FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը:  Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ  կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող:

Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելումեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար:  Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով:

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի և Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, և դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետևողականորեն իրականացնել», – իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն և արդյունավետ աշխատանք:

FAST-ի և NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը:

Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետը՝ FAST-ի աշխատաժողովին

Արդյունաբերական չորրորդ հեղափոխության ուղին բռնած աշխարհում Հայաստանը չափազանց լավ հնարավորություն ունի խթանելու իր զարգացումը։«Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին ու հյուրերին Հայաստան այցելելու և հայ մասնագետների հետ իրենց փորձը կիսելու պատրաստակամության համար։ Վարչապետը նկատեց, որ FAST-ն իր գործընկերների հետ կարող է ստանձնել ինտեգրատորի դերը՝ ապահովելով գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի լավագույն մասնագետների կապը հայ մասնագետների հետ։ «Այսօրվա աշխարհը անցնում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլով, տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ տանելու գործընթացում։ Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, որոնք արագ կադապտացվեն նոր իրավիճակին ու կլինեն նորարարություն ստեղծող ու առաջարկող»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետությունը պատրաստ է նպաստել անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծմանն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից տեխնոլոգիական ու գիտելիքահեն տնտեսություն ապահովելու համար։

«Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի ու Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են FAST-ում, առաջ է մղում մի նպատակ՝ մենք ուզում ենք ունենալ առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար գլոբալ մակարդակում տեղ ապահովելով»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ձևավորվել է 2017-ի ապրիլին՝ նպատակ ունենալով դառնալ համալիր հարթակ գիտական ու տեխնոլոգիանական զարգացման համար Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո

 Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Նա նշել է, որ կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց, ոչ էլ՝ միջնորդական գործընթացին:

«Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլեւս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի զենքերի միջոցով հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությամբ էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է»,- նշել է  Մագդալենա Գրոնոն: Նրա խոսքով, տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի դեպքում գործողությունների ծրագրեր են մշակում:

Լսումների մասնակիցներից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այն է` ավելացնել շփման գծում միջազգային դիտորդների թիվը եւ նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:

«Եթե կողմերն ի վիճակի չեն դրանք իրականացնել, միգուցե, մենք պետք է փոխարենն այլ ուժերի միջեւ համաձայնագրերի ստորագրմանը հասնենք: Օրինակ, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Միացյալ Նահանգներն էլ կարող է Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների տվյալներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ»,-ասել  Քերի Քեվինոն:

Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, թե դեսպանը դրանով հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում է վերացնել ախտանշանները, Քերի Քեվինոն պատասխանել է, որ ստեղծված պայմաններում դրան նույնպես պատրաստ է:

«Այո, մենք կվերացնենք ախտանշանները, քանի որ դրանք էլ ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ մարդկային զոհերը դժվարացնում են դեպի կարգավորում ճանապարհը»,-հավելել է նա:

Մինսկի խմբի մեկ այլ նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն իր կողմից նշեց, որ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին, կողմերի դիրքորոշումներն իրականում բավականին մոտ են միմյանց:

«Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, եւ վերջին անգամ դա 2011 թվականին էր»,-ասել է Ջեյմս Ուորլիքը: Դեսպանի խոսքով, սեղանի վրա դրված առաջարկները, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, անվտանգության միջազգային երաշխիքները, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ցամաքային սահմանը եւ Ադրբեջանին շրջանների վերադարձը պետք է դիտարկվեն միայն որպես մեկ հավաքական պայմանագիր: Անկախ հակասություններից, բոլոր փորձագետները համաձայն են, որ նոր պատերազմ եւ նոր զոհեր պետք չեն եւ ոչ ոքի:

Հայաստան բերված ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ

 Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը: «Հիմա այն թեստային փորձարկումներ է անցնում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հարմար Հայաստանի պայմաններին: Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին:  Այդ նույն գնացքից օգտագործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և որևէ խնդիր չի եղել: Կարծում եմ, որ մեզ մոտ էլ որևէ խնդիր չի լինի, և շուտով այն կսկսի աշխատել»,- ասաց Ալոյանը:

Նա հավելեց, որ գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով: Նրա խոսքով` Երևան-Գյումրի ուղղությամբ գնացքից օգտվողների թիվը սովորաբար չի գերազանցում 100-ը, ուստի այն շատ հարմար կլինի այդ ուղղությամբ աշխատելու համար: «Բացի նստատեղերից, գնացքը հարմար է նաև կանգնած ուղևորների տեղափոխելու համար: Եթե նույնիսկ նստելու տեղեր չլինեն  դրանից օգտվելու հնարավորություն կունենան նաև այն ուղևորները, ովքեր ոչ թե Գյումրի են գնում կամ Գյումրիից Երևան, այլ այդ գծի վրա գտնվող ավելի մոտ բնակավայրեր: Քանի որ հեռու չեն գնալու, նրանք կարող են կանգնած ուղևորվել, իսկ գնացքը կանգնած ուղևորների տեղափոխելու հնարավորություն ունի»,- մանրամասնեց Ալոյանը:

Գնացքն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից:

Ալոյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նոր էլեկտրական գնացքում կբացառվեն ծխելու դեպքերը, քանի որ այն ունի հակածխախոտային ազդանշանի համակարգ, որն անմիջապես ազդանշան կտա, եթե որևէ մեկը փորձի ծխել:

Եթե էլեկտրագնացքն իրեն արդարացնի, ապա առաջիկայում հնարավոր է Հայաստան բերվեն նորերը:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը վստահեցնում է` Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում առաջացող աղտոտիչները չեն լցվի շրջակա միջավայր

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության  մի խումբ ներդրողների՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ։  «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի և Ամուլսարի հանքի շինարարության ընթացքի վերաբերյալ պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

-Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետն ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլի մի խումբ ներդրողների: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները հանդիպումից:   «Լիդիան»-ն ամենախոշոր ներդրողն է երկրում, ինչպիսի՞ն էին ներդրողների տպավորությունները Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր քննարկվեցին: 

-Մեր ինստիտուցիոնալ ներդրողներից շատերը նախկինում երբեք չեն այցելել Հայաստան, և կարևոր է, որ նրանք հանդիպեն տարբեր շահագրգիռ կողմերի հետ և վստահություն ձեռք բերեն, որ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է: Այցելուների խմբում կային տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներ և ֆինանսական վերլուծաբաններ, ովքեր քաջատեղյակ են շուկայի միտումներին: Նրանք ներկայացնում են կանադական, բրիտանական, ամերիկյան և եվրոպական բանկեր, ֆոնդեր և ինստիտուտներ: Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ, տնտեսական հեռանկարով, տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության կանխատեսումներով:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի կառավարությանը խմբին ընդունելու և Հայաստանի օտարերկրյա ներդրումների համար բաց լինելը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Սա կարևոր է, քանի որ այս ուղերձը գնում է միջազգային շուկաներ, և ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում: 

-Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի սեպտեմբերին, և դուք ծրագրում եք ոսկու արդյունահանումը սկսել 2018թ.-ին: Ի՞նչ փուլում է Ծրագիրը հիմա: 

-Ծրագիրը ակտիվ շինարարական փուլում է: Մենք սկսել են ենթակառուցվածքների շինարարությունը: Շինարարության մեջ արդեն իսկ ներդրել ենք խոստացված 370 մլն ԱՄՆ դոլարի կեսից ավելին: Հանքի տարածքում այժմ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում և տնտեսական աճը հարակից համայնքներում արդեն տեսանելի է: Այս պահին շինարարության վրա աշխատում է ավելի քան 1200 մարդ: Աշխատուժի ավելի քան 30% տեղական համայնքներից է: Վերջին ամիսներին Ամուլսարն ապահովել է ամսական ավելի քան հարյուր հազար դոլարի գնումներ շրջակա համայնքներում, որը մեծապես անդրադարձել է տարածաշրջանի տնտեսության վրա: Ակնկալում ենք, որ մյուս տարի այս ժամանակահատվածում ծրագիրը կսկսի գործել ողջ ծավալով: 

-Ինչպե՞ս եք ընդունում ակտիվիստների քննադատությունը: Ո՞րն է Ձեր պատասխանը:  

-Մեծ ըմբռնումով եմ ընդունում: Հայաստանը, ինչպես շատ հետխորհրդային երկրներ, հանքարդյունաբերության ոլորտում բացասական փորձառություն ունի:  Իրականում, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղից ինքս եմ, հանքարդյունաբերությունը 30 տարի առաջ և այսօր կատարելագործված տեխնոլոգիաների և բնապահպանական կառավարման տեսանկյունից բացարձակապես տարբեր են:  Հայաստանում ժամանակակից հանքարդյունաբերության շատ օրինակներ չեն եղել, և թերահավատություն ու վստահության պակասը ինչ-որ չափով հասկանալի է: Սակայն ժամանակակից հանքերն այսօր ունեն ժամանակակից հնարավորություններ ինժեներական  լուծումներով կանխելու շրջակա միջավայր անկառավարելի արտահոսքերը:  Աղտոտիչները չեն լցվում շրջակա միջավայր, դա կանխարգելվում է հանքում կառուցվող բազմաթիվ համակարգերի միջոցով: Ի դեպ, եթե գնաք Ամուլսարի շինարարական տեղամաս, կտեսնեք թե ինչպես են կառուցվում դրենաժային համակարգերը, ինչպես են պաշտպանիչ շերտերը դրվում ենթակառուցվածքների տակ: Այս բոլորը ժամանակակից միջոցներ ու լուծումներ են, որոնք ներդրվում են Ամուլսարում: Ես ինքս աշխատել եմ ԱՄՆ-ից մինչև Հարավային Ամերիկա տասնյակ հանքերում, որտեղ այս մեթոդները արդյունավետ կիրառվում են: Այս նույն մեթոդները մենք կիրառում ենք Հայաստանում: Այդուհանդերձ, ես իսկապես հասկանում եմ մտահոգությունները: Մենք ուրախ կլինենք շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք մենք կառուցում հանքը, հյուրընկալել տեղամասում:

Հայաստանյան եվրաբոնդերը գնած օտարերկրյա ներդրողները վստահում են ՀՀ կառավարության քաղաքականությանը

Քանի դեռ հայաստանյան եվրաբոնդերի շահութաբերության անկում կամ դրանց ակնհայտ օտարման միտում չի նկատվում, ուրեմն կառավարության ֆինանսական կամ հարկաբյուջետային քաղաքականությունը վստահություն է ներշնչում Հայաստանի արժեթղթերում ներդրում կատարածներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով 500 միլիոն դոլար արժողությամբ եվրաբոնդերի և բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով ֆինանսավորելու որոշումներին։ «Առաջին անգամ մենք քննարկում ենք արտաքին պարտքի կառավարման նոր ռազմավարություն և փորձելու ենք աստիճանաբար արտաքին պարտքի մեջ մեծացնել մեր ներքին պարտքի կշիռը։ Ավելի շատ կփորձենք պարտք վերցնել մեր սեփական ռեզիդենտներից, այսինքն՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման ճանապարհով»,-ասաց պատգամավորը։ Նրա դիտարկմամբ՝ այն դեպքում, երբ ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքը, պարտքի պատճառով ճգնաժամի մեջ հայտնվելու հավանականությունը էապես նվազում է, քանի որ երկրի ներսում կարգավորումներ անելն ավելի հեշտ է։

Պատգամավորը նկատեց, որ դեռևս վերջնական գնահատական չկա այն հարցադրմանը, թե արդյոք, արտաքին պարտքում եվրաբոնդերի առկայությունն արդարացված է, թե ոչ։ «Եվրաբոնդերը մի շատ հետաքրքիր ցուցիչ են, օրինակ, համոզված եք, չէ՞, որ այն ընկերությունները, որոնք գնել են հայաստանյան եվրաբոնդերը, այսինքն՝ վարկ են տվել մեզ, նրանք շատ ուշադիր հետևում են Հայաստանի կառավարության իրականացրած քաղաքականությանը, ու եթե մի փոքր սպառնալիք զգան իրենց շահերին, իսկույն այդ եվրաբոնդերը կվաճառեն, կազատվեն դրանցից, ինչը մենք այսօր չենք տեսնում»,-հավելեց Խոսրով Հարությունյանը։

Իսկ առկա վստահությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է իրականացվող քաղաքականության կանխատեսելիությամբ։ Նրա խոսքով՝ կառավարությունը չի գնում պոպուլիստական քայլերի ճանապարհով, ինչը, հնարավոր է, հետագայում սպառնալիքի տակ դներ այդ նույն պարտատերերի փողերը։

«Բացի այդ՝ կան պարամետրեր ու ցուցանիշներ, օրինակ, արտաքին պարտքի ամենամյա սպասարկման գումարի տեսակարար կշիռը բյուջետային եկամուտների մեջ, պարտքի առավելագույն շեմը և այլն, որոնցով նույնպես կարելի է գնահատել, թե այն պարտքային քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, օգտակար է, թե չէ։ Այսպիսի վերլուծություն անում են նաև նրանք, ովքեր ՀՀ կառավարությանը  գումար են տվել, քանի որ նրանք ամեն ինչ անում են, որ չկորցնեն այն»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս Reuters-ին տված հարցազրույցում ասել էորկառավարությունը  պլանավորել է 2019 կամ 2020 թվականներին 500 միլիոն դոլար արժողությամբ եվրաբոնդերթողարկելվերաֆինանսավորելու 2013 թվականին թողարկած յոթ տարի մարման ժամկետով պարտատոմսերը:

Նախարարն ասել էոր կառավարությունն առաջիկա տարիներին արտերկրից գումար ներգրավելու կարիք չունի և  կֆինանսավորի բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով:

Գործազուրկների թիվը նվազել է, սակայն աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն կա

Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, աշխատաշուկայի գերակա խնդիրն է շարունակում մնալ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը. գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետների: Գործազրկության, աշխատաշուկայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի  վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն այս տարի որքա՞ն է:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 88609 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 73621-ը:  Գործազուրկների թվաքանակում ամենաշատը ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ 54.8 տոկոս: Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների քանակը կազմում է 12.5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝  18.1,  նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 5.5 տոկոս: Հիմնականում նրանք աշխատանք են փնտրում իրենց մասնագիտությամբ, իսկ չունեցողներին ցանկության դեպքում ընդգրկում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում:

Իսկ ինչպիսի՞ն է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ:

-2016-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 96 106, գործազուրկներինը՝ 79 195: Նախորդ տարվա համեմատ այս տարի ցուցանիշները նվազել են՝ 7.8 տոկոսով աշխատանք փնտրողների թիվը, իսկ մոտ 7 տոկոսով՝ գործազուրկներինը:

-Ո՞ր մարզում է ամենաբարձ և որո՞ւմ ամենացածր գործազրկությունը: Ինչո՞վ է պայմանավորված:

-Ամենաշատ գործազուրկների թիվն այս տարի գրանցվել է Շիրակում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 16244 աշխատանք փնտրող, որից 13236-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Ամենաքիչ գործազրկությունն ունի Վայոց ձորը: 1810 աշխատանք փնտրող կա գրանցված, որոնցից 1275-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Նման ցուցանիշը, իհարկե, կապված է բնակչության թվաքանակի հետ:

-Գործակալության միջոցով այս տարի որքա՞ն մարդ է տեղավորվել աշխատանքի և ո՞ր ոլորտներում:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող: Աշխատատեղերը եղել են ՝ արդյունաբերության , մեծածախ  և մանրածախ  ավտոմեքենաների, մոտոցիկլների նորոգման, սպասարկման  և այլ ոլորտներում: Ի դեպ, նախորդի համեմատ այս տարի ավելի շատ մարդ է տեղավորվել աշխատանքի:

-Ցուցանիշի բարելավումն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ:

 – Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: Ակտիվացրել են ԶՏԿ-ների և գործատուների միջև համագործակցությունը: Սեպտեմբերից սկած իրականացնում ենք նաև տոնավաճառներ, որի արդյունքում հայտնաբերվում են թափուր աշխատատեղեր, ինչպես նաև առաջիկայում կանխատեսվող աշխատատեղեր:  Կառավարությամբ համապատասխան որոշումը ևս նպաստել է ցուցանիշի բարելավմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից քանի՞սն են եղել անմրցունակ և նրանցից քանի՞սը հաշմանդամություն ունեցող անձինք: Ի՞նչ ծրագրեր են նպաստել նրանց տեղավորմանը:

Աշխատանքի տեղավորվածներից անմրցունակ անձանց թիվը 5405 է: Հաշմանդամություն ունեցողներինը՝ 117-ը: Անմրցունակ անձանց աշխատաքի տեղավորմանը նպաստելու համար իրականացրել ենք երկու հիմնական ծրագիր՝ գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 680 անմրցունակ անձի և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրման ծրագրով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 240 անձի: Նախորդ տարի նույն ժամանակում աշխատանքի էր տեղավորվել  ավելի շատ անմրցունակ անձ՝ 5900:

-Իսկ ինչո՞վ կպայմանավորեք այս տարի աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց թվաքանակի կրճատումը:

– Նախորդ տարվա ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր, քանի գործում էին նաև այլ ծրագրեր: Դրանցից էին այլ վայր գործուղման, ձեռնարկատիրական , սեզոնային աշխատանքներին վերաբերող ծրագրերը: Այս ծրագրերը 2016-ի սեպտեմբերին կառավարության որոշումով  հաստատվել էին: Սակայն 2017-ի մարտին կառավարության արձանագրային որոշմամբ՝ ավելի շատ շեշտադրում արվեց նվազ ծախս պահանջվող ծրագրերին՝  գործատուին միանվագ փոխհատուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրմանը:

-Որքա՞ն և ո՞ր ոլորտներում են առկա ամենաշատ թափուր աշխատատեղերը:

 Տարեսկզբից հավաքագրվել է շուրջ 6839 թափուր աշխատատեղ: Առյուծի բաժինը թեթև արդյունաբերության,  սպասարկման և առևտրի ոլորտներում է: Այս երեք ոլորտներում պահանջարկն ավելի շատ է, սակայն առկա են թափուր տեղեր նաև կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում:  Առողջապահության ոլորտում ունենք 469, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 489  թափուր աշխատատեղ: Մարզերում ամենաշատ թափուր աշխատատեղեր կան բժշկի, դասավանդողների, ճարտարապետների մասնագիտությամբ:  Երևանում և մարզերում միջին մասնագիտական կրթությամբ պահանջված մասնագիտություններն են ֆինանսի, առևտրի բնագավառի  գործակալները, գանձապահները, միջին բժշկական անձնակազմը, արվեստի, մարզական բնագավառների աշխատողները, փականագործները:

-Ո՞րն է աշխատաշուկայի գերակա խնդիրն այսօր:

-Ամենամեծ խնդիրն առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: Բոլոր մասնագիտություններով մենք առաջարկ ունենք, սակայն առկա է որակի խնդիր՝ պահանջում են բարձր որակավորման մասնագետներ: Հաճախ գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետի՝ օտար լեզուների, համակարգչային գիտելիքների իմացությամբ, ինչը դժվար է գտնվում:  Կան աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ թափուր են մնացել, քանի որ գործատուն չի գիտել համապատասխան հմտություններ ունեցող մասնագետի: Սա դեռևս աշխատաշուկայի գերակա խնդիրն է:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

Կը Շինեմ Կոր

Երէկ գիշեր ազգային մտահոգութիւններով տարուած կը մտածէի, թէ արդեօք ի՞նչ պիտի գրէր մեծանուն երգիծագիր Երուանդ Օտեան, եթէ բախտը կամ դժբախտութիւնը ունենար ապրելու ամէն մակարդակով անկումի մեր այս օրերը: Սակայն շուտով անդրադարձայ, որ ան արդէն գրած է իր անժամանցելի վէպը, որուն անմահ հերոսն է` Ընկեր Փանջունին: Օտեանի հանճարը մեծ է եւ անարարկելի: Մեր ժողովուրդի ցաւերն ալ նոյնն են ու անբուժելի:

Կը յիշե՞ս սիրելի ընթերցող իր գլուխ գործոց վիպաշարին նշանաւոր նախաբանը՝ «Կենսագրական նօթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին»:

Կարելի՞ է մոռնալ անոր մէկ այս հատուածը.

…Փոքրիկ Փանջունի յաճախ սխալ կը գործածէր բառերը, բոլորովին աղաւաղելով անոնց նշանակութիւնը։ Օր մը սեղանի մը վրայ դրուած արժէքաւոր անօթ մը կ՚առնէ ու գետին նետելով ջարդ ու փշուր կ՚ընէ։

Հայրը, իրիկունը գործէն վերադարձին, կը տեսնէ եղածը և տղան կանչելով ու անօթին կտորտանքները ցոյց տալով կը գոչէ․

— Ծօ՛, ի՞նչ ըրած ես անօթը։

— Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանէ փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։

— Ծօ ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զաւակ։

— Չէ՛, հայրիկ, շինեցի.— Կը պնդէ տղան։

Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրէ, թէ՝ երբ առարկայ մը գետին նետելով կտոր-կտոր կ՚ընենք, այդ գործողութիւնը շինել բայով չի բացատրուիր, այլ՝ կոտրել։ Անկարելի եղաւ բառագիտական այդ նրբութիւնը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մէջ գտնուած գաւաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամէն անգամ որ «Ի՞նչ կ՚ընես կոր» ըսելով զինքը կը յանդիմանէին, անդրդուելի ու անխռով կը պատասխանէր.

— Կը շինեմ կոր։

Քանի՜ քանի ազգային հաստատութիւններ այսօր դժբախտաբար կը ղեկավարուին ընկեր Փանջունիներով սիրելիս, որոնք իրենց կոտրածին՝ կը շինեմ կոր կ՛ըսեն: Եթէ այդ հաստատութիւններուն իրավիճակը տեսնես շա՜տ կը ցաւիս սակայն չես զարմանար, որովհետեւ նման (ան)պատասխանատու մարդոց այսպէս կոչուած ղեկավարութիւնը կամ տնօրինումը տուեալ հաստատութեանց՝ ըլլան անոնք կրօնական, կուսակցական, միութենական, թէ կրթական հաստատութիւններ, աւելի լաւ արդիւնք տուած պիտի չըլլար, մինչ տարբեր արդիւնք ակնկալելն ալ մեր կողմէ ոչ միայն միամտութիւն, այլ՝ ցնորամտութիւն պիտի ըլլար…:

Այդ (ան)պատասխանատուներէն ոմանք  գիտեն, որ իրականութեան մէջ իրենք բան մըն ալ չեն շիներ: Ասոնք նուազ վտանգաւորներն են իրենց տեսակին, որովհետեւ օր մը «կը շինեն» (չես գիտեր ինչ անձնական նպատակի համար), երկու օր «կը շինեն» դարձեալ գիտակցաբար, յետոյ կը ձանձրանան իրենց «արարչութենէն»:

Վտանգաւորները սիրելիս այն այսպէս կոչուած ղեկավարներն են, որոնք լրջօրէն հաւատացած են, որ իրենք՝ «կը շինեն կոր»…:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախի անկախության խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. Հրանուշ Հակոբյան

Պետք է հասնել նրան, որ Արցախի անկախության խնդիրը վերջնականապես լուծում ստանա: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մենք պետք է գնահատենք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անցնող 26 տարում: Հայ ժողովուրդը Հայաստանի եւ Արցախի հետ համախմբված կարողացավ երկու հայկական պետություն ստեղծել. սա մեծ արժեք է, անկախ հայրենիք ունենալը մեծագույն պարգեւ է: Կարծում եմ՝ այն դարձել է ժողովրդավարության մի փոքրիկ հոյակապ կղզյակ, եւ մենք պետք է հստակ ներկայացնենք այն, ինչ կատարվում է Արցախում: Սա ամբողջ հայ ժողովրդի, հայ պետության ակտիվ գործունեության առանցքային հարցերից է: Ես շատ կցանկանայի, որ Եվրոպայի մեր հայերը իրենց գլուխը բարձր պահեին, որովհետեւ դուք Եվրոպայի հավասար քաղաքացիներն եք, ձեր ներկայությամբ եւ աշխատանքով, մտքի պայծառությամբ դուք կառուցում եք Եվրոպան»,-ասաց Սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ ուղղությամբ Եվրոպայում առավել ակտիվ աշխատանքներ  պետք է իրականացվեն:

«Նման տարածքում, որը զարգացածության, ժողովրդավարության եւ քաղաքակրթության կենտրոն է, մեր իրավունքների խնդրում պետք է լինենք  նախանձախնդիր: Պետք է հասնենք նրան, որ Եվրոպայում չլինի մի երկիր, որը ճանաչած չլինի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը: Կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝  միսիոներներ Կարեն Յեպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) և Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:

«Նրանք ցուցաբերել են անգնահատելի խիզախություն և կարողացել են փրկել հազարավոր կյանքեր` ստեղծելով ապաստարաններ, վերականգնողական կենտրոններ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, նյութեր տրամադրել են տարբեր երկրների արխիվները, մարդասիրական կազմակեպությունները, թանգարանները: Խաղարկային դրվագներով 88-րոպեանոց ֆիլմում նկարահանվել են 45 դերակատար: Գլխավոր դերակատարը, ով ներկայացնում է միսիոներների հումանիտար առաքելությունը,  ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենն է»,- «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է 14 երկրի 31 քաղաքում, վերջին ցուցադրությունը կայացել է Մոսկվայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ բոլոր ցուցադրություններից արձագանքը բավական մեծ է եղել:

«Շատերն էին իրենց խոսքում նշում, որ ֆիլմն իրենց համար բացառիկ է, ֆիլմում խոսում են օտարները, այն մարդասիրությունը կրողների, մարդասիրության դրսևորումների մասին է: Ոմանք ֆիլմը դիտելուց հետո ամաչում էին, որ չէին ճանաչում իրենց հերոսհուիներին»,-ասաց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում` Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Լիբանանում, Հունաստանում, Թուրքիայում, Սիրիայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ դժվարություններ շատ են եղել, սակայն նկարահանման ընթացքում, ի զարմանս իրենց, այնպիսի փակ դռներ էին բացվում, այնպիսի խնդիրներ էին լուծվում, որ իրենք անակնկալի էին գալիս:

Մանվել Սարիբեկյանը նշեց, որ նոր ֆիլմ է սպասվում, գործընթացը շարունակություն է ունենալու: Շարունակելու են ներկայացնել այլ երախտավորների պատմությունները` առանցքում ունենալով Հայոց ցեղասպանության դեպքերը: