Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. Վարդան Արամյան

Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. այսպես է «Արմենպրես»-ի հետ զրույցում 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բնութագրում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Յուրաքանչյուր տարվա բյուջեն յուրահատուկ նախանշում ու անվանում ունի: 2017թ. բյուջեն անվանվել է կայունացման բյուջե: Քանի որ երկու տարի անընդմեջ ունեցել էինք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական շոկեր, որոնց դիմակայելու համար ստիպված էինք պարտք վերցնել, որպեսզի մեզ մոտ տնտեսական անկում չգրանցվի, 2017թ. մենք դրոշակ բարձրացրեցինք՝ ասելով՝ պետք է կայունացնել վիճակը, որովհետև հնարավոր չէ նույն տեմպերով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել: Փորձ է արվում իրագործել այդ քաղաքականությունը և կարծես թե հաջողվում է: Մենք խոստացել էինք, որ դրանից հետո պետք է տնտեսական աճը կայունացնել, որպեսզի հնարավոր լինի հասնել 5 տոկոս տնտեսական աճի»,-պարզաբանեց նախարար Արամյանը:

Նրա խոսքով՝ այն գործողությունները, որոնք դրվել են 2018թ. բյուջեի հիմքում, սրտում, միտված են լինելու զարգացման փուլի մեկնարկին. «2017թ. կայունացրեցինք, 2018 թվականին պետք է սկսենք զարգանալ»:

Հաջորդ տարվա համար կանխատեսվում է 4,5 տոկոս իրական տնտեսական աճ. դրան հասնելու համար էապես ավելացվում են կապիտալ ծախսերը՝ շուրջ70 տոկոսից ավելի: Եթե 2017թ. կապիտալ ծախսերը հաստատված բյուջեով կազմել են 98.6 միլիարդ դրամ, ապա 2018թ. ծրագրվում են 172.6 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր:

«Ընդ որում, պահպանվելու է ոսկե կանոնը՝ պակասուրդն ավելի ցածր է լինելու, քան կապիտալ ծախսերը (պակասուրդ/ՀՆԱ՝ 2,7 տոկոս, կապիտալ ծախսեր/ՀՆԱ՝ 3 տոկոս), այսինքն՝ պարտք ենք վերցնում կապիտալ ներդրում կատարելու համար և ոչ ընթացիկ ծախսերի»,-պարզաբանում է նախարարը:

2018թ. պետական բյուջեի եկամուտները ծրագրվում են 1,307.3 միլիարդ դրամ (2016թ. փաստացի 1,135.9 միլիարդ դրամի և 2017թ. հաստատված 1,210.0 միլիարդի դիմաց): Հաջորդ տարվա բյուջեի նախագծում ծախսերը ծրագրվել են 1,464.2 միլիարդ դրամ (2016թ. փաստացի 1,420.6 միլիարդ դրամի և 2017թ. հաստատված 1,360.1 միլիարդի դիմաց), դեֆիցիտը՝ 156.9 միլիարդ դրամ (2016թ. փաստացի 284.7 միլիարդ դրամի և 2017թ. հաստատված 150.1 միլիարդի դիմաց):

2017 թվականին տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր վերականգնողական աճ, որը պայմանավորվել է արդյունաբերության և ծառայությունների բարձր աճով: 2018 թվականին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում: Կանխատեսվող ժամանակաշրջանում հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող է լինելու: ՀՆԱ-ի ճեղքը փակվում է, որի պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունը զսպող է՝ ուղղված պետական պարտքի կայունության պահպանմանը: 2018թ. բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն են՝ տնտեսական աճ (ՀՆԱ-ի իրական աճ)՝ 4,5 տոկոս, սպառման մակարդակը (սպառում ՀՆԱ-ում)՝ 91,1, ներդրումների մակարդակ (ներդրում/ՀՆԱ)՝ 18,4, ՀՆԱ-ի դեֆլյատոր՝ 103,5, 12-ամսյա գնաճ՝ 4, արտահանում/ՀՆԱ՝ 37,4, ներմուծում/ՀՆԱ՝ 48,5, հարկային եկամուտներ/ՀՆԱ՝ 21,3, ճշգրտված հարկային եկամուտներ/ՀՆԱ՝ 21,3, պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ՝ -2,7:

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները կմեկնարկեն հոկտեմբերի 30-ից:

Վերապրելով Թարգմանչացի Հոգին – Շնորհահանդէս-Գինեձօն՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԸ» Հրատարակութեան

Ուրբաթ, 20 Հոկտեմբեր 2017-ին, Քուէյթի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյս մէջ, հաւատացեալներու հոծ բազմութեամբ կատարուեցաւ սուրբ եւ անմահ պատարագ: Ներկայ էին ազգային մարմիններու ներկայացուցիչները, Կիրակնօրեայի աշակերտները, անոնց ծնողները եւ մեծ թիւով հաւատացեալներ: ներկայ էր նաեւ Արաբական Ծոցի Երկիրներու Աստուածաշունչի Ընկերութեան Տնօրէն՝ Տք. Հրայր Ճէպէճեանն ու ազնուափայլ տիկինը:

Սուրբ Պատարագէն ետք, հաւատացեալները խճողուեցան եկեղեցւոյ ներքնասրահը, ուր կատարուեցաւ «Երիտասարդ Ընտանիքին Աստուածաշունչը» գիրքին գինեձօնի արարողութիւնը: Այս հրատարակութիւնը իրագործած է՝ Արաբական Ծոցի երկիրներու Աստուածաշունչի ընկերութիւնը, որ կը գործէ Տք. Հրայր Ճէպէճեանի տնօրինութեամբ:

Բացման խօսքը կատարեց եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տէր Արտակ Ա. Քհնյ. Քէհյաեանը: Ան, իր խօսքին մէջ անդրադարձաւ, Աստուծոյ խօսքը յաջորդ սերունդներուն փոխանցելու անհրաժեշտութեան մասին, որպէս Մովսէսի միջոցաւ տրուած աստուածային պատգամ, որպէս Աստուծոյ պահպանութեան ու հոգատարութեան խոստումը, Իր օրէնքներուն ու պատգամներուն հնազանդող ժողովուրդին: Ապա, հրաւիրեց Տք. Հրայրը, որպէսզի փոխանցէ իր սրտի խօսքը:

Տք. Հրայր Ճէպէճեան, իր խօսքին սկիզբը, անդրադարձաւ այն ուրախութեան, որ այս հրատարակութիւնը կը բաժնուի հայ դպրութեան՝ Թարգմանչաց վարդապետներու տօնական օրերուն, երբ հայ համայնքները իրենց ազգային, թէ կիրակնօրեայ վարժարաններու օրուան նիւթը՝ հայ գիրի եւ գրականութեան սկիզբ տուած Մեսրոպեան սերունդի տարած աշխատանքին կը կեդրոնանան, Քուէյթի մէջ մենք կը բաժնենք այս օրերու պայմաններուն յատուկ՝ մանուկներուն, պատանիներուն եւ երիտասարդներուն մատչելի Աստուածաշունչ մը, որուն թէ գրութեան ոճը եւ թէ պատկերներու ներկայացումը հաճելի պիտի ըլլայ բոլորին: Ան, որպէս Արաբական Ծոցի Երկիրներու Աստուածաշունչի Ընկերութեան Ընդհանուր Քարտուղար, ամփոփ ձեւով ներկայացուց ընդհանրապէս ընկերութեան նպատակն ու տարած աշխատանքը, որ իրականութեան մէջ հերոսական աշխատանք է: Աւելի քան 200 երկիրներու մէջ Աստուածաշունչի Ընկերութեան գրասենեակներն ու աշխատակազմերը, իրենց նպատակը դարձուցած են Աստուածաշունչը հասանելի դարձնել բոլորին՝ իրենց մայրենի լեզուներով: Ի՜նչ մեծ ուրախութիւն է ունենալ Աստուածաշունչը մայրենի լեզուով: Ուրախ եմ, որ փոքրիկներու այս Աստուածաշունչը ամիսներու աշխատանքէ ետք, նաեւ գտնուեցան անոր թարգմանիչը, շարադրողը եւ տպագրողը, ինչպէս նաեւ բարերարները, որպէսզի այսօր, որպէս նուէր՝ բաժնուի բոլորին: Մենք վստահ ենք, որ մեծ հաճոյքով պիտի կարդան բոլորը եւ ինչու չէ շատերու կեանքը պիտի փոխուի այս ընթերցումներով եւ անոնք իրենց կեանքի ծրագիրներուն եւ աշխատանքներուն մէջ, օրհնութիւն պիտի գտնեն Աստուծմէ: Ի վերջոյ, ան իր շնորհակալութիւնը յայտնեց Գերպ. Հայր Սուրբին, որ առաջին օրէն, երբ գերմաներէն օրինակը տեսաւ, փափաքեցաւ եւ քաջալերեց, որ անպայման այս հրատարակութիւնը իր յաջողութիւնը ունենայ:

Գերապատիւ Հայր Սուրբը բեմ բարձրանալով շնորհաւորեց Տք. Հրայրը եւ իր անձնակազմը իրենց տարած աշխատանքին համար: Անգամ մը եւս շեշտեց Աստուածաշունչի կարեւորութիւնը հայ նոր սերունդներու դաստիարակութեան համար, որպէս ամենօրեայ սնունդ, որուն պէտքը անփոխարինելի է: Մեր համոզումն ու հաւատքն է, որ Աստուածաշունչը կը վերանորոգէ, կ’երիտասարդացնէ մարդը, կը հանգստացնէ յոգնածը, կը գօտեպնդէ յուսահատը եւ կը բժշկէ հիւանդը: Հայր Սուրբը գնահատեց Աստուածաշունչի Ընկերութեան տարած աշխատանքը, ուժ եւ կորով մաղթելով անոնց: Ապա բեմ հրաւիրեց Արժ. Տէր Հայրը, Ազգ. Վարչութեան Ատենապետ՝ Պրն. Մունիր Դարբինեան, Տէր եւ Տիկ. Ճէպէճեաններ եւ Աստուածաշունչի Ընկերութեան Քուէյթի բաժնի տնօրէն՝ Եուսէֆ Սապրին, որպէսզի ըստ հայկական սովորութեան կատարուի գրքին գինեձօնը՝ անոր առաջին օրինակին վրայ գինի հեղելով:

Արարողութենէն ետք բոլոր ներկաները իրենց օրինակները ստանալով, մեկնեցան եկեղեցիէն, իրենց հետ տանելով յիշատակելի օրուայ մը տպաւորութիւնները եւ իրենց առօրեան լեցնող Աստուծոյ խօսքը՝ «Երիտասարդ Ընտանիքին Աստուածաշունչը» գիրքը:

 

Ներկայ մը

 

 

Վախճանվել է նկարիչ Սարո Գալենցը

Մահացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` նա կյանքից հեռացել է 71 տարեկանում: 

Սարո Գալենցը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ  Արմինե Կալենցի որդին է։ Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվել Լիբանանից Հայաստան։
Ավարտելով Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` 1960-1965 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ Այնուհետև նկարչություն և տեքստիլ դիզայն է սովորել Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետագայում` 
Տալլինի(Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

Սարո Գալենցի ստեղծագործությունները ներկայացվել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ ՌուսաստանումՖինլանդիայումԲուլղարիայումՀնդկաստանումՇրի ԼանկայումՍիրիայում և Կանադայում։

Արա Բաբլոյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորների

 ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Մեքսիկայի հետ սերտ համագործակցության հաստատումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորման կապակցությամբ՝ նշելով, որ դրանք իրենց արդյունավետ գործունեությամբ կարող են նպաստել ոչ միայն միջխորհրդարանական, այլեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է բարեկամական խմբի անդամների այցը Արցախի Հանրապետություն՝ համարելով այն լավ հնարավորություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ արցախցիների հետ շփվելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այցելությունը լավագույն ձեւն է համոզվելու, որ արցախցիների ձգտումը խաղաղության հաստատումն է: Մենք խնդիր չունենք ադրբեջանցի ժողովրդի հետ. մեր նպատակն է արցախցիների համար ապահովել խաղաղություն եւ բարեկեցություն»:

Արա Բաբլոյանը շեշտել է միջազգային կազմակերպություններում համագործակցելու կարեւորությունը՝ նշելով, որ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի այցը լավ մեկնարկ է երկու երկրների միջեւ հարաբերություններն աշխուժացնելու եւ դրանք նոր հարթություն տեղափոխելու համար:

Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Մեր այցը երկու ազգերի միջեւ հարաբերությունները զարգացնելու ցանկության վառ ապացույցն է: Բարեկամական խմբերը կարող են նպաստել քաղաքականության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության զարգացմանը: Մենք եկել ենք ընկերության ու համագործակցության նոր ճանապարհներ բացելու եւ պատրաստ ենք քննարկելու փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առաջարկները»:

Խոսելով Արցախ կատարած այցելության մասին՝ տիկին Դոմինգեսն ընդգծել է. «Մեքսիկան հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել Հայաստանից եւ Արցախից ստացած իրենց տպավորությունները:

Եզակի լուծումներ, որ կիրառվում են ողջ աշխարհում. ՀՀ Նախագահը պարգեւներ հանձնեց ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ամենամյա կրթական պարգեւներ հանձնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի կրթական պարգեւի է արժանացել 26 ուսանող եւ 17 աշակերտ 6 բուհերից եւ 8 ավագ դպրոցներից: Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլերը մեծ հաջողությունների ճանապարհին:

«Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափեր, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակներ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում»,-ասաց Նախագահը՝ հավելելով, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում: 

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` հինգ տարվա ընդմիջումից  հետո այս տարի մրցանակակիրների ցուցակում կար գլխավոր մրցանակակիր: «Այս մրցանակը տրվում է այն անձանց, ովքեր ունեն բացառիկ ունակություններ: Վերջին 12 տարիների ընթացքում մենք ունեցել ենք 3 գլխավոր մրցանակակիր, որոնք ուղղակի զարմացրել են հանձնաժողովի անդամներին իրենց բացառիկ ընդունակություններով, մտքի ճկունությամբ եւ գիտելիքների անսպառ պաշարով»,-ասաց նա:

Նախագահի ամենամյա գլխավոր մրցանակին այս տարի արժանացած ԵՊՀ ասպիրանտ Թորգոմ Եզեկյանն ասաց, որ փորձում է զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնք այսօր արդիական են: «Իմ աշխատանքները հիմնականում վերաբերում են նանոմասնիկների հետ լույսի փոխազդեցությանն ու դրա տարատեսակ կիրառություններին: Սա ավելի շատ ֆիզիկա է, որը կարող է կիրառվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շարունակելու եմ իմ գիտական աշխատանքը կատարել»,-հավելեց նա:

 ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի պարգեւը հիմնվել է նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ: Ցայսօր 452 ուսանող եւ աշակերտ արժանացել է ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգեւին:

 

 

Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ձեռնունայն են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները ոչ մի մեդալ չեն նվաճել: Մրցումային հերթական օրը պարտություն է կրել նաև 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցում էր 9 մարզիկով:

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է երեք, կալանավորվել՝ մեկ անձ

 ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել է ևս մեկ անձ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու կասկածանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:

Այսպիսով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից երկուսը ձերբակալվել են՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Եվս մեկ անձի հոկտեմբերի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռանարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵԽ քարտուղարության  քաղաքական հարցերով ղեկավար Ալեքսանդր Գեսսելը, նրա տեղակալ Դանիիլ Խոչաբոն և տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի երկրորդ քարտուղար Արամ Հակոբյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները:

Ընդգծելով Պաշտպանի ինստիտուտի դերն ու կարևորությունը՝ քննարկվել են երկկողմ համագործակցության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, ինչպես նաև  համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

«Արջանոց» ռեստորանային համալիրում պահվող արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարել են շրջայցեր եւ պարզել, որ Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել են ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:

 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափսերը  չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվել է սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ Խնդիրը գտնվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում և վերահսկողության ներքո, ՀՀ մարզերում իրականացվող շրջայցերի արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կանադական Yves Martin-ին տրիկոտաժե ապրանքներ մատակարարող հայկական ընկերությունը կշարունակի արտոնություն ստանալ

Կառավարության երկարաձգեց «Արմտեքս» ՍՊԸ-ին տրամադրված մաքսային արտոնություններից օգտվելու ժամկետները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը կանադական Yves Martin ընկերության պատվերով արտադրում և արտահանում է տրիկոտաժե ապրանքներ։

«Ներկայումս պատվիրատուն չի հասցնում ապահովել նյութերի մատակարարումը՝ ելնելով միջազգային տնտեսական իրավիճակներից։ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կստեղծվի հնարավորություն վերամշակված աշխատանքներն ավարտելու և արտադրանքն արտահանելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը: Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության կողմից։