• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արամ Սեփեթճեանի 80-Ամեակը՝ Մանակավարժական Համալսարանում

17.10.2014   11:31

Հոկեմբերի 10-ին Մանկավարժական Համալսարանի բանասիրական բաժանմունքը հիւրընկալել էր պէյրութահայ գրող, խմբագիր, հրապարակախօս Արամ Սեփեթճեանին: Նշենք, որ տարին յոբելենական է արձակագրի համար. Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Մերձաւոր Արեւելքում, Եւրոպայում ծննդեան 80 եւ գրական գործունէութեան  50 ամեակները նշած գրագէտի համար Հայաստանը հանդիսութիւնների վերջին հանգրուան է:

Ուրախութեամբ ընգծենք, որ Արամ Սեփեթճեանը ձեռնունայն չէր եկել. նա ընթերցողի սեղանին է դրել նաեւ վերջերս լոյս տեսած իր երկու հատորները՝ «Գրական հանդիպումներ» եւ «Ձայներ լռութեան մէջ»: Արամ Սեփեթճեանին շնորհաւորելու էին եկել նաեւ պատմաբան, լեզուաբան Գաբրիէլ Սուլթանեանը (Մանչեսթր, վերջին ութ տարիներին՝ հայաստանաբնակ), Դոկտ. Վաչէ Փարթամեանը (Պէյրութ), սփիւռքահայ արձակագիր Գէորգ Աճեմեանի կինը՝ Տկն. Վերան եւ որդին՝ Վարդանը (Ֆրանսիա):

Բացման խօսքով հանդէս եկաւ բանասիրական բաժանմունքի դեկան Եուրի Դաւթեանը:

Ապա Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը գնահատեց վաստակաշատ գրագէտի անցած ճանապարհը՝ առանձնակի ուշադրութիւն յատկացնելով Արամ Սեփեթճեանի նրա գեղարուեստական ժառանգութեան, խմբագրական երկարամեայ ծառայութիւնների, այդ թւում՝ Վահան Թէքէեանի 125-ամեակի առիթով լոյս ընծայած «Գաղտնի պարտէզ» հաւաքածուի մասին, Թէքէեան Մշակութային Միութիւնում նրա ծաւալած անձնուէր գործունէութեան մասին: Նա նաեւ խօսեց Արամ Սեփեթճեանի եւ «Սփիւռք» Կենտրոնի տարիների բարեկամութեան, հեղինակի՝ ուսանողների ստեղծագործական հակումների հանդէպ ցուցաբերած ուշադրութեան մասին:

 Ապա ձայնը տրուեց ուսանողներին: Մագիստրատուրայի երկրորդ լսարանի Մանէ Աւագեանը ծանրացաւ արձակագրի «Ողջակէզ» վիպակի վրայ՝ այն դիտելով հայութեան շարունակական տագնապների ծիրում, իսկ մագիստրատուրայի առաջին լսարանի ուսանող Լիլիթ Վարդիկեանը՝ «Անլոյս գիշերներ» առաջին ժողովածուի վրայ, որը տպագրուել է ուղիղ 50 տարի առաջ:

Գրական հանդիպումը եզրափակուեց Արամ Սեփեթճեանի ելոյթով: Նա մասնաւորապէս խօսեց գրականութեան դերի ու նշանակութեան, գրողական իր նախասիրութիւնների, լիբանանահայ մամուլի ու նրա հեռանկարի մասին, ընդգծեց սփիւռքահայ մարդու՝ հայրենիքին փարուածութեան գաղափարը: Նա նաեւ հաստատեց, որ  Արեւմտեան Հայաստանի  վերադարձի պահանջը հայութեան համար շարունակում է մնալ առաջնային եւ կենսական:

Նա շնորհակալութիւն յայտնեց ուսանողներին յորդորեց դառնալ գրականութեան դեսպաններ եւ ամէնից կարեւորը՝ հայրենիքը դիտել գերիվեր ու չբռնել արտագաղթի ճամբան:

Share Button

اترك تعليقاً

لن يتم نشر عنوان بريدك الإلكتروني. الحقول الإلزامية مشار إليها بـ *

Media Partner