Երգիծական․ Քրիստափոր Գոլոմպոսը ամուսնացած չէր․ Ինչո՞ւ․․․

Եթէ Քրիստափոր Գոլոմպոսը ամուսնացած լինէր, թերեւս երբեք չյայտնաբերէր Ամերիկա աշխարհամասը, քանի որ իր արկածախնդիր ճամբորդութիւնը ծրագրելու փոխարէն՝ ժամանակ պիտի վատնէր պատասխանելու իր կնոջ հետեւեալ հարցերին.

  • Որտե՞ղ ես գնում:
  • Ո՞ւմ հետ ես գնում:
  • Ինչի՞ համար ես գնում:
  • Ինչպէ՞ս ես գնում:
  • Ինչո՞ւ միայն դու ես գնում:
  • Մինչեւ քո վերադառնալը ես ի՞նչ անեմ:
  • Կարո՞ղ եմ ես էլ քեզ հետ գալ:
  • Ճիշտն ասա, նաւի մէջ ուրիշ կին էլ կա՞յ:
  • Ճամբորդների ցանկը տուր տեսնեմ:
  • Ե՞րբ ես վերադառնալու:
  • Ի՞նչ նուէր ես բերելու ինձ համար:
  • Դու դիտմամբ այս ճամբորդութիւնը ծրագրել ես՝ առանց իմ տեղեկութեան:
  • Պատասխանի՛ր ինձ:
  • Քո նպատակը այս ծրագրից ի՞նչ է:
  • Ինչպէ՞ս լուր ստանամ քեզանից:
  • Ի՞նչ իմանամ այնտեղ ինչ ղալաթ ես անում:
  • Ես չեմ հասկանում՝ այս յայտնաբերումը ինչի՞ համար է:
  • Միթէ չկա՞ր քեզանից բացի ուրիշը՝ այս յայտնաբերումը անէր:
  • Դու միշտ այսպէս ես վարւում:
  • Չեմ հասկանում՝ արդեօք դեռ մնացե՞լ է ուրիշ բան յայտնաբերելու:
  • Ինչո՞ւ չես յայտնաբերում իմ կոտրուած սիրտը:
  • Ես ուզում եմ քեզ հետ գալ:
  • Մի ամիս սպասիր, որ մամաս ճամբորդութիւնից վերադառնայ, որ նա էլ մեզ հետ գայ:
  • Ախր ես ու մամաս մինչեւ հիմա ոչ մի տեղ չենք յայտնաբերել:

 

Պարսկերէնից թարգմանեց Ռ.Օ.

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

 

Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դեմ հանելը. Հակահայ ցույցերի դրդապատճառները

Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հարցազրույցը՝ հայրենի «Առաջին լրատվական»-ին։ 

Պարոն ՀակոբյանԼիբանանում ընդհանուր առմամբ վիճակն ինչպիսի՞ն է:

-Ինչպես ձեզ արդեն ծանոթ է, Լիբանանն անցյալ տարվա հոկտեմբերի 17-ից ի վեր ապրում է տնտեսական սուր ճգնաժամ, ինչի հետևանքով երկրում տեղի են ունենում ժողովրդական ցույցեր կառավարության և ընդհանրապես փտած իշխանության դեմ: Օրվա կառավարությունը հրաժարական տվեց՝ տեղի տալով ցույցերին: Կազմվեց նոր կառավարություն, որի կազմությունն ու գործելաոճը, ըստ մեզ, ո՛չ մի լուրջ տարբերություն չունի նախկինից: Կորոնավիրուսի պարտադրած իրավիճակը մի պահ ցույցերը դադարեցրին: Հազիվ էր վիրուսի վտանգն անցել, համեմատաբար թեթևացել հավաքների հակաառողջական իրավիճակը երկրում, երբ ցույցները վերսկսվեցին նույն թափով: Մանավանդ, որ Լիբանանի ազգային արժույթը աննախադեպ անկում արձանագրեց՝ ժողովուրդին մեծամասնությանը հասցնելով կենցաղային լուրջ ճգնաժամի:

-Վերջին օրերին Լիբանանում հակահայկկան բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Ո՞րն է դրդապատճառըՈվքե՞ր են բողոքի ակցիայի կազմակերպիչներըմասնակիցները։ Թուրքական ի՞նչ ազդեցություն եք նկատում ցույցերի կազմակերպման գործում։

-Մինչ երկիրն ապրում է նման տնտեսական քաղաքական ճգնաժամ, բացառված չէ, որ արտաքին ուժերը սկսեն իրենց նպատակները հետապնդեն տվյալ երկրի մեջ: Թուրքիան անմասն չէ այս բոլորից: Այն մշտական ախորժակ ունի իր քաղաքական ազդեցությունը տարածելու շրջանում՝ մերթ զինվորական միջամտություններով, ուրիշ անգամ տնտեսական օժանդակությամբ կամ այսպես կոչված մարդասիրական օգնություններով: Պետք է նշել, որ Լիբանանն ու ամբողջ տարածաշրջանը մինչև 1918 թվականը մի ամբողջ 400 տարի եղել է օսմանյան տիրապետության տակ: Թուրքիայի նախագահ Էրդողանն, իրեն համարելով օրինական ժառանգորդը օսմանցիների, ամեն առիթ օգտագործում է  ներկա Թուրքիայի տիրապետությունը  տարածաշրջանում տարածելու համար: Դրա վկայությունն է իր ռազմական միջամտությունները Սիրիայի և Լիբիայի մեջ:

Կարևոր է շեշտելոր Թուրքիան ունի իր ցեղակիցներն ու կրոնակիցները Լիբանանումորտեղ պակասում է  արաբական ավանդական հովանավորությունը (սուննի արաբական երկիրներ՝ Սաուդիան ԱրաբիաԱրաբական ԷմիրություններԵգիպտոսև այլն)որոնք չեն ուզում համագործակցել Լիբանանի այսօրվա կառավարության հետ՝ նկատելով շիա Իրանի գործակատարները (Իրանն էլ իր հերթին ունի նկատառումներ շրջանում՝ գլխավոր հանձնակատար ունենալով Հեզբոլահը):

Հետևաբար ստեղծված է սուննի արաբ հովանավորի վակուում, որը սիրով է ուզում լցնել պատեհապաշտ Թուրքիան, մանավանդ, որ ենթահողն էլ օգնում է (սուննի եղբայրակիցներ, որոնք Լիբանանում ունեն կենցաղային և ապահովական լուրջ խնդիրներ և հասարակաց «թշնամի»՝ Իրանը):

Մինչ վերոհիշյալն առկա է, պատահեց միջադեպ, որ ըստ մեզ, կարելի էր շրջանցել նկատի ունենալով իրավիճակի լրջությունը:

Լիբանանահայ ծանոթ հաղորդավարներից մեկը տեղական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող իր հաղորդման ընթացքում նամակ ստացավ, որտեղ իրեն ու հայերին վարկաբեկում էին: Նա, հասկանալի անմիջականությամբ և զգացական պոռթկումով եթերի ընթացքում նվաստացուցիչ խոսքեր հայտնեց Էրդողանի և Թուրքիայի հասցեին՝ մարտահրավեր նետելով նամակագիրին:

Հակազդեցությունը չուշացավ: Թրքական «նուրբ մատներով» շարժվող Լիբանանում գրանցված միություն հայտնվեց «Արաբ-Մերտինցիների Միություն», որի, այսպես կոչված նախագահը, ամենագռեհիկ ոճով լուտանքներ թափեց նշյալ հաղորդավարի հասցեին և ընդհանրապես հայության հասցեին: Ազդանշանը տրված էր: Հանկարծ փողոցների մեջ հայտնվեցան խմբավորումներ, որոնք թուրքական դրոշակներով երթեր կազմակերպեցին՝  հակահայ լոզունգներ արձակելով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս բողոքի ցույցերը։ Թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներն  ինչպե՞ս են դա օգտագործում հակահայկական քարոզչության նպատակներով։

-«Պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ» հասկացողությունը վստահ եմ ծանոթ է ձեզ և ձեր ընթերցողներին: Կատարվածը հենց դա է: Թուրքիան լավագույնս փորձում է օգտագործել Լիբանանի ճգնաժամը իր ձեռքերը այստեղ էլ երկարացնելու նպատակով: Հայկական թեման լավ պատճառաբանություն է իրեն և շահագործման կարևոր առիթ:

Թուրքիան Լիբանանի նկատմամբ նկրտումներ ունի: Նրան ձեռնտու է Լիբանանում լարված իրավիճակը: Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դեմ հանելը, միմյանց միջև լարվածություն առաջացնելը: Այդ թվում հայերի ու երկրում ապրող մյուս համայնքների ներկայացուցիչների: Եթե Լիբանանի այս համայնքների միջև խնդիր առաջանա, դա կվտանգի Լիբանանի ազգային անվտանգությունը: Այս առիթով Լիբանանի մեջ գործող Հայ երեք ավանդական կուսակցությունները միացյալ հաղորդագրություն հրապարակեցին ի տես այս վերջին պատահածին, շեշտելով Լիբանանում համակեցության կարևորությունը, որ հիմնված է համայնքների փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա: Հիշեցնելով, որ թուրքական այս արարքը լոկ հակահայ արարք չէ, նպատակ է հետապնդում Լիբանանը թուլացնել: Բարեբախտաբար և ինչպես միշտ լիբանանցի մեր եղբայրակիցները բոլորն անխտիր լավ հասկանում են նպատակն ու զորավիգ են մեր համայնքին, որոնց հասկացողությանն ու գործակցությանն ապավինելով՝ մենք պիտի շարունակենք մեր գոյությունն ու աշխուժությունը Լիբանանում՝ ի հեճուկս թուրքական նկրտումների:

Թուրքիային Ձեռնտու Է Լիբանանում Ապրող Տարբեր Համայնքներին Իրար Դէմ Հանելը. Հակահայ Ցոյցերի Դրդապատճառները

Հայրենի «Առաջին Լրատուական»ի Զրոյցը Ընկ. Սեւակ Յակոբեանի Հետ

– Պարոն Յակոբեան, Լիբանանում ընդհանուր առմամբ վիճակն ինչպիսի՞ն է:

– Ինչպէս ձեզ արդէն ծանօթ է, Լիբանանն անցեալ տարուայ հոկտեմբերի 17-ից ի վեր ապրում է տնտեսական սուր ճգնաժամ, ինչի հետեւանքով երկրում տեղի են ունենում ժողովրդական ցոյցեր կառավարութեան եւ ընդհանրապէս փտած իշխանութեան դէմ: Օրուայ կառավարութիւնը հրաժարական տուեց՝ տեղի տալով ցոյցերին: Կազմուեց նոր կառավարութիւն, որի կազմութիւնն ու գործելաոճը, ըստ մեզ, ո՛չ մի լուրջ տարբերութիւն չունի նախկինից: Քորոնավիրուսի պարտադրած իրավիճակը մի պահ ցոյցերը դադարեցրին: Հազիւ էր վիրուսի վտանգն անցել, համեմատաբար թեթեւացել հաւաքների հակաառողջական իրավիճակը երկրում, երբ ցոյցերը վերսկսուեցին նոյն թափով: Մանաւանդ, որ Լիբանանի ազգային արժոյթը աննախադէպ անկում արձանագրեց՝ ժողովուրդին մեծամասնութեանը հասցնելով կենցաղային լուրջ ճգնաժամի:

– Վերջին օրերին Լիբանանում հակահայկական բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Ո՞րն է դրդապատճառը: Ովքե՞ր են բողոքի ակցիայի կազմակերպիչները, մասնակիցները։ Թուրքական ի՞նչ ազդեցութիւն էք նկատում ցոյցերի կազմակերպման գործում։

– Մինչ երկիրն ապրում է նման տնտեսական քաղաքական ճգնաժամ, բացառուած չէ, որ արտաքին ուժերը սկսեն իրենց նպատակները հետապնդեն տուեալ երկրի մէջ: Թուրքիան անմասն չէ այս բոլորից: Այն մշտական ախորժակ ունի իր քաղաքական ազդեցութիւնը տարածելու շրջանում՝ մերթ զինուորական միջամտութիւններով, ուրիշ անգամ տնտեսական օժանդակութեամբ կամ այսպէս կոչուած մարդասիրական օգնութիւններով: Պէտք է նշել, որ Լիբանանն ու ամբողջ տարածաշրջանը մինչեւ 1918 թուականը մի ամբողջ 400 տարի եղել է օսմանեան տիրապետութեան տակ: Թուրքիայի նախագահ Էրդողանն, իրեն համարելով օրինական ժառանգորդը օսմանցիների, ամեն առիթ օգտագործում է  ներկայ Թուրքիայի տիրապետութիւնը  տարածաշրջանում տարածելու համար: Դրա վկայութիւնն է իր ռազմական միջամտութիւնները Սիրիայի եւ Լիպիայի մէջ:

Կարեւոր է շեշտել, որ Թուրքիան ունի իր ցեղակիցներն ու կրօնակիցները 

Լիբանանում, որտեղ պակասում է  արաբական ավանդական հովանավորությունը (սուննի արաբական երկիրներ՝ Սաուդիան Արաբիա, Արաբական Էմիրութիւններ, Եգիպտոս, եւ այլն), որոնք չեն ուզում համագործակցել Լիբանանի այսօրուայ կառավարութեան հետ՝ նկատելով շիա Իրանի գործակատարները (Իրանն էլ իր հերթին ունի նկրտումներ շրջանում՝ գլխաւոր յանձնակատար ունենալով Հեզպոլահը):

Հետեւաբար ստեղծուած է սուննի արաբ հովանաւորի վակուում (vacuum), որը սիրով է ուզում լցնել պատեհապաշտ Թուրքիան, մանաւանդ, որ ենթահողն էլ օգնում է (սուննի եղբայրակիցներ, որոնք Լիբանանում ունեն կենցաղային եւ ապահովական լուրջ խնդիրներ եւ հասարակաց «թշնամի»՝ Իրանը):

Մինչ վերոյիշեալն առկայ է, պատահեց միջադէպ, որ ըստ մեզ, կարելի էր շրջանցել նկատի ունենալով իրավիճակի լրջութիւնը:

Լիբանանահայ ծանօթ հաղորդավարներից մէկը տեղական հեռուստաընկերութiւններից մէկով հեռարձակուող իր հաղորդման ընթացքում նամակ ստացաւ, որտեղ իրեն ու հայերին վարկաբեկում էին: Նա, հասկանալի անմիջականութեամբ եւ զգացական պոռթկումով եթերի ընթացքում նուաստացուցիչ խօսքեր յայտնեց Էրդողանի եւ Թուրքիայի հասցէին՝ մարտահրաւէր նետելով նամակագիրին:

Հակազդեցութիւնը չուշացաւ: Թրքական «նուրբ մատներով» շարժուող Լիբանանում գրանցուած միութիւն յայտնուեց «Արաբ-Մերտինցիների Միութիւն», որի, այսպէս կոչուած նախագահը, ամենագռեհիկ ոճով լուտանքներ թափեց նշեալ հաղորդավարի հասցէին եւ ընդհանրապէս հայութեան հասցէին: Ազդանշանը տրուած էր: Յանկարծ փողոցների մէջ յայտնուեցան խմբաւորումներ, որոնք թուրքական դրօշակներով երթեր կազմակերպեցին՝  հակահայ լոզունգներ արձակելով:

-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս բողոքի ցոյցերը։ Թուրքիան  ինչպէ՞ս է 

դա օգտագործում հակահայկական քարոզչութեան նպատակներով։

«Պղտոր ջրի մէջ ձուկ որսացողներ» հասկացողութիւնը վստահ եմ ծանօթ է ձեզ եւ ձեր ընթերցողներին: Կատարուածը հենց դա է: Թուրքիան լաւագոյնս փորձում է օգտագործել Լիբանանի ճգնաժամը իր ձեռքերը այստեղ էլ երկարացնելու նպատակով: Հայկական թեման լաւ պատճառաբանութիւն է իրեն եւ շահագործման կարեւոր առիթ:

Թուրքիան Լիբանանի նկատմամբ նկրտումներ ունի: Նրան ձեռնտու է Լիբանանում լարուած իրավիճակը: Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դէմ հանելը, միմեանց միջեւ լարուածութիւն առաջացնելը: Այդ թւում հայերի ու երկրում ապրող միւս համայնքների ներկայացուցիչների: Եթէ Լիբանանի այս համայնքների միջեւ խնդիր առաջանայ, դա կը վտանգի Լիբանանի ազգային անվտանգութիւնը: Այս առիթով Լիբանանի մէջ գործող Հայ երեք աւանդական կուսակցութիւնները միացեալ հաղորդագրութիւն հրապարակեցին ի տես այս վերջին պատահածին, շեշտելով Լիբանանում համակեցութեան կարեւորութիւնը, որ հիմնուած է համայնքների փոխադարձ յարգանքի ու հանդուրժողականութեան վրայ: Յիշեցնելով, որ թուրքական այս արարքը լոկ հակահայ արարք չէ, նպատակ է հետապնդում Լիբանանը թուլացնել: Բարեբախտաբար եւ ինչպէս միշտ լիբանանցի մեր եղբայրակիցները բոլորն անխտիր լաւ հասկանում են նպատակն ու զօրավիգ են մեր համայնքին, որոնց հասկացողութեանն ու գործակցութեանն ապաւինելով՝ մենք պիտի շարունակենք մեր գոյութիւնն ու աշխուժութիւնը Լիբանանում՝ ի հեճուկս թուրքական նկրտումների:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Աւանդապատումներ

Աղաւնի

Աղաւնին լեզու չունի եւ միայն կարողանում է «Վո՜ւ, վո՜ւ» անել: Երբ Նոյը տապանից բաց է թողել նրան լուր բերելու, նրանից առաջ արձակուած ագռաւը յարձակուել է աղաւնու վրայ եւ կծել նրա լեզուն: Չնայած դրան, աղաւնին գտել է հնարը Նոյին աւետիս տալու, կտրել է ծառի կանաչ մի ճիւղ եւ տարել, որից Նոյը հասկացել է, որ ջուրն արդէն ցամաքել է: Այդ պատճառով էլ Նոյը անիծել է ագռաւին եւ օրհնել աղաւնուն:

 

 

 

 

Անահիտի աղբիւրը

Անահիտի աղբիւրը գտնւում է Արցախի Մարտունու շրջանի Հացի գիւղում: Ասում են թէ Աղուանից Վաչագան թագաւորը այս աղբիւրի մօտ է առաջին անգամ հանդիպել Հացիի գիւղացի ու իմաստուն Անահիտին եւ սիրահարուել նրան: Այդ օրուանից էլ աղբիւրը կոչուել է Անահիտի աղբիւր:

 

Ապարան

Ա.

Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախուած է Գրիգոր Լուսաւորիչի արտասուքներով լի կանթեղը: Այս կանթեղը մշտավառ է եւ միայն արդարներին տեսանելի: Դրա համար էլ այս գաւառը կոչուել է Անպարան, որը բերանից-բերան դարձել է Ապարան:

Բ.

Արագածի լեռնագագաթները յաճախ ամպամած են լինում, դրա համար էլ գաւառը կոչւում է Ամպարան – Ապարան:

 

Հարիսա

Երբ Գրիգոր Լուսաւորիչը Խոր Վիրապից դուրս գալով, գնում է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրութեամբ լսում են նրան: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գիւղացիներին շատ իւղ ու ոչխար բերել: Երբ բերում են իւղն ու ոչխարը, Լուսաւորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրայ, միսը լցնում մէջը եւ կորկոտն (ձաւարը) էլ վրան: Այնուհետեւ նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարէք զսա: Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա:

 

Ձմերուկ

Գագիկ թագաւորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետին էր քսում եղջիւրները: Թագաւորը կարգադրում է կտրել օձի եղջիւրները: Դրանից յետոյ օձը հանգստանում է եւ գոհ հեռանում: Ժամանակ անց նա նորից է երեւում պալատի մօտ, եւ բերանից մի կորիզ գցելով, անյայտանում է: Գագիկի ցուցմունքով կորիզը ցանում են եւ հետեւում նրան: Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում: Փորձելու համար մի կտոր ուտելու են տալիս մի մահամերձ ծերուկի: Նա անմիջապէս կազդուրւում է եւ երիտասարդանում: Գագիկն ու պալատականները վայելում են պտղի մնացած մասն ու նոյնպէս կազդուրւում ու երիտասարդանում են: Դրանից յետոյ այդ պտղի անունը դնում են չմեռուկ, որը բերնէբերան անցնելով, դառնում է ձմերուկ:

 

 

 

 

Մոկք կամ Մոկս

 

Արեւելքի երեք մոգեր (մոգք), երբ այցելութեան են գնում նորածին Քրիստոսին, երեք ամիս մնում են այնտեղ: Նրանցից մէկը՝ Գասպար անունով, մեռնում ու թաղւում է նոյն տեղում, ուր եւ ցոյց են տալիս նրա գերեզմանը: Ի յիշատակ այդ մոգերի, գաւառի անունը դնում են Մոկք, որը յետոյ բերնէբերան դառնում է Մոկս:

 

 

Արաքս

Ա․

Հայոց Արաքս թագաւորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ քրմերի միջոցով նախազգուշացւում է, որ ինքը միայն այն ժամանակ յաղթանակ կը տանի, երբ աստուածներին զոհ կը մատուցի երկու լաւագոյն ու գեղեցիկ կոյսերի: Խնայելով իր դուստրերին՝ Արաքս թագաւորը զոհաբերում է հպատակներից մէկի աղջիկներին: Սրանց հայրը որոշ ժամանակ խեղդում է իր մէջ դառնութեան ու վիրաւորանքի զգացումը, սակայն հենց որ յարմար առիթ է ներկայանում, սպանում է Արաքսի աղջիկներին ու լքում հայրենիքը, գնում օտարութեան: Իմանալով այդ մասին՝ Արաքս թագաւորը նետւում է Հալմոս գետը, որն այնուհետ նրա անունով կոչում են Արաքս:

 

Բ.

Այլազգի բռնաւորը փախցնում է հայ երիտասարդի սիրած աղջկան: Երիտասարդը գնում է նրան ազատելու: Երկար որոնումներից յետոյ նա սիրած աղջկան գտնում է բռնաւորի գրկում: Տեղն ու տեղը սպանելով նրան՝ երիտասարդը ազատում է աղջկան: Վրայ են հասնում բռնաւորի ծառաներն ու սպանում են թէ՛ տղային եւ թէ՛ աղջկան: Տեսնելով որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու եւ գտնում է որդու եւ հարսնացուի դիակները: Վշտահար մայրն ընկնում է դիակների վրայ եւ ինքն էլ աւանդում է իր հոգին:

Ասում են թէ Արաքս գետը գոյացել է սպանուած երիտասարդի, նրա սիրած աղջկայ ու մօր արիւն-արցունքներից, որոնք հազարաւոր աղբիւրներ են դարձել եւ ցած իջել հայոց լեռներից:

 

Պատրաստեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Պատմական Հարթակ. Սեւրի Դաշնագիրը եւ Արեւմտահայութեան Իրաւունքները

 

«Կ’ըսեն, թէ ժամանակը կը փոխէ ամէն ինչ,

սակայն դուն անձնապէս պէտք է փոխես զայն»:

Էնտի Ուորհոլ, 20-րդ դարու ամերիկացի դերասան, բեմադրիչ

 

 

Սեւրի Դաշնագիրը, 10 Օգոստոս 1920

          Երբ բարեկամներու հետ խօսինք արեւմտահայութեան իրաւունքներու մասին, նիւթը կ’ըլլայ այն միակ համաձայնագրին մասին, որ հայոց շնորհեց իրաւունք վերադառնալու իրենց պապենական հայրենիքը՝ Սեւրի դաշնագիրը: Շատեր կ’ըսեն, թէ Սեւրի դաշնագիրը անվաւեր է: Այդ դաշնագիրը Թուրքիան ստիպուած բաւական ձգձգելէ ետք Ֆրանսայի ճնշումով կնքեց  10 Օգոստոս 1920-ին եւ վաւերացուց 25 Օգոստոս 1920-ին: Ստորագրող կողմերը պարտուած Օսմանեան կառավարութիւնն էին եւ Պօղոս Նուպար Փաշան, հայկական պատուիրակութեան նախագահը: Սեւրի դաշնագրով հայոց կը վերադարձուէին Ուիլսընեան սահմաններով նախատեսուած Հայաստան մը ներկայ Հայաստանի սահմանէն մինչեւ Կարին եւ հարաւէն մինչեւ Վանայ Լիճի հարաւային ափերը: Քրտական պետութիւն մըն ալ նախատեսուած էր Տիգրանակերտի շրջանին մէջ:

Այս համաձայնագիրը ունէր նաեւ յօդուածներ, որոնք կը վերաբերէին Օսմանեան կայսրութեան արաբական գրաւեալ հողերուն՝ Իրաք, Սուրիա, Լիբանան, Պաղեստին, Յորդանան, մինչեւ Հիժազ: Այն յօդուածները, որոնք կը վերաբերէին այդ հողամասերու ֆրանսական եւ բրիտանական հոգատարութեան անցնելուն, ամբողջութեամբ գործադրուեցան: Ըստ միջազգային իրաւունքի գիտակ Մեթր Գասպար Տէրտէրեանի, երբ դաշնագրի մը յօդուածներուն մէկ մասը կը գործադրուի, ամբողջութեան գործադրելիութիւնը կ’երաշխաւորուի: Բրիտանիան եւ Ֆրանսան վաւերացուցին եւ գործադրեցին դաշնագրի իրենց վերաբերող բաժինը: Դաշնագիրը անկատար մնաց միայն զայն չվաւերացուցած Արեւմտեան Հայաստանի համար, որու պատուիրակութիւնը չէր վաւերացուցած այս դաշնագիրը քաղաքական պատճառներով: Արեւմտեան Հայաստանի իրաւականօրէն շարունակուող պետութիւնը վաւերացուց զայն 2016 թուականին ու զայն ուղարկեց ֆրանսական պետութեան: Այս ձեւով իրաւականօրէն սկսաւ Սեւրի դաշնագրի գործադրութիւնը հայկական կողմէն:

Լոզանի դաշնագիրը, որ կնքուած էր 1923 թուականին, չէր կրնար փոխարինել Սեւրի դաշնագիրը, որովհետեւ միջազգային օրէնքի մէջ դաշնագիր մը չի կրնար փոխարինել  նախորդ մը, եթէ բոլոր հին դաշնագիրը ստորագրող կողմեր չեն ստորագրած նոր դաշնագիրը: Այս պարագային, Հայաստան բացակայեցաւ Լոզանի դաշնագրի ստորագրութենէն: Լոզանի դաշնագրին մէջ չէ յիշուած Սեւրի դաշնագիրը եւ զայն չեղեալ համարելը: Որպէս եզրակացութիւն այս բաժինին, կրնանք ըսել, թէ Սեւրի դաշնագիրը կը մնայ ուժի մէջ եւ գործադրելի ըստ միջազգային օրէնքի:

Ըստ Մեթր Գասպար Տէրտէրեանի, Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որ կնքուած էր Հայաստանի Հանրապետութեան հրաժարած կառավարութեան կողմէ 2 Դեկտեմբեր 1920-ին, եւ կը պարունակէր յօդուած մը, ըստ որու Հայաստան կը հրաժարէր Սեւրի դաշնագրէն, ինքնին անվաւեր էր, որովհետեւ Հայաստան չէր վաւերացուցած դաշնագիրը որ անկէ հրաժարէր: 2016 թուականի վաւերացումը Թուրքիոյ ձեռքէն խլած է նաեւ այս դաշնագրի խաղաքարտը օգտագործելու իրաւունքը, նաեւ 1921 թուականի ռուս-թրքական համաձայնագրի քարտը:

            Արեւմտահայութեան իրաւունքները ո՞վ պիտի պաշտպանէ

Ցեղասպանութենէն ի վեր հայ ժողովուրդի բաղկացուցիչ բոլոր տարրերը՝ կուսակցութիւններ, եկեղեցիներ, միութիւններ, հայրենակցական միութիւններ եւ ժողովուրդի այլ ներկայացուցիչ մարմիններ կատարեցին մեծ գործ հայը պահելու համար իր կորսնցուցած հայրենիքին մօտ: Պահեցին եկեղեցի, դպրոց, ակումբ, մամուլ եւ մշակոյթ: Քաղաքական ներկայացուցչութիւնը մնաց կուսակցութիւններու մակարդակով: Միջազգային օրէնքի համաձայն, պետութեան հետ կրնայ բանակցիլ պետութիւն միայն կամ ժողովուրդին քուէներով ընտրուած լիազօր ներկայացուցչական մարմին մը: Պաղեստինեան օրինակը յայտնի է: Պաղեստինցի ժողովուրդը իր բոլոր բաղկացուցիչ տարրերու մասնակցութեամբ ընտրեց իր լիազօր ներկայացուցչական մարմինը, փաստաթուղթերը փոխանցեց Միացեալ Ազգերու Կազմակերպութեան եւ ստացաւ հողատէր, բնիկ ժողովուրդի կարգավիճակ: Պաղեստին ներկայիս ունի դիտորդ պետութեան կարգավիճակ միջազգային կազմակերպութեան մէջ:

Ուրեմն ի՞նչ բան կը պակսի մեր ժողովուրդին միջազգային ընտանիքին կողմէ ընդունուելու համար որպէս իր հողը կորսնցուցած, բնիկ ժողովուրդի մը զաւակներ: Միջազգային օրէնքը կը պարտադրէ, որ իւրաքանչիւր իրաւազուրկ ժողովուրդ ընտրէ իր լիազօր ներկայացուցիչները: Մարդիկ, որոնք կը ներկայացնեն մեր հայրենիքի գիւղերն ու քաղաքները, մեր ժողովուրդի բոլոր բաղկացուցիչ մասնիկները: Հայը պիտի կարենայ վերադառնալ իր պապերու հողամասը եթէ կարենայ իր ճակատագիրը առնել իր ձեռքին մէջ եւ չի ձգէ զայն ապագայի անորոշ հովերուն: Ժամանակի քմահաճոյքին ձգել մեր հարցերը թուլութեան նշան է: Ժամն է որ մեր ժողովուրդը կարենայ թափանցիկ ընտրութիւններով ընտրել զինք ներկայացնող եւ միջազգային իրաւական ուժ ունեցող լիազօր մարմին մը: Ցարդ կատարուած քաղաքական բոլոր ճիգերը անպտուղ մնացին, որովհետեւ չունէին միջազգային իրաւական ուժի կշիռը: Այս լիազօր մարմինը միակ միջոցն է մեր ժողովուրդին վերադարձնելու համար իր իրաւունքները: Սխալ չհասկցուիմ: Հայաստանի Հանրապետութիւնը մեր ժողովուրդի հիմնական մասը կը կազմէ, այն ժայռը որու կ’ապաւինինք,  Արցախի եւ Արեւմտեան Հայաստանի հետ: Այս պարագային, միջազգային իրաւունքը կը ճանչնայ Արեւմտեան Հայաստանի բնիկ ժողովուրդի ներկայացուցչական իրաւունքը, ինչպէս որ կը ճանչնայ Արցախի բնիկ ժողովուրդի ներկայացուցչական իրաւունքը: Ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքը կը համարուի հաւասարազօր հողային ամբողջականութեան իրաւունքին: Այս է պատճառը որ Արցախ  ներկայիս չի կրնար միանալ Հայաստանի Հանրապետութեան մինչեւ որ իրաւականօրէն ընդունուի որպէս պետութիւն իր ներկայ սահմաններով:

Թուրքիոյ Հանրապետութեան քաղաքական այրերուն բոլոր քայլերը ուղղուած են դէպի 2023 թուականը: Այդ թուականին, Լոզանի համաձայնագրի պարտադրած կաշկանդումները թրքական պետութեան վրայ իրենց աւարտին պիտի հասնին:  Թուրքիան պիտի կարենայ իր ծովային սահմաններու մէջ գտնուող բնական կազի եւ քարիւղի պաշարներու շահագործում կատարել: Էրտողան թրքական կառավարութիւնը վերածած է միապետութեան: Բոլոր քայլերը կ’ուղղուին դէպի Իսլամի շահագործում, որպէս իշխանութեան լծակ, երկիրը ներկայացնելով որպէս Իսլամի պաշտպան: Թուրքիա կը պահէ բոլոր խաղաքարտերը Եւրոպայի, Ռուսիոյ եւ արաբական աշխարհին վրայ ճնշելու համար: Կը միջամտէ ամէն տեղ: Արեւելեան Միջերկրական Ծովը կը փորձէ վերածել թրքական լիճի: Արեւմուտքը եւ Ռուսիան մինչեւ ե՞րբ թոյլ պիտի տան Թուրքիոյ այս սանձարձակ վերաբերմունքը: Մինչեւ այն ատեն, որ իրենց շահերուն սկսի վնասել: Չենք գիտեր երբ մեծ պետութիւններ դարակէն կը հանեն Սեւրի դաշնագրի մնացած մասը եւ կը գործադրեն զայն: Թուրքիոյ բոլոր քայլերը քիւրտերու եւ հայերու դէմ այս վախէն մղուած են: Այս հոլովոյթին մէջ, սպասելով Աշխարհի բազմաբեւեռ համակարգի հաստատումին, արեւմտահայ ժողովուրդը պէտք է պատրաստ ըլլայ ամէն իրավիճակի փոփոխութեան, ընտրելով զինք ներկայացնող քաղաքական լիազօր ներկայացուցիչները, որոնք յետայսու պիտի պաշտպանեն արեւմտահայութեան իրաւունքները: Հակառակ պարագային, գալիք սերունդները մեզի պիտի չներեն մեր թուլութեան եւ այս ոսկի առիթը կորսնցնելուն համար:

 

 

ՎԻԳԷՆ ԹՈՍՈՒՆԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից

 

Գոլումպիացի Ժամանակակից Անուանի Գրող, Գրականութեան Նոպէլեան Մրցանակի Դափնեկիր Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “The Hundred Years Of Solitude” Գրքի Անուան Հայերէն Թարգմանութիւնը   Կամ Թարգմանչական Սխալը Ուղղելու Անհրաժեշտութիւն

1973 թուականին, հայրենի գրող Ռուբէն Յովսէփեանի թարգմանութեամբ, Խորհրդային Հայաստանում հայերէն լոյս տեսաւ Գոլումպիացի անուանի գրող Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “The hundred years of solitude” գիրքը։ Բնագիրը իսպաներէն է, իսկ նշուածը իսպաներէնից անգլերէն թարգմանութիւնն է։ Ռուբէն Յովսէփեանը գրքի անունը թարգմանել է «Հարյուր տարվա մենություն» / «Հարիւր տարուայ մենութիւն»։

            Մարկեսի այդ գիրքը բազմաթիւ անգամներ թարգմանուել է տարբեր լեզուներով եւ փնտռուած գիրք է ընթերցասէր զանգուածների կողմից։ Հայաստանում դա վերահրատարակուեց մի քանի տարի առաջ, երբ ողջ էր թարգմանիչը: Հրատարակողը «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հայաստանեան կառոյցն էր։ Գարսիա Մարկեսի այդ գիրքը երկար ժամանակ գտնւում էր Երեւանում ամենաշատ պահանջարկն ունեցող գրքերի առաջին տասնեակում։

            Իսկ ո՞րն է իմ այս գրութեան բնաբանն ու նպատակը,- Նշել այն հարցը, որ Մարկեսի յայտնի այդ գրքի անունը հայերէն սխալ է թարգմանուել, եւ անհրաժեշտ է օր առաջ ուղղում մտցնել։

            Եւ ինչո՞ւ։ Քանի որ՝ հաւատացած եմ խստապահանջ մօտեցումը պիտի նպաստի գիր ու գրականութեան բնագաւառում (եւ ոչ-միայն) առաջընթացին, նոր վերելքներին ու գրական գագաթներ նուաճելուն։ Հայ գրականութիւնը ունեցել է եւ ունի գագաթներ, ովքեր, ինչ խօսք, դեռ մեծ մասով անյայտ են մնում համաշխարհային գրականութեան ոլորտում, գուցէ ինչ-որ չափով հենց մեր թերացման պատճառով։ Փակենք այս փակագիծը եւ վերադառնանք մեր նիւթին։

            Նախ՝ կարեւորութեամբ նշեմ, թարգմանչական այդ սխալը բնաւ չի նշանակում հարցականի տակ տանել ժամանակակից մեր լաւ գրողներից Ռուբէն Յովսէփեանի գրական իմացութիւնն ու արժանիքները։ Ես այդ նպատակը չունեմ։ Բայց ծանօթ լինելով Մարկեսի այդ գրքի պարսկերէն եւ անգլերէն թարգմանութեան հետ, ուզում եմ հայրենի եւ Սփիւռքի գրական շրջանակների եւ ընթերցողների ուշադրութեանը յանձնել այդ սխալը, եւ հայոց լեզուի ու գրականութեան, ինչպէս նաեւ թարգմանչական ոլորտին տիրապետող անձանց առաջարկել՝ քննարկման ենթակայ դարձնեն իմ նկատառումներն ու առաջարկները, որպէսզի եթէ միասին եզրակացրեցինք նոյնը, ապա միջոցների դիմել սխալն ուղղելու ուղղութեամբ։

            Հասկանում եմ, հայ ընթերցողի համար շատ դժուար է միանգամից հրաժարուել տասնամեակներ լսած, կարդացած եւ իրեն համար ընկալելի, ընդունելի եւ սրտամօտ դարձած «Հարիւր տարուայ մենութիւն» անունից։ Սա լիովին հասկանում եմ ես։ Ուզում եմ այստեղ գրել պարսկերէն մի առակ, որը ճիշտ է նաեւ այս հարցում,- «Սխալը երբ էլ որ ուղղես, օգուտ է/ օգտակար է»։ Ես այս հարցն եմ ուզում բարձրաձայնել, եւ յոյս ունեմ դա կը դառնայ մասնագէտների ուշադրութեան առարկան։

            Կարեւորութեամբ նշեմ նաեւ, որ ես դեռ չեմ կարդացել գրքի հայերէն թարգմանութիւնը։ Դա ունի իր պատճառն ու նախապատմութիւնը, որ ուզում եմ համառօտ գրել ստորեւ։

 

            Մարկեսի “The hundred years of solitude” գրքի անուան հայերէն սխալ թարգմանութիւնը ես նկատել եմ մօտ 28 տարի առաջ։ Չեմ ուզում անդրադառնալ այս հարցը այսքան ուշ հանրայնացնելու մասին․ դա ծաւալուն է։

            1991 թուականի Մայիսին, Երեւանի գրախանութներից մէկում տեսայ Մարկեսի այդ գրքի հայերէն թարգմանութիւնը,- «Հարյուր տարվա մենություն»։ Իմ նկատածը ասացի գրավաճառին եւ գրախանութի վարիչ/ տնօրէնին։ Ասացի գրքի հայերէն ճիշտ թարգմանութիւնը լինում է «Հարիւր տարի մենութիւն» / «Հարյուր տարի մենություն»՝ փորձելով բացատրել եւ հիմնաւորել դա։ Տեսնելով, որ անարձագանգ է մնում իմ նկատողութիւնը (նոյնիսկ չնշեցին իմ բացատրութիւնը, ում որ պէտք է փոխանցելու համար), դուրս եկայ գրախանութից՝ առանց գնելու գիրքը։

            Նոյն նկատողութիւնը կատարեցի, երբ մամուլից իմացայ գիրքը վերահրատա-րակուել է նոյն անունով։ Այնուհետ չփորձեցի կապ հաստատել հայաստանեան կամ Սփիւռքի գրական շրջանակների կամ այդ ոլորտի պատասխանատուների հետ, զգալով որ՝ սովորական սփիւռքահայը ընդհանրապէս չի արժանանում շատերի ուշադրութեանը, համարեա միշտ անպատասխան են մնում նրա առարկութիւններն ու յատկապէս՝ քննադատական գրութիւնները։

            Ահա՛ նախապատմութիւնը։

            Իսկ թէ ինչո՞ւ որոշեցի հիմա արծարծել այս հարցը՝ հայրենի եւ Սփիւռքի գրական շրջանակներում, մամուլով եւ առանձին իմ ծանօթներին կազմած գրութիւնս ուղարկելով․․․

            Լրատուներից իմացայ, Մայիսի 5-ին Ռուբէն Յովսէփեանի ծննդեան օրն էր․ նա կը դառնար 81 տարեկան, իսկ այս տարի նրա մահուան 4-ամեակն է։ Երբեք առիթ չեմ ունեցել կապի մէջ լինել նրա հետ, բայց որոշեցի հիմա՝ 28 տարի այդ հարցը փակ պահելուց յետոյ, գրել իմ նկատողութիւնն ու հիմնաւորումները, որպէսզի եթէ արժանացաւ մասնագէտների հաւանութեանը՝ ուղղել Մարկեսի այդ գրքի անուան հայերէն թարգմանութիւնը։

Հաւանաբար, Ռ․ Յովսէփեանը գրքի հայերէն թարգմանութիւնը կատարել է միջնորդ լեզուից․ ամենամեծ հաւանականութեամբ՝ ռուսերէնից։ Գուցէ այդ սխալը հենց ռուսերէն թարգմանութեան մէջ է կատարուել։ Դա պիտի եզրակացնի ռուսերէն իմացողը։

 

Ստորեւ իմ հիմնաւորումները՝ թէ ինչո՞ւ սխալ է «Հարիւր տարուայ մենութիւն» թարգմանութիւնը։

Հիմնաւորումներիս Ա- բաժինը գրում եմ նրանց համար, ովքեր գիտեն պարսկերէն։ Բ- բաժնում աւելի հանգամանալից կանդրադառնամ հայերէն թարգմանութեանը։

Ա-

Մարկեսի գրքի անունը անգլերէնով “The hundred years of solitude” է։ Պարսկերէն թարգմանութիւնը շատ սահուն եւ լաւ է, եւ գրքի անունը թարգմանուել է,- “صد سال تنهایی” Գիրքը չի թարգմանուել “تنهایی صد ساله”, մինչդեռ հայերէն թարգամանութիւնը հենց երկրորդն է։ Եւ այդ երկուսը լրիւ տարբեր բաներ են՝ թէ նախադասութեան կազմուածքի, թէ՛ իմաստի առումով։ (Սա գրեցի պարսկերէն իմացողների համար)։

 

Բ-     

            Մարկեսի “One hundred years of solitude” գրքի անունը հայերէն պիտի թարգմանուէր «Հարիւր տարի մենութիւն»։ Ռուբէն Յովսէփեանի հայերէն թարգմանածը անգլերէնով լինում է՝ “The solitude of one hundred years”. Անգլերէն այս երկու նախադասութիւնները տարբեր են՝ թէ՛ կառուցուածքի առումով, թէ՛ իրենց իմաստով։ Լրիւ ուրիշ միտք եւ բովանդակութիւն ունեն։ Բացատրեմ ինչու։ Այստեղ էլ փակագիծ բացեմ ու նշեմ, Google-ով հայերէն սխալ թարգմանութիւն է ստացւում, եւ դա վստահելի չէ։

Հարցը սկսենք քննարկել քերականութեանը դիմելով,-

«Հարիւր տարի մենութիւն» նախադասութեան մէջ «տարի»-ն ուղղակի հոլով է։ Իսկ

«Հարիւր տարուայ մենութիւն» նախադասութեան մէջ «հարիւր տարուայ»-ն սեռական հոլով է։

            «Հարիւր տարի մենութիւն» նախադասութեան մէջ ենթական «տարի»-ն է։

            «Հարիւր տարուայ մենութիւն» նախադասութեան մէջ ենթական «մենութիւն»-ն է։

Այիսնքն՝

            Լրիւ ուրիշ նախադասութիւններ են՝ թէ՛ կառուցուածքի, թէ՛ բովանդակութեան/ մտքի իմաստով։

            Նոյնն էլ անգլերէն երկու նախադասութիւնների մէջ է,- Ենթակաները տարբեր են, հետեւաբար ստորագրեալներն էլ տարբեր են, հետեւաբար՝ նախադասութիւններն էլ տարբեր են, թէ՛ նախադասութիւնների կառուցուածքի, թէ՛ իրենց բովանդակութեան ԻՄԱՍՏՈՎ։

            Ահա՛ իմ հիմնաւորումներն առ այն, որ Գոլումպիացի անուանի գրող, Գրականութեան Նոպէլեան մրցանակի դափնեկիր Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “The hundred years of solitude” հիանալի գրքի անունը հայերէն սխալ է թարգմանուել։

 

Գնանք առաջ։

            Գանք ու եզրակացնենք, «մենութիւն» բառը սեռական հոլով պիտի դրուի։ Այս կապակցութեամբ վէճ չի կարող լինել, երբ որ Մարկեսի այդ գրքի պարսկերէն եւ անգլերէն թարգմանութիւններն ենք նկատի ունենում։

Իսկ հիմա՝ առաջին հարցումը,-

Ո՞րն է գրքի անուան հայերէն ճիշտ թարգմանութիւնը։ Թերեւս կարող է լինել մէկից աւել ճիշտ թարգմանութիւններ։

“One hundred years of solitude” –ը հայերէն կարող է թարգմանուել․

  • «Մենութեան հարիւր տարիները»,
  • «Մենութեան հարիւր տարին»,
  • «Հարիւր տարի մենութիւն»։

 

Երկրորդ հարցումը

            Անգլերէնով տարին յոգնակի է նշուած․ “years”. Իսկ հայերէնով ո՞րն է ճիշտը․ յոգնակի՞ն, թէ՞ եզակին․ «տարիներ»ը՞, թէ՞ «տարին»։

            Սա պիտի եզրակացնի հայերէնին տիրապետողն ու լեզուաբանը։ Ես հաւասարապէս ճիշտ եմ իմանում երկուսն էլ։ «Տարիներ» յոգնակին յանձնարարելի է ցոյց տալու համար ժամանակի երկարութեան զգացողութիւնը, այլապէս «հարիւր տարին» էլ ճիշտ է։ Բայց այս հարցի հանգուցալուծումը թողնենք բաց։

 

Երրորդ հարցումը

            Պէ՞տք է դնել «Ը» կամ «Ն» որոշիչ յօդը։ Ո՞րն է ճիշտը․ «տարիներԸ», «տարիՆ», թէ՞ երկու բառերն էլ՝ առանց որոշիչ յօդի․ պարզապէս՝ «տարիներ», «տարի»։

            Սա էլ թողնենք եզրակացնի լեզուաբանը։ Իմ կարծիքով, «հարիւր տարի»ն արդէն որոշիչ է, ու անհրաժեշտ չի դնել որոշիչ յօդ։ Ինչպէս որ նոյնն է անգլերէնում․ չկայ “The”.

 

Չորրորդ հարցումը

            Վերում նշուած հայերէն թարգմանութիւնները՝ բոլորն էլ, միտք բանին ունեն նոյն իմաստը՝ մի տարբերութեամբ։ Մարկեսը ուզել է շեշտել ո՞րը։ Այսինքն, այդ անուններում եթէ պիտի շեշտի նշան դնել, այդ շեշտը կը դնենք ո՞ր բառի վրայ,- «մենութիւն», թէ՞ «հարիւր տարի» / «հարիւր տարիներ» բառերի վրայ։ Ո՞րն է Մարկեսի նպատակը։

            Պարսկերէն թարգմանութեան մէջ թարգմանական շեշտը գնացել է ժամանակի վրայ՝ «հարիւր տարի» բառերի վրայ։ Մինչդեռ «Մենութեան հարիւր տարիներ»ում թարգմանչական շեշտը աւելի գնում է «մենութիւն» բառի վրայ, թէեւ կարելի է հակառակն էլ պնդել։

 

Երկու կարեւոր եզրակացութիւն․

            ա- Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “One hundred years of solitude” գրքի անունը հայերէն սխալ է թարգմանուել․ «Հարիւր տարուայ մենութիւն» / «Հարյուր տարվա մենություն» թարգմանութիւնը սխալ է, եւ պիտի ուղղում մտցնել։

            բ- Մարկեսի գրքի հայերէն անուան համար, գուցէ կան մէկից աւելի ճիշտ տարբերակներ, բայց ո՛չ Ռուբէն Յովսէփեանի թարգմանածը։

 

            Իսկ թէ ո՞րն է հայերէն ամենաճիշտ թարգմանութիւնը, ես հաւասարապէս կողմ եմ վերը նշուած երեք տարբերակների հետ, թէեւ նախապատւութիւնը տալիս եմ «Հարիւր տարի մենութիւն» թարգմանութեանը։ Գուցէ այս հարցում դերակատար է իմ պարսկերէն ուսումս ու իմացութիւնը/ պարսկերէն background-ը։ Հասկանում եմ, որ այդ թարգմանութիւնը գուցէ գեղեցիկ չի հնչում հայերէնում, կամ՝ դա խորթ է շատերին, բայց ես հակուած եմ դա համարել ամենաճիշտը, բայց չեմ վիճում։

 

Ուրիշ կարեւոր մատնանշում, որ վերաբերում է թարգմանչական ԱՐՈՒԵՍՏԻՆ։

Պէտք է ընդունենք, որ կայ բառացի-տառացի թարգմանութիւն (translation), եւ «ազատ» մեկնաբանութիւն (interpretation)․ Գրական-գեղարուեստական գործերի պարագային, գուցէ նախընտրութիւնը պիտի գնայ ՄԻՏՔ ԲԱՆԻՆ մեկնաբանութեանը, չսահմանափակուելով բառացի-տառացի թարգմանութեամբ։ Ու նկատի ունենալով, որ հեղինակի նպատակը ընթերցողի ուշադրութիւնը ՄԵՆՈՒԹԵԱՆ վրայ կենտրո-նացնելն է, բնաբանին հարազատ մնալով հանդերձ, ազատ թարգմանութեամբ պիտի գրուի․-

  • «Մենութեան մէջ՝ հարիւր տարի»։

 

Մի ուրիշ կարեւոր հարց

            Մարկեսի այս գրքի անունն ու ամբողջը հայերէն ճիշտ թարգմանելու համար, պէտք է տեսնել բնագիրը՝ իսպաներէն բնագիրը, եւ համեմատութիւններ անցկացնել հենց բնագրի հետ։

 

            Վերում նշուածների կապակցութեամբ, եւ հարցումների ճիշտ պատասխան-ները գտնելու համար, հայ գրական միտքը/ մտաւորականները, կարեւոր աշխատանք ունեն տանելու։ Սա այն ամենն էր, որ ես շարադրեցի համառօտ, շատ սեղմ, իմանալով որ ամեն մի մտքի կապակցութեամբ կարելի է ծաւալուել, երկար անդրադառնալ, որպէսզի միասին կարողանանք յանգել թարգմանչական արուեստի բիւրեղացմանը եւ գրական աշխոյժ միջավայրի ձեւաւորմանը։

            Ահա՛ այս կարեւոր հարցն ու վէճը, որ բացեցի ես՝ երկար տարիներ փակ պահելուց յետոյ, եւ առաջարկում եմ այս խնդրի կապակցութեամբ քննարկում տեղի ունենայ ընդհանրապէս, յատկապէս՝ հայրենի եւ Սփիւռքի գրական- մտաւորական շրջանակներում։ Վստահ եմ, սա կօգնի գրական աշխոյժ եւ բեղուն կեանքին։

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Կորուսյալ հայրենիք. 28 տարի առաջ հայաթափվեց ու բռնազավթվեց Շահումյանը

Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը 1992թ. հունիսին ամբողջովին հայաթափվեց ու բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Շահումյանի մի շարք գյուղեր հայաթափվել էին դեռևս 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրականացված «Օղակ» ռազմաոստիկանական գործողության արդյունքում։ Սակայն Ադրբեջանի նպատակը Շահումյանի վերջնական հայաթափումն ու բռնազավթումն էր, որն էլ իրագործեց 1992թ. հունիսին։ 28 տարի առաջ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Շահումյանի տասնյակ հազարավոր բնակիչներ բռնագաղթվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ՝ երբեք չմոռանալով իրենց կորուսյալ հայրենիքն ու այդ օրերին տեսած ու ապրած դաժանությունները։

Ծննդավայրի բռնազավթմանն ականատես է եղել Սվետլանա Ղուլյանը, որը հանգրվանել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում։ Նա Բաքվի պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո դասավանդում էր Շահումյանի շրջանի համար մեկ հայկական դպրոցում, որտեղ ստացել էր նաև իր միջնակարգ կրթությունը։ Ս. Ղուլյանն իր մանկավարժական գործունեությունը շարունակում է իրականացնել նաև Սակրամենտոյում։ Նա այստեղ մեծ շաբաթօրյա դպ

րոցի հայոց լեզվի ուսուցչուհին և ուսումնական մասի պատասխանատուն է,  հայկական եկեղեցու երգչախմբի պատասխանատուն, միևնույն ժամանակ նրա ջանքերով հիմնադրվել ու հրատարակվել է Սակրամենտոյի մինչ օրս միակ հայալեզու թերթը։

 

Սվետլանա Ղուլյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր հայրենի Շահումյանում ապրած կյանքի ու բռնազավթման մասին հիշողություններով։

Նա պատմում է, որ Մռավ Լեռան լանջին գտնվող Շահումյանը երեք կողմից շրջապատված էր սաղարթախիտ անտառներով, բերքառատ դաշտերով ու այգիներով։ Բերրի հողի շնորհիվ շահումյանցիներն ապրում էին բարենպաստ ու երբեք չէին տրտնջում. «ոնց որ մեր շահումյանցիներն էին ասում՝ «մեկ սերմ էինք ցանում, տասը բերք էինք վերցնում»», – ասում է տիկին Սվետան։ Նա նշում է, որ Շահումյանում կար մեծ սպիտակ քարով քարահանք՝ «Լիտրի հանքը» և Վերին Շեն գյուղում՝ գիպսի հանքը, որոնց շնորհիվ շահումյանցիները նաև քարի ու փայտի պակաս չունեին։ Գրեթե բոլոր բնակիչների տները երկու կամ երեք հարկանի էին, հազվագյուտ էին մեկ հարկանի տները։

Տիկին Սվետան հիշում է, որ Լենինգրադից մասնագետներ էին եկել գիպսի հանք և ցանկանում էին, որ շահումյանցիները տեղում այն մշակեն ու արտահանեն։ «Բայց ադրբեջանցիները չհամաձայնեցին. դա իրենց շահավետ չէր, քանի որ շահումյանցիները կունենային աշխատավայրեր, աշխատանք։ Դրա համար այդ գիպսը մեքենաներով նրանք էին տեղափոխում ու մշակում։ Ահա այդպիսի ճնշումներ ենք մենք ունեցել  ժամանակի ընթացքում»,- ասում է նա։

Ս. Ղուլյանի խոսքերով՝ ադրբեջանցիները նույնիսկ արգելում էին հայկական եկեղեցիների զարգացումը։ Նա հիշում՝ ինչպես է Գյուլիստան գյուղից մի հարս Աստվածաշունչն ու դրա պոկված կազմը փաթաթել մետաքսե կարմիր կտորի մեջ ու փախուստի ժամանակ փրկել։ Գյուլիստանցի այդ կինը հետագայում պատմել է, որ, երբ հավաքվել են իրենց տանը աղոթելու, ադրբեջանցիներ են եկել, որ վերցնեն Աստվածաշունչը՝ ասելով, որ իրավունք չունեն Աստվածաշունչ կարդալ։ Գյուլիստանցի կինը մետաքսե կտորի մեջ փաթաթած կազմն է ցույց տվել և ասել, որ իրենց ղեկավարներից արդեն իսկ եկել ու պոկել են կազմը Աստվածաշնչից։ «Աստվածաշունչ չկա։ Կազմն ենք դնում սեղանին ու աղոթում։  Կազմն էլ որ տանեք, աղոթելն էլ հո չե՞ք կարող արգելել»,- հիշում է լսած պատմությունը տիկին Սվետան։

 

Նա նշում է, որ չնայած այսպիսի բազմաթիվ բռնություններին ու ճնշումներին, 20 000 հայությունը շարունակել է համերաշխ ու իրար օգնելով ապրել Շահումյանի շրջանի Շահումյան ավանում, Վերին Շեն, Էրքեջ, Գյուլիստան, Մանաշիդ, Բուզլուխ, Խարխափուտ, Հայ Պարիս, Ղարաչինար և այլ գյուղերում։  «Երբ 1988 թ.-ին Ղարաբաղը ինչպես միշտ պահանջում, խնդրում ու դիմում էր ղեկավարությանը միանալ Հայաստանին, Շահումյանը շրջափակման մեջ հայտնվեց։ Անջատեցին հոսանքները, գազերը, բայց քանի որ մենք անտառով հարուստ էինք, այդ պակասը չէինք զգում։ Վառարանը վառում էինք փայտով, չէինք տրտնջում, ամեն տեսակի ուտելիք վերցնում էինք մեր այգիներից… Իմ ընտանիքը մեղվաբույծ էր, 70-80 փեթակ մեղու էինք պահում, պահածոների գործարան ունեինք»,- ասում է նա։ Շահումյանի բնակչությունը նույնիսկ 1988թ. Սումգայիթում ջարդերից հետո չէր մտածում, որ իրենց վրա հարձակում կլինի։ «Ինչ-որ տեղ մտածում էինք Սումգայիթն ադրբեջանական քաղաք էր, բայց Շահումյանը հայկական է, հայ բնակչությամբ ու հայկական անվանումով։ Հնարավոր չէ, որ Շահումյանի վրա հարձակվեն։ Չէինք հավատում»,- նշում է նա։

Տիկին Սվետան հիշում է, որ 1990թ.-ին օգոստոսի 25-ին գնում են դպրոց ու տեսնում՝ ՕՄՕՆ-ի զորք է տեղակայված Շահումյան ավանի համար մեկ հայկական դպրոցի շենքում։ Դպրոցը ուներ 60-ից ավել ուսուցիչ ու 500 աշակերտ։ Բողոք են բարձրացնում, որին ի պատասխան ասում են, թե «վերևից են ուղարկել, որ իբր Շահումյանի շրջանում ֆիդայիններ կան ու շրջանը պաշտպանում են նրանցից»։

1985թ., Շահումյան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր ուսումնական տարվա առաջին զանգի տողանին. լուսանկարը՝ Սվետլանա Ղուլյանի Ֆեյսբուքի էջից

«Այսպիսի շատ ծանր օրեր ապրեցինք, բայց մեր առօրեա կյանքով ապրեցինք», – ասում է տիկին Սվետան ու շարունակում, որ նույնիսկ այն ժամանակ, երբ շրջանի վերևում անընդհատ «Կրակադիլ» տիպի ուղղաթիռներ (Մի-24 հարվածային ուղղաթիռներ՝ հեղինակ) էին պտտվում ու ռմբակոծում, ժողովուրդը խուճապի մեջ էր ու վախեցած, միևնույն է շարունակում էին իրենց առօրեան ու նույնիսկ հարսանիքներ անում՝ իրենց ավանդույթներով ու 400-500 մասնակցով։ «Որովհետև ասում էինք, այս ամենը ժամանակավոր է, չի կարող հարձակում լինել։ Ո՞նց կարող է մի ամբողջ շրջան, 20 000 մարդ տեղահանեն կամ կոտորեն։ Բայց փաստորեն եկավ մի պահ, որ Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերը հայաթափվեցին ու բնակչության մի մասը հանգրվանեց Շահումյանում»,- պատմում է Ս. Ղուլյանը։

Շահումյանի հայաթափման նպատակով  հարձակումներն ու գնդակոծությունները նոր թափով սկսվում են 1992թ. տարեմուտին։ Հունվարի մեկին, երբ աշակերտները ամանորյա ելույթներ էին ունենում տոնածառի շուրջ, պաշտպանական կետերում ռմբակոծություններ էին։ Իսկ ահա հունվարի 13-ին ռմբակոծություններ են սկսվում նաև շրջկենտրոնում։  «Սկսեցին կրակել «Գրադից»։ Եթե մինչ այդ կրակում էին «Ալազանից», 1992թ. հունվարի 13-ին առաջին անգամ կրակեցին Գրադից»,- վկայում է տիկին Սվետան։ Նա հիշում է, որ գնացին դպրոց ու տեսան, որ աշակերտներն ու ուսուցիչները վազում են դպրոցի հարևանությամբ գտնվող հիվանդանոց, քանի որ բազմաթիվ վիրավորներ կային։ Ծանր վիրավորվել էին նաև ինքնապաշտպանական ջոկատներում կռվող Ս. Ղուլյանի քրոջ երկու որդիները։  «Ամբողջ Շահումյանը լցվել էր հիվանդանոցի բակն ու գոռում էր՝ «ինձնից արյուն վերցրեք»։ Որովհետև վիրավորների կյանքը փրկելու համար արյուն էր հարկավոր…»։

«Այդ օրը միանգամից 17 զոհ ունեցանք՝ Աշոտ  Մովսիսյան, Հայրյան Արսեն՝ սկեսրոջս հորեղբոր թոռը, միակ տղան, իմ աշակերտ Ղարագաղյան Մովսեսը… Ամբողջ ավանը սգի մեջ էր։ Ղահրամանյան Յուրիկի հղի աղջիկը, որի ծննդաբերելու ժամանակներն էր՝ մյուս երեխան գրկում, իրենց բակում գրադի հարվածից երկու մասի է բաժանվում… «Գրադը» էլ տուն չթողեց, էլ ընտանիք չթողեց, զոհ տվեցին բոլորը…»,- արցունքներն աչքերին պատմում է տիկին Սվետան։ 

 

Մայիսմեկյան շքերթ  Շահումյանում. Լուսանկարը՝ Ս. Ղուլյանի Ֆեյսբուքի էջից

Հունվարի 13-ից հետո շրջանի բնակիչները իրենց բակերում թաքստոցներ են պատրաստում ու հրետակոծությունների ժամանակ պատսպարվում այդտեղ կամ նկուղներում ու բաղնիքներում։ Բայց արկերը հասնում էին նաև թաքստոցներին։ «Մի անգամ ռումբը ընկավ մեր դիմացի երեք հարկանի տան վրա ու այն ամբողջովին ոչնչացրեց։ Բազմազավակ ընտանիք էր, բոլորը փախան անտառ, այնտեղ վրան սարքեցին ու մնացին։ Բայց կրակոցները հասան նաև անտառ.. Մենք մի ձոր ունեինք, «Նահատակի ձոր» է կոչվում, որտեղ մահմեդականները քրիստոնյաներին նահատակել էին, գերեզմանոցներ էլ կային։ Հարմար էր պատսպարվելու համար։ Գնում էինք այնտեղ, ճրագ վառում։ Բայց ռումբերը այնտեղ  էլ հասան…»։

Շահումյանցիները հասկանում են, որ ռումբերն ու հրետակոծությունները հետապնդում են իրենց ամենուր։ Հուսալքված ժողովուրդը ստիպված է լինում փախչել լեռնային գյուղեր։ Մարտ ամսվա երկրորդ կեսից սկսվում է մեծամասշտաբ տեղաշարժ դեպի Գյուլիստան, որոշ ժամանակ անց այստեղից էլ՝ Մարտակերտ։ Մինչ այդ ոմանք արդեն իսկ հեռացել էին շրջանից։ Գյուլիստանում յուրաքանչյուր տան մեջ պատսպարվում էր  12-13 ընտանիք։ Ս. Ղուլյանի հորաքույրը՝ Նունիկ Բեգլարյանը ևս իր հարկի տակ պատսպարել ու կերակրել է 53 հայրենակցի, որոնց անունները տիկին Սվետան հետագայում գրառել է իր օրագրերում։ «Բայց եկավ մի օր, որ ուղղաթիռներով ռուսերեն, ադրբեջաներեն, հայերեն գոռում էին «դուրս եկե՛ք, դո՛ւրս եկեք, դուք շրջափակված եք…»։

Ս. Ղուլյանը հիշում է, որ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը երիտասարդները գոռում էին, որ ԲՏՌ-ներով (զրահափոխադրիչ), տանկերով, ուղղաթիռներով շրջապատված են։ Հայտնվելով շրջափակման ու ռմբակոծությունների տակ՝ նրանք փախչում են անտառ, որտեղից էլ օրեր շարունակ գիշեր-ցերեկ, սոված ու ծարավ քայլելով լքում իրենց հայրենիքն ու ծննդավայրը…  «Յոթ օր ու գիշեր ոտքով գնում էինք։ Ի՞նչ կարող էինք հետներս վերցնել։ Ով գրպանում մի կտոր չոր հաց ուներ՝ տալիս էր երեխաներին։ Անտառում ճիչ ու աղաղակ էր։ Ոմանք գոռում էին իրենց հոր կամ մոր անունը՝ հարցնում չե՞ք տեսել, կորցրել ենք… »,- հուզմունքը զսպելով հիշում է տիկին Սվետան։ Նա պատմում է, որ իր հարևանուհիներից մեկը, որը ներկայումս Սակրամենտոյում է բնակվում, իր երեխային գրկած երեք օր անտառում մոլորվել էր…

Տիկին Սվետան, չկարողանալով զսպել արցունքները, պատմում է, որ հենց մի քիչ դանդաղում էին՝ վերևից կրակում էին… Այսպես շահումյանցիները օրեր շարունակ անտառներում տեսնում են ամեն տեսակ դժվարություններ, ականատես լինում բռնի տեղահանության արդյունքում զոհերի ու նույնիսկ ծննդաբերության… «Վելյան Մուրադը քայլելելիս սայթաքեց ու ընկավ ձորը։ Կինն ու երեխաները հետևից գոռում էին՝ Մուրա՜դ, ո՞ւր գնացիր… բայց ի՞նչ անեին…շարունակում էին ճանապարհը»։

Նա ցավով է նշում, որ այսպես շահումյանցիները ցրվեցին աշխարհով մեկ. ընտանիք չկա, որ զոհ տված չլինի, վիրավոր չունենա, անհայտ ճակատագրեր… ովքեր անկողնային էին, մնացին ու զոհվեցին… «Իմ հարևան Էլոն չորս երեխա ուներ, տղան՝ Անդրանիկը, միացավ պաշտպանական ուժերին ու մինչև օրս անհայտ կորած  է…»,- ասում է նա։

Տիկին Սվետան նաև հիշում է, որ այդ օրերին ուժեղ անձրևում էր և իրենք բողոքում էին։ Եվ միայն հետագայում են հասկացել, որ, եթե անձրևը չլիներ, ավելի շատ զոհեր կունենային տապից ու ծարավից։

Ի վերջո, Ս. Ղուլյանը կարողացել է հասնել Մայկոպ և հետագայում տեղափոխվել Սակրամենտո։ Տիկին Սվետայի հիմնադրած թերթի, որը առժամանակ չի հրատարակվում, նպատակն էր խոսել հոգու ու Շահումյանի մասին։ Եվ հենց «Մռավ սարը» թերթում էլ նա խոսում է Շահումյանի մասին։ Ս. Ղուլյանն ապրում է հայրենի Շահումյանի կարոտով։ Նա առավել շատ կարոտում է շահումյանցիներին ու մանկավարժական կոլեկտիվին։ «Դրախտավայր էր մեր Շահումյանը… Սակրամենտոյում մի ամբողջ Շահումյան կա»,- ասում է նա։

Տեսակէտ. Ռուսական Գործօնն Արեւելեան Հայաստանում

Ուիլսընեան Քարտէզ

Պատմութիւնը շարունակական է բոլորի համար, պատմութեան մէջ նոյն կամ համանման սխալի կրկնութիւնը տուեալ հասարակութեան, խմբի կամ խմբերի  անգիտութեան արդիւնք է, որի վերջնական պատասխանատուութեան բեռը չպէտք  է մնայ տարածաշրջանի ժողովուրդների եւ նրանց սերունդների ուսերին։

Հիմքերը խարսխւում են հայ-ռուսական, պոլշեւիկեանն, հայ-Խորհրդային միութիւն յարաբերութիւններում։ Հայ-ռուսական յարաբերութիւնները 100 տարի առաջ խոստանում էր միացեալ Հայաստանի վերականգնում, սակայն պոլշեւիկեան յեղափոխութիւնը խանգարեց այն իրականացնելու համար։ Հայ-պոլշեւիկեան յարաբերութիւններն էլ կարող էին հանգեցնել միացեալ Հայաստանի ստեղծմանը, եթէ պոլշեւիկները չհամագործակցէին պարտուած Թուրքիայի անօրինական ղեկավարների հետ։ Իսլամական աշխարհում յեղափոխութիւն անելուց առաջ պոլշեւիկները կարող էին Արեւմտեան Հայաստանը միացնել պոլշեւիկեան Ռուսաստանին, յետոյ յեղափոխութիւնը տարածէին։ Յետագայում պոլշեւիկներն իրենց խաբուած զգացին, սակայն արդէն ուշ էր։ Արդիւնքում կնքուեցին անօրինական պայմանագրեր, որոնք իրաւական հիմքերից զուրկ են եւ ՌԴ-ի այժմեան ղեկավարութիւնն էլ չի ցանկանում դրանք վերանայել։ Պատմութիւնն այժմ, կարծես, կրկնւում է։ Եթէ ՌԴ-ի ղեկավարութիւնը ցանկանայ, կարող է մեզ վերադարձնել մեր կորցուած հողերը եւ ամրապնդուել Հայկական Լեռնաշխարհում՝ կարեւորագոյն դեր ստանձնելով Մերձաւոր Արեւելքում։

          Առաջին աշխարհամարտը դեռ չաւարտուած, Ռուսաստանը 1918 մարտի 3-ին Գերմանիայի կայսրութեան, Աւստրո-Հունգարիայի, Թուրքիայի եւ Պուլղարիայի հետ կնքեց Պրեստ-լիտովսկի անօրինական ու անվաւեր հաշտութեան պայմանագիրը՝ Առաջին աշխարհամարտում Ռուսաստանի պարտութեան եւ հեռանալու մասին։ Այդ պայմանագրի 4-րդ յօդուածի 2-րդ եւ 3-րդ պարբերութիւնների համաձայն, պոլշեւիկները պարտաւորուեցին թուրքերին վերադարձնել պատերազմի ընթացքում գրաւած ոչ միայն Արեւմտեան Հայաստանի տարածքները («Արեւելեան Անատոլիայի նահանգները»), այլեւ 1978 թուականից Ռուսական կայսրութեան մաս հանդիսացող Արտահանի, Կարսի, Պաթումի մարզերը։ 1918 թուականի մայիսի 28-ին անկախութիւն ձեռք բերած Հայաստանի Հանրապետութիւնը Անտանտի միջոցով հետ վերադարձրեց Կարսի եւ Արտահանի մարզերը։ Չնայած Պրեստ-լիտովսկի պայմանագիրը 1918 թուականի սեպտեմբերի 20-ին չեղեալ է համարուել Ռուսաստանի կողմից, իսկ 1918 թուականի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի  (նոյն օրը՝ Մուտրոսի զինադադարի 11-րդ յօդուածի համաձայն), Առաջին աշխարհամարտի արդիւնքում Հայաստանը, որպէս յաղթող կողմ ոչ մի թիզ հող չստացաւ, միայն վերականգնուեց 1914 թուականի սահմանը եւ ՀՀ-ի տարածքը կազմեց 55 000 քառ․ կմ։ Իսկ մինչ այդ, 1917 թուականի դեկտեմբերի 29-ին ՌԽՖՍՀ ժողկոմխորհը տեկրեդ ընդունեց Թուրքահայաստանի մասին՝ «Ռուսաստանի կառավարութիւնը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրաւուած «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրաւունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախութիւն»։

          1919 թուականի Յունուարի 18 -ից Փարիզի կոնֆերանսին թէեւ հայկական երկու պատուիրակութիւնը («Ազգային պատուիրակութիւնը»՝ Պօղոս Նուպարի եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը՝ Աւետիս Ահարոնեանի գլխաւորութեամբ) չմասնակցեցին, սակայն վեհաժողովը 1920 թուականի Յունուարի 19-ին «de facto» ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, չնայած ներկայացուել էր նախագիծ՝ հայկական 7 վիլայէթների եւ Կիլիկիայի սահմաններում։

             1920 թուականի ապրիլի 19-26-ին Սան Ռեմոյի կոնֆերանսում Թուրքիայի հետ հաշտութեան նախագիծը հիմք հանդիսացաւ Սեւրի դաշնագրի համար։ Ըստ այդ նախագծի՝

             Արեւմտեան Հայաստանի տարածքը պէտք է կազմեր 90 հազար քառ. քիլոմեթր: Ընդ որում, չորս վիլայէթների տարածքների բաժանումը կատարուեց հետեւեալ կերպ. 

«1. Վանի ամբողջ տարածութիւնը՝ 39.300 քառ. քմ., Հայաստանի մասը՝  20 հազար,

  1. Էրզրումի ամբողջ տարածութիւնը՝ 49.700 քառ. քմ, Հայաստանի մասը՝  40 հազար,
  2. Բաղեշի (Պիթլիս) ամբողջ տարածութիւնը՝ 27.100 քառ. քմ, Հայաստանի մասը՝ 15 հազար,
  3. Տրապիզոնի ամբողջ տարածութիւնը՝ 32.700 քառ քմ, Հայաստանի մասը՝ 15.000:

1920 թուականին Արեւելեան Հայաստանի տարածքը կազմում էր 71,330 քառ. քմ: Այսպիսով Հայաստանի ընդհանուր տարածքը կազմելու էր 161,330 քառ. քմ:

 1920 թուականի օգոստոսի 10-ին Սեւրում (Ֆրանսիա) ստորագրուեց հաշտութեան պայմանագիր, օսմանեան  կառավարութեան եւ 1914-18 թուականներին Առաջին աշխարհամարտում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճափոնիայի, Պելկիայի, Յունաստանի, Լեհաստանի, Փորթուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի (այժմ՝ Չեխիա եւ Սլովակիա), Սերպերի, խորուաթների եւ սլովենների թագաւորութիւնների,  Հեժազի (այժմ Սաուտեան Արաբիա) միջեւ։

Ըստ այդ պայմանագրի՝ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Պիթլիսի նահանգներում (վիլայէթներ) երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները`   Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ: 

1920 թուականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Ուոտրօ Ուիլսոնը կայացնում է «Իրաւարար վճիռ», որը վերջնական է եւ պարտադիր կատարման համար։ Այն պարտադիր է բոլոր հայցուորների համար, որոնք ներկայումս հետեւեալ երկրներն են՝ Մեծ Բրիտանիա, Գանատա, Աւստրալիա, Նոր Զելանտիա, Հարաւային Աֆրիկա, Հնդկաստան, Փաքիստան, Պանկլատեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճափոնիա, Պելկիա, Յունաստան, Լեհաստան, Փորթուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերպիա, Խորուաթիա, Սլովենիա, Պոսնիա-Հերցոկովինա, Մագետոնիա եւ Չեռնոգորիա։

Սակայն, 10 օր անց պոլշեւիկներն գրաւեցին ՀՀ-ը եւ կնքուեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան միջեւ։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գաւառը, իսկ Նախիջեւանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները յայտարարւում էին ժամանակաւորապէս Թուրքիայի հովանաւորութեան ներքոյ գտնուող տարածքներ, որոնց յետագայ ճակատագիրը պէտք է որոշուէր հանրաքուէի միջոցով։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը պէտք է վաւերացուէր կնքումից մէկ ամիս յետոյ, սակայն Հայաստանի խորհրդային կառավարութիւնը, որն անցել էր իշխանութեան գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թուականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինուեց 1921 թուականի մարտի 16-ին Մոսկուայի պայմանագրով, իսկ յետոյ՝ 1921 թուականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքուած պայմանագրով։

«Իրաւարար վճիռն» իրականացման դէպքում տարածաշրջանային պետութիւնները կ՛ապրէին խաղաղ ու համերաշխօրէն։ Իսկ արդի ժամանակաշրջանում միացեալ Հայաստանը «պատնէշի» դեր կարող է ստանձնել Թուրքիայի կողմից «Մեծ Թուրան» յորջորջուող կայսրութեան ճանապարհին, որը բխում է տարածաշրջանի եւ մեծ տէրութիւնների շահերից։

ՌԽՖՍՀ կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ 1921 թվականի մարտի 16-ին կնքուեց «եղբայրութեան եւ բարեկամութեան պայմանագիր»։ Սոյն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանութիւնը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարւում էր Պաթումից` փոխարէնը ստանալով Սուրմալուի գաւառը (Մասիս սարի հետ միասին)։ Սակայն թուրքական պատուիրակութիւնը չի բաւարարւում այդքանով եւ պահանջում է, որպէսզի Նախիջեւանի մարզը չմնայ Հայաստանին, այլ դրուի Ատրպէյճանի հովանաւորութեան տակ, վերջինս էլ պէտք է պարտաւորուէր ապագայում չզիջել այդ հովանաւորութիւնը մի երրորդ պետութեան, այսինքն՝ Հայաստանին։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչուած պետութիւն, հետեւաբար՝ միջազգային իրաւունքի առարկայ։ Բնականաբար նրա կառավարութիւնը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որեւէ իրաւասութիւն։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն էլ իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), եւ նրա մէջ միաւորուած էին նախկին պատգամաւորներ, պաշտօնանկ զինուորականներ ու պաշտօնեաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրաւական հիմք չուներ միջազգային յարաբերութիւններում ներկայացնելու թուրքական պետութիւնը։ 

Այսինքն՝ կնքուած պայմանագիրն անօրինական է եւ համարւում է առոչինչ։

Այնուհետեւ կնքուեց Կարսի պայմանագիրը, որը նոյնպէս անօրինական էր։ Այն ստորագրել են, ինչպէս գրուած է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութիւնը, միւս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆետերադիւ Սոցիալիստական Հանրապետութեան մասնակցութեամբ»։ Պայմանագիրը, յաջորդելով Մոսկուայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրոյթները եւ սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի եւ Անդրկովկասեան հանրապետութիւնների միջեւ։

Կարսի պայմանագրի վաւերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երեւանում։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթէ ամբողջութեամբ եւ Սուրմալուի գաւառը (որը նախկինում երբեք չէր գտնուել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ատրպէյճանին՝ Նախիջեւանի շրջանը, որը սահմանուել է որպէս ինքնավար կազմաւորում։ Արդիւնքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթէ կէսը։ Պայմանագրի դրոյթները պարտադրուել են խորհրդային Հայաստանի կառավարութեանը ռուս պոլշեւիկեան կառավարութեան եւ անձամբ Ստալինի ճնշման տակ։

Նախիջեւանի հարցը հայ ժողովրդի համար արտաքին կապի՝ երկաթուղու միջոցով, միջոց է, շրջափակումից ազատուելու միջոց է իր ռազմավարական նշանակութեամբ։ Այդ «կոյր աղիքի» ճակատագիրը հայ ժողովրդի համար հսկայական նշանակութիւն ունի։

Իսկ մինչ այդ, 1921 թուականի յուլիսի 4-ին Քաւբիւրոն որոշում է կայացնում՝ Լեռնային Ղարաբաղը միացնել Խորհրդային Հայաստանին, սակայն յուլիսի 5-ին, Ատրպէյճանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի ճնշմամբ, Քաւբիւրոյի նախագահ Սերգօ Օրջոնիկիձէի ու նրա տեղակալ Սերգեյ Միրոնովի անօրինական որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը բռնակցւում է Ատրպէյճանին։

Իսկ եթէ չլիներ այդ որոշումը, չէր լինի Արցախեան գոյամարտը, այդքան մարդ չէր զոհուի եւ Արեւելեան Հայաստանի հարցը երեւի չբարձրացուեր։

Վերը շարադրուած փաստաթղթային տեղեկութիւններն ապացուցում են ու վկայում, թէ ինչպիսի որոշիչ գործօն է եղել ռուսների, բոլշեւիկների (որոնց մէջ քիչ չէին հայ պոլշեւիկները), ՌԽՍՖ-ի միջնորդութիւնը հայկական տարածքների օտարման գործում։ Ամբողջ աշխարհում հասկանում են, որ հայկական տարածքների, Արցախի հարցը կարող է եւ իրաւասու է լուծել միայն Ռուսաստանի դաշնութիւնը։ Իստականան Կովկասն արդէն 300 տարի ռուսների ազդեցութեան գօտին է։ Ուստի, հարկաւոր է համապատասխան բանակցութիւններ վարել ՌԴ-ի ղեկավարութեան հետ, իրենց միջնորդութեամբ օտարուած հայկական տարածքների վերադարձման ուղղութեամբ։ 300 տարի հայ ժողովուրդը բազմաթիւ անգամ մասնակցել է ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին, աջակցել է ռուսական կայսերապաշտական նկրտումներին, սակայն հազարաւոր զոհուածների գինն այդ պատերազմներում չեն արդարացուել։ Մեր պահանջն արդարացի է՝ չնայած ուշացած։ Հարկաւոր է պատմութիւն կերտել, ժամանակը չի սպասում․․․

Հարկաւոր է հաւատալ, պայքարել եւ յաղթել։

 

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Լրագրողների միջազգային միութեան անդամ   

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 54 – Սեւամորթ Ֆլոյտի Սպանութիւնը, Ցեղական Խտրականութիւնն Ու Սպասուելիք Նախագահական Ընտրութիւնները․ ԱՄՆ Գործող Իշխանութիւնը Խնդիր Ունի

Մայիսի 25-ին ԱՄՆ Մինեափոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ճորճ Ֆլոյտի սպանութիւնից յետոյ ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսուել են զանգուածային բողոքի ցոյցեր եւ անկարգութիւններ: Ոստիկանութեան աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր Ֆլոյտին։ Միջադէպում ներգրաւուած բոլոր չորս ոստիկանները հեռացուել են աշխատանքից, եւ նրանց մեղադրանք է առաջադրուել: Բողոքի ցոյցեր են ընթանում ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Դրանք սկզբնական շրջանում խաղաղ բնոյթ էին կրում, յետոյ վերածուեցին զանգուածային անկարգութիւնների։ Երկրում կարգ ու կանոնի պահպանման եւ վերահսկման գործում ներգրաւուած է նաեւ ԱՄՆ ազգային պահակագունդը. մօտ 40 քաղաքներում յայտարարուել է պարէտային ժամ: Բողոքի ցոյցերի մասնակիցները յարձակումներ են կատարել նաեւ Սպիտակ տան վրայ։ Թրամփը ստիպուած է եղել թաքնուել ստորգետնեայ թաքստոցում։ Արդեօք ԱՄՆ-ում տեղի ունեցող այս գործընթացները միայն ցեղային խտրականութեան դէմ պայքա՞ր է, թէ այնուամենայնիւ քաղաքական ենթահողեր եւս կան։ Այս տարուայ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւններ։ Ինչքանո՞վ կը տուժի Թրամփի վարկանիշը։ Քորոնավիրուսային համավարակով պայմանաւորուած երկրում ստեղծուած ծանր տնտեսական վիճակն ինչպէ՞ս կ՛ազդի ընտրութիւնների ելքի վրայ։ Արդեօք Դեմոկրատները կը կարողանա՞ն իրավիճակն օգտագործել ի օգուտ իրենց։ Ո՞վ վերջնականապէս կը լինի իրենց թեկնածուն ընտրութիւններում։ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ճօ Պայտընը՞։ Ի դէպ՝ ինչպէս հաղորդում է Politico թերթը, ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփը յայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, մտադիր է մօտ ապագայում վերսկսել իր նախընտրական հաւաքները ողջ երկրում:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Զարթօնք» զրուցեց «Կլոպալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանի հետ։

 

– Պարոն Գրիգորեան, ԱՄՆ-ում տեղի ունեցող այս, բողոքի ցոյցերը, անկարգութիւնները Ձեր կարծիքով միայն ուղղուած են ցեղային խտրականութեան բացառման դէմ, թէ, այնուամենայնիւ,  քաղաքական թաքնուած գործընթացներ են տեղի ունենում։ Այս համաթեքսթում կը ցանկանայի նաեւ խօսել այն մասին, թէ ինչու այս անգամ սեւամորթի սպանութիւնն այդքան մեծ արձագանգ ստացաւ։ Ի՞նչն էր պատճառը։ Նախկինում եւս ԱՄՆ տարբեր քաղաքներում տեղի ունեցել էին սեւամորթների սպանութիւններ։

– Այն, ինչ կատարւում է Միացեալ նահանգներում, սեւամորթների հետ կապուած խնդիրը, վաղուց կար։ Պարբերաբար տարբեր քաղաքներում, երբ սեւամորթի սպանութիւն էր լինում, բողոքի գործողութիւններ էին տեղի ունենում, բայց ինչու այս անգամ նման մեծ արձագանգ եղաւ ու բողոքի ցոյցերը տարածուեցին 30-ից աւել նահանգներում։ Դա կապուած էր պետութեան ներսում կորոնավիրուսի բերած լարուածութեան հետ։ Այդ համատեքստում էլ աւելի արտայայտիչ դարձաւ այս խնդիրը։ Խնդիրը կապուած ցեղային խտրականութեան հետ, կար։ Չեմ ասում շատ մեծ էր, բայց կար։ Արձագանգը ուժեղացաւ, քանի որ կորոնավիրուս կար։ Եթէ դա չլիներ, մենք նոյնիսկ կարող է չիմանայինք այդ սպանութեան մասին։ Ոստիկանը կը ձերբակալուէր, կը պատժուէր, բայց մեծ աղմուկ չէր լինի։ Սրանից բացի կայ նաեւ քաղաքական բաղադրիչ։ Այս տարի նախագահական ընտրութիւններ են։ Դա նորմալ է, որ քաղաքական տարբեր ուժեր օգտագործում են նման իրադարձութիւնները։ Նման խնդիրներից առաջին հերթին տուժուողը գործող իշխանութիւնն է։ Ինչքան էլ գործող իշխանութիւնը վատ է աշխատում, միեւնոյն է նման դէպքում իրենց համար բացասական ազդեցութիւն կարող է ունենալ։ Գործող իշխանութիւնները պէտք է մտածեն՝ ինչպէս թուլացնեն այդ ալիքը, ինչպէս լուծեն հարցը։ Պարզ է՝ Միացեալ նահանգները մեծ փորձ ունի, կլուծի այդ հարցերը, բայց իրօք աղմուկը շատ մեծ էր ու կը խփի միանշանակ Թրամփի վարկանիշին։

– Թրամփն այս պահին բաւական բարդ կացութեան առա՞ջ է կանգնած։ ԱՄՆ-ում Թրամփի վարկանիշի անկում նկատւո՞ւմ է արդեն։

– Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Միացեալ նահանգներում անգամ աշխոյժ կերպով չեն լուսաբանում ընտրարշաւից առաջ տեղի ունեցող գործընթացները։ Դեմոկրատներն իրենց առաջնորդին են ընտրում։ Նկատեցի՞ք, որ ուշադրութիւնից վրիպեց անգամ այդ լրջագոյն գործընթացը, որը շատ աշխոյժ լուսաբանւում էր մշտապէս։ Այս փուլն այնքան աշխոյժ չի ընթանում, ինչպէս նախկինում էր։ Ես ուզում եմ ասել, որ գլխաւոր հարցը հետեւեալն է՝ կ՛ունենա՞յ Թրամփը արժանի մրցակից, թէ ոչ։ Դա է լինելու գլխավւորը։

– Կարծես թէ Պայտը՞նն է լինելու Թրամփի մրցակիցը։

– Եթէ Պայտընը լինի, ես կարծում եմ՝ Թրամփը կ՛անցնի, քանի որ շատ կարեւոր է հասկանալ, թէ ո՞վ է քո մրցակիցը։ Թրամփը վառ դէմք է, անհատականութիւն է, ինչքան էլ քննարկենք իր քաղաքականութիւնը, վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ, միեւնոյնն է ինքը լաւ խաղացող է։ Յիշում էք, որ Թրամփը մի շարք միջազգային կառոյցներից դուրս եկաւ կամ դադարեցրեց ֆինանսաւորումը։ Վերջին քայլը, որով դադարեցրեց Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ֆինանսաւորումը, շատ դուր եկաւ հասարակութեանը։ Թրամփը ԱՄՆ-ն դուրս բերեց Մարդու իրաւունքների Ժնեւեան քոնվենցիայից։ Թրամփը դադարեցրեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի ֆինանսաւորումը։ Դա դրական է ընկալւում ժողովրդի կողմից։ Թրամփն ասում է՝ ինչո՞ւ ենք մենք Առեւտուրի համաշխարհային կազմակերպութիւնը ֆինանսաւորում, որտեղ մեր դէմ խմբաւորումներ կան։ Կարող ենք այդ գումարը ուղիղ տալ։ Օրինակ, տանք Հայաստանին, որը կարիքի մէջ է, տանք Նիկերիային, որը կարիքի մէջ է։ Եւ այս քաղաքականութիւնը ժողովրդին դուրս է գալիս։ Նա ասում է՝ եկէք այդ փողն աւելի արդիւնաւէտ օգտագործենք։ Թրամփի այն քաղաքականութիւնը, որով նա չի խրախուսում մեծ, հզօր ընկերութիւնների՝ ԱՄՆ-ից դուրս գործարաններ բացելու գաղափարը , բերեց նրան, որ աշխատատեղերը կտրուկ աւելացան երկրում։ Խոշոր ընկերութիւնները գործարաններ են կառուցում երկրի ներսում։ Այս քայլերը միանշանակ ցոյց է տալիս, որ շատ հաւանական է, որ ինքը կը վերընտրուի։ Բայց, նորից կրկնում եմ,  կորոնավիրուսը կարող է ամեն ինչ խառնել։

– Դեմոկրատներն ինչպէ՞ս են օգտագործում կորոնավիրուսի հետեւանքով ստեղծուած ծանր տնտեսական ու քաղաքական վիճակն ի օգուտ իրենց։

– Դեմոկրատներն հիմա շատ են օգտագործում այն, որ մարդու իրաւունքների ոլորտում վերջին տարիներին երկրում շատ մեծ խնդիրներ են առաջացել։ Դա իրենք շատ լաւ են օգտագործում։ Երկրորդը՝ իրենք օգտագործում են նաեւ կորոնավիրուսի դէմ պայքարի ոչ անարդիւնաւէտ լինելը։ Միացեալ նահանգներում մահացածների թիւը 100 հազարից անցել է։ Ակնյայտ է, որ դա գործօն է, ինչը կ՛օգտագործուի Թրամփի դէմ։ Ես կարծում եմ՝ գլխաւորը դա է։ Միւս հարցերը երկրորդ փլան կը մղուի։ Դուք յիշում էք, որ Թրամփը փոխեց ապահովագրութեան հետ կապուած քաղաքականութիւնը, չեղեալ համարեց Օպամայի քաղաքականութիւնը։ Դա ինչ-որ չափով դրական իմաստով կ՛ազդի իր վարկանիշի վրայ։ Այս գործօնը եւս կ՛օգտագործեն, բայց իհարկէ, գլխաւորը կորոնավիրուսը կը լինի։ Թրամփի արտաքին քաղաքականութիւնն իր մէջ շատ անսպասելի տարրեր է պարունակում։ Դա եւս ինչ-որ կերպ դեմոկրատները կ՛օգտագործեն։  ԱՄՆ ընտրարշաւների ժամանակ կայ մի աւանդոյթ։ Իրենք արտաքին քաղաքական հարցերը շատ չեն կարեւորում։ Այդ ժամանակ աւելի առաջնային է դառնում ներքին քաղաքականութեան հարցերը։ Ընտրարշաւի ժամանակ Թրամփի դէմ կ՛օգտագործուի կորոնավիրուսը, նահանգների ղեկավարների հետ ունեցած հակասութիւնները՝ վարակի դէմ պայքարի հարցում։ Այսինքն՝ ներքին քաղաքականութեան հարցերն աւելի առաջ կու գան, որտեղ առաջինը կը լինի կորոնավիրուսը։

– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար։

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«ԶԱՐԹՕՆՔ»-ի Երեւանի Աշխատակից

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Տեսակէտ. Խառն Մտորումներ «Ապրիլ 24»ի Եւ «Մայիս Մէկ»ի Պայծառ Ու Մութ Էջերու Մասին

Չկան անյոյս հիւանդներ. կան՝ անլոյս բժիշկներ։

  • Ինչպէս կոյրերու համար անտեսանելի է արեւի շառ շողը,

այդպէս ալ՝ յիմարներու համար չկայ՝ դէպի ճշմարտութիւն ճամբայ։

  • Մենակութեան մէջ մարդ չի գոյատեւեր, իսկ այն ինչին որ ան կարիքը ունի՝

կը ստանայ հասարակութենէն։

ԱՊՈՒ ԱԼԻ ԻՊՆ ՍԻՆԱ (Ժ. Դար)

 

Պայծառ չէ ներկայիս Համահայութեան երկնակամարը՝ Հայ Սփիւռքի թէ Արեւելահայաստանի վերեւ։ Մեծ կարիքը կայ հասարակագիտութեան «լոյս»ին…։ Թուխ ամպեր կան հոն կուտակուած՝ հայկական պետութեան վերեւ, որոնք կը մթագնեն մեր արեւելումի տեսողութիւնը, եւ մենք՝ գրեթէ կուրացած, չենք տեսներ միջազգային հայանպաստ զարգացումները, որպէսզի փորձենք՝ պայծառ տեսողութեամբ, օգտուիլ այդ նոր զարգացումներէն։ Թէեւ կան՝ գրաւեալ Արեւմտահայաստանի եւ նահանջող Հայ Սփիւռքի մէջ, լուսատու եւ յուսադրիչ անհատներ եւ խումբեր միայն, բայց չկան համահայկական կազմակերպութիւններ՝ կարենալ օգտուելու համար բարբարոսային միաբեւեռ աշխարհակարգին փոխարէն, մակընթացութեան մէջ եղող բազմաբեւեռ մարդկայնական աշխարհակարգին։ Մարդկայնականութեան Արեւն ալ կը ծագի Արեւելքէն, ուր կան երեք հսկաներ՝ Չինաստան, Ռուսաստան եւ Հնդկաստան։

Ներկայ, 2020 թուի «Ապրիլ 24»ն ու «Մայիս Մէկ»ը տուն տուին այս խառն մտորումներուն։

Ապրիլ 24-ի 105-րդ տարելիցին, հայկական Պետութիւնն ու Եկեղեցին, եւ՝ քաղաքական ըլլալ ենթադրուած կուսակցութիւնները, մեքենականօրէն կրկնեցին՝ լոկ Ցեղասպանութեան սոսկ բարոյական ճանաչումը մուրալու մաշած-հինցած սկաւառակը, մոռացութեան տալով Արեւմտահայաստանի ազատագրութեան դատը. նոյնիսկ՝ Սեւրի Դաշնագրի եւ Ուիլսոնեան Իրաւարար Վճիռի դարադարձի տարուան մէջ…։

Սակայն, գրաւեալ Արեւմտահայաստանի մէջ, լուսադէմ եւ յուսադրիչ երկու անհատ հայեր՝ Կարօ Փայլան եւ Լուսին Տինք, պայծառ միտքով եւ ստեղծագործ մտածողութեամբ, Սուլթան Էրտողանը զինաթափ ըրին, ճիշդ Արեւմտահայաստանի մէջ, բարձրաձայն ոգեկոչեցին Արեւմտահայաստանի բռնագրաւման 105-րդ տարելիցը։

Կարօ Փայլան երեսփոխանը՝ թրքական խորհրդարանէն պահանջեց քննել Մեծ Եղեռնի թղթածրարը… փոխանակ զայդ մուրալու օտար խորհրդարաններէն… ջուրը խմելով ճիշդ աղբիւրէն։

Իսկ նահատակն Հրանդ Տինքի եղբօր աղջիկը՝ բեմագիր Լուսին Տինք, 2013-ին աւարտած իր ստեղծագործութիւնը՝ «Սարոյեանի Երկիր» խրոխտ ու խօսուն վերնագրով, բոլորին հասանելի դարձուց առցանց։ Ֆիլմի սեղմ վերնագիրը ինքնին կը նշանակէ Հայոց Երկիրը (Արեւմտահայաստանը), ուր Պիթլիսի մէջ, Սարոյեան չէ հանդիպած հայերէն խօսող հայու մը…։ Այսօր, այդտեղի հայերը կը խօսին միայն թրքերէն կամ քրտերէն…։ Գեղարուեստական այս ստեղծագործութիւնը՝ ուժեղագոյն ամբաստանագիրն է սիոնա-փանթուրք երիտթուրքերու գործած երկակ ոճիրներուն՝ Ցեղասպանութեան, եւ մանաւանդ՝ Տարագրութեան։

Ապրիլ 24-ի առաջին մութ էջը տեսանք արդէն այս գրութեան սկիզբը, հայկական պետական, եկեղեցական ու կուսակցական ելոյթներուն մէջ՝ մոռացումը Արեւմտահայաստանի Հողային Դատին։

Երկրորդ մութ ու կսկծալի էջը գրուեցաւ սիոնական տարատնկեալ պետութեան Փեթախ Թիքվա քաղաքին մէջ, ուր առաջին անգամ ըլլալով՝ Ապրիլ 24-ի անունով, սիոնական յուշարձան մը հիմնադրուեցաւ, սիոնական անմոռուկին կոթողով, սրբապղծելով մեր նահատակներու գանկերը, որոնք գերեզման իսկ չունեցան, քանի որ ցեղասպանները սիոնափանթուրքական երիտթուրքերն էին։

Փանթուրքիզմի կապը՝ Սիոնիզմի հետ, պորտակապային է։ Փանթուրքիզմի ծրագիրը մշակեցին (գլխաւորաբար հինգ) հրեայ-սիոնական հունգարահպատակ, աւստրիահպատակ, լեհահպատակ, գերմանահպատակ եւ ֆրանսահպատակ պատմաբաններ, որոնց երեքը նոյնիսկ գործածեցին թրքական ծածկանուններ (ինչպէս՝ Թէքին Ալփ, Մուրատ Էֆենտի, Մուսթաֆա Ճելալետտին Փաշա)։ Ասոնց հեղինակած հատորները լոյս տեսան 1878-1923՝ յիսուն տարիներու ընթացքին։ Իսկ թուրք առաջին հեղինակը եղաւ 1923 թուին՝ Զիա Կէօքալփը, իր հրատարակած “Türqülüğün Esasları” հատորով…։ Կէս դարու ուշացումով սիոնականներէն։

Փանթուրքիզմի ծրագիրը՝ թուրք ցեղապաշտական ծրագիր չէ, այլ՝ օգտագործելի միջոց մը, Արեւմուտքի իմփերիալիստական այն տէրութիւններուն կողմէ, որոնք կը հետապնդեն ծաւալապաշտական քաղաքականութիւն՝ դէպի Արեւելք, օգտագործելով Թուրքիան եւ Կեդրոնական Ասիոյ թրքացեղ եւ թրքալեզու ժողովուրդները։ Եւ, որպէսզի Թուրքիա Ատրպէյճանի դուռէն անցնի Կասպից Ծովը եւ հասնի Կեդրոնական Ասիա, անհրաժեշտ կ՚ըլլայ՝ որ Թուրքիա հողային անմիջական կապ հաստատէ Ատրպէյճանի հետ։ Իսկ ասոր համար ալ՝ անհրաժեշտ կ՚ըլլայ Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանը վերացնել աշխարհագրական քարտէսէն ու Պատմութենէն…։ Ծաւալապաշտական այս ծրագիրը, հերթով օգտագործել փորձեցին, նախ՝ Գայզերական Գերմանիան՝ նորելուկ իմփերիալիզմը, Ա. Աշխարհամարտին։ Ապա՝ բրիտանական հնամենի իմփերիալիզմը, Ա. Աշխարհամարտի աւարտին, երբ բրիտանական ու ֆրանսական իմփերիալիզմները տիրական էին յետ-պատերազմեան աշխարհակարգին մէջ։ Եւ հուսկ՝ ամերիկեան իմփերիալիզմը, մինչեւ Բ. Աշխարհամարտ եւ անկէ ետք ալ՝ մինչեւ Սովետ Միութեան կազմալուծումը…։ Իսկ նացիական Գերմանիան, Բ. Աշխարհամարտի ընթացքին, միակն էր որ կ՚օգտագործէր Փանթուրքիզմի ծրագիրը։ Պատմական երկու փաստեր կան՝ Գայզերական Գերմանիոյ արտգործ նախարարութեան կեդրոնական դերակատարութեան մասին, Վիլհելմ Կայսեր օրով։ Իբրեւ երիտասարդ իմփերիալիստ երկիր, որդեգրեց Տրանք Նախթ Օսթէնի (ծաւալում դէպի Արեւելք) ստրատեգիան, Պերլինի մէջ հաստատելով Փանիսլամիզմի կեդրոնը, եւ ապա Փանթուրքիզմի ծրագրի առաջին անհրաժեշտ քայլը համարեց՝ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միջեւ հողային անմիջական կապ հաստատելու համար՝ միջանկեալ տարածքին ժողովրդագրութեան արմատական վերափոխումը (այսինքն՝ քրիստոնեայ բնակչութեան վերացումը եւ հոն իսլամ բնակչութեան հաստատումը…)։

(Այս բոլորի մասին տեսնել՝ Մեթր Գ. Տէրտէրեանի «Սիոնիզմի եւ Փանթուրքիզմի Առնչութիւնները, եւ Անոնց Սպառնալիքը՝ Հայաստանի Լինելութեան», Պէյրութ, 1990, հրատ. Լիբանանահայ Գրական Շրջանակի, եւ՝ Charles Hostler-ի “Turkey and the Soviets” (Beirut, 1956), նաեւ՝ Դոկտ. Սալէհ Զահրետտինի արաբերէն հատորը՝ “آلأرمن: شعب وقضيّة” (١٩٨٨، الدار التقدميّة، بعقلين)։

Պատմական այս իրականութեան լոյսին տակ կը պարզուին երկու ճշմարտութիւններ։ Մէկը. թէ ծաւալապաշտական բարբարոսային ծրագիրը՝ ժողովուրդ մը իր հայրենիքով աշխարհի քարտէսէն ու պատմութենէն ջնջելու, գործադրութեան դրուեցաւ Ա. Աշխարհամարտին, որ իմփերիալիստական պատերազմ մըն էր, նորելուկ (Գայզերական Գերմանիա) եւ հին (Բրիտանիա, Ֆրանսա ու Ցարական Ռուսաստան, որ դուրս եկաւ այս իմփերիալիստական պատերազմէն՝ 1917 թուի Հոկտեմբերեան Յեղափոխութեամբ) իմփերիալիստական տէրութիւններուն միջեւ՝ Աշխարհը իրենց միջեւ վերաբաժանելու համար։ Իսկ միւսը. թէ հայ ժողովուրդին դէմ գործադրուած Ցեղասպանութեան ու զանգուածային Տարագրութեան երկակ ոճիւրին քրէական հեղինակը Գայզերական Գերմանիան էր, զայն կարելի դարձնող Փանթուրքիզմի վարդապետութիւնը մշակողը Սիոնիզմն էր, իսկ գործադրութեան գործիքը՝ Թուրքիան…։

Այլ խօսքով. Մեծ Եղեռնի  բուն նպատակը՝ ոչ թէ լոկ Հայոց Ցեղասպանութիւնն էր, այլ աւելի կարեւորը՝  զանգուածային Տարագրութիւնն էր, որ կրնար հայաթափել Արեւմտահայաստանը, կարելի դարձնելու համար Արեւմտահայաստանի ջնջումը Աշխարհի քարտէսէն ու պատմութենէն…։

Հայութիւնը իրաւունքը չունի մոռնալու այս պատմական երկու ճշմարտութիւնները հաւասարապէս, եւ՝ կեդրոնանալու միայն 1.5 միլիոն հայերու կորուստին վրայ, քանի որ հայրենիքին կորուստը շատ աւելի մեծ է եւ շատ աւելի դժուար վերականգնելին…։

Ուրեմն. հայ ժողովուրդի մեծագոյն թշնամին՝ Իմփերիալիզմի հանգրուանին հասած դրամատիրութիւնն է։

Այս տարի, Արեւելահայաստան «Մայիս Մէկ»ը նշեց դարձեալ որպէս Աշխատանքի Օր…, որ դրամատիրութեան նենգափոխումն է Մայիս Մէկի բովանդակութեան, որ իր ծննդեան օրէն՝ ԱՄՆ-ի մէջ, կը նշանակէ Բանուոր Դասակարգի Պայքարի Օրը, դրամատիրական դասակարգի շահագործումին դէմ։ Մայիս Մէկի դրամատիրական նենգափոխումը կ՚որդեգրեն՝ միմիայն, դրամատիրական համակարգեր, որոնք կը ծածկեն դասակարգային շահագործումը, եւ կ՚ուրանան դասակարգային պայքարի գոյութիւնը։ Այլ խօսքով՝ ընկերային ազատագրութեան հանգրուանը, որ կը յաջորդէ ժողովուրդի մը ազգային ազատագրութեան հանգրուանին։ Ազգայինը՝ օտար լուծէն, ընկերայինը՝ ներքին դասակարգային լուծէն։

Ուրեմն, Նիկոլ Փաշինեանի թաւշեայ «յեղափոխութիւն»ը՝ դրամատէր օլիգարխներու դէմ չէ, ինչպէս կը յաւակնէր Փաշինեան, առաջին օրերուն։ Այդ պարագային, որո՞ւ դէմ էր իր թաւշեայ շարժումը։ Օլիգարխներու մէկ թեւին դէմ ու միւս թեւին հե՞տ։ Ասիկա ոչ յեղափոխութիւն կրնայ կոչուիլ, եւ ոչ ալ՝ յեղաշրջում. այլ միայն՝ օլիգարխիական համակարգէն ներս, տարբեր խումբերու միջեւ հերթափոխութիւն։

Հետեւաբար, Արեւելահայաստանը բեւեռացուած կը մնայ օլիգարխիական փոքրամասնական դասակարգի եւ աշխատաւորներու մեծամասնական դասակարգի միջեւ…։

Դասակարգային այս բեւեռացումը չի կրնար կերտել ազգային համերաշխութիւն։ Եւ՝ պայքարը կը շարունակուի Փաշինեանի խումբի օլիգարխներուն եւ միւս խումբի օլիգարխներուն միջեւ։

Մեր հաստատ համոզումով, Մոսկուայի վերջին կարծրացումը ոչ մէկ կապ կրնայ ունենալ օլիգարխներու բեւեռին հետ, այլ՝ զգաստութեան կոչ մըն է վերջին օրերուն Հայաստանի մէջ ծայր առած հակառուսական արշաւին դէմ։

Փութինի Ամանորեան շնորհաւորագիրը Փաշինեանին, անոր կը յիշեցնէր հայ եւ ռուս ժողովուրդներու դարաւոր բարեկամութիւնն ու ներկայի զինակցութիւնը։ Եւ Մոսկուա չի կրնար լուռ մնալ Հայաստանի մէջ հակառուսական արշաւին նկատմամբ։ Հայաստան եւ Ռուսաստան գոյութենական զինակիցներ են՝ Փանթուրքիզմի վտանգին դէմ, որ թուրք-թաթարական է (այսինքն՝ թրքական եւ ատրպէյճանական)։ Որովհետեւ՝ Ռուսաստանի գոյութենական շահերը կը պահանջեն որ Փանթուրքիզմի ծաւալման դէմ՝ Հայաստանի պատնէշը զօրաւոր մնայ… եւ ոչ թէ տկարանայ։

Փութինի Ռուսաստանը Բիւզանդիոնի սխալը չի գործեր, որ փոխանակ զօրաւոր պահելու Հայաստանի պատնէշը  սելճուքեան արշաւանքին դէմ, ինք նուաճեց ու տկարացուց այդ պատնէշը, եւ ինք՝ պարտուեցաւ սելճուքեան արշաւանքներէն…։

Մենք պէտք չէ  մոռնանք որ Փանթուրքիզմի ծրագիրը կը սպառնայ ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Իրանի ու Ռուսաստանի, մինչեւ անգամ՝ Չինաստանի։ Եւ ասիկա բարեբախտութիւն է Հայաստանի համար, քանի որ յիշեալ երեքը կը դարձնէ Հայաստանի բնական դաշնակիցները՝ Փանթուրքիզմին դէմ։ Պայմանաւ՝ որ Հայաստան բարուոք յարաբերութիւններ պահպանէ այս երեքին հետ, առանց շփանալու՝ տուեալ սեպելով այս երեքին բարեկամութիւնը, անոնց դէմ քաջնազարեան արտայայտութիւններ կատարելու՝ մոռնալով թէ ինք այդ երեքէն փոքրագոյնն է…։ Ռուսական բանակին ներկայութիւնը՝ Հայաստանի Թուրքիոյ հետ ունեցած սահմանագիծին վրայ, գրաւող բանակ չէ, ոչ ալ միայն բարեսիրական բանակ. այլ՝ թէ Հայաստանը եւ թէ Ռուսաստանը պաշտպանող բանակ, քանի որ երկու երկիրներու ազգային գոյութենական շահերը կը համընկնին իրարու։

Եւ պատմական փաստ է, որ Ցարական Ռուսաստանը Թուրքիոյ պարտադրեց Սան-Սթեֆանոյի Դաշնագրի Յօդ. 16-րդը, եւ Սովետական Ռուսաստանը հրատարակեց Արեւմտահայաստանի Անկախութեան Դեկրետը…։ Եւ՝ Փութինեան Ռուսաստանը այսօր կը պաշտպանէ Հայաստանը՝ թրքական սահմանագիծին վրայ։

Տարբեր վարչակարգերով Ռուսաստանի այս հետեւողական վարքագիծը աշխարհաքաղաքական հաստատուն (constant) մէկ հրամայականին արտայայտութիւնն է, զոր պէտք չէ մոռնան Ռուսաստան եւ Հայաստան։

Սակայն, մեր քաղաքադիւանաՏգիտութեան հետեւանքով, Հայաստան եղած է յաճախակի մոռցողը…։ Բայց Ռուսաստան երբեք չէ մոռցած…։ Ընդհակառակը, միջամտած է Թուրքիոյ գրաւման դէմ, հակառակ Հայաստանի ղեկավարութեան կամքին, 29 Նոյեմբեր 1920 թուին… երբ այդ ղեկավարութիւնը կը մերժէր հրաւիրել Թիֆլիսի մէջ սպասող Լեգրանի պատուիրակութիւնը։ Եւ Կարմիր Բանակի 11-րդ զօրաբաժինը կը փրկէր Հայաստանը թրքական առյաւէտ գրաւումէն։

Ուրեմն. Փաշինեան, իր քաջնազարեան հակառուսական ելոյթներով, արդէն Հայաստան գտնուող ռուսական զօրքը պէտք չէ վերածէ գրաւող զօրքի…։ Հասկնալի՞ է…։

Ահա այս պատճառներով, մեր մտորումները չեղան անխառն, Ապրիլ 24-ի եւ Մայիս Մէկի օրերուն, երբ արձանագրուած էջերը եղան մութ ու մտահոգիչ էջեր, հակառակ այն մի քանի անհատական էջերուն յուսադրիչ եւ լուսաւոր ըլլալուն…։

Այդ ե՞րբ է որ մեր քաղաքադիւանապատմաՏգիտութեան վերջ պիտի տանք։

 

(Յապաւումներով)

 ՄԵԹՐ ԳԱՍՊԱՐ ՏԷՐՏԷՐԵԱՆ

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը