Մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն  ասաց, որ համաժողովի ընթացքում կլինեն նոր համագործակցություններ մասնակից երկրների մասնագետների միջեւ: «Կարծում եմ համաժողովը կծառայի իր նպատակին: Այն բարեկամանալու,ընկերանալու լավագույն վայր է: Կարեւորն այն է, որ մեր օտարերկրյա բարեկամները կներկայացնեն այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք արձանագրվել են սրտաբանության ոլորտում: Ուզում եմ նաեւ հավատալ, որ այս օրերը կլինեն Հայաստանը տեսնելու, վայելելու եւ նոր հաջողություններ արձանագրելու ժամանակահատված»,-ասաց նա:

Հանրահայտ սրտաբան Փոլ Բարագանի խոսքով` այս տարի անցկացվող երկօրյա համաժողովին տեսականորեն եւ գործնականորեն անդրադարձ կկատարվի սրտանոթային ամենատարբեր խնդիրներին: «Մենք գործնականորեն կփորձենք պատասխան տալ բազմաթիվ կլինիկական խնդիրների: Ես առաջարկում եմ բոլորիս ուշադիր լսել միմյանց»,-ասաց նա:

Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում է 38 օտարազգի եւ սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից եւ Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը , մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը:

 

ԱԻ նախարարությունը ստեղծել է օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախագծերի մշակման աշխատանքային խումբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը  ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ներկայացրեց նախարարության հնգամյա ծրագրի կարեւոր ուղղությունները:

«Դրանք են թվային կապի կիրառմամբ աղետների վաղ ազդարարման եւ բնակչության իրազեկման ժամանակակից համակարգի ներդրումն ու զարգացումը, փրկարարական արագ արձագանքման ուժերի շարունակական զարգացումը, այդ թվում՝ անտառային հրդեհների մոնիթորինգի եւ կանխատեսման կարողությունների զարգացումը կամ ինժեներասակրավորային եւ կինելոգիական խմբերի կարողությունների զարգացումը, աղետների բժշկության համակարգի կատարելագործումը, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների զարգացումը, աղետների ռիսկերի կառավարման մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համար, սեյսմիկ պաշտպանության եւ հիդրոմետ ծառայության աշխատանքների էական բարելավումը, մթնոլորտային ակտիվ ներգործության հակակարկտային ժամանակակից միջոցների կիրառմամբ գյուղատնտեսության կանխատեսելի զարգացման օժանդակումը»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում ոլորտի կարգավորման համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման ու համապատասխան քաղաքականության ձեւավորմանը:

«Մի շարք կանոնակարգերի մշակումը կնպաստի օրինակ՝ շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ հուսալիության բարձրացմանը, արտադրական վտանգավոր օբյեկտների նվազ ռիսկայնությամբ շահագործմանը»,- ասաց ԱԻ նախարարը՝ տեղեկացնելով, որ փոխնախարարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետներում կմշակի համապատասխան օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

Դավիթ Տոնոյանը նաեւ անդրադարձավ արտակարգ իրավիճակներում անդրսահմանային եւ միջազգային համագործակցության կարեւորությանը:

«Օրեցօր մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում մեր կարողությունների զարգացմանը: Ակնհայտ է, որ ոչ մի երկիր  ի վիճակի չէ, աղետների մասշտաբներից ելնելով, համալիր կերպով ապահովել բոլոր անհրաժեշտ կարողությունները: Այս առումով կարեւոր է անդրսահմանային եւ միջազգային համագործակցությունը: Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած արտակարգ իրավիճակների  եւ դրանց հետեւանքների վերացումը նման համագործակցության արդյունավետության ցայտուն օրինակ են»,-եզրափակեց նախարարը:

«Փոփոխությունների կառավարում» խորագրով 6-րդ տարածաշրջանային մարդկային ռեսուրսների համաժողովին 200 մասնակից են գրանցվել

 «Փոփոխությունների կառավարում» խորագրով 6-րդ տարածաշրջանային մարդկային ռեսուրսների (ՄՌ) համաժողովին գրանցվել են մոտ 200 մասնակիցներ ավելի քան  60 տեղական և միջազգային  կազմակերպություններից, շուրջ 15 երկրից: Համաժողովի նպատակը կառավարման ոլորտի խորքային հարցերի քննարկումն է: Երկօրյա միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 13-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Համաժողովն ավանդաբար կազմակերպում է «Cascade People & Business» ընկերությունը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան:

«Համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է ստեղծում: Ամեն տարվա թեման հիմնվում է նախորդ տարիներին արված հարցումների վրա: Այս անգամ անդրադարձել ենք փոփոխությունների կառավարմանը, քանի որ դա շատ  արդիական է, և բազմաթիվ բիզնեսներ ներկայումս անցնում են փոփոխությունների  կառավարման միջով: Այս համաժողովը հետաքրքիր կլինի բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր կազմակերպություններում որոշումներ ընդունող անձինք են»,-«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նշեց «Cascade People & Business» ընկերությանհիմնադիր և գործադիր-տնօրեն Անի Կարապետյանը:

Այս տարվա համաժողովի գործընկերներն են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը:

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ուսուցման և զարգացման բաժնի պատասխանատու Ռուբինա  Ալումյանի խոսքով` իրենք աջակցում են համաժողովի իրականացմանը, քանի որ շատ են կարևորում արծարծվող թեման: «Մեր բանկը  նույնպես փոփոխությունների փուլում է. նոր տեխնոլոգիաներ ենք կիրառում, նոր մոտեցումներ ենք ցուցաբերում: Հուսանք, որ այստեղ արժեքավոր տեղեկատվություն կստանանք, որը հետագայում կքննարկենք մեր գործընկերների հետ ու կփորձենք այն կիրառել գործնական ոլորտում»,- եզրափակեց Ալումյանը:

Համաժողովին հրավիրված էին փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից:

Համաժողովին քննարկվեցին փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային հարցեր`փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա, փոփոխությունների հոգեբանություն և այլն: Համաժողովին զուգահեռ՝ 2 օրերի ընթացքում, կգործի նաև ՄՌ Էքսպո:

«Cascade People & Business» ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն է: Իր գործունեության ութ տարվա ընթացքում միջազգային և տեղական կազմակերպությունների հետ իրականացրել է 150 ծրագիր:

Հայաստանի ՄՌ ասոցիացիան հիմնադրվել է 2010 թվականին: Այն համախմբել է մարդկային ռեսուրսների ոլորտի առաջատար մասնագետների` այդ բնագավառում փորձի փոխանակման, աշխատանքային հարաբերությունների բարելավման, ոլորտի ինստիտուցիոնալիզացման, այդ դաշտի մասնագետների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրականացման նպատակով:

Հայաստանը հայտ է ներկայացրել՝ հյուրընկալելու աղետների ռիսկերի նվազեցման թեմայով տարածաշրջանային համաժողով

 Վերջին տարիներին Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտում արձանագրված առաջընթացը եւ նվաճումները տեսանելի եւ ճանաչելի են այս տարածաշրջանում, ինչպես նաեւ գլոբալ մակարդակում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ դրա վառ ապացույցներից է հայկական պատվիրակության մասնակցությունը միջազգային համաժողովների, ինչպես նաեւ դրանց հյուրընկալումը Հայաստանում:

«2018 թվականի համար Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու եւս մի տարածաշրջանային՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ասիական տարածաշրջանի պլատֆորմի  համաժողովը»,-տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ  այս կերպ Հայաստանը հերթական քայլը կկատարի՝ ամրապնդելու իր տարածաշրջանային դերակատարումն առկա ոլորտում:

 

Հայաստանում դեկտեմբերից 13 տարեկան մոտ 15 հազար աղջկա պատվաստում կիրականացվի պապիլոմա վիրուսի դեմ

Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Սպասվող պատվաստման վերաբերյալ «Արմենպրես»ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի համակարգող, Հիվանդությունների գրանցման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի հետ:

-Դեկտեմբերին 13 տարեկան աղջիկների շրջանում սկսվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Այն նախապատրաստական ի՞նչ փուլում է և արդյո՞ք կան նախնական տվյալներ, թե քանի աղջիկ է պատվաստվելու:

-Այո, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած՝ նախատեսվում է սկսել 13 տարեկան աղջիկների շրջանում պատվաստվումները պապիլոմա վիրուսի դեմ: 2016 թվականի վիճակագրական տվյալներով, երկրում հաշվառված է 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ: Մեր հաշվարկով կպատվաստվեն մոտ 15 հազարը: Այս պահին մենք նախապատրաստական ակտիվ փուլում ենք: Բուժաշխատողների շրջանում իրականացնում ենք դասընթացներ, լայն թափով կատարում ենք իրազեկման աշխատանքներ, որից հետո Առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ և պատվաստումները կսկսվեն ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկներում:

-Տիկին Սահակյան, որոշ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա այս պատվաստումների վերաբերյալ, խոսվում է բացասական հետևանքների մասին, տարբեր տեղեկատվական հարթակներից մեջբերվում են տեսանյութեր, հոդվածներ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես տեղյակ եմ հասարակության շրջանում առկա մտահոգությունների, անհանգստությունների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ տեղեկատվական հարթակներից այդ հղումները, տեսանյութերն առանձին դրվագներ են: Գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը, որ կա համապատասխան միջազգային կազմակերպություններում, չեն համապատասխանում վերը նշված հղումներին: Գոյություն ունի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողով, որը պարբերաբար դիտարկում  է պատվաստանյութերի անվտանգությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցերը, դրանք քննարկում է: Վերջին քննարկումը եղել է հենց այս տարի և դրան համահունչ թարմացվել է այս պատվաստանյութի հետ կապված առկա պաշտոնական դիրքորոշումը: Համաձայն այդ տվյալների՝ ավելի քան 270 մլն դեղաչափ պատվաստում է  կատարվել ամբողջ աշխարհում: Պատվաստումներից հետո լուրջ մտահոգության տեղիք տվող որևէ դեպք չի արձանագրվել, որը վկայում է, որ պատվաստումների կիրառումն անվտանգ է: Ինչպես մյուս պատվաստումների դեպքում, այս պարագայում ևս հնարավոր են սպասվող ռեակցիաներ՝ այտուց, կարմրություն, ցավի առաջացում: Այո, այն ցավ առաջացնում է, յուրաքանչյուր 10 պատվաստվածից  8-ի մոտ դա կարող է լինել, սակայն կարճ ժամանակով, հետո անցնում է:

-Տիկին Սահակյան, այս պատվաստմանը դեմ արտահայտողները նշում են, որ շատ երկրներ հրաժարվել են դրանից՝ կասկածի տակ դնելով պատվաստանյութի արդյունավետությունը: Դուք ասացիք բազմաթիվ երկրներում այն կիրառվում է, կնշե՞ք դրանք:

-Այսօր պատվաստումներ իրականացվում են ավելի քան 70 երկրում, այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, արևմտյան եվրոպական երկրները: Ցանկում կան պետություններ, որոնք 10-ից ավելի տարի իրականացնում են այս պատվաստումը, և նրանցից որևէ մեկը չի դադարեցրել: Հավանաբար խոսքը Ճապոնիայի մասին է, այնտեղ դա չի ընդհատվել, պարզապես այնտեղ պատվաստումների մասով պետական մասշտաբով հանրային իրազեկման աշխատանք չի կատարվում: Յուրաքանչյուր բուժաշխատակից իր աշխատանքի շրջանակում ինքն է աշխատում ծնողների հետ:

-Կխնդրեմ, որպես մասնագետ ներկայացնեք հակացուցումները, ո՞ր դեպքում չի թույլատրվում պատվաստել երեխային:

-Ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ մյուսների դեպքում հակացուցումները ընդհանուր են: Եթե պատվաստվողի մոտ կա սուր վիճակ, տվյալ պահին պատվաստում չի իրականացվում: Երբ նրա վիճակը գնահատվում է բարվոք, նոր արվում է:

-Դուք նշեցիք, որ 70 երկրում այս պատվաստումը ներդրված է: Այդ երկրների փորձը հաշվի առնելով, ի՞նչ կանխատեսումներ կան:

-Այդ երկրների փորձը հաշվի առնելով, մեզ մոտ դրական կանխատեսումներ կան: Այդ երկրներում գնահատումները ցույց են տվել, որ հիվանդացության նվազում է նկատվում: Դա խոսում է այն մասին, որ արգանդի պարանոցի քաղցկեղի հսկողությունը կհաջողվի, կկարողանանք 10-ից 7 աղջկա մոտ կանխել:

-Մեզ մոտ ի՞նչ վիճակագրություն կա արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ, արդյո՞ք պատկերը մտահոգիչ է, որ ներդրվում է պատվաստման այս տեսակը:

-2016 թվականի վերջին տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղով  հիվանդ 2 հազար 990 կին հաշվառման մեջ է: Այս շարքը համալրվում է յուրաքանչյուր տարի միջինում մոտ 250 հիվանդության դեպքով, նոր դեպքերի մասին է խոսքը: Մահվան դեպքեր ևս լինում են, միջինը 100 կին յուրաքանչյուր տարի մահանում է  արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս խնդիրը մեզ մոտ լուրջ է: Ի դեպ, կանանց շրջանում քաղցկեղով հիվանդացության ընդհանուր պատկերում արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:

Աննա Գզիրյան

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում, հանրային իրազեկում. մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆգլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանընշեց, որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և ոչ ոք դա կասկածի չի ենթարկում:

«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ծխող մարդկանց թվի ավելացմամբ պայմանավորված պետությունների հանրային առողջության ծախսերն են ավելանում: Այսինքն՝ ծխելը, առողջականից բացի, նաև տնտեսական վատ հետևանք ունի:

Խոսելով վիճակագրության մասին` բժիշկը նշեց, որ 16 տարեկան և բարձր տղամարդկանց 52 տոկոսը ծխող է, իսկ աղջիկների շրջանում այդ թիվը կազմում է 2 տոկոս, սակայն նշվում է, որ այն համարվում է թաքնված ցուցանիշ: Ինչ վերաբերում է 15 տարեկաններին, ապա մասնագետը նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների,18 տոկոսը ծխողներ են, որոնց 4 տոկոսը կանոնավոր ծխողներ են: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է, այն ցածր է համարվում այլ երկրների հետ համեմատությամբ: Այդ տարիքային խմբում ծխողների միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 35 տոկոս:

Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կարևոր համարեց Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը ծխելու դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ: Ըստ նրա` կարևոր են վաճառքի սահմանափակումները: Պետք է խստացվի անչափահասներին ծխախոտային որևէ արտադրանք վաճառելը:

«Ինքս եմ ականատես եղել, որ այդ դրույթը ոչ միշտ է օգտագործվում, սակայն պետք է եղածը խստացնել ու հետևողական լինել, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, եթե վաճառողը կասկած է ունենում գնորդի չափահաս լինելու հարցում: Ընդհանրապես, այնպիսի աշխատանք պետք է արվի, որ ծխախոտ գնելը լինի ամոթի նման մի բան»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևոր համարեց ընդհանուր վաճառասրահներում ծխախոտի վաճառքն արգելելը: Հիվանդանոցներում, մշակութային կենտրոններում, մարզական համալիրներում գտնվող խանութներում ծխախոտ չպետք է վաճառվի: Խանութներում էլ աչք ծակող գովազդային պաստառները պետք է արգելվեն: Բացի այդ, Արսեն Թորոսյանը գտնում է, որ ծխախոտի գինը պետք է բարձրացնել:

«Ծխախոտը պետք է լինի դժվար հասանելի: Դեռահաս, թե չափահաս՝ պետք է ազդի ծխախոտ գնողի գրպանի պարունակության վրա: Լսում ենք, շատերն ասում են, թե ինչու եք թանկացնում, այս փող չունեցող ժողովուրդը ոչինչ չի հասցնում… Այո, պետք է թանկացնել, որ փող չունեցող ժողովուրդը չգնի ծխախոտ, այլ գնի պետքական իրեր»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևորեց նաև հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, տուգանքների չափը բարձրացնելը: Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե վերահսկողությունը լիարժեք չի արվելու, թերացումներ են լինելու, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պարզապես օրենքը չխստացնելու պատրվակ է:

«Գրքի գիշեր»-ը զեղչված գներով սիրելի գրքերը գնելու հնարավորություն կընձեռի

Գրքասերներին բազում անակնկալներ խոստացող «Գրքի գիշեր-2017»-ի շրջանակում «Բուկինիստ» գրախանութի բոլոր գրքերը ընթերցասերները կարող են գնել 30 տոկոս զեղչով:  Դրան զուգահեռ գրքին առնչվող մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում: «Գրքի գիշեր-2017»-ը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան-2799» տոնակատարության շրջանակում: Միջոցառման մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցները:

«Պուրակում 19 միջոցառում է իրականացվելու: Հրավիրել ենք գրողների, որոնց հետ մարդիկ կարող են զրուցել և նրանց գրքերը ձեռք բերել ինքնագրերով: Պուրակում տեղակայված կլինեն երկու լուսանկարչական տաղավար, որտեղ երեխաները և մեծահասակները կարող են անվճար լուսանկարվել: Նախատեսվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա տիկնիկային ներկայացում ցուցադրել: Երեկոյան համերգային ծրագիր կիրականացվի. մեր համաքաղաքացիների տրամադրությունը բարձր կպահեն հեղինակային երգիչները` կատարելով իրենց ստեղծագործությունները: Ներկաները հնարավորություն կունենան դիտել «Ալիսը հրաշքների աշխարհում» կինոնկարը»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ`նշեց   «Բուկինիստ»   ընկերության  տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին գրքերի վաճառքի աճն ավելացել է: «Մենք նախատեսել ենք անակնկալներ նաև գրադարանների համար. հաջորդ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին մեր պահեստներում կսպասենք բոլոր այն գրադարանների ներկայացուցիչներին, որոնք կցանկանան գրքեր նվեր ստանալ»,-շեշտեց Վարդանյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`անցյալ տարի անցկացված «Գրքի գիշեր»-ը ապացուցեց, որ սին են կարծիքները, թե հասարակությունը հեռացել է գրքից: «Գրքի, գրականության միջոցով մենք մեր երեխաներին ուղղորդում ենք հրաշքների կախարդական աշխարհ, ծանոթացնում մեր պատկերացրած հայրենիքին: Հուսամ`այս միջոցառումը կխթանի գրավաճառության աճին, կնպաստի գրքի հանրահռչակմանը»,- ասաց նախարարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Գրքի գիշեր»-ը ևս մեկ լավ հարթակ  է  դեպի գիրքը և գրականությունը սեր արթնացնելու համար: Այս ծրագիրը կդառնա ավանդույթ և ամեն տարի Երևանի տոնին ավելի խոշոր մասշտաբներով «Գրքի գիշեր» կիրականացվի, հնարավոր է, որ հետագայում նաև մյուս գրախանութները ներգրավվեն»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

 «Գրքի գիշեր»-ն իրականացվում է «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 

 

Համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է ֆիքսեն կտուրների գույները և ֆասադների ոճային լուծումները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը տանիքների գունային լուծումների վերաբերյալ վարչապետի կողմից տրված հանձնարականի շրջանակում որոշման նախագիծ ներկայացրեց: Նա նշեց, որ փոքր-ինչ ավելի ընդլայնված են մոտեցել այս հարցին և ոչ միայն կտուրների գունային լուծումների վերաբերյալ, այլ առհասարակ միջավայրից թելադրվող՝ ճակատների, ֆասադների ոճային, դեկորային լուծումների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել:

«Այս քայլից հետո տեղական ինքնակառավարման մարմինները կտան իրենց առաջարկները: Մինչև տարվա վերջ քաղաքաշինական հատուկ կարգավորման բոլոր տարածքներում, հայտնի քաղաքներում և մայրուղային հարակից գյուղերում մենք կհաստատենք երաշխավորված գունային լուծումների ռեեստրը, տարբերակները: Այժմ մի փոքր զգույշ ենք գույները ֆիքսելուց, դա կանենք մոտակա երկու ամսվա ընթացքում, որովհետև ցանկանում ենք ուսումնասիրել շուկան, որպեսզի հանկարծ տնտեսվարողների արտադրանքի գույների հետ կապված թելադրող իրավիճակում չհայտնվենք, բայց մինչև տարեվերջ մենք այս խնդիրը կլուծենք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Այսպիսով, Նարեկ Սարգսյանն ասաց, որ համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է պարտադիր ֆիքսեն միջավայրից թելադրվող կտուրների գույները և ֆասադների ոճային լուծումները:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարոն Սարգսյան, մենք այդ խաղի կանոնները ձևակերպելու ժամանակ հաշվի ենք առնում, չէ՞, որ մենք ներդրողին, շինարարին չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որ տեղերում վարչարարության ավել առիթ չտանք»,- ասաց նա, իսկ նախարարը պատասխանեց՝ միանշանակ:

Վարչապետը կոչ արեց դրան հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի  ինքնարժեքի թանկացման չբերի, ազատության աստիճանը չսահմանափակի:

ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների օգտագործումը կարող է թույլատրվել հանձնուկների ինստիտուտի միջոցով

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ բջջային հեռախոսների թույլատրումը քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտություն է: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատությաննախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր է հեռախոսների կիրառումը թույլատրվի ՔԿՀ-ներում, սակայն միայն հանձնուկների ինստիտուտի միջոցով:

«Բջջային հեռախոսները նոր մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկների համար: Տույժերի մեծ մասը կապված է բջջային հեռախոս ունենալու հետ: Բջջային հեռախոսները բավականին տարածված են, ծայրահեղ աղքատ մարդը միայն չի կարող ձեռք բերել: Մենք առաջարկում ենք օրինականացնել դրանց կիրառումը քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց ՔԿՀ – ներում հասարակական  վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ  Ռևազյանը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում անձը հեշտությամբ ձեռք է բերում հեռախոս: Օրինականացման դեպքում հնարավոր է նաև որոշակի վերահսկողություն իրականացնել, սահմանել հեռախոսների գրանցում: Ընտանիքի հետ կապը նաև կանխարգելիչ, անձի ուղղման գործառույթ է իրականացնում, նա չի կտրվում հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով ևս՝ հեռախոսների թույլատրումը ՔԿՀ-ներում անհրաժեշտություն է: «Հեռախոսները, այսպես թե այնպես, մուտք են գործում ՔԿՀ-ներ, սակայն՝ կոռուպցիոն մեխանիզմով:  Եվ կոռուպցիան կանխելու նպատակով ևս օրինականացումը կարևոր է»,-ասաց նա:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ մարդու իրավունքների ռազմավարությունում իրենք նշել են նաև համապատասխան կետ՝ դիտարկել բջջային հեռախոսների թույլատրման  հարցը: Սակայն վերլուծությունները վկայում են, որ աշխարհում շատ քիչ երկրներ են դրանք թույլատրում: Չթույլատրելու պատճառներից մեկն այն է, որ հեռախոսներն օգտագործվում են հանցագործություններ, խարդախություններ կատարելու համար: «Մենք խնդրի լուծումը պատկերացնում ենք մի քանի եղանակով: Նախ՝ փորձում ենք ներդնել հանձնուկների ինստիտուտ: Բջջային հեռախոսները կարող են ներթափանցել ՔԿՀ-ներ հանձնուկների ինստիտուտով»,- եզրափակեց Քրմոյանը:

«Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ է հանձնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր  բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: 

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ նաև բնակարաններ նվիրել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց կարևոր ներդումն են ունենում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացման, ինչպես նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության և հայկական մշակույթի տարածման գործում: Անշուշտ, մեծ է ցանկությունը, որ բնակարանի կարիք ունեցող մեր բոլոր արժանավոր համաքաղաքացիներին կարողանանք ապահովել բնակարաններով, բայց առայժմ մեր հնարավորությունները սահմանափակ են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ թեկուզև սահմանափակ քանակով, բայց այնուամենայնիվ կարողանում ենք երկար սպասված այս նվերը մատուցել մեր արժանավորներից որոշներին: Շնորհավորում եմ ձեզ Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ ստանալու առթիվ և մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Առո՛ղջ վայելեք», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:

Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նոր բնակարանների երջանիկ տանտերերը նկատել են, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է: Օգտվելով առիթից` նրանք նաև շնորհավորել են Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի գալիք տոնի առթիվ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օր են զգում սիրո քաղաք Երևանի ջերմությունն ու հոգատարությունը: