ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կոնգրեսականների տեսաուղերձները հրապարակել է Ամերիկայի հայկական համագումարի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։

Հայոց ցեղասպանության առիթով տեսաուղերձներ են հղել կոնգրեսականները Ջոն Սարբեյնսը, Ռաջա Կրիշնամուրտին, Թուլսի Գաբբարդը, Աննա Էշուն, Դոն Բեյերը, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Շպայերը և ուրիշներ։

Նրանք իրենց տեսաուղերձներուն նշել են, որ միշտ պետք է հիշել 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն նահատակներին։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունվել 2019թ. դեկտեմբերի 12-ին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձևն ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 30-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *