Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի գետնադամբարանում` Սուրբ Պետրոսի շիրիմի մոտ, հայկական ծեսով Սուրբ և անմահ պատարագ է մատուցվել ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Vaticannews-ը:
«Եկել ենք առաքյալների իշխանին` Սուրբ Պետրոսի շիրմին` վերանորոգելու մեր հավատքի դավանանքը, որպես հաջորդ հովիվներ մեզ հանձնված թեմերի: Անշուշտ, դժվարություններ ունենք, լինեն դրանք հոգևոր, թե նյութական: Սուրբ Պետրոսը լավագույն օրինակն է, որին կարող ենք հետևել: Ինքն էլ, հակառակ բոլոր դժվարությունների և մարտահրավերների, իր կյանքի և արյան գնով չվարանեց վկայել խաչված Քրիստոսի մասին: Վերանորոգենք ուրեմն մեր ուխտերը, վստահելով Քրիստոսին, որովհետև ինքն է եկեղեցու նախապետն ու գլուխը: Մենք Տիրոջ աչքին պարզապես ծառաներ ենք»,- նշել է Մուրադյանը:
Փետրվարի 17-ին Մայր Աթոռի պատվիրակությունը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Մեկշաբաթյա ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր ուսումնական–կրթական կենտրոններ, Առաքելական պալատ, ինչպես նաև պաշտոնական հանդիպում կունենա Հռոմի քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։
Հավաքի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն են կազմակերպելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և կաթոլիկ ու հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականները»,-նշված է տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։