: Երբ ինձ առաջարկեցին դառնալ նախագահ, ինձ համար դա կյանքի արմատական փոփոխություն էր նշանակում: Դա կենսակերպի լիակատար փոփոխություն էր: Սակայն, մյուս կողմից էլ գիտակցում ես, որ արժե այս ամենը զոհաբերել, քանի որ ծառայում ես քո երկրին:

Շարժումը շատ արագ հասավ առճակատման բարձր մակարդակի, անհրաժեշտ դարձավ հանրապետության նախագահի միջամտությունը: Եվ հենց այստեղ էր, որ Գանդիի կերպարը ոգեշնչեց ինձ: Ես գնացի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ընդդիմության ղեկավարների, ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ առաջին հանդիպումը՝ շրջապատված հազարավոր մարդկանցով: Անգամ այն դեպքում, երբ շարժումն ուղղված էր իշխանությունների դեմ, ինձ՝ որպես նախագահի շատ լավ դիմավորեցին: Մարդիկ սատարում էին, նրանք սկզբում ապշեցին՝ տեսնելով, որ նախագահը քայլում է փողոցով ու գալիս է նրանց ընդառաջ: Ես հանեցի փողկապս՝ դառնալու նրանցից մեկը, քանի որ ես միակն էի այդ հազարավոր մարդկանց մեջ, ով փողկապ էր կրում: Պետք էր լինել նրանցից մեկը, պետք էր չտարբերվել նրանցից, անգամ եթե դու նախագահն էիր: Եվ այժմ, կարծում եմ, մենք կարող ենք հպարտորեն հայտարարել ողջ աշխարհին, որ հայերը կարող են հեղափոխություն իրականացնել առանց արյունահեղության:

Ուստի պատասխանը հետևյալն է՝ այո, Մահաթմա Գանդին հստակ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի ու զգացմունքների վրա»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում հեղափոխությունից հետո՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ շատ մեծ ակնկալիքներ կան, ինչպես միշտ է լինում հեղափոխություններից հետո: «Կա մեծ դրական էներգիա: Ամենամեծ մարտահրավերն է՝ չդավաճանել հեղափոխությանը՝ այն առումով, որ չի կարելի հուսախաբ անել այդ ակնկալիքները:

21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարդիկ ակնկալում են, որ տեղի կունենան փոփոխություններ: Սակայն նրանք ակնկալում են ոչ թե մեկ, այլ՝ բազմաթիվ փոփոխություններ, ուզում են, որ հասարակությունը դառնա ավելի ազատ, որ լինի ազատություն, չլինի կաշառակերություն, ինստիտուտները գործեն այնպես, որ երկիրը զերծ լինի կաշառակերությունից, զարգանա ժողովրդավարությունը: Ամենակարևորը, տնտեսությունն ավելի լավ գործի՝ բարելավելու մարդկանց կենսամակարդակը»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում այս ամենին հասնելն իսկապես մեծ մարտահրավեր է լինելու, իսկ ճանապարհներից մեկը կրկին նույնն է՝ ժողովուրդը: ՀՀ նախագահի գնահատմամբ՝ մարդիկ պետք է հավատան, որ իրենք լուծման մաս են կազմում կամ որ հենց իրենք են այդ լուծումը: «Ի վերջո, մարդիկ ունեն պատրանք, մեծ ակնկալիքներ ղեկավարից կամ կառավարությունից՝ մտածելով, որ եթե իրենք իրականացրել են հեղափոխությունը, ապա այժմ նրանց հերթն է: Պատահական չէ, որ 6 ամիս անց նրանք սկսում են հարց տալ, թե ինչու ավելի լավ չեն ապրում: Այսինքն, կրկին վերադառնում ենք նույն պատմությանը: Հնդկական փորձը ցույց է տալիս, որ Հնդկաստանում չես կարող փոփոխություններ անել առանց հասարակությանը ներգրավելու՝ լուծումները թողնելով միայն կառավարությանը կամ առաջնորդներին: Այստեղ առանցքային է այդ գործընթացներում ներգրավվումն ու մասնակցությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

‘Armenia is on the right track’ – WATCH President Sarkissian’s interview to WION TV

Armenian President Armen Sarkissian says he is sure that Armenia is proceeding on the right pathway. Sarkissian gave an interview to WION TV (World Is One News), speaking about the developments in the country.

“Changes started in April, amazingly it started after my inauguration” Sarkissian tells Palki Sharma Upadhyay for the WION’s flagship Global Leadership Series. 

“What we are facing is not only one revolution which has the name of the velvet one which  is a great achievement by our nation. I would like to emphasize nation not only individuals, although individuals like the leader of the opposition Mr. Pashinyan had his own contribution of this revolution happening in a peaceful way. I would add also that former president and prime minister Serzh Sargsyan also had his contribution, choosing the path of resigning and not confronting that would cause a problematic situation”.

Watch the full interview below.

Edited and translated by Stepan Kocharyan

«Սփիւռքի Նախարարութիւնը Ստեղծուած Է Սփիւռքահայերու Պահանջով Ու Իրենց Համար»

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 19 –

Հարցազրոյց ՀՀ Սփիւռքի Նախարարութեան Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Հայ Համայնքներու Վարչութեան Պետ Լեւոն Անտոնեանի Հետ

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ  ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«Կառավարութեան կառուցուածքի ու գործունէութեան մասին» ՀՀ օրէնքին մէջ փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծին համաձայն՝ կը նախատեսուի մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւնները ուրիշ երեք նախարարութիւններու շարքին լուծարել եւ դարձնել համապատասխան՝ կրթութեան եւ գիտութեան ու արտաքին գործոց նախարարութեան կազմին մէջ վարչութիւններ։ Աւելի խնդրայարոյց է Սփիւռքի նախարարութեան լուծարումը, քանի որ որոշումը կայացնելէ առաջ որեւէ քննարկում տեղի չէ ունեցած, Սփիւռքի ոչ մէկ կառոյցի ներկայացուցիչի կարծիքը հաշուի առնուած է։ Օրեր առաջ ալ նախարարութիւններու աշխատակիցներ բողոքի ցոյց իրականացուցին կառավարութեան մօտ ու նամակ յանձնեցին վարչապետ Նիկոլ Փաշինեանին, որուն մասին ատենին անդրադարձանք։

Այս առնչութեամբ զրուցեցինք ՀՀ սփիւռքի նախարարութեան Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքներու վարչութեան պետ Լեւոն Անտոնեանի հետ։

Պարոն Անտոնեան, Ձեր կարծիքը, ի հարկէ, յայտնի է այս հարցի կապակցութեամբ, կ’ուզեմ գիտնալ՝ ի՞նչ փոխուած է այս օրերուն ընթացքին, նախարարութիւնը կ’աշխատի՞, թէ գործադուլ կ’իրականացնէ:

– Մենք աշխատանքային ռեժիմի մէջ ենք, ամբողջ օրը աշխատած ենք։ Թէ՛ սուրիահայերու, թէ՛ հայրենադարձներու կողմէ այցելութիւններ եղած են։ Միաժամանակ կը փորձենք հասկնալ՝ Սփիւռքի տարբեր համայնքներու կողմէ ի՛նչ արձագանգներ կան, իսկ անոնք շատ են։ Մենք աշխատանքի եկած ենք, կ’աշխատինք, որովհետեւ մենք գործադուլի խնդիր չունինք, որովհետեւ գործադուլ կրնան ընել այն հիմնարկները, ուր փոփոխութիւններ կ’իրականացուին: Գործադուլը ամենափափուկ միջոցը կրնար ըլլալ։ Մեր խնդիրը նաեւ Սփիւռքի ձայնը հասցնելն է։ Այս օրերու ընթացքին մեծ թիւով սփիւռքահայեր, կառոյցներ անձամբ պարոն Փաշինեանին կը դիմեն։ Մենք ամբողջը կը հաւաքագրենք ու կ’ակնկալենք, որ աւելի մեծ աշխուժութիւն ըլլայ։ Անոնց որոշումէն կախուած է մեր ճակատագիրը։ Նոյնիսկ այս օրերուն ընթացքին, մեզի կը դիմեն քաղաքացիներ տարբեր խնդիրներով, սուրիահայերը՝ իրենց հիմնախնդիրներով։ Ես չեմ կրնար պատկերացնել, որ վաղը, միւս օրը, եթէ այդ մարդիկը գան, որո՞ւ պիտի դիմեն, ո՞վ պիտի ըլլայ այն կառոյցը, որ պիտի զբաղի իրենց հիմնախնդիրներով։

Նորէն բողոքի ցոյց կը պատրաստուի՞ք ընելու։

-Մենք քանի որ Ուրբաթ օրը կառավարութեան յանձնեցինք մեր նամակը, նախ եւ առաջ, կը սպասենք այդ նամակի պատասխանին։ Կ’ակնկալենք, որ կ’ըլլայ սփիւռքահայերու եւ սուրիահայերու ցոյց, ինչը կրնայ դրական ազդեցութիւն ունենալ։ Այս նախարարութիւնը ստեղծուած է սփիւռքահայերու պահանջով ու իրենց համար։ Թէեւ կը շրջանառուի, որ մենք հարկատուներու գումարներով աշխատավարձ կը ստանանք, բայց ես պէտք է հաստատեմ, որ այդ շահառուները հայաստանցիները չեն, այլ սփիւռքահայերը։ Շատերը չեն գիտնար, որ սփիւռքահայերու հետ մեր աշխատանքի շնորհիւ է, որ Հայաստանի մէջ շատ բարեփոխումներ տեղի կ’ունենան, տարբեր ոլորտներու մէջ բաւական լուրջ ներդրումներ կը կատարուին։

Նախագիծը ստեղծելու ատեն չէ քննարկուած  սփիւռքահայերու, հայրենադարձներու հետ։ Սա նոյնպէս խնդրայարոյց է։ Ի՞նչ կ’ըսէք այդ առումով։

-Այո, չէ քննարկուած Սփիւռքի հետ։ Նման կառուցուածքային փոփոխութիւն ընելէ առաջ պէտք էր երկխօսութիւն իրականացնել ու Սփիւռքի կարծիքը հարցնել։ Նախորդ 10 տարիներուն, նախարարութիւնը որեւէ ազդակներ չէ ստացած ու խնդիրներ չէ ունեցած սփիւռքի մեր տարբեր կառոյցներուն հետ։ Մենք մէկ պատուհանի սկզբունքով գործող կառոյց ենք, ու մեր միջոցով անոնք յաջողած են կապ հաստատել միւս գերատեսչութիւններուն հետ։ Խնդիրը այն է, որ առհասարակ մեր ոլորտային աշխատանքներու ուսումնասիրութեան պակաս կայ, որովհետեւ կ’ենթադրեմ, որ այս կարճ ժամանակին նոր կառավարութիւնը չէր կրնար խորքային հասկնալ նախարարութեան գործառոյթները։ Կայ տեղեկացուածութեան պակաս նախարարութեան աշխատանքի առումով ու այն փորձառութեան  ու պաշարներու, զորս մենք ունինք։ Նախ յաջողած ենք այս ընթացքին մեր բոլոր համայնքներուն հետ կապ հաստատել, տեղեկատուական կայան, ցանց ստեղծել, աշխարհի բոլոր կառոյցներուն հետ աշխատիլ։ Նախորդ տարիներէն Սփիւռքի նախարարութիւնը ստանձնած է հայապահպանութեան հիմնախնդիրներու կարգաւորման ուղղուած աշխատանքներու իրականացումը, արտակարգ իրավիճակներու մէջ յայտնուած մեր հայրենակիցներու հետ աշխատանքները եւ այլն։ Կատարուած է մեծ ծաւալի աշխատանք, որ չէ ուսումնասիրուած։ Նշեմ, որ մեր պիւտճէն բաւականին փոքր է՝ տարեկան 2 մլն տոլար, որուն ծիրին մէջ կը մտնէ ոչ միայն ծրագիրներու իրականացումը, այլեւ աշխատավարձերը։ 90 հոգինոց աշխատուժով, եթէ կարողացած ենք մեծ կապեր ստեղծել, վստահութիւն ձեւաւորել ու աշխատիլ 7-10 մլն սփիւռքի հետ, ապա պէտք է համեմատութիւն մը ընել միւս նախարարութիւններուն հետ ու հասկնալ, որ իրենք աւելի մեծ պիւտճէով կարողացա՞ծ են մեր համաքաղաքացիներուն կեանքը աւելի լաւը դարձնել թէ ոչ։ Պէտք է հարցին նայիլ Սփիւռքի մէջ ապրողներու աչքով, անոնց կարծիքը աւելի կարեւոր է։ Ես ձեզ կը վստահեցնեմ, որ մենք կը պայքարինք նախ եւ առաջ հիմնարկը պահպանելու համար՝ ոչ թէ ուղղակի մեր աշխատանքը կորսնցնելու պատճառով։ Մեր հարեւան պետութիւնները կը փորձեն Սփիւռքի նախարարութիւն ստեղծել, Իսրայէլը ունի Սփիւռքի երկու նախարարութիւն, մէկ գործակալութիւն ու կը փորձէ աւելի ընդլայնել այդ գործառոյթները։ Ըստ էութեան, մենք ալ կը մտածէինք, որ յեղափոխութենէն ետք, հաշուի առնելով դրական միտումը, որ եղաւ հայրենադարձութեան հետ կապուած՝ դրական կ’ըլլայ, բայց հակառակը եղաւ. մենք կը դառնանք արտագաղթեալներու նախարարութիւն։ Զերոյէն բան մը ստեղծելը աւելի բարդ պիտի ըլլայ, եւ մենք ժամանակ պիտի կորսնցնենք անոր վրայ։

Ինչո՞վ պակաս են Սփիւռքի նախարարութեան աշխատակիցները միւս նախարարութիւններու աշխատակցիներէն: Որո՞նք եղած են սխալները։

– Ես իմ եւ վարչութեանս աշխատակիցներուն օրինակով կրնամ ըսել, որ իւրաքանչիւր աշխատակից պէտք է հասկնայ իր մեղաւորութիւնը, որմէ ինքը պակաս է մէկ այլ գերատեսչութեան աշխատակիցէ, որը եղած է չափանիշը, ինչի հիման վրայ իր աշխատանքը թերի համարուած է: Մեզ կը համեմատեն սուրճ խմող մարդոց հետ, ինչը ճիշդ չէ։ Ինչո՞ւ կը պիտակաւորուի։ Այստեղ մարդիկ կ’աշխատին, որոնք պետական մտածողութիւն ունին, կուսակցական պատկանելութիւն շատերը չեն ունեցած յեղափոխութենէն առաջ ալ, յետոյ ալ։ Աւելի ճիշդ կ’ըլլար քննարկումներ տեղի ունենային ու որոշուէր՝ ի՞նչ ընել, որ աշխատանքը աւելի արդիւնաւէտ ըլլայ։ Մենք երիտասարդ ենք, կը մտածենք, որ մեր ճամբան դեռ առջեւն է, բայց կան կազմեր, որոնք բաւական մեծ ներդրում ունին ու տարիքով են։ Անոնց մասին ալ պէտք է մտածել։ Ափսոս, հիմնարկը իրապէս հսկայական աշխատանք տարած էր:

Հայկազունեաց Անաղարտութիւն

(Վերադարձէ՛ք Ակունքներ)

ԿՈՐԻՒՆ Լ. ՔԷՀԵԱՅԵԱՆ

Հիմնուելով բազմակարծութեան մեր հաւատամքին վրայ՝ տեղ կու տանք սոյն յօդուածին, որուն հեղինակը, հայկական դիցաբանութեան վրայ հիմնուած, կ’անդրադառնայ կրօնափիլիսոփայական նիւթի մը՝ իր անձնական դիտանկիւնէն:

«Խմբ.»

Հայ առաքելական եկեղեցին Յիսուս Քրիստոսի Սուրբ ծննդեան տօնը կը նշէ Յունուար 6-ին, իսկ կաթողիկէ եկեղեցին՝ Դեկտեմբեր 25-ին: Մինչեւ չորրորդ դար երկիր մոլորակի բոլոր քրիստոնեաները Սուրբ Ծնունդը կը նշէին Յունուար 6-ին: Հռոմի Կոստանդիանոս Ա. Մեծ կայսրի (272 – 337, 312 թուականէն կայսր) օրօք եւ մասնաւորապէս 313 թուականի Փետրուարին հրապարակուած՝ Միլանի հրովարտակով, քրիստոնէութիւնը դարձաւ համազօր կրօնք Հռոմէական կայսրութենէն ներս եւ կասեցուեցան հալածանքները քրիստոնեաներուն նկատմամբ, այնուհանդերձ,  հռոմէացիք շարունակեցին  հեթանոսական տօները նշել…: Յատկապէս Դեկտեմpեր 25-ին մեծ շուքով կը նշուէր արեւի պաշտամունքին նուիրուած տօնը: Հեթանոսական աւանդոյթները խափանելու միտումով՝ 336 թուականին Հռոմի եկեղեցին Դեկտեմpեր 25-ը պաշտօնապէս հռչակեց Յիսուս Քրիստոսի ծննդեան օր {հին հռոմէացւոց եպիսկոպոսաց ցուցակին մէջ (336-354 թ.թ.) կը գտնենք հետեւեալ գրառումը. «25 Dec.: natus Christus in Betleem Judeae», այսինքն՝ «Քրիստոս ծնած է Բեթղեհէմի մէջ Դեկտեմբեր 25-ին»}՝ իսկ Յունուար 6-ը մնաց որպէս Տիրոջ Աստուածայայտնութեան եւ Մկրտութեան օր: Սոյն տօնական օրը հետագային տարածուեցաւ Ասորիքի եւ ողջ արեւելքի մէջ. միայն Հայ առաքելական եկեղեցին հաւատարիմ մնալով հնագոյն աւանդոյթներուն եւ աւետարանական հաշուարկներուն՝ առ այսօր Յունուար 6-ին կը նշէ Յիսուս Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօները, որ Յիսուսի ծննդեան եւ մկրտութեան յիշատակումն է: Իսկ ռուսական, երուսաղէմեան, սերպեան, վրացական ուղղափառ եկեղեցիները, ինչպէս նաեւ հին արեւելեան, արեւելակաթողիկէ եկեղեցիները, Յուլեան օրացոյցի համաձայն, Սուրբ ծննդեան տօնը կը նշեն Յունուար 7-ին:

1717 տարիներու ընթացքին (բնականաբար շատ աւելի առաջ ալ) որպէս առաջին եւ առ այսօր պահպանուած քրիստոնեայ պետութեան {Եդեսիոյ թագաւորութեան (Ք.Ա. 132 թ. – Ք.Ե. 216 թ.) Աբգար Թ. թագաւորի օրօք (179-214) եւ մասնաւորապէս 207 թուականին քրիստոնէութիւն ճանչցուած է պետական կրօնք: 216 թուականին Մարկոս Աուրէլիուս Անթոնինուս Գարագալլա (188-217) կայսը կործանելով Եդեսիոյ թագաւորութիւնը՝ զայն դարձուցած է Հռոմէական նահանգ } զաւակներ այնքան քրիստոնէացանք, որ երբեմն կրօնական-հոգեւորը կամայ թէ ակամայ գերադասեցինք ազգային-պետական համաձոյլ ու զուգընթաց կերտուածքէն… եւ մեր ուղեղներէն ու ենթաուղեղներէն վանեցինք նախաքրիստոնէականն ու սեպհականը…, որ դարեր շարունակ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ (Հայկազունիներու արքայատոհմը Հայաստանի մէջ գոյատեւած է՝ Ք.Ա. 2492 Ք.Ա. 331 թուականներուն) մարդու հոգեւոր շաղախն էր երկինքի լուսոյ արարիչի եւ հողի՝ հայրենիքի միջեւ…:

Վերադառնանք դէպի Դեկտեմբեր 25, ՀԱՅՈՑ ՀԻՆ ԴԻՑԱՐԱՆ եւ մասնաւորապէս կենսատու լոյսի, մաքրութեան,  բարութեան, ճշմարտութեան, ապա եւ Արեգակի աստուած՝ ՄԻՀՐ (ըստ հայոց հին հաւատքի՝ Արեգակի սրտին մէջ կ’ապրէին 365 սուրբեր, որոնցմէ իւրաքանչիւրը տարուայ մէկ օրուայ տէրն էր եւ անոնք կը վկայակոչուէին չարը խափանելու նպատակաւ…), որ հին աշխարհին մէջ յայտնի է նաեւ Միթրա եւ Միթրաս անուններով: Միհրի պաշտամունքը ծնունդ առնելով Հայաստանի մէջ, նախ տարածուեցաւ Հին Արեւելքի երկիրներ, ապա եւ Հին Հռոմ: Քրիստոնէութիւնը նշուած տարածաշրջաններուն մէջ պաշտօնական բնոյթ ստանալէն ետք, անհրաժեշտ էր զայն յարմարեցնել տեղւոյն ժողովրդաց սովորոյթներուն եւ պաշտամունքին, որպէսզի ան աւելի դիւրաւ ընկալուէր: Հարկաւոր էր տարածուած միհրականութեան եւ քրիստոնէութեան, ինչպէս նաեւ Միհրի եւ Քրիստոսի մերձեցում: Հայերը Միհրի ծնունդը կը տօնէին Դեկտեմբեր 22-էն 25-ը: Այսօր կաթողիկէ աշխարհը Յիսուս Քրիստոսի ծնունդը կը նշէ Դեկտեմբեր 25-ին:  Աւելի ապշեցուցիչ են հետեւեալ զուգահեռները՝ Միհրը ծնած է քարայրի մէջ Դեկտեմբեր 25-ին, Յիսուսը՝ մսուրի մէջ եւ նոյն օրը: Միհրը Լուսոյ եւ բարութեան մարմնաւորողն էր՝ Յիսուսը բարութեան: Միհրը ունէր 12 աշակերտ, Յիսուսը՝ նոյնպէս: Միհրը ճաշակեց վերջին ընթրիքը, Յիսուսը՝ նոյնպէս: Միհրը գարնան յառնեց երկինք, Յիսուսը՝ նոյնպէս: Միհրի պաշտամունքի ժամանակ կը կնքուէին, քրիստոնէութեան մէջ՝ նոյնպէս: Մեհեանին մէջ անշէջ կրակ կը վառէր, եկեղեցւոյ մէջ՝ մոմ: Միհրի հոգեւորականութիւնը եօթը կարգ ունէր, եկեղեցւոյ հոգեւորականութիւնը՝ նոյնպէս…

Այսպիսով Միհր-Յիսուս զուգահեռներով կու գամ շնորհաւորելու համայն հայութեան ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ՝ մաղթելով յաւիտեան միասնականութիւն եւ կողմնացոյցի սլաքի անշեղութիւն՝ ԴԷՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ-ՀԱՅԱՍՏԱՆ:

 

 

Բոլոր Ծայրայեղութիւնները Անընդունելի Են

ՆԱՅԻՐԻ ՄԿՐՏԻՉԵԱՆ

Վերջին ժամանակաշրջանին, ծայրայեղութիւններու պատճառով Հայաստանի մէջ «Սէր ու համերաշխութեան» փոխարէն ծայրայեղ անհանդուրժողականութիւն կը տիրէ:

Ծայրայեղութիւնը սկիզբ առաւ նախկին նաագահի բացայայտ սուտէն, երբ ան, հակառակ իր յայտարարութեան, առաջադրուեցաւ ՀՀ վարչապետի թեկնածու։ Այդ ծայրայեղ սուտը հունէն հանեց ժողովուրդը, այնուամենայնիւ գնահատանքի արժանի էր անոր խաղաղ հրաժարական տալը, որ Հայաստանը զերծ պահեց արիւնահեղութենէն (գիտեմ հիմա ծայրայեղ յեղափոխականները ընդվզեցան, սակայն փորձեցէք ծայրայեղ չըլլալ եւ զինուեցէք համբերութեամբ):

Այո՛, նախորդ իշխանութիւնը լի էր սխալներով, չարաշահումներով, անարդարութեամբ եւ շարքը կարելի է երկարել, բայց ծայրայեղութիւն էր ըմբոստացող հասարակութեան կողմէն կենդանի մարդոց թաղում կազմակերպելն ու նմանատիպ անընդունելի արարքները։

Նիկոլ Փաշինեանը ծայրայեղ քայլերու դիմեց եւ հասաւ իշխանութեան, գնահատելի է, որ անոր գլխաւորութեամբ նախորդ իշխանութեան լուծը կազմաքանդուեցաւ եւ ժողովուրդը սկսաւ ազատ շնչել՝ դուրս գալով ստրուկի կարգավիճակէն, բայց ծայրայեղութիւն է զինք փրկիչ համարելն ու իր բոլոր արարքները հալած իւղի պէս ընդունիլը, որովհետեւ նախ այս յեղափոխութեան յաջողութեան գլխաւոր խթանը նախորդ իշխանութեան հանդէպ դրսեւորուած ատելութիւնն էր, եւ երկրորդ՝ դեռ պարզ չէ, թէ ընձեռուած ազատ շունչը ի՞նչ որակի է, օգտակա՞ր, թէ վնասակար: Կողմնորոշուելու համար ժամանակի կը կարօտինք։

Ընդունինք կամ ոչ, ծայրայեղ սխալ էր ձեւաւորումը անփորձ կառավարութեան մը, որուն յաջորդեց անփորձ պատգամաւորներուն ցուցակը։ Այսօր իսկական հայու ամենամեծ ցանկութիւնը պէտք է ըլլայ Նիկոլ Փաշինեանի՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ յաջողութիւնը, որովհետեւ եթէ այս անգամ ալ ժողովուրդը հիասթափի, մեծ անկում կ’ունենանք։ Այնուամենայնիւ, այդ ցանկութիւնը պէտք չէ մեր աչքերը փակէ՝ սխալները անտեսելու չափ։ Այսօր ունինք հիպնոսացած հասարակութեան մեծ զանգուած մը, որ վարչապետի պաշտօնակատարի իւրաքանչիւր քայլ կամ որոշում միայն դրական կը տեսնէ. «Եթէ ան է ասել կամ արել՝ ուրեմն մի բան գիտի»: Ոեւէ մէկը կրնա՞յ հիմնաւորել անփորձ նախարարներ նշանակելու որոշուներուն դրական կողմը կամ չստացուած դերասանը քաղաքապետ դարձնելը։ Չըսէ՛ք, հապա նախկինը լաւ էր։ Եթէ աւազակը պիտի հանէր՝ խեղկատակը դնելու համար, ի՞նչ հասկցանք։ «Սէր ու համերաշխութիւն» աղաղակողը պէտք է ընտրէր ատակ քատրեր եւ ո՛չ թէ վարձահատոյց ըլլար ցոյցերու մասնակիցներուն եւ պաշտօնները բաշխէր ամենաբարձր «պոռացողներուն»՝ հաշուի չառնելով անոնց անկարողութիւնն ու անփորձութիւնը։

Այսօ՛ր երբ գրեթէ որոշում կայացուած է լուծարել Սփիւռքի նախարարութիւնը, աւելի քան վստահ եմ, որ այս որոշումը կար ի սկզբանէ։ Այլապէս, այս ամենապատասխանատու պաշտօնը չէր տրուեր անյայտ նորելուկի մը։ Այս որոշումը համբերատար Սփիւռքի համար աւելի քան վիրաւորական էր. կարծես Սփիւռքը անտեսելու, արհամարհելու քաղաքականութիւն մը կ’ուրուագծուի։ Նորելուկ նախարարը «գործի» անցաւ միայն հինը քանդելով, իսկ երբ շէնքի մը ամուր հիմքերը կը քանդուին, բնականաբար կառոյցը կը  փլուզուի։ Հիմա նախարարութեան աշխատակիցներուն կարծիքով՝ նոր նախարարը դէմ է նախարարութեան լուծարման։ Ո՛չ բարեկամներ, ինք դէմ է իր «գահընկէցութեան», ինք համաձա՞յն է, որ նախարարութիւնը գործէ ուրիշ նախարարի մը նշանակումով, բնականաբար՝ ո՛չ, իսկ եթէ կ’ուզէք Սփիւռքի զգալի մասի մը կարծիքը գիտնալ, ըսեմ․ «Եթէ այս անձը իր բացարձակ անփորձութեամբ պիտի ղեկավարէ նախարարութիւնը, աւելի լաւ է, որ լուծարուի»:

Նախարարութիւնը անցնող տարիներուն ընթացքին մեծ աշխատանք տարած է, բայց  կրնա՞ր աւելին ընել. այո՛, կրնար, բայց հանրապետականներու վարչակարգին տակ գործելով այսքան աշխատանք տանիլը, հաւատացէ՛ք, աշխատակազմի մեծ մասի ամէնօրեայ պայքարի, նուիրումի, աշխատասիրութեան եւ նոյնիսկ անձնազոհութեան արդիւնք էր…

Պէ՞տք է մնայ նախարարութիւնը կամ ոչ, ի՞նչ կարգավիճակով մնայ՝ քննարկելի խնդիրներ են։ Բայց այո՛, ոճրագործութիւն է այդ մասին չնախազգուշացնելը, պաշտօնեաներու անգործութեան խնդիրը չլուծելը, Սփիւռքի ներկայացուցիչներուն հետ հարցը չքննարկելը։ Օր մը արթննալ ու ըսել,- դուք այլեւս պիտի չաշխատի՞ք, դուք չէք որոշողը, մե՞նք ենք որոշողը, կարելի չէ՞ր աստիճանաբար լուծել խնդիրը, պարոն վարչապետ, ա՞յս է «Հայաստանի հպարտ քաղաքացի» ձեւակերպումի ձեր տեսլականը։

Այս բոլորը կը յիշեցնէ այն օրը, երբ հայութիւնը արթնցաւ ու տեսաւ, որ դասական ուղղագրութիւնը «դուրս դրուած է» Հայաստանէն…

Այսօր ողջ հայութիւնը պէտք է թեւ ու թիկունք կանգնի պետութեան ու  երկրի՛ շահերուն, ո՛չ թէ Նիկոլ Փաշինեանի անձին։ Եթէ այդ շահերը համընկնին՝ բարի, եթէ ո՛չ, պէտք է տեսնել ու բարձրաձայնել սխալները, պէտք է հաստատել դրական իրավիճակը եւ ո՛չ թէ դերերու փոփոխութիւնը։ Այլապէս պատմութիւնը կը կրկնուի: Լեւոն Տէր Պետրոսեանը վկայ, որ դեռ պատմութիւն անգամ չէ դարձած այն իրողութիւնը, թէ ժողովուրդի 80%-ի վստահութիւնը միշտ չէ՛ որ վստահելի է։

ԲՈԼՈՐ ԾԱՅՐԱՅԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ, կտրուկ, չուսումնասիրուած եւ միահեծան քայլերը ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ եւ հեռու են «ժողովուրդն է որոշողը» ամպագոռգոռ յայտարարութիւններէն, անոնց հետեւանքով կը տուժեն երկիրն ու հայ ժողովուրդը։

Մեր Կորուստներէն. Հրայր Հովիւեան Տիպար Եւ Աննկուն ԿուսակցականըՄեր Կորուստներէն. Մեր Կորուստներէն. [:es]Մեր Կորուստներէն. [:ar]Մեր Կորուստներէն.

ՄԱՅՔ ԽԱՐԱՊԵԱՆ

ԶԱՐԹՕՆՔ 2019 ԲԱՑԱՌԻԿ – Իւրաքանչիւր կուսակցութիւն եւ գաղափարախօսութիւն ենթակայ եղած է ներքին եւ արտաքին փոթորիկներու եւ մարտահրաւէրներու: Երբ անոր արմատները լայն են եւ հաստատուն, ան կը գոյատեւէ, նամանաւանդ շնորհիւ տուեալ դժուար օրերուն ղեկավարութիւն ստանձնած անձերու հեռատես, հաւատարիմ, սկզբունքային, հանդուրժող, սակայն տոկուն ու անսասան նկարագրին:  

Այս հաստատումը կ’ընենք Լիբանանի մէջ գործած եւ դաստիարակած անձի մը մասին, որ օրինակ պէտք է ծառայէ յաջորդող սերունդներուն:

Այսպէս է ընկեր Հրայր Հովիւեանի կերպարը մեր մտասեւեռումին մէջ որպէս մարդ, գաղափարական ու մանաւանդ կուսակցական յեղափոխաշունչ նուիրեալ գործիչ:

Սերունդները անկասկած երկար պիտի յիշեն իր նիստ ու կացին մէջ հեզահամբոյր, սակայն ներքնապէս կրակ, հաւատք, կամք, գաղափարական անշիջելի հոգի ու մանաւանդ անկոտրում հետեւողականութիւն եւ գաղափարապաշտ կուսակցականի վեհ գիտակցութեան տէր՝ նորոգ հանգուցեալ ընկեր Հրայր Հովիւեանը, որ մնաց անզիջող ու սկզբունքային՝ հակառակ իր հանրային կեանքին մէջ, թէ ֆիզիքապէս դիմագրաւած ամէն մարտահրաւէրներուն:

Հրայր Հովիւեան ծնած է Պէյրութ 9 Ապրիլ 1955ին:  Նախնական ուսումը ստացած է ՀԲԸՄ Լեւոն Կ. վարժարանի մէջ: Երկրորդական ուսումը շարունակած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանի մէջ, զոր աւարտած է պատուոյ յիշատակութեամբ 1973ին: Համալսարանական ուսման համար յաճախած է Հայկազեան գոլէճ (հետագային համալսարան), ուրկէ վկայուած է որպէս Պսակաւոր Առեւտրական Գիտութիւններու 1977ին: Շրջան մը աշխատած է որպէս հաշուապահ, ապա համալսարանական բարձրագոյն ուսման համար 1981ին ընդունուած է Beirut Univeristy College (BUC), ուրկէ վկայուած է Մաքիստրոսի աստիճանով Առեւտրական գիտութիւններու մէջ: Համալսարանը աւարտելէն անմիջապէս ետք հրաւիրուած է դասախօսական ամպիոն: Մինչեւ 1987 տնտեսագիտութիւն դասաւանդելէ ետք, 1987էն ի վեր տնտեսագիտութեան մնայուն դասախօսի պաշտօն վարած է Notre Dame Universityի մէջ, Assistant Professor in Economics and Finance հանգամանքով:

1987ին ամուսնացած է Մարալ Յարութիւնեանի հետ: Ունեցած են երկու դուստրեր՝ Դուին եւ Լոռի:

Ազգային եւ եկեղեցական ծառայութեան համակ նուիրեալ Հրայր Հովիւեան 1963էն 1971 ծառայած է Հաճնոյ Ս. Գէորգ եկեղեցւոյ դպրաց դասին: 1963էն 1975 մաս կազմած է ՀԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական խումբին: Եղած է ՀԲԸՄի կրկնակի վեթերան:

1994էն 2005 ատենապետած է Անարատ Յղութեան Քոյրերու Պէյրութի Հռիփսիմեանց վարժարանի հոգաբարձութիւնը: 2000էն 2010 ստանձնած է Պէյրութի Վահան Թէքէեան վարժարանի հոգաբարձութեան ատենապետի պաշտօնը: 2006էն անդամակցած է ԹՄՄի Հիմնադիրներու Մարմինի վարչութեան: 2012ին շրջանի մը համար ատենապետած է նոյն վարչութիւնը:

Կանուխ տարիքէն՝ 1972ին Հրայր Հովիւեան միացած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան շարքերուն, որուն ընդմէջէն եւ անցնելով շարքային կեանքի բոլոր փուլերէն հասնելով ղեկավարութեան, ընկ. Հովիւեան մինչեւ իր անժամանակ մահը տարած է բեղուն գործունէութիւն: Մաս կազմած է տասնեակ մը շրջանային պատգամաւորական ժողովներու:  Կուսակցութենէն ներս ստանձնած է տարբեր պատասխանատու պաշտօններ: 1986էն սկսեալ գործած է ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւններու մէջ իբրեւ խորհրդական եւ դիւանի անդամ: Լիբանանի 1996ի, 2000ի, 2005ի եւ 2009ի երեսփոխանական ընտրութիւններուն պատասխանատու դեր վերցուցած է կուսակցութեան ընտրական մեքենային մէջ: Մասնակցած է 1996ի Պիքֆայայի, 1998ի Աթէնքի, 2000ի Աթէնքի, 2003ի Փարիզի, 2012ի Լիոնի եւ 2016ի Երեւանի մէջ կայացած ՌԱԿ ընդհանուր պատգամաւորական ժողովներուն: Անդամ էր ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան 2012էն ի վեր: Լիբանանեան քաղաքական կեանքին մէջ մաս կազմած է 14 Մարտի Ուժերուն ընդհանուր քարտուղարութեան: 

2007ին յատկանշականօրէն մասնակցած է Երեւանի մէջ կայացած ՌԱԿի ընդլայնուած ժողովին եւ նոյն առիթով մասնակցած է ՌԱԿ – ՀՅԴ խորհրդաժողովին դարձեալ Երեւանի մէջ: Իր մասնակցութիւնը յատկանշական էր այն պատճառով, որ ան փութացած էր ժողովին՝ հակառակ իր մօտ յայտնուած քաղցկեղին ու անկէ յառաջացած ահագին բարդութիւններուն, որոնք ֆիզիքապէս տկարացուցած էին զինք: Ան իր մտահոգութիւնն ու ցաւը մէկդի դրած եւ պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ  մասնակցելու ժամանած էր ընդհանուրին մտահոգութիւնը եղող կարեւոր հանդիպումներու: Այս առիթով եւ պաշտօնապէս ընկ. Հրայր Հովիւեանին շնորհուեցաւ կուսակցութեան պատմութեան մէջ առաջին անգամ շնորհուող «Օրինակելի Կուսակցական»ի վկայագիրը:

***

ՌԱԿի շարքերուն մէջ հասակ նետած  ընկ. Հրայր եղաւ այն խոնարհներէն, որոնք իրենց հաւատքով, նուիրումով, ուղղամտութեամբ եւ պարտաճանաչութեամբ  դարձան սիրելի դէմքեր եւ յարգանքը վայելեցին շատերուն:  

Այսպէս եղած է ընկ. Հրայր Հովիւեանը իր պատասխանատուութեան ճամբուն վրայ: Առնական, անտեղիտալի, առջեւէն քալող օրինակելի ղեկավարը:

Ընկ. Հրայր Հովիւեանի անժամանակ մահուան քառասունքին առիթով գրուած են այս համեստ տողերը: Թող որ մնացողներուս օրինակ դառնան մեր սիրելի ընկերոջ բարոյական արժանիքները:  

Յարգա՛նք իր յիշատակին:

 

Սփիւռքի Եւ Մշակոյթի Նախարարութեան Աշխատակիցները Գործադուլ Յայտարարած Են․ Դէմ Են Կառոյցներու Լուծարման (լուսանկարներ, տեսերիզ)

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ 18

Զրոյցը վարեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ  ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի եւ մշակոյթի նախարարութիւններու բազմաթիւ աշխատակիցներ Դեկտեմբեր 21էն գործադուլ յայտարարած են եւ կը բողոքեն նախարարութիւններու այն ծրագիրին դէմ, որուն համաձայն՝ մշակոյթի նախարարութիւնը պէտք է միանայ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, իսկ սփիւռքի նախարարութիւնը դառնայ վարչութիւն արտաքին գործոց նախարարութեան կազմին մէջ: Առաւօտ կանուխէն անոնք նախարարութիւններու շէնքին, ապա կառավարութեան դիմաց լարուած ու վրդովուած կը պահանջէին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպում ունենալ։

Մշակոյթի ու Սփիւռքի նախարարութեան աշխատակիցները որոշում կայացուցած են մինչեւ Երկուշաբթի ժամանակ տալ կառավարութեան՝ վերանայելու որոշումը։ Իրենց խօսքով՝ պատրաստ են ծայրայեղ քայլերու դիմելու, ընդհուպ մինչեւ նստացոյց յայտարարելու։

Սփիւռքի նախարարութեան աշխատակիցները անակնկալի եկած են՝ իմանալով, որ իրենց նախարարութիւնը պիտի լուծարուի։ Նշենք, որ եթէ վերջինս իրականանայ, 80էն 90 աշխատակից կը կորսնցնէ իր աշխատանքը։ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքներու հետ կապերու վարչութեան պետ Լեւոն Անտոնեանը «Զարթօնք»ի հետ զրոյցի ժամանակ նորէն փաստեց այն ինչ այսօր ըսած են կառավարութեան շէնքին դիմաց տեղի ունեցած բողոքի ցոյցի ժամանակ։ Իր խօսքով՝ դեռ կը շարունակեն քաղաքակիրթ բողոքի ցոյցը, սակայն ոչինչ կը բացառեն։

«Հակառակ անոր որ անցեալին նման խօսակցութիւններ կային կառավարութեան կառուցուածքային փոփոխութիւններուն վերաբերեալ, բայց մի քանի օր առաջ Սփիւռքի նախարարութեան «Ներուժ» ծրագիրի ներկայացման ընթացքին վարչապետի հետ ճեպազրոյցի ժամանակ պարզ դարձաւ, որ որոշում կայացուած է նախարարութիւնը տանիլ լուծարման ճամբով։ Աւելի շատ կը խօսուէր ոչ թէ զայն ուրիշ կառոյցի մը մաս դարձնելու, այլ գործունէութիւնը դադրեցնելու մասին։ Մենք տեղեակ չենք եղած,  որ կարելի է առհասարակ մարդիկ մնան առանց աշխատանքի»,- նշեց  Անտոնեանը, ապա յաւելեց՝ որեւէ այլընտրանքային տարբերակ այս պահուն չկայ։

Վարչութեան պետի խօսքով՝ իրենք առիթ ունեցած են խօսելու նախարար Մխիթար Հայրապետեանի հետ, որ յայտնած է, թէ այս թեմայով զրոյց ունեցած է վարչապետի հետ։ «Մեր նախարարի դիրքորոշումը այս պահուն նախարարութիւնը պահելու կողմն է։ Ինքը այդ առումով կը փորձէ որեւէ բան ընել՝ որպէս քաղաքական խումբի անդամ։ Սփիւռքի հետ բաւական լուրջ ախատանքներ կան տարուելու։ Մենք փաստացի ունինք 10 վարչութիւն, բաժիններ, մարդիկ, աշխատակիցներ, որոնք տարիներ շարունակ աշխատած են տարբեր ուղղութիւններով, տարբեր տարածաշրջաններու հետ, սփիւռքահայերու հետ։ Մենք ունինք մեծ Սփիւռք՝ 7-10 մլն, որուն հետ ամէնօրեայ աշխատանքը ռազմավարական նշանակութիւն ունի»,- իր խօսքին մէջ նշեց նախարարութեան աշխատակիցը։

Իրենց հետագայ քայլերուն վերաբերեալ Լեւոն Անտոնեանը շեշտեց, որ պիտի փորձեն պայքարը դեռ այս կերպ՝ քաղաքավարի շարունակել, անոր հետ մէկտեղ «Դէմ եմ Սփիւռքի նախարարութեան լուծարման» կարգախօսը տարածել թէ՛ Հայաստանի, թէ՛ Սփիւռքի մէջ․ «Պէտք է նշեմ, որ արդէն իսկ արձագանգներ կան»: Սփիւռքի ու արտաքին գործոց նախարարութեան գործառոյթներու նմանութեան կապակցութեամբ Անտոնեան ըսաւ, որ գործառոյթի կրկնութիւն չկայ, քանի որ արտաքին գործոց նախարարութիւնը աւելի շատ կը պահէ միջպետական յարաբերութիւններու ձեւաչափը եւ համայնքներու հետ աշխատանքը շատ բազմաշերտ է, ու միայն արտաքին գործոց նախարարութեան համապատասխան աշխատակիցները չեն կրնար իրականացնել ատիկա։

Յիշեցնենք, որ կառավարութեան կառուցուածքի վերաձեւաւորմամբ ՀՀ նախարարութիւններու թիւը 17էն կը հասնի 12ի։

 

 

«Ազգային Ժողովի 105 Պատգամաւորը 132ի Բարձրացնող Կողմը Ի՞նչ Խնայողութեան Մասին Կը Խօսի». Սեւակ Յակոբեան

Ստորեւ յապաւումներով կը ներկայացնենք քանատական «Նորանոր» կայքի «Սփիւռքի նախարարութեան կրճատումը նոր իշխանութիւններու վրէ՞ժն է նախկիններէն, թէ՞ արդարացուած քայլ» նիւթով հարցազրոյցը:

«Սփիւռքահայերը դէ՞մ են, թէ՞ կողմ» թեմայով երէկ կատարած հարցազրոյցին ընդառաջած է «Զարթօնք»ի գլխաւոր խմբագիրը, որ կայքին լրագրողուհի՝ Ազատուհի Արզումանեանին հարցադրումներուն պատասխանած է հետեւեալ կերպով.

 

ՆՈՐԱՆՈՐ. Ինչպէ՞ս կը գնահատէք նախարարութեան այս տարիներու աշխատանքը, ի՞նչ իրավիճակ կը ստեղծուի փակման հետեւանքով ու ի՞նչ քայլեր պէտք է կատարէ իշխանութիւնը Հայաստան-սփիւռք կապը աւելի արդիւնաւէտ դարձնելու համար:

 

ՊԱՏԱՍԽԱՆ.

Մուտք

Հիմնուելով հայկական, մանաւանդ աւանդական Սփիւռքի՝ սեփական պետութիւն չունենալու բարդոյթին վրայ՝ իմ համեստ կարծիքով՝ Սփիւռքի նախարարութեան աշխատանքի արդիւնաբերութեան քննարկումէն անդին եւ վեր (ուր ամէն պարագայի տարբեր եւ նոյնիսկ հակասական կարծիքներ կրնան հնչել) Սփիւռքի նախարարի մը կերպարը նախ եւ առաջ ու անոր հետ սփիւռքահայու կապը «պետութիւն-քաղաքացի» հոգեբանական  մերձեցում ստեղծած էր հայրենիքի հետ եւ հայրենիքն ու պետութիւնը աւելի շօշափելի եւ սրտամօտիկ դարձուցած: Աւելին ըսեմ, սփիւռքահայը «նախարարի» հանդէպ ունի իր ուրոյն ակնածանքը, որ նոյնպէս արդարացի բարդոյթի մը արդիւնքն է անշուշտ ու այդ կերպարին հետ անձնապէս շփուիլը տուեալ անհատին եսը կը շոյէր:

Կայ այլ հոգեբանական ազդակ մը եւս: Հակառակ ենթադրութիւններու՝ ամէն սփիւռքահայ չէ, որ անպայման հայրենիք այցելած է: Շատերուն համար ալ Հայաստան-հայրենիքը վերացական գաղափար մըն է: Սփիւռքի նախարարի անձը նման անձերուն համար վերջին 10 տարիներուն ծառայած է նաեւ որպէս խորհրդանիշ: Չկայ վերացական գաղափար մը, որ առանց շօշափելի խորհրդանիշի երկար ազդեցութիւն ունենայ անհատին վրայ: Պարապ տեղ չէ, որ կրօնականէն մինչեւ գաղափարական որեւէ կազմակերպութիւն խորհրդանիշներով է, որ կը գոյատեւէ իր հետեւորդներուն գիտակցութեան եւ ենթագիտակցութեան մէջ: Երբ խորդանիշը վերցնենք, գաղափարը կը տուժէ:

 

Պիւտճէական Կրճատո՞ւմ

Հայաստանի նոր իշխանութեան՝ նախարարութիւններ կրճատելու, որոնց կարգին նաեւ Սփիւռքի նախարարութիւնը փակելու  որոշումին, որուն որպէս հիմնական պատճառ կը տրուի պիւտճէական կրճատում, իմ մօտ կը յառաջացնէ կարգ մը հարցադրումներ:

Ազգային ժողովի 105 պատգամաւորը 132ի բարձրացնող կողմը ի՞նչ խնայողութեան մասին կը խօսի:

Այլ տեսանկիւնէ, եթէ Ազգային ժողովի պատգամաւորներու թիւը ինչ-որ չափով եւ յարաբերականօրէն  առնչուած է երկրի մը բնակչութեան կամ ընտրողներու թիւին հետ, ապա նախարարներու պարագային նոյնը չէ:

Գալով կրճատումի գաղափարին՝ այդ ընդհանրապէս կը կատարուի աւելորդը, նուազ պիտանին կամ անպէտքը դուրս ձգելով: Ո՞վ եւ ինչպէ՞ս կրնայ արդարացնել, որ իր բնակչութեան քառապատիկը սփիւռք ունեցող պետութեան մը սփիւռքի նախարարութիւնը փակուելու ենթակայ ըլլայ…: Կամ Գեղարդն ու արուեստի հսկայական ժառանգութիւն ունեցող երկրի մը մէջ մշակոյթի նախարարութիւնը պիւտճէի վրայ բեռ համարելու փորձութիւնը ունեցողները չեմ գիտեր՝ ի՛նչ կարելի է կոչել…:

Ճիշդ Սահմանում

Իսկ եթէ գործելաոճի կամ գործելադաշտի մը մասին է խնդիրը, ապա պէտք է սահմանել Սփիւռքի կամ որեւէ նախարարութեան աշխատանքային դաշտը, ինչ որ կրնայ ոմանց չափանիշով արդիւնաբերութեան հասնիլ եւ ոչ թէ փակել զայն (իմ կարծիքովս ու նշած չափանիշներովս Սփիւռքի նախարարութիւնը միշտ ալ արդիւնաւէտ էր եւ մեծ պէտք՝ իր հիմնադրութեան օրէն): 

 

Նոր Իշխանութիւններու Վրէ՞ժ

Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ՝ Աստուած չընէ, որ Սփիւռքի նախարարութեան փակուելու որոշումը որեւէ կապակցութիւն ունենայ զայն հիմնողները «պատժելու» գաղափարին հետ, որովհետեւ այդ տրամաբանութեամբ օր կու գայ, որ տուեալ կողմը կրնայ մտածել նաեւ «պատժել» այն կրպակները, որ ատենին որոշ կուսակցութեան մը դրօշները կամ այլ խորհրդանիշները ունէին իրենց ծախած ապրանքներուն շարքին:

Հայրենադարձութեան Գործակալութիւն

Կը մնայ մտածել, որ եթէ մեր ուժերէն վեր է նախարարութեան մը փակուելուն դէմ կենալ, ապա արդեօ՞ք կ’արտօնուի մեզի առաջարկել, որ, հետեւելով ու օգտուելով մեր նման սփիւռք ունեցող երկրի մը օրինակէն, նուազագոյնը գոնէ հաստատել հայրենադարձութեան մեծ գործակալութիւն մը պետական հովանաւորութեամբ, որ սկսի կարգախօսներէ հեռու,  գործնականօրէն ու ամէն մակարդակի վրայ կազմակերպել մեծ մաշտաբի հայրենադարձութիւն, որպէսզի օր գայ, ուր սփիւռքը մեծաւ մասամբ հայրենադարձուի եւ հետեւաբար իրապէս անիմաստ դառնայ Սփիւռքի նախարարութեան գոյութիւնը:

«Հայաստանի Մէջ Սուրիահայերու Ներգրաւուածութեան Փորձառութիւնը. Խնդիրներու Յաղթահարման Համակարգերը․․․» (լուսանկարներ)

 «Զարթօնք» Հայրենիքի Մէջ 17 –

Հարցազրոյց՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան Եւ Ազգագրութեան Հիմնարկի Սփիւռքի Հետազօտութիւններու Բաժնի Գիտաշխատող, Phd Ուսանող Լուսինէ Տանաջեանի Հետ

Զրոյցը վարեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ  ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան տեղեկութիւններուն՝ 2012ին ՀՀ քաղաքացիութիւն ստացած է  5026, 2013ին՝ 4150, 2014ին՝ 1531 սուրիահայ: Ընդհանուր առմամբ, 2012-2014 թուականներուն ՀՀ քաղաքացիութիւն ստացած է 10707 սուրիահայ: 2013-2014 թուականներուն 220 սուրիահայ ձեռք բերած է ժամանակաւոր (1 տարի), 155ը՝ մշտական (5 տարի) եւ 390ը՝ յատուկ կարգավիճակ (10 տարի): Սփիւռքի նախարարութեան մէջ առկայ տեղեկութեան համաձայն` 2018ի դրութեամբ Հայաստան կը բնակի շուրջ 22,000 սուրիահայ, որոնց մէկ մասը անընդհատ շարժումի մէջ կը գտնուի։

ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի սփիւռքի հետազօտութիւններու բաժնի գիտաշխատող, PhD ուսանող Լուսինէ Տանաջեանը Բաց հասարակութեան հիմնադրամներՀայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակութեան շնորհիւ՝ «Քաղաքականութեան կրթաթոշակներ» ծրագրի ծիրէն ներս հետազօտութիւն կատարած է՝  ներկայացնելով ու վեր հանելով Հայաստան տեղափոխուած սուրիահայերու ներգրաւուածութեան խնդիրները, անոնց յաղթահարման ուղղութիւնները։

2011էն սուրիական հակամարտութեան հետեւանքով սուրիահայերու զանգուածային ներհոսքը Հայաստան, բնակաբանար, չէր կրնար իրեն հետ շարք մը խնդիրներ յառաջ չբերել։ Հետազօտութեան հեղինակ Լուսինէ Տանաջեանի կարծիքով՝ Հայաստանը գործնականօրէն պատրաստ չէր ապահովելու պայմաններ ներգաղթեալներու կազմակերպուած ներհոսքի եւ հետագայ զարգացումներուն, ընկերային համակարգին մէջ անոնց ներառման համար: Հայաստանի մէջ սուրիահայերու խնդիրները բազմազան են՝ աշխատանքային, ընկերամշակութային, տնտեսական եւ այլն։

Լուսինէ Տանաջեանը իր հետազօտութեան մէջ սուրիահայերը պայմանականօրէն բաժնած է երեք խումբի՝ Հայաստան հաստատուած, Սուրիա վերադարձած եւ այլ երկիր արտագաղթած։ Իր կարծիքով՝ Հայաստանը ներգաղթի վերաբերեալ օրէնքներու հարցին մէջ կը թերանայ, օրէնսդրական բաց կայ, ինչպէս նաեւ ներգաղթեալները ընկերային համակարգին ներառելու խնդիրներու լուծման ուղիներն ու ծրագիրները երկարաժամկէտ են։ Հետազօտութիւնը կատարուած է մի քանի եղանակով՝ չկառուցքաւորուած հարցազրոյց-հարցումներ, փորձագիտական հարցազրոյցներ ու յաջողած դէպքերու ուսումնասիրութիւններ։

«Զարթօնք»ը հայրենիքի մէջ» խորագրով հերթական հարցազրոյցը, ուր աւելի մանրամասն կը խօսինք սուրիահայերու յիշեալ խնդիրներուն, անոնց լուծման ուղիներուն ու պետական աջակցութեան մասին, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի սփիւռքի հետազօտութիւններու բաժնի գիտաշխատող, PhD ուսանող Լուսինէ Տանաջեանի հետ է։

Յարգելի Լուսինէ, շնորհակալ եմ հարցազրոյցի համար։ Կ’ուզեմ խօսիլ «Սուրիահայերու հիմնախնդիրները Հայաստանի մէջ» անուանումով Ձեր զեկոյցին մասին, որ վերջերս հրապարակած էք։ Ուսումնասիրելով զեկոյցը, որ Հայաստանի ընկերային եւ այլ ոլորտներու ընդհանուր համակարգին սուրիահայերու ներառման խնդիրներուն մասին է, իմ մօտս հարցեր յառաջացած են։ Նախ ի՞նչ եզրակացութեան եկած էք, եւ, խնդրեմ, կրնա՞ք ըսել զեկոյցը պատրաստելու ժամանակ կիրարկուած մեթոտները։ Ի՞նչ խնդիրներ ունին սուրիահայերը Հայաստանի մէջ։

– Հիմնականօրէն միտուած եղած է միջազգային փորձի շրջագիծին մէջ ներկայացնել սուրիահայերու՝ ընկերային համակարգին ներգրաւուածութեան խնդիրները եւ մշակել քաղաքականութիւն, առաջարկներ, որոնք կը նպաստեն այդ խնդիրներու լուծման։ Այս պարագային պէտք է նշեմ, թէ ինչո՛ւ թեման արդիական է։

Գրեթէ բոլոր կազմակերպութիւնները նպաստած են սուրիահայերու յիշեալ խնդիրներու լուծման՝ Սփիւռքի նախարարութիւնը, ՄԱԿի գաղթականներու գրասենեակը։

Շա՞տ են այսօր սուրիահայերը, որ աշխատանքի խնդիր ունին։

– Շատ-շատ են։ Աշխատանքի խնդիրը ամենակարեւորն է։ Մեր հետազօտութեան մէջ մէկ բան ակնյայտ է. եթէ տնտեսական ծիրը հիմք ընդունինք, ապա կը տեսնենք, որ արտագաղթի միտումին համար հիմնական գործօնը աշխատանքի խնդիրն է։ Որեւէ պարագայի, եթէ անոնք աշխատանք ունենան Հայաստանի մէջ, ապա պատրաստ են ներառուելու, ընդգրկուելու ընկերային համակարգին մէջ։ Շատ պնդումներու համաձայն՝ իրենք չեն ուզեր նորէն երրորդ երկիր երթալ, ստեղծել նոր տուն։ Չակերտաւոր թէ տրամաբանականօրէն, միեւնոյնն է, սա իրենց հայրենիքը կը համարուի։ Սա առանձնայատկութիւն է Հայաստանի համար, քանի որ որեւէ ներգաղթող խումբի համար ան հայրենիք կը համարուի:

Այսինքն՝ ներգաղթեալները կարելի՞ է նաեւ անուանել հայրենադարձներ։

– Ես ըսեմ, որ սա խնդիր է, հետազօտութեան մէջ ալ, որովհետեւ երբ մենք այդ խնդիրը դրինք, ուշադրութիւն դարձուցինք այն փաստին, թէ սուրիահայը ինքզինք ինչպէս կ’ընկալէ։ Եթէ դուն սուրիահայուն փաստաթուղթ կու տաս, որ ան ՀՀ քաղաքացի է, միեւնոյնն է, իր վարքը չի փոխուիր։ Իր վարքը իր ընկալումին հիման վրայ կը փոխուի, իր արտագաղթի միտումը կախուած է անկէ, թէ ան ինքզինք ինչպէս կ’ընկալէ։ Եթէ ինքզինք հայրենադարձ կը համարէ, ապա ամէն պարագայի կը փորձէ այստեղ ներգրաւուիլ ընկերային եւ այլ ոլորտներու համակարգին մէջ։ Ես չեմ կրնար առարկայական տուեալներ ըսել, թէ իրենց անձը ինչպէս կ’ընկալեն սուրիահայերը, որովհետեւ չենք հետազօտած։ Բայց անոնք, որոնք իրենք զիրենք հայրենադարձ համարած են, ամէն ձեւով կը փորձեն ներգրաւուիլ Հայաստանի համակարգին մէջ։ Անոնք, որոնք իրենց անձը որպէս գաղթական կ’ընկալեն, միեւնոյնն է, որոշ ժամանակ ետք կը լքեն Հայաստանը կամ Հայաստանը համարած են տարանցիկ երկիր՝ երրորդ երկիր երթալու համար։

Ձեր զեկոյցին մէջ անդրադարձա՞ծ էք արդեօք, թէ քաղաքակրթութիւններու բախում կամ մշակութային ցնցում տեղի ունեցած է կամ ոչ։

– Ես կը կարծեմ՝ ոչ, որովհետեւ ընկերա-մշակութային խնդիրները քիչ թէ շատ յաղթահարելի եղած են իրենց համար։ Իրենք ազգային պարունակով մեզի շատ մօտ են. սա ալ պէտք է հաշուի առնել, ունին նոյն մշակոյթը, նոյն կրօնը, նոյն ծագումնաբանական պատկանելիութիւնը։ Իրենց համար այս բաւականին հեշտ ու դրական եղած է։ Օրինակ՝ տօներ նշելու առումով դրական փորձառութիւն կայ։ Այստեղ իրենք սկսած են նշել այնպիսի տօներ, զորս չէին նշեր Սուրիոյ մէջ։ Մշակութային ոլորտի իրենց ունեցած դրական փորձառութիւնը կը փաստէ, որ իրենք այստեղ սեփական ինքնութիւնը պահպանելու խնդիր չունին։

Զեկոյցի ստեղծման ի՞նչ գործիքակազմ օգտագործած էք: Ի՞նչ մեթոտներով կազմուած է զեկոյցը։

– Հիմնականօրէն եղած են չկառուցքաւորուած հարցազրոյց-հարցումներ, փորձագիտական հարցազրոյցներ ու դէպքի ուսումնասիրութիւններ։ Դէպքի ուսումնասիրութիւնները ընդհանուր առմամբ տնտեսական յաջողակ դէպքերու մասին եղած է։ Չկառուցքաւորուած հարցազրոյց-հարցումները սուրիահայերու տարբեր խումբերուն միջեւ հարցումներ եղած են։ Յատուկ ուշադրութիւն դարձուած է այն հանգամանքին, թէ տուեալ անձը ներգրաւուած եղա՞ծ է ինչ-որ հասարակական կազմակերպութեան, թէ ոչ։ Սա կարեւոր է այն առումով, որ այդտեղ իրենք հիմնականօրէն եղած են տարբեր կազմակերպութիւններու մէջ եւ այստեղ ներառուած են ու այդ ձեւով կը փորձեն լուծել ընկերային համակարգի ներգրաւուածութեան խնդիրները։ Մեր առաջարկներէն մէկն ալ այն է, որ հասարակական կազմակերպութիւնները գործակցին իրարու հետ։ Օրինակ՝ սուրիահայերու հասարակական կազմակերպութիւնները, եթէ գործակցին Հայաստանի ՀԿներուն հետ, կը յաջողին հարցը լուծել, ոչ թէ առանձնացնել։ Վերջ ի վերջոյ, անոնք բոլորն ալ գրեթէ նոյն խնդիրները ունին, ինչ հայաստանցիները։ Բայց պէտք է ըսեմ, որ սա ալ մէկ ուրիշ խնդիր էր, երբ տեղեակ չէին, թէ Հայաստանի մէջ ի՞նչ խնդիրներ կան։ Իրենք երազային հայրենիքի պատկերով եկած էին այստեղ ու առաջին բախումը այս խնդրով տեղի ունեցաւ։ Իրենք կարծրատիպային մտածողութեամբ եկած էին, որ հայրենիքը երազային երկիր է, ուր իրենց բոլոր հարցերը կրնան լուծուիլ։

Իսկ քաղաքական ներգրաւուածութեան հետ կապուած ի՞նչ պատկեր ունինք։

– Հետազօտութեան մէջ հիմնականօրէն շատ չեմ անդրադարձած այդ հարցին։ Բայց մէկ փաստ արձանագրենք, որ յեղափոխութենէն ետք երիտասարդներու քաղաքական մասնակցութիւնը բաւական աճած է։ Ես յեղափոխութենէն ետք ստուգիչ ձեւով փոքրիկ հետազօտութիւն կատարեցի եւ կրնամ  փաստել այս մէկը։ Այն փաստը, որ արդէն Սփիւռքի նախարարութեան կամ տարբեր այլ գերատեսչութիւններու մէջ կան սուրիահայեր, կ’ոգեւորէ զիրենք։ Սուրիոյ մէջ, օրինակ, քաղաքական այդպիսի մասնակցութեան մասին չէին կրնար մտածել, համայնքէն մէկ-երկու հոգի ներգրաւուած էին քաղաքական համակարգին մէջ։

Հետազօտութենէն ու զեկոյցի հրապարակումէն ետք ի՞նչ եզրակացութեան եկած էք ու ի՞նչ առաջարկներ ունիք Հայաստանի մէջ սուրիահայերու՝ տարբեր ոլորտներու ներգրաւուածութեան հարցերը լուծելու համար։

– Պիտի խօսիմ կարեւոր մէկ-երկու առաջարկի մասին։ Նախ առաջարկները երկու ուղղութեամբ եղած են։ Առաջինը ներառած ենք ներգաղթի քաղաքականութեան փաստաթուղթի մշակման հարցը, միւսը՝ սուրիահայերու՝ տարբեր ոլորտներու ներգրաւուածութեան խնդիրները։ Կարելի է, օրինակ, դրամաշնորհային ծրագիրներ մշակել, ինչը կը ներառէ թէ՛ սուրիահայերը, թէ՛ հայաստանցիները: Ես վստահ եմ՝ ոչ թէ իրենց աջակցելու ծրագիրները պէտք է գործեն, այլ զիրենք ներառելու։ Մենք գիտենք, որ կը կազմակերպուի տարբեր ցուցահանդէս-վաճառքներ, որոնք միտուած են աջակցելու։ Բայց այս պարագային, երբ ցուցահանդէս-վաճառքներու ժամանակ հայաստանցիի կողքին չի կանգնիր սուրիահայը, փորձի փոխանակում չի կատարուիր, արդէն ընկերային ներգաւուածութեան բացակայութեան հետ գործ ունինք։ Սա ուղղակի տուեալ պահի համար աջակցութեան ծրագիր է։ Առաջարկներու միւս համախումբը, որ ուղղուած է ներգաղթի քաղաքականութեան փաստաթուղթի մշակման, առաջին հերթին պէտք է պետութիւնը ունենայ գաղթականներու  քաղաքականութիւն։ Պէտք չէ առանձնացնենք գաղթականներ, հայրենադարձներ եւ այլն։ Անոնք բոլորն ալ ունին նոյն տիպի խնդիրները։ Պէտք է յատուկ հետազօտութիւններ կատարուին ու համապատասախան տեղաբաշխումի գործընթացը տեղի ունենայ, որպէսզի չունենանք այն խնդիրը, ինչը առկայ է հիմա։ Այսօր սուրիահայերու մեծ մասը կեդրոնացած է Երեւանի մէջ։ Այդ տեղաբաշխումի խնդիրը պէտք է լուծուի ըստ մասնագիտական, տնտեսական ներուժի, որ ունին սուրիահայերը։

Ձեր հետազօտութեան մասնակից սուրիահայերը հիմնականօրէն կը նախընտրե՞ն բնակութիւն հաստատել Երեւան:

https://ragmamoul.net/hy/adlp-e-books/?fbclid=IwAR3gkl8JEL82TzRJcAHt_AMd3EgSBfqTl3qCNs4QtsfaHUZVX7Yq1CslDwc

– Գիտէ՛ք, անոնց մեծ մասը քաղաքաբնակներ են ու բնականաբար աւելի հեշտ է այդտեղ ներգրաւուիլը։ Ահաւասիկ սա է խնդիրը: Երբ մենք կը խօսինք տեղաբաշխումի խնդիրին մասին, կարելի է զանոնք տեղաբաշխել մարզային քաղաքներուն մէջ, ուր նոյնպէս իրենց կարիքը կայ ու մշակոյթի փոփոխութեան կարիք կայ։ Ես կը կարծեմ՝ առաջին հերթին պէտք է միջգերատեսչական մօտեցում ցուցաբերուի այս խնդիրին։ Ներգաղթի քաղաքականութիւնը պէտք է ներառէ միջգերատեսչական մօտեցում, ուր ներառուած կ’ըլլան երեք ոլորտները՝ միջազգային, հասարակական ու պետական։ Իրենց համաձայնութեամբ պէտք է իրականացնել ծրագիրները, որպէսզի արդիւնաւէտ ըլլայ։ Կը փափաքիմ, որ նմանատիպ հետազօտութիւնները շատ ըլլան։ Որքան ալ կարճ էր ժամանակը, այնուամենայնիւ, մենք միջազգային փորձի ծիրէն ներս փորձեցինք դուրս բերել մեր ռազմավարութիւնները։ Վերջին 100 տարուան ընթացքին կը տեսնենք, որ քանի խումբ ընդունած ենք, որքանո՛վ դրական եղած է եւ այլն։ Սուրիահայերու դէպքը թոյլ կու տայ մեզի սկիզբէն մինչեւ վերջ դիտարկել ու դուրս բերել համակարգերը, որոնցմով կարելի է զիրենք ներգրաւել հայ հասարակութեան մէջ։ Այդ համակարգերը պէտք է ըլլան ճկուն, որովհետեւ իւրաքանչիւր խումբի հետ աշխատելու ժամանակ պէտք է հաշուի առնել անոնց առանձնայատկութիւնները։

Շնորհակալ եմ հարցազրոյցի համար․․․