Սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի և յարգելի քալիֆորնիահայեր,
Սրտանց շնորհաւորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ: Այս սրբազնագոյն օրուայ կապակցութեամբ ես շնորհաւորում եմ Քալիֆորնիայում հաստատուած իւրաքանչիւր հայ ընտանիքի, ամէն հայի անձնապէս, նաև այն ամերիկացիներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր հայրենիքին:
Հպարտանում եմ ձեզանով, հրաշալի գիտակցելով, որ դուք մեր հայրենեաց ջահակիրներն էք, մշտապէս կրում էք մեր սուրբ երկրի ոգին ձեր մտքում և սրտում: Երբ 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին մեր հայ ժողովուրդն իր հաւաքական անկոտրում կամքը դրսևորեց և, ի շարունակումն 1918 թուականին հիմք դրուած մեր անկախ պետականութեան, որոշեց իրաւական գետնի վրայ կերտել ինքնիշխան ժամանակակից պետութիւն, ձեզանից իւրաքանչիւրն իր անմիջական մասնակցութիւնն է բերել մեր ազգային իղձերի իրականացմանը: Ես նկատի ունեմ ոչ միայն նրանց, ովքեր իրենց վճռական քուէով են դրսևորել ժողովրդի կամքը հէնց Հայաստանում այդ Սեպտեմբեր 21-եան պանծալի օրը, այլև նրանց, ովքեր, սերունդներով փայփայել են այդ երազանքը ու հայրենիքից հեռու գտնուող Քալիֆորնիայում հոգով ու սրտով մաս կազմել այդ պատմական որոշմանն ու գործընթացին: Աշխարհագրութիւնը պարզապէս չէր կարող մեզ բաժանել:
Մեր ազգն անչափ հպարտանում է իր այն զաւակներով, ովքեր գործնականում են նպաստել հայոց պետականութեան կայացմանը անկախութեանը յաջորդած տարիներին: Այս օրն այն օրն է, երբ տօնելու հետ մէկտեղ, մենք պէտք է անսահման յարգանքի մեր տուրքը մատուցենք բոլոր նշեալ հայ տղամարդկանց և կանանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել այդ նուիրական նպատակի իրականացման համար:
Անկախութեան հռչակումից 27 տարի անց, մեր այսօրուայ վերածնուած հայրենիքը յոյսի և լոյսի ապագայ է բացում անխտիր բոլորիս համար: Մենք պէտք է միասին ուղի հարթենք դէպի մեր փայփայած ապագան, դէպի մեր հայրենի պետութեան ժողովրդավարական, ապահով ու բարօրութեան վրայ հիմնուած հասարակարգը: Մեր փայլուն երիտասարդութիւնն իր բարձր արժեհամակարգով, մեր ամբողջ ժողովուրդը ապացուցեց, որ արժանի է այդ պայծառ ապագայի իրական կեանքի կոչմանը: Ես այժմ միայն կոչ չեմ անում նոր աւիւնով նպաստելու մեր պաշտելի Հայաստանի զարգացմանը: Ես կոչ եմ անում անմիջականօրէն ստանձնել մեր բոլորիս՝ Հայաստան վեհօրէն կոչուող երկրի վերակերտումն ու զարգացումն այն հիմնասիւների վրայ, որ ձեր երազածն է:
Իմ դիւանագիտական առաքելութեան՝ արևմտաամերիկեան բազմաբովանդակ խնդիրների հետ մէկտեղ, ես այստեղ՝ Լոս Անճելըս, վերստին եկել եմ որպէս Հայաստանի Հանրապետութեան Գլխաւոր հիւպատոս, ծառայելու Ձեզ՝ քալիֆորնիահայութեանը և Արևմտեան Միացեալ Նահանգների մեր հայրենակիցներին՝ ի շահ մեր հայրենիքի, յանձնառութիւն ստանձնելով գործնականում կամրջելու Քալիֆորնիան Հայաստանի հետ:
Կեցցէ Հայաստանի անկախութիւնը, կեցցէ Հայաստանը, կեցցէ քալիֆորնիահայութիւնն ու ամբողջ հայ ժողովուրդը: