ԱՐԵԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թանգարանագիտության եւ արխիվագիտության
3-րդ Կուրսի Ուսանող, Երեվանի Պետական Համալսարան
Պատմության Ֆակուլտետ
Ներածություն
Սուլթանական բռնապետության դեմ հայ ժողովրդի մղած անհավասար ու հերոսական գոյամարտի պատմության ընդհանուր շղթայի կարեւորագույն, միաժամանակ ինքնատիպ մասն են կազմում XIX դարի 80-ականները, որոնք սակայն իրենց վաղեմությամբ, մինչեւ օրս պատշաճ ուշադրության չեն արժանացել ոչ միայն հայրենիքում, այլեւ սփյուռքահայ եւ խորհրդահայ պատմաբանների շրջանում: Մինչդեռ պետք է հաշվի առնենք, որ հենց այդ ժամանակաշրջանում էր, որ սկսվեց ծնունդ առնել եւ զարգանալ հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը, ամենուր սկսեցին կիրառել ազատ, անկախ, միասնական հայրենիք կոչերը, որոնք քայլ առ քայլ տանում էին դեպի ապագա գործողությունները: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ հիմնվելով գաղափարախոսությունների վրա, ծնունդ առան եւ ասպարեզ իջան հայ ազգային երեք կուսակցությունները: Առաջնեկը՝ Արմենական կուսակցությունն էր, որը հիմնվեց Մկրտիչ Փորթուգալյանի գաղափարախոսությունների հիմամբ: Պատմագիտության մեջ, սակայն, տարակարծություններ կան Փորթուգալյանի ու Արմենական կուսակցության ստեղծման ու նրա հետագա գործունեության մասին, այդ տարակարծություններից մեկն էլ վերաբերվում էր հենց կուսակցության ծրագրին, որի ծագման մասին տարբեր գաղափարական տարաձայնություններ կան:
Արմենական կուսակցությունը լինելով հայ ազգային-ազատագրական պայքարի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը, իր հետքն է թողել հայ ազգային-ազատագրական պայքարի վրա: Կուսակցությունը ծնունդ էր առել հայ ժողովրդի պայքարից եւ ներկայացնում էր այն կոնկրետ պահանջները, որոնց ձգտում էր հայ ժողովուրդը:
Կուսակցությունը հիմնվել էր 1885 թ-ին՝ Վանում, այն իր գործունեությունը տարածում էր գաղտնի, քանի որ գիտեր բացահայտվելու դեպքում հետագա հետեւանքների մասին, որին արժանացան Վանում գործող՝ «Միություն ի փրկություն» եւ «Սեւ Խաչ» գաղտնի կազմակերպությունները: Հայ ժողովրդի մի շարք երանելի զավակներ անդամակցվեցին այս կուսակցության շարքերը եւ իրենց ազգանվեր նպաստը բերեցին իրենց ժողովրդին: Կուսակցությունը այնքան կազմակերպված էր, որ Վանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ թուրքերը բանակցությունների նստեցին Արմենական կուսակցության անդամների հետ: Կուսակցությունը ուներ իր ծրագիրը, որն ուղղված էր բացառապես ի շահ հայ ժողովրդին, կուսակցության ծրագրում նշված էր այն հիմնական նպատակը, որով ազատագրվելու էր հայ ժողովուրդը թուրքական լծից, այդ ճանապարհը՝ հեղափոխությունն էր: Կուսակցության ծրագրի մասին տարբեր ժամանակներում տարբեր իրողություններ են ներկայացվել, որը կա՛մ վնասում էր, կա՛մ ամբողջությամբ հակասում էր կուսակցության գործունեությանը: Թե՛ խորհրդահայ պատմագիտության, թե՛ սփյուռքահայ պատմագիտության մեջ մի շարք հեղինակներ կուսակցության ծրագրի մասին տարբեր տեսակետներ են արտահայտել, որոնք մերթ համապատասխանում էին իրականությանը, մերթ փակուղի էին ստեղծում, սակայն հետխորհրդային պատմագիտության մեջ փորձեր է արվել ուսումնասիրել կուսակցության ծրագիրը եւ վերջնականապես հասկանալ, այն առանձին բովանդակություն ուներ, թե շաղկապված էր այլ ծրագրերի եւ օտար ազգային-ազատագրական կազմակերպությունների գաղափարների հետ: Ամեն դեպքում լինելով Վանում ու նրա շրջակայնքում գործող կուսակցություն՝ արմենականները իրենց ծրագրով ու գաղափարախոսությամբ, հայ ժողովրդի շրջանում արթնացրեցին պայքարի ոգին, ցույց տվեցին այն ճիշտ ուղին, որով հայ ժողովուրդը կարող էր հասնել անկախության: Չնայած նրան, որ կուսակցության անդամների մեծ մասը զոհ գնաց թուրքերի դավադրությանը, այնուամենայնիվ Վանում իրենց դիրքերը թուլացնելուց հետո արմենականները շարունակում էին պայքարել հայ ժողովրդին ոտքի կանգնեցնելու համար: Կուսակցության ծրագրի ուսումնասիրությունը ամենակարեւոր ու առանցքային հարցերից է հայ պատմագիտության մեջ: Արմենականները գործելով շատ քիչ ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, իրենց ուրույն ու անուրանալի դերն են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:
Արդիականությունը: Հայ պատմագիտության մեջ ձեւավորվել էր այն թյուր կարծիքը, որ արմենականների ծրագիրը եղել է «Վարդապետարանը», մի շարք պատմաբանների մոտ առաջացել է այն հարցը, թե ինչպես կարող էր մի կուսակցության ծրագիրը գրվեր հիմնադրումից 4 տարի անց: Կուսակցության ծրագրի հետ կաված սխալ կարծիքներ են ձեւավորվել նաեւ խորհրդահայ պատմագիտության մեջ, որն էլ թույլ է տալիս նոր սերունդներին ուսումնասիրել եւ շտկել պատմական թյուրիմացությունները:
Նպատակը: Ուսումնասիրել կուսակցության ծրագիրը, ներկայացնել ծրագրի կրած փոփոխությունները, փորձել գտնել այն ուղիները, որոնք կուսակցության ծրագրի մասին կոնկրետ տեղեկություններ են հաղորդում: Փորձել հասկանալ, թե արդյոք կուսակցության ծրագիրը իրքնուրույն ծնունդ էր, թե այն կապ ուներ օտար ազգային-ազատագրական կուսակցությունների ծրագրերի կամ այլ գաղտնի կազմակերպությունների ծրագրերի հետ:
Խնդիրները: Համեմատել կուսակցության ծրագիրը «Վարդապետարանի» հետ, ուսումնասիրել ծրագրի բուն նպատակը, կանոնակգիրը:
Գրականության տեսություն: Այս աշխատանքը գրելիս օգտվել ենք ինչպես սկզբնաղբյուրներից, այնպես էլ տարբեր գիտական ուսումնասիրություններից: Սկզբնաղբյուրներից մեծ տեղեկություն է տվել «Երկրի ձայն» թերթը եւ «Արմենակ Եկարյանի հուշերը», որոնք լուսաբանել են ծրագրի բովանդակությանը, թե ինչպե՞ս էր գործում կուսակցությունը, ի՞նչ մեթոդներով էին շարժվում կուսակցության անդամները եւ ինչպիսի՞ միջոցներ էր պարունակում կուսակցությունը, որով պետք էր ազատագրել Արեւմտյան Հայաստանը: Հետազոտական աշխատանքներից ամենաշատը, որից օգտվելով տեղեկացել ենք կուսակցության ծրագրի, կանոնագրի, նրա գործունեության, ընդհանուր բովանդակության մասին՝ Նաթանեան Մ., «Արմենական կուսակցութիւնը», Դարբինյան Ա., «Հայ ազատագրական շարժման օրերէն» եւ Ղազարյան Վ., «Արմենական կուսակցութիւնը» աշխատություններն են:
Արմենական կուսակցության ծրագիրը
Խորհրդահայ պատմագիտության մեջ որոշ ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, համաձայն որի Արմենական կուսակցության ծրագիր ծառայել է 1889 թ. Մարսելում լույս տեսած Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկը: Անկախ ամեն ինչից պետք է նշել, որ թեեւ իր մեջ այս աշխատությունը ներառում էր վսեմաշունչ ոգի ու ազգային ազատագրական բարձր գաղափարներ, սակայն ճիշտ չէր լինի այն կիրառել որպես նորաստեղծ կուսակցության ծրագիր: Բացի այդ համեմատելով արմենականների ծրագիրը եւ «Վարդապետարանը» պետք է նշենք, որ էական մեծ տարբերություն կա այս երկուսի միջեւ[1]:
Արմենականների ծրագրում հստակ ու պարզ նշվում է հեղափոխությամբ՝ արեւմտահայությանը եւ Արեւմտյան Հայաստանը ազատագրելու ծրագիրը, մինչդեռ պետք նշել, որ «Վարդապետարանը» «անորոշ ձեւով կը խօսէր զէնքի դիմելու մասին»[2]: Բնորոշ է նաեւ այն խոսուն փաստը, որ արմենական կուսակցության հիմնադիր գործիչներից ոչ մեկը (Մ. Ավետիսյան, Ռ. Շատվորյան, Գ. Պեոզիկյան, Գ. Թերլեմեզյան, Գ. Աճեմյան, Գ. Բաղեշցյան, Ղ. Խանջյան, Գ. Օտյան, Գ. Ասլայնյան) չի նշում, որ «Վարդապետարանը» երբեւիցե ծառայել է որպես ծրագրային փաստաթուղթ կուսակցության գործունեւոթյան համար: «Վարդապետարանը» «Հայոց Հայրենասիրական Միության» (հիմնվել է 1889 թ.) քարոզչական հիմնական փաստաթղթերից մեկն է եւ իր ազգային ազատագրական ոգով ոգեշնչել է նաեւ այս միության անդամներին[3]: «Վարդապետարանը» ուներ իր ուրույն տեղն ու դերը արմենականների մոտ, այն ոգեւորել է Վանի մի շարք գործիչներին, այդ թվում նաեւ արմենական կուսակցության երիտասարդ գործիչներին, բայց ճիշտ չէ այն պնդումը, թե արմենական կուսակցության ներկայացուցիչները առաջնորդվել են մի ծրագրով, որը կոչվում էր «Վարտապետարան Հայաստանի ազատագրության»[4]:
Կարծում ենք՝ արմենականներին բնորոշ էր զգուշավոր եւ խելացի գործելակերպը, նրանք գործել են աննկատ, ծպտված, եւ չէր կարելի ուղղակի պատկերացնել, որ իրենք իրենց համար կընդունեին մի ծրագիր եւ կառաջնորդվեին դրանով, որը հնարավոր է հայտնի էր թուրքական կառավարությանը, այդ իսկ պատճառով՝ խուսափելով հետագա խնդիրներից, նրանք իրենց համար մշակել եւ ընդունել են մի ծրագիր, որը տվյալ պահին ավելի ճիշտ էր բնութագրում հետագա անելիքները եւ խնդիրները արեւմտահայության շրջանում, եւ աննկատ ու գաղտնի էր Օսմանյան Թուրքիայի կառավարությունից:
Արմենական կուսակցության ծրագիրը ծնվել է տվյալ պահին եւ ժամանակի պահանջներից եւ բխել է արեւմտահայության եւ Արեւմտյան Հայաստանի ընդհանուր իրավիճակից: Արմենական կուսակցության ծրագրի մասին մեզ հասած բնութագիրը մինչեւ այսօր չի գտնվել եւ մեզ հայտնի չէ[5] : Կարելի է եզրակացնել, որ կուսակցության ծրագրի այս շրջանի փոփոխությունը կապված է Վանի ինքնապաշտպանական մարտերի եւ կուսակցության ղեկավարների սպանության հետ: Եվ նրանց հետագա քայլերը պետք է կազմակերպվեր կուսակցության բացահայտումից եւ սարսափելի կորուստներից հետո: Փաստացի մենք չենք կարող իրականացնել 1894 թ-ի եւ 1895-1896 թթ-ի կուսակցության ծրագրերի համեմատական վերլուծություն քանի որ չի պահպանվել ձեռագիր տարբերակը, այլ զուտ պատկերացնելով դեպքերի իրողությունը, կարելի է հասկանալ, թե ինչ առումով է կուսակցության ծրագիրը ենթարկվում մասնակի փոփոխության: Կուսակցության ծրագիրը եւ կանոնագիրը ձեռագիր վիճակում, սահմանափակ՝ ընդհամենը 7-8 օրինակով պահպանվում էր Կենտրոնի եւ Մասնաժողովների տրամադրության ներքո՝ թելադրված խստագույնս գաղտնապահության սկզբունքով: Արմենականների ծրագիրը առաջին անգամ հրապարակվեց 1907 թ. դեկտեմբերի 29-ին թիվ 28, «Երկրի ձայնը» պարբերականում, իսկ հետագայում արդեն այն տարածվել է եւ իր տեղն է գտել տարբեր աշխատություններում եւ հուշագրություններում[6]: Ըստ մեզ՝ արմենականները այդքան ազատամիտ գործիչներ չէին կարող լինել, քանի որ կուսակցությունը հիմնվել էր 1885 թ., իսկ «Վարդապետարանը» լույս էր տեսել միայն 1889 թ., այսինքն՝ անհնար էր պատկերացում կազմել, որ մինչ «Վարդապետարանի» լույս տեսնելը կուսակցության ղեկավարները չորս տարի առանց ծրագրի կառաջնորդվեին: Կուսակցություն ստեղծողները պետք է հաշվի առնեին, երկրում տիրող քաոսային իրավիճակը եւ հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը, եւ որ առանց ծրագրի ու կանոնագրի անհնար է լուրջ քայլերի գնալ ու ապահովել կուսակցության գաղտնիությունը, կարգն ու կանոնը: Հաշվի առնելով այս ամենը՝ փաստացի պետք է բացառել այն գաղափարը, որ «Վարդապետարանը» եղել է Արմենական կուսակցության ծրագիրը: Արմենականները տարբեր վայրերում գործելիս հաճախ հանդես են եկել «Հայոց Հայրենասիրական Միության» անունից, որը թույլ էր տալիս նրանց ավելի լայն շրջանակնորում գործել[7]: Գուցե եւ սա է պատճառներից մեկը, որ Արմենական կուսակցության ծրագրի հիմքը ընդունել են «Վարդապետարանը»: Կուսակցության ծրագրային փոփոխության մասին նաեւ առաջին անգամ նշվում է «Երկրի ձայն» թերթում մասնավորապես նշելով՝ «լսել ենք, որ Արմենականներն ունեն մի նոր ծրագիր»[8]:
Ծրագրից զատ արմենականներն ունեին նաեւ կանոնագիր, որն իր մեջ ներառում էր տարբեր հարցեր, այն կապված էր հիմնականում կուսակցության շարքերն ընդգրկմանը, կազմակերպչական մի շարք աշխատանքների հետ եւ այլ[9]: Ինչպես նշում են կուսակցության անդամները կանոնագրի մասին խոսելով «այն կը շահագրգռէին կուսակցութեան անդամները»[10]: Կուսակցության ծրագիրը կազմողները շատ մանրակրկիտ հաշվի են առել նաեւ երկրում տիրող իրավիճակը, հասկացել են, թե ինչ միջոցներով է պետք պայքարել թշնամու դեմ, եւ որ ամենակարեւորն է ազատագրության ուղին համարում էին հեղափոխությունը[11]: Արմենական կուսակցության ընդունված ծրագրում ասվում էր, որ կազմակերպության նպատակն է «…հեղափոխությամբ Թյուրքիո հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել ինքզինք ազատորեն կառավարելու, որով կարող կլինի իբրեւ մարդ ապրելու միջոցներ» օրինակը վերաբերվում է 1894 թ-ին[12]: Սակայն արմենականները ամենասկզբից ունեցել են այդ ծրագրի նախատիպը: Արմենական կուսակցության ծրագրի ստեղծման աշխատանքներին, որը շատ մեծ նշանակություն ուներ եւ պետք է կազմվեր մանրակրկիտ, մասնակցել են կուսակցության լավագույն մտավորական ուժերը Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ: Այն հետագայում ենթարկվել է մասնակի փոփոխությունների՝ հիմնականում կապված այդ շրջանում թուրքական կառավարության կողմից հայկական ջարդերի վարած քաղաքականության հետ: Ըստ որոշ տեղեկությունների, (Նաթանեան Մ., Արմենական կուսակցութիւնը, Գահիրէ, 1980) ծրագիրը՝ 1895-1896 թթ ենթարկվել է որոշ բարեփոխումների, սակայն ծրագրի «գիտնալ եւ զանոնք գործադրել ժամանակի պահանջմանց համեմատ»[13]:
Կուսակցության ծրագրի Նպատակ բաժնում նշվում էր, որ Արմենական կուսակցության անդամները իրենց ջանք ու եռանդը չեն խնայի, անկախ դավանանքից եւ սոցիալական վիճակից, երկրով մեկ ցրված հայ ժողովրդին ազատելու համար: Արմենականները բացառում էին նաեւ, երկրի ներսում գտնվող որեւէ այլ ժողովրդի հետ համագործակցելը, քանի որ նրանք մտածում էին, որ գտնվում են զարգացման տարբեր մակարդակների վրա, կուսակցության անդամները մտածում էին նաեւ, որ պետք է հանդես գալ միասնական եւ իրենց ուժերը չցրել տարբեր ազգերի միջեւ՝ դաշնակիցներ փնտրելու համար[14]: «Կազմակերպութիւնը իր ջանքերը կամփոփէ հայ ազգի այլ եւ այլ մասերու մէջ առանց դաւանանքի խտրականութեան իր ոյժերը չի ցրուեր դրացի ազգերու մէջ եւս յեղափոխական շարժումներ յառաջ բերելով, նկատելով, որ հայ ազգի եւ միւս ցեղելուն մէջ զգացման աշխարհայեցողութեան պահանջներու ու զարգացման մէծ տարբերությիւններ կան, որով հայ ազգի յեղափոխական շարժումը կարող է դանդաղիլ ու կնճռոտիլ»[15]:
Արմենական կուսակցության Միջոցներ բաժնում հաշվի առնելով Օսմանյան Կայսրությունում տիրող իրավիճակի հետ, նշված էր այն կոնկրետ քայլերը, որոնցով պետք է ազատագրեին Էրգիրը: Այսպես՝ «Արմենական կազմակերպութիւնս իր նպատակին հասնելու համար կաշխատի ներքին ոյժ գոյացնել, միացնելով իրարու հետ միեւնոյն գաղափարի ծառայող հայ հայրենասէրները եւ կեդրոնական ուղութեան ենթարկելով ժողովուրդը արթնեցնել, կազմակերպութեան մղել եւ նպաստել տալ առանց բռնի միջոցնելու յեղափոխական գրականութեամբ, ընտիր դաստիարակութեամբ, գործիչի ազնիվ կենցաղով եւ քարոզով գաղափար տարածել, կանոնաւոր եւ յարատեւ յարաբերութիւն մշալել, զինակրթութեան եւ կարգապահութեան վարժեցնել, ինքնապաշտպանութեան զգացում արծածել զէնք եւ դրամ յաթահայթել, զինւորական շարժուն ՛մբեր կազմակերպել եւ ի հարկին գործածել եււ ընդհանուր շարժման պատրաստել, երբ մանաւանդ արտաքին հանգամանքներեն ալ/օտար պետութիւնների եւ շրջակայ ցեղերի տրամադրութիւնները/ մեզ նպաստաւոր համարուին»[16]:
Արմենականները ընտրել էին շատ զգույշ մարտավարություն, ժողովրդի լայն խավերի մեջ արթնացնում էին ինքնապաշտպանության գիտակցությունը՝ «… դնել զայն ամէն տեղ ինքզինքը պաշտպանելու վիճակին մէջ»[17]: Արմենականները դեմ էին առանձին վայրերում կռիվներ մղելուն եւ կոչ էին անում լինել շատ զուսպ, հանգիստ կատարել իրենց գործը, քանի որ առանձին ելույթները ձախողված են պարտությամբ՝ «Մասնակի եւ տկար ուժերու շարժումները, ցոյցը, ոգեւորութեան միրոց չէն համարուիր, ընդհակառակը վնասակար կը նկատուին, որովհետեւ մէկ կողմէ յեղափոխական ուժերը կը վատնեն, միւս կողմէ յոռետեսութիւն կը ծառայեն ժողովրդեան մէջ»[18]: Հարկ է նշել, որ անկախ զգուշավորությունից, կուսակցությունը չէր բացառում նաեւ առանձին մարտերը, եթե դրանք մահվան ու կյանքի հարց էր, ինչպես նաեւ չէր բացառում առանձին պատժիչ գործողությունները՝ «Մահու պատժի ու սարսափի միջոցների գործածութիւնը ստիպողական պարագաներու մէջ ներելի է»[19]:
Արմենական կուսակցության ծրագիրը նաեւ ներկայացնում էր կազմակերպական այն հիմունքները, որով պետք էր առաջնորդվել: Կուսակցությունը բաղկացած էր գործող եւ քաջալերող անդամներից, ընդ որում «գործող անդամները անոնք են, որ կազմակերպութեանս կանոններին կենթարկուին, նորա հրահանգները կը գործադրեն եւ պարբերական տուրք մը կվճարեն: Քաջալերողները անոնք են, որոնք կազմակերպութեանս ծրագրին կը համակրին եւ նիւթապէս ու բարոյապէս կօժանդակեն կազմակերպութեանս, առանց ենթարկելու նորա կանոներին եւ հրահանգներին»[20]: Սակայն պետք է նշել, որ քաջալերողների խումբը ուներ իր բացասական դերը, քանի որ նրանք կարող էին նյութապես օգնել կուսակցությանը՝ հանդիսանալով թուրքական կառավարության լրտեսներ եւ կուսակցության ծրագրերը ու նրա գործունեությունը ներկայացնեին թշնամուն:
Կուսակցության կազմակերպչական հիմնական միավորը խումբն էր: Գործող յուրաքանչյուր 10-15 անդամներ կազմում էին խումբ, որը պարտավոր էր պարբերաբար, 15 օրը մեկ անգամ ժողով գումարել: Խումբն ուներ խմբապետ, որը ընտրվում էր 2 տարի տեւողությամբ, գանձապահը իրականացնում էր հավաքվող գումարի մուտքն ու ելքը, իսկ մթերապահը՝ զենք, զինամթերքի պահեստավորում, ամեն մեկը պատասխանատու էր իր գործով: Այս երկուսը իրավասու էին գործելու միայն խմբի հավաքական կամքով եւ ընդհանուր որոշումներով, այսինքն՝ անկախ պաշտոնից նրանք իրավունք չունեին ինչ-որ բան տեղաշարժել: Եթե խումբը ինչ-ինչ պատճառներով կազմալուծվում էր, ապա նրանց ունեցած գույքը մնում էր մասնաժողովի տրամադրության տակ, քանի որ ըստ կանոնագրի, եթե կուսակցության շարքերը համալրած քաղաքացիները նյութապես օգնել են, ապա հեռանալիս նրանց ունեցվածքը մնում էր կուսակցությանը՝ հետագա հայանպաստ ծրագրերը իրականացնելու համար[21]: Ի տարբերություն ՀՅԴ-ի եւ Հնչակյանների, Արմենական կուսակցության խմբերը չունեին քարտուղար կամ ատենադպիր, քանի որ նրանք գործում էին գաղտնապահ: Խմբերի կողմից մերժվում էին այն անդամները, որոնք որեւէ կերպով «վնասակար կը համարուին, ինչպէս եւ անոնք, որոնք յեղափոխական դրամ կամ գոյք իրենց անձնական շահուն կը ծառայեցնեն, փառասիրական դիտումներ ունին, մտքերի մէջ երկպառակութիւն կը սերմանեն»[22]: Պատժի ձեւն ու կարգը որոշում էր ոչ թե խումբը, այլ խմբապետական ժողովները եւ մասնաժողովը՝ ձայների մեծամասնությամբ: Խումբն իր լիազորություններով մեծամասամբ կախված էր Մասնաժողովից եւ ղեկավարվում էր նրանից ստացած հրահանգներով[23]: Խմբերի միջեւ համերաշխ գոյակցությունը ապահովելու եւ հաստատելու նպատակով «5-12 խմբեր կրնային միանալ իրարու եւ կազմել համայնք մը: Համայնքին գործերու ղեկավարումը կը վստահուէր միացող խումբերու խմբապետներէն բաղկացած խմբապետական ժողովին, որ առնուազն երեք շաբաթ անգամ մը կը գումարէր հերթական նիստ»[24]: Այսինքն՝ խմբապետական ժողովը, բացի զենք զինամթերք ու միջոցներ փնտրելուց վարում էր նաեւ համայնքի կարեւոր գործերը եւ կարգ ու կանոն սահմանում բոլորի միջեւ՝ համերաշխություն սերմանելով, որը միասնական պայքարի գլխավոր արգասիքներից մեկն էր:
Խմբապետական ժողովները իրենց կողմից երկու տարի ժամկետով մեկական ներկայացուցիչ ընտրելով, կազմում էին Մասնաժողովը: Մասնաժողովը խմբապետական ժողովին հրահանգում էր ընտրություն կատարել, եթե իր որեւէ մի անդամի ներկայությունը աննպատակահարմար էր գտնում: Ընտրվում էր քարտուղար, որը խմբագրում էր Մասնաժողովի որոշումները, կատարում պաշտոնական գրագրությունը[25]: Մասնաժողովը ուներ իր ընտրած գանձապահը, որը «Մասնաժողովի հասույթները եւ Կեդրոնին յզուելիք 100-ին 15-ի բաժին կը գանձէ եւ ծախսերը կը կատարէ ժողովին որոշման համեմատ»[26]: Մթերապահը զբաղվում էր Մասնաժողովի գույքերի պահպանման հոգսերով: Գոյություն ուներ խմբերի գույքի վիճակագրական ցուցակները պահող ու ստուգող ընդհանուր քննիչ, ինչպես նաեւ հրատարակությունների ու հանձնարարությունների բաշխմանը եւ կատարմանը հետեւող տեսուչ: Այս բոլոր պաշտոնյանները պարտավոր էին 3 ամիսը մեկ հաշվետու լինել Մասնաժողովի առջեւ: Մասնաժողովն իր նիստերը գումարում էր ամեն երեք շաբաթը մեկ անգամ, բացի այս հիմնական նիստերից, եթե կային ինչ-որ լուրջ խնդիրներ, ապա գումարվում էին արտակարգ նիստեր: Մասնաժողովը, անդամատուրքից բացի, ձգտում էր գտնել հասույթի նոր աղբյուրներ[27]: Եթե Մասնաժողովի անդամների մեծամասնությունը «… ինքնին հրաժարի կամ պայմանաժամը լրացած լինելով դադրի», ապա այն ամբողջապես դադարեցնելու էր իր գործունեությունը եւ կատարվելու էր նոր ընտրություն[28]: Կուսակցությունը ուներ նաեւ ստացված հասույթները բաշխելու հատուկ կանոնակարգ, որը տարբերվում էր տեղի եւ Սփյուռքի հայերի կողմից տրամադրված միջոցների՝ «Տաճկահայաստանի գործող անդամներու հասոյթի 100-ին 15-ը կը տրուի Կեդրոնին եւ 15-ը շրջաններու մասնաժողովներուն, իսկ Արտասահմանին 100-ին 40-ը կը տրուի Կեդրոնին:»[29]:
Հետաքրքիր է այն փաստը, որ Մասնաժողովն իրավունք ուներ քվեների ¾-ով խմբից կամ մինչեւ իսկ «դուրսէն իրեն նոր անդամներ առնել, երբ վստահ է, որ դոքա համակիր են Արմենական կազմակերպութեան եւ նորա ծրագրին» եւ պայմանով, որ այդպես ընտրված անդամները չգերազանցեն Մասնաժողովի՝ խմբերից ընտրվածների կեսից ավելին[30]: Ծանր ու տագնապալից պահերին կուսակցության գործունեությունը անխափան շարունակելու համար Մասնաժողովն իրավունք ուներ ընտրել 3-5 մարդուց բաղկացած հանձնախումբ, որի լիազորությունները սահմանափակվում էին գործադիր իշխանության շրջանակներում: Այն իրավունք չուներ օրենսդրական փոփոխություններ կատարելու[31]: Կուսակցության գերագույն մարմնի՝ Կեդրոնի ներկայացուցիչները ընտրվում էին յուրաքանչյուր Շրջանակի Մասնաժողովի ներկայացուցիչներից քվեների ¾-ով: Հետաքրքիր է, որ առանց Կեդրոնի թույլտվության, Մասնաժողովները չէին կարող հարաբերությունների մեջ մտնել այլ քաղաքական կազմակերպությունների հետ[32]: Այսինքն, եթե ՀՅԴ-ն կամ Հնչակյանները ցանկանում էին, որեւէ շրջանում համագործակցել Արմենականների հետ, ապա դա կարող էր թույլատերլ միայն Կեդրոնը:
Լինելով կուսակցության գերադաս մարմինը «Յեղափոխական գործի վերին տեսչութիւնը», կանոնավոր հարաբերություններ մշակելով այլ քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների եւ գործիչների միջեւ, ինչպես նաեւ կարգավորելով կուսակցության ստորադաս մարմինների միջեւ ծավալվող փոխհարաբերությունները[33]: Կուսակցության ծրագրում նաեւ նշված էր, որ Կեդրոնը կփորձի ձեւավորել իր օրգանը, որի միջոցով կտարածեր իր գաղափարները: Արմենական կուսակցությունը իրենց շրջանները բաժանել էր 5 մասի, որոնցից յուրաքայնչյուրը ուներ իր կանոնագիրը եւ առանձին պարտականնություններ: Այդ շրջաններն էին ՝ Վանը, որը Ա շրջանակն էր ուներ 4 համայնք՝ Հայնկոյս, Նորաշէն, Արարք, Քաղաքամէջ[34]:
Պետք է նշել, որ ի տարբերության Հնչակյանների, որոնք Կենտրոնամետ էին, այսինքն՝ հրահանգները գալիս էր կենտրոնից եւ պետք էր շարժվել Կենտրոնի հրահանգով, որը միշտ բացասական հետեւանք էր թողնում, քանի որ տարբեր շրջաններում իրավիճակը տարբեր էր, Արմենականները փորձում էին ամեն շրջանի տալ իրենց հատուկ կանոնագիրը եւ իրավունքը, որով պետք է շարժվեր այդ շրջանը, իսկ վճռական պահերին փոխել իր մարտավարությունը անկախ Կեդրոնից: Սա էր այն պարզ փաստը, որ Արմենականները գործում էին խելացի եւ իրենց քայլեը կատարում էին հաշվարկած:
Ամեն շրջանի կանոնագրում նշած էր Մասնաժողովի անդամների ընտրության կարգը եւ այդ շրջանի անդամների պարտականություններն ու գործառույթները: Այդ Կանոնագրերի կետերը չպետք է հակասեին կուսակցության ոչ մի կետի, սակայն տարածքային մի շարք խնդիրներ հաշվի առնելով փոփոխվում էին որոշակի կետեր[35]: Կուսակցության գործադիր մարմիններին զուգահեռ կար նաեւ Զինվորական Ատյանը: Ատյանի ժողովներին Կեդրոնից մասնակցում էին երկու անդամներ հիմնականում Մ. Ավետիսյանը եւ Գր. Պեոզիկյանը:
Ատյանը ուներ առանձին՝ ավելի փորձառու մարտիկներից ընտրված խումբ, որոնք պետք է միշտ պատրաստ լինեին գործադրել հատուկ մարտական հրահանգները: Արմենական կուսակցության Ա շրջանակի 1895 թ. նեյեմբերի 1-ի թվագրությամբ «Խումբերի ներքին կանոնագիր» փաստաթղթում հետաքրքիր տեղեկություններ կան կուսակցության շարքերը համալրելու, անդամավճարների կարգի խմբերի կազմալուծման դեպքում գույքի եւ դրամի հիմնահարցերի մասին[36]: Նշվում էր, որ վեց ամսվա տուրքը առանց հիմնավոր պատճառի չվճարած անդամները մեխանիկորեն դուրս էին մնում խմբից եւ իրավունք չունեին իրենց նախկին վճարումներից որեւէ բան հետ պահանջել: Դրամ վճարելու անկարող, բայց ուրիշ ծառայությունների ընդունակ անդամների համար խումբը որոշ ժամանակամիջոց էր սահմանում, իսկ երբ «այն չվճարեն, եթե խումբը հարկ տեսանէ մեծամասնութեան ձայնով կը հրաժարեցնէ»[37]: Նյութապես տկար ընկերների համար խումբը սահմանում էր կես տուրքի վճար: Կուսակցությունից հրաժարվածները ինչպես եւ նրանք, ովքեր ուզում էին անցնել այլ կուսակցության շարքերը, բնավ իրավունք չունեին խմբի գույքի մի որեւէ մասի տեր դառնալ: Գույքը կամ դրամը մշտապես մնում էր գործող խմբի տրամադրության ներքո, բայց եթե խումբը ամբողջովին ցրվում էր, ապա նրա գույքը ամբողջովին անցնում էր Մասնաժողովի ձեռքը: Մասնաժողովը ամեն վեց ամիսը մեկ հավաքված գումարի 100-ի 15-ը ուղարկում էր Կեդրոն, մյուս մասը օգտագործվում էր զենք-զինամթերք, նյութական այլ պարագաներ ձեռք բերելու համար[38]: Կուսակցության ղեկավար մարմինը՝ Կենտրոնը /Կեդրոն/ պետք է ունենար իր հատուկ օրգանը, որը տարածելու էր արմենականների գաղափարները: Ծրագրում նշված էր, որ «Արմենական կազմակերպութիւնս հիմնուած ըլլալով «Արմէնիա»-ի ցարդ քարոզած սկզբունքներուն վրայ կաշխատի այդ թերթի գաղափարի տարածման»[39]: Սակայն ծրագրի այս կետը պետք է ընդունել մի շարք վերապահումներով: «Արմենիա» պարբերականը ոչ մի փուլում այդպես էլ չեղավ կուսակցության կենտրոնական օրգանը, ինչպես իր աշխատությունում նշում է եգիպտահայ պատմաբան Ավետիս Յափուճյանը[40]:
Արմենական նշանավոր գործիչ Մ. Նաթանյանը համոզված նշել է, որ «Արմենական կուսակցութիւնը եղաւ եւ մնաց «Արմէնիա»-յէն անկախ կազմակերպութիւն մը իր հիմնադիր վարիչներու պատասխանատութեան տակ»[41]: Ինչպես իր աշխատություններում նշում է արմենականների պատմության գիտակ Վաչե Ղազարյանը թերթը միայն մի որոշ սկզբնական շրջանի համար կարող էր լինել կուսակցության գաղափարի տարածողը[42]: Առհասարակ, եւ՛ արմենական եւ՛ այլ գրողներ բազմիցս նշել են, որ Մ. Փորթուգալյանը եւ իր թերթը Արմենական կուսակցության հետ «բարոյականէն զատ ուրիշ կապակցութիւն չունի»[43]
Պետք է նշել, որ այս տեսակետը ունի ռացիոնալ հատիկներ եւ եթե ոչ ամողջությամբ, ապա գոնե 90 տոկոսից ավելին ճշմարտություն է: Նախ «Արմենիա» թերթը ձեւավորվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում եւ իր գործունեությունը տարածել է օտար հողում, Արմենական կուսակցությունը ի սկզբանե ձեւավորվել է Վանում եւ եթե սկզբնական շրջանում իրավիճակը երկրում ավելի հանգիստ էր եւ գաղափարական մի շարք առումներով համընկնում էին արմենականների գաղափարնների ու Փորթուգալյանի խմբագրած թերթի հետ, ապա հետագայում, երբ սկսվում է հայերի նկատմամբ ավելի խիստ քաղաքականությունը, կոտորածները, արմենականները երես են թեքում «Արմենիա» թերթից, քանի որ թերթը տպագրում էր գաղափարներ, որոնք չէին համապատասխանում արեւմտահայության շրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Քանի որ կուսակցությունը գաղտնի էր, չէր կարող ունենալ մի թերթ, որը բացեիբաց կոչ էր անում զենքով պայքարել թշնամու դեմ առանց նախապատրաստական աշխատանքների:
«Արմենական կուսակցության ծրագիրը կոնկրետ ժամանակի եւ հանգամանքների ծնունդ էր: Այն հետագայում ենթարկվելով մասնակի փոփոխությունների, ըստ էության պահպանեց իր գլխավոր բովանդակությունը: Արմենականների ծրագիրը չէր դնում ընկերվարական-միջազգայնական նպատակներ, քանի որ ճիշտ գնահատելով գավառում տառապող հայ ժողովրդի ծանր պայմանները, այն սոցիալական հեղափոխության եւ հնարավոր վարչաձեւի հարցը թողնում էր ապագային՝ առաջնահերթը հռչակելով ողջ արեւմտահայության ազատագրումը թուրքական լծից»[44]:
«Օսմանյան կայսրության մեջ քրիստոնյա ազգերը միշտ էլ կեղեքված են եղել, որպես ռայա, ինչն էլ նրանց ազատագրական դեգերումների գլխավոր շարժառիթն էր: Դժոխային պայմաններում ապրող հայ ժողովուրդը պարտավոր է բոլոր միջոցներով փարել ինքնապաշտպանության գաղափարին, իր մարդկային իրավունքների դատին տանելի մի վիճակ ձեռք բերելու համար»[45]: Այսպիսով՝ ամփոփելով պետք է նշենք, որ արմենականների ծրագիրը ամբողջովին բխում էր արեւմտահայության շահերից, եւ ծնունդ էր այդ ժողովրդի տանջանքների ու տառապանքների ֆոնին: Արմենական գործիչ Արտակ Դարբինյանը իրավացիորեն նշել է, որ «կուսակցության ծրագրում չեք գտնի ոչ մի տող, նախադասություն, որը փոխառված լիներ տարբեր ժողովուրդների հեղափոխական կազմակերպությունների լոզունգներից»[46]: Փաստորեն Արմենական կուսակցության ծրագիրը ծնունդ էր հայ ժողովդի տառապանքներից ու դառնություններից:
Եզրակացություններ
Այսպիսով՝ ուսումնասիրելով Արմենական կուսակցությունը եւ նրա ծրագիրը պետք է նշենք, որ այն ծնունդ է առել Արեւմտյան Հայաստանում եւ իր գործունեությունը մեծամասամբ տարածել է Վանում եւ նրա շրջակայքում: Կուսակցությունը ինչ-որ ժամանակ առաջնորդվել է Փորթուգալյանի կողմից Ֆրանսիայի Մարսել քաղաքում տպագրված «Արմենիա» թերթի գաղափարախոսությամբ, սակայն ժամանակի ընթացքում «Արմենիա» թերթը հրապարակում էր այնպիսի նյութեր, որոնք տվյալ ժամանակարջանի իրադրությունների հետ համահունչ չէին եւ կարող էին լուրջ խնդիրներ առաջացնել: Հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարակիր այս կուսակցությունը ուներ իր ծրագիրը, որը բխում էր արեւմտահայության շահերից եւ արտահայտում էր այն կարեւոր խնդիրները, որոնք պետք է լուծեր արեւմտահայությանը՝ օսմանյան լծից ազատելու համար:
Ժամանակի ընթացքում կուսակցության ծրագրի մասին մի քանի տարատեսակ կարծինքեր են ձեւավորվել եւ տարբեր պատմաբաններ ու քաղաքական գործիչներ կուսակցության ծրագիրը կապել են կամ «Արմենիա» թերթի կամ «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկի հետ։ Սակայն հետագայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սրանցից որեւէ մեկը ուղղակի կամ անուղղակի պատճառներով չէր կարող լինել կուսակցության ծրագիրը: Նախ «Արմենիա» թերթը որքան էլ ազգային-ազատագրական գաղափարներ էր քարոզում, այնուամենայնիվ իր ներկայացրած խնդիրները եւ քայլերը հաճախ իրականությունից շատ հեռու էին: «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկը չէր կարող լինել կուսակցության ծրագիրը, քանի որ այն ուղղակի հարց ու պատասխաններ էր, նաեւ այն պարզ պատճառը կար, որ կուսակցությունը հիմնվել էր 1885 թ-ին եւ չէր կարող չունենալ իր ծրագիրը, իսկ «Վարդապետարանը» լույս է տեսել միայն 1889 թ-ին եւ այս 4 տարիների տարբերությունը կարող էր բացասական ազդել կուսակցության գործունեության վրա:
Փաստորեն, այս ամենը թույլ է տալիս մեզ խոսելու այն մասին, որ կուսակցությունը ունեցել է իր առանձին ծրագիրը եւ առաջնորդվել է դրանով: Ինչ կապված է կուսակցության ծրագրային փոփոխությունների հետ, ցավոք պետք է նշենք, որ կուսակցության նախնական ծրագրի մասին ոչ մի հիշատակություն չկա, քանի որ արմենականները գործել են շատ զգուշավոր: Եթե փորձենք համեմատական դնել կուսակցության մինչեւ 1894 թ-ի եւ 1895-1896 թթ-ների ծրագրերի բովանդակային փոփոխությունների միջեւ, ապա պետք է նշենք այն, որ Վանում մինչեւ 1894 թ. իրադարձությունները ընթանում էին հանգիստ, կուսակցության անդամները իրենց կազմակերպչական աշխատանքները տանում էին ավելի խաղաղ պայմաններում, մինչդեռ 1895-1896 թթ-ի ընթացքում Թուրքական կառավարությունը ուշադրությունը սեւեռել էր Վան քաղաքի եւ նրա շրջակայքի վրա եւ պետք էր ավելի զգուշավոր գործել, իհարկե, այս պայմաններում կուսակցության ծրագիրը մի փոքր ենթարկվում է փոփոխության, իսկ ինքնապաշտպանական մարտերից հետո, կուսակցության ծրագիրը կրում է լուրջ փոփոխություններ եւ իրենց բացահայտումից հետո զգուշավորությունը արդեն էական նշանակություն չէր կարող ունենալ:
Կուսակցության ծրագիրը հայ ժողովրդի ազատությունը կապում էր հեղափոխության հետ, դրա համար պետք էր սպասել հարմար առիթի, սակայն այս պարագայում պետք էր, որ ժողովուրդը կարողանար ինքնապաշտպանվել, եւ իմանար զենքի հետ վարվելու ձեւը, ինչպես նաեւ ծանոթանար ազգատագրական-հայրենասիրական գրականության հետ:
————————-
[1] Կարապետյան Ա., Հայ ազգային և Հայաստանի ու Անդրկովկասի սոցիալիստական կուսակցությունների պատմության ակնարկներ/1885-1914 թթ. /, Երևան, 2003, էջ 12:
[2] Ղազարյան Վ., Արմենական կուսակցութիւնը, Բեյրույթ, 1981, էջ 19:
[3] Նույն տեղում, էջ 20:
[4] Պողոսյան Հ. Մ., Վասպուրականի պատմությունից, Երևան, 1988, էջ 221:
[5] Նաթանեան Մ., Արմենական կուսակցութիւնը, Գահիրէ, 1980, էջ 42
[6] Համբարյան Ա., Հայ հասարակական-քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին, Երևան, 1990, էջ 158:
[7] Ղազարյան Վ., նշվ. աշխ., էջ 11
[8] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 12:
[9] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 13:
[10] Դարբինյան Ա., Հայ ազատագրական շարժման օրերէն, Փարիզ, 1954, էջ 124-125:
[11] Եկարեան Ա., Յուշեր Արմենակ Եկարեանի, Գահիրէ, 1947, էջ 81:
[12] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 81-82:
[13]Նաթանեան Մ., նշվ. աշխ., էջ 42:
[14] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 81-82
[15] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 12:
[16] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 12:
[17] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 73:
[18] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 12:
[19] Նույն տեղում, էջ 12:
[20] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 12:
[21] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 15:
[22] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 87:
[23] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 15:
[24]Ղազարյան Վ., նշվ. աշխ., էջ 30:
[25] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 15:
[26] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 85:
[27] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 15:
[28] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 86:
[29] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 12:
[30] Եկարեան Ա., նշվ. աշխ., էջ 86:
[31] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 16:
[32] Նույն տեղում, էջ 16:
[33] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 12-13:
[34] Ղազարյան Վ., նշվ. աշխ., էջ 32:
[35] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 16:
[36] Նաթանեան Մ., նշվ. աշխ., էջ 47:
[37] Նաթանեան Մ., նշվ. աշխ., էջ 47:
[38] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 17:
[39] «Երկրի ձայն» թերթ, N 28, 1907, էջ 13:
[40] Եափուճեան Ա., Համառոտ պատմութիւն Ռամկավար Ազատական կուսակցութեան կազմութեան, Կահիրե, 1977, էջ 19:
[41] Նաթանեան Մ., նշվ. աշխ., էջ 41:
[42] Ղազարյան Վ., նշվ. աշխ., էջ 15:
[43] Երամեան Հ., Յուշարձան Վան-Վասպուրականի, Ալեքսանդրիա, 1950, հատոր Ա, էջ 355-356:
[44] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 18:
[45] Դարբինյան Ա., նշվ. աշխ., էջ 172:
[46] Կարապետյան Ա., նշվ. աշխ., էջ 18:
Օգտագործված Սկզբնաղբյուրների Եվ Գրականության Ցանկ
Սկզբնաղբյուրներ՝
- «Երկրի ձայն» թերթ, N28, 1907:
- Եկարեան Ա., Յուշեր Արմենակ Եկարեանի, Գահիրէ, 1947:
Ուսումնասիրություններ՝
- Դարբինյան Ա., Հայ ազատագրական շարժման օրերէն, Փարիզ, 1954:
- Եափուճեան Ա., Համառոտ պատմութիւն Ռամկավար Ազատական կուսակցութեան կազմութեան, Կահիրե, 1977:
- Երամեան Հ., Յուշարձան Վան-Վասպուրականի, Ալեքսանդրիա, Հատոր Ա, 1950:
- Կարապետյան Ա., Հայ ազգային եւ Հայաստանի ու Անդրկովկասի սոցիալիստական կուսակցությունների պատմության ակնարկներ/1885-1914թթ./, Երեւան, 2003:
- Համբարյան Ա., Հայ հասարակական-քաղաքական միտքը արեւմտահայության ազատագրության ուղիների մասին, Երեւան., 1990:
- Ղազարյան Վ., Արմենական կուսակցութիւնը, Բեյրույթ, 1981:
- Նաթանեան Մ., Արմենական կուսակցութիւնը, Գահիրէ, 1980:
- Պողոսյան Հ. Մ., Վասպուրականի պատմությունից, Երեւան, 1988:
Երեվան 2020