Վահան Մարտիրոսյանը Սեուլում հանդիպել է «Samsung» ընկերության հայազգի աշխատակիցներին

Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել «Samsung» ընկերությունում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաև Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող: 

Երիտասարդ մասնագետները նախարարին պատմել են ընկերությունում իրենց առաջխաղացման ու հաջողությունների մասին: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել, եթե երիտասարդները ցանկություն ունենան ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ նախաձեռնել ՏՏ կորպորացիաների` հետազոտական կենտրոնների կամ արտադրության հիմնում մեր երկրում:

Երկկողմ հանդիպմանը ներկայացվել են նաև ՏՏ ոլորտում նախարարության լիազորությունների շրջանակը, նախագծերին աջակցության մեխանիզմները:

Հանդիպման մասնակիցները խոսել են հարավկորեական ՏՏ ոլորտի զարգացումների մասին, ներկայացրել տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգերի յուրահատկությունները: 

Վահան Մարտիրոսյանը հայ մասնագետներին առաջարկել է համագործակցել Հայաստանի քաղաքներում տրանսպորտային հոսքի մոնիտորինգի համակարգի մշակման նախագծի շրջանակներում: 

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 25.4 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 667 173 մարդ, որը 25.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 293 317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.9 տոկոսով:

2017 թվականի օգոստոս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 281 345 մարդ՝ 10.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշը:

 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21.9 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 14 985 տոննա ապրանք, որը 54 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 972 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 56 243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: 

Ջրծաղիկի դեպքերը Հայաստանում հուլիս ամսին նվազել են

Ջրծաղիկի և վարակային մոնոնուկլեոզի  դեպքերը հուլիս ամսին նվազել են 2016-ի նույն ժամանակի համեմատ: Հիվանդացության նվազումը պայմանավորված է սեզոնայնությամբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիսի զեկույցի տվյալները: 

Ջրծաղիկով և մոնոնուկլեոզով պայմանավորված դեպքերի 1.2-1.3 անգամ նվազում է նկատվել հուլիս ամսին: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է քութեշով հիվանդացության աճ 1.5 անգամ: Սակայն 2017-ի հունիսի համեմատ քութեշի դեպքերը նվազել են 1.6 անգամ:

2017-ին արձանագրված դեպքերի աճը պայմանավորված է քութեշի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմամբ: Սահմանվել են հստակ պահանջներ՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, հաշվառման, հաղորդման և լաբորատոր հետազոտությունների իրականացման ուղղությամբ:

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին վերադարձել է հայրենիք. Տիգրան Բալայան

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող կերպով վերադարձել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով»,– հայտնել է նա։

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբան անունով անձը սառը զենքով հարձակվել էր հանգստացողների վրա: Գերմանիայի երկու քաղաքացի մահացել էր, չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել էին մարմնական վնասվածք: Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխել էին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:

«Հասոյի քռա». Գեղարքունիքի ամենաբարձրադիր ամրոցը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 15 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, ծովի մակարդակից 3150 մետր բարձրության վրա է գտնվում մարզի ամենաբարձրադիր ամրոցը, որի պարիսպները ձգվում են մոտ 850 մետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, ամրոցը պետական պահպանության ցանկում ընդգրկվել է իր առաջարկությամբ, «Հասոյի քռա» անվամբ, 2003 թվականին:

Այն գիտական բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի, քանի որ հիմնականում անհայտ է եղել պատմագիտական շրջանակներին:

«Առաջին անգամ մեզ Վարդենիսի լեռնաշղթայի բարձր կատարներից մեկի գագաթին գտնվող հուշարձան է ուղեկցել Մարտունի քաղաքի բնակիչ Վոլոդյա Բաղդասարյանը, 1998 թվականի ամռանը: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ գործ ունենք հնավայրի հետ, որն ընդգրկում է մինչեւ 35 հեկտար տարածք եւ որտեղ առկա է առանց շաղախի շարված պարիսպ՝ 1,20 մետր լայնությամբ եւ 850 մետր երկարությամբ, նաեւ՝ բնակատեղիների հետքեր:

Հավանաբար, ամրոցը գիտական շրջանակների համար անհայտ է եղել իր բարձր, հեռավոր ու դժվարամատչելի դիրքի պատճառով:Եթե կիկլոպյան ամրոցների դեպքում մենք գործ ունենք հսկայական կոպտատաշ քարերի շարվածքի հետ, ապա այս դեպքում գործ ունենք հիմնականում փոքր ու թեթեւ եւ հղկված քարերի շարվածքի հետ, որը բավականին հետաքրքիր ճարտարապետական հղացում ունի:

Թե երբ է այն կառուցվել եւ ինչ նպատակով, առայժմ դժվար է հաստատել, քանի դեռ այստեղ հնագիտական պեղումներ չեն իրականացվել: Ենթադրվում է, որ հնավայրը եղել է ամրոց կամ որսավայր: Եթե հաստատվի, որ այն որսավայր է, ապա այն կունենա ավելի վաղագույն տարիք, քան թե ամրոցի դեպքում է, որը, ենթադրաբար, կարելի է թվագրել մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին հազարամյակով: Որսավայրի վարկածը հավանական է այնքանով, որքանով որ այս տարածքում այժմ էլ բնակվում են արջեր եւ քարայծեր, արծիվներ, թռչունների եւ կենդանիների այլ տեսակներ:

Ժողովրդի հիշողության մեջ պահպանված «Հասոյի քռա» կոչվող տարածքից մի քանի կիլոմետր դեպի արեւմուտք, Սեւ սարի ստորոտում պահպանված է ժայռապատկեր՝ տիեզերական քարտեզի նշաններով, որը գիտնականները թվագրում են մեր թվարկությունից առաջ 3-2 հազարամյակով, իսկ հյուսիսային ձորի երկու լեռնալանջերով տասնյակ կիլոմետրերի վրա երկու հնագույն ջրանցքներ են ձգվում, որոնցից մեկը գործում է նաեւ այսօր:

Ամրոցի տարածքից, ինչպես ափի մեջ, չորս կողմերից երեւում են բոլոր ճանապարհները, բնակավայրերը եւ լեռնային բարձրությունների վրա կառուցված ամրոցները: Այն, բացառությամբ դիմացի լեռան Սարի սուրբ կոչվող մատուռի, իշխող դիրք ունի մնացած հնավայրերի կամ հուշարձանների նկատմամբ: Այստեղից երեւում են մինչեւիսկ Սեւանա լճի հյուսիսային ափի լեռնային ամրոցներն ու բնակատեղիները»,-ներկայացրեց Նորիկ Հազեյանը:
Մասնագիտությամբ ճարտարապետ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության նախկին պետ Դերենիկ Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Հասոյի քռա» հուշարձանը շատ ավելի բերդ-ամրոց է հիշեցնում, որի տարածքից տասնամյակներ առաջ ինքն ու իրեն տարեկից դպրոցականները լեռան գագաթին շրջագայելիս գտել են նիզակի եւ նետի երկաթյա ծայրակալներ:

«Բերդ-ամրոցը, իմ կարծիքով, մոտ գտնվելով Սելիմի լեռնանցքին, եղել է Իրանից եկող քարավանային ճանապարհը հսկող ամրություններից մեկը: Նույն հուշարձանի հյուսիսային ստորոտում պահպանված են քարավանային ճանապարհի հետքեր, որոնք հարավից գնում են դեպի արեւելք, հյուսիս եւ արեւմուտք: Բերդ-ամրոցը հսկել է տարածքի բարձրադիր բերդ-ամրոցներին, որոնց զգալի մասը եւս քիչ է ուսումնասիրված: Առանձնահատուկ է նաեւ նրա շարվածքը, որի ստորին եւ վերին մասերը, ենթադրաբար, ժամանակին պատված են եղել չթրծված կավով: Հավանաբար, այն մեկն է Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում կառուցված բերդ-ամրոցներից, որը բրոնզե դարից հասել է մինչեւ երկաթի դար»,-նշեց Դերենիկ Հովհաննիսյանը:

Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

 ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Հայտնի է Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայտնի է Լևոն Արոնյանի՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցակիցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ավարտվեցին առաջին տուրի պարտիաները: Արոնյանը երկու հաղթանակից հետո շարունակում է պայքարը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա կանանց աշխարհի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանի հետ: Արոնյան-Յիֆան դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին:

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ – 04-09-17

 ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել 478.22 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.90 դրամով և կազմել 569.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 8.26 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.37 դրամով և կազմել 619.20 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 123.30 դրամով և կազմել 20301.32 դրամ: Արծաթի գինն աճել է 2.33 դրամով և կազմել 269.06 դրամ: Պլատինի գինն աճել է 192.58 դրամով և կազմել 15359.75 դրամ:

Սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների հերթական այցելությունը հոկտեմբերի 28-ին կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արդեն 5 տարի է, ինչ բարի ավանդույթ ենք դարձրել տարին առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելությունների կազմակերպումը:

Ըստ այդմ, սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ, պատշաճ նախապատրաստվեք հոկտեմբերի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։

Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու և տեսակցելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ իրենց զավակներին այցելելու ու տեղերում նրանց ծառայության պայմաններին ծանոթանալու հնարավորություն այս տարիների ընթացքում ունեցել է երևանաբնակ զինծառայողների ավելի քան 9000 ծնող, որից շուրջ 1700-ը՝ այս տարվա ապրիլին կազմակերպված համանման այցելության շրջանակում: 

Սեպտեմբերի 5-ին կայանալիք միջոցառումների անոնս

ԱՆՈՆՍ

0սեպտեմբեր, 2017                 

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»կլուսաբանի

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

11:00-ին

Ucom-ի Ամիրյան փ. Մասնաճյուղում տեղակայված սպասարկման կենտրոնում

Ucom և Aiva Mobile ընկերությունների ղեկավարներ Հայկ Եսայանն ու Անդրեյ Աժիգիրովը հրավիրում են համատեղ մամուլի ասուլիսի: Ներկայացնելու են երկու ընկերությունների ընդհանուր առաջարկը: Ասուլիսին ներկա կլինեն նաև ռուսաստանյան ТАСС, Интерфакс, Mobile-Review և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

V

13:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի փոքր սրահում

տեղի կունենա «Ադամի» հեղինակավոր մեդիա մրցանակաբաշխության ներկայացուցիչների ասուլիսը, որի մասնակիցներն են. «Ադամի» մրցանակաբաշխության ներկայացուցիչ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, մամուլի դեպարտամենտի ղեկավար Քլաուս Վենդելբերգեր, «Ադամի» մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ Սաթիկ Սեյրանյան:

 

16:00-ին

ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2, 2-րդ հարկ)

ՀԲԸՄ Հայաստան և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը հայտարարում է դոկտոր Երվանդ Զորյանին Հայաստանում Technovation նախաձեռնության բարի կամքի դեսպան նշանակելու մասին: Տեղի կունենա հանդիպում «Տեխնովացիոն մարտահրավեր» նախաձեռնության մասնակիցների և դոկտոր Երվանդ Զորյանի հետ: Բացման խոսքով հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, (ենթակա է հաստատման):

V

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում սպասվող իշխանափոխության մասին:

 

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննության առնելով անվտանգության խորհրդում և հավանության արժանանալով Կառավարության կողմից, ուղարկվել է Ազգային Ժողով։ Օրինագծով վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, ինչպես նաև սահմանվել են բազմաթիվ նոր դրույթներ։ Նշված հարցերի, ինչպես նաև օրենքի խոցելիության, բացերի և հանրության մոտ առկա մտահոգությունների մասին կանդրադառնա փաստաբան Նորայր Նորիկյանը:

 

11:00-ին

«Մեդիա կենտրոնում»

ՀՀ փաստաբանների պալատի ընտրություններին ընդառաջ տեղի կունենա հարցազրույց-ասուլիս Փաստաբանների պալատի նախագահ ԱրաԶոհրաբյանի հետ:

V

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Թեմա՝ տնտեսական աշուն. իրողություններ և սպասումներ:

 

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը: Թեմա՝ Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի առաջին շաբաթը հաստատվել է որպես սեռական առողջության օրեր. հյուրը կներկայացնի սեռական առողջության խնդիրները ու մեր երկում սեռական առողջությանը հետևելու մշակույթի առանձնահատկությունները:

 

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Թեմա՝ ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային խաղաղությունը. սեպտեմբերին Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

V

12:00-ին

«Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ նվիրված «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Դիլիջանում։ Ասուլիսի բանախոսներն են. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանը:

V

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Փողոցների անվանափոխության հարցը սոցիոլոգի տեսանկյունից. դրական և բացասական կողմերը, համեմատություն այլ երկրների փորձի հետ»:

V

 

Մշակույթ

 

 

12:00-ին

Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում

տեղի կունենա Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Ներկայացված են Մատենադարանի ու Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։ Ցուցադրված են նաև ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից։

V

17:00-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

տեղի կունենա «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացումը: «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբ»-ի հետ համատեղ անցկացնում է «Ընտրանի» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են: Ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ:

V

18:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական

թատրոնում

տեղի կունենա թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին կհաջորդի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի հանդիսավոր բացման արարողությունը: Այնուհետև ավանդույթի համաձայն թատերաշրջանի բացմանը կներկայացվի Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան:

V

19:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

կնշվի «Նարեկացի» արվեստի միության 13-րդ տարեդարձը՝ նվիրված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանին: «Նարեկացի» արվեստի միությունը, չընդhատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել է հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին։ Միջոցառումն իր ներկայությամբ կպատվի մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը: