• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Տավուշում խոցվել է Ադրբեջանի՝ իսրայելական արտադրության մի քանի ԱԹՍ

13.07.2020   19:47

ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ միայն մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ միայն մեկ ԱԹՍ, այլ մի քանիսը, որոնցից մեկը կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը:

 

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հայկական Զինված ուժերի խոցած ադրբեջանական առաջին անօդաչու թռչող սարքի լուսանկարը թույլ է տալիս ենթադրելու, որ այն իսրայելական արտադրության է, սակայն լուսանկարի որակի պատճառով դեռևս դժվար է հստակ պնդել ԱԹՍ-ի մոդելը:

Պատկերվածը կամ հետախուզական Thunder-B է, կամ գլխիվայր շրջված հարվածային (մահապարտ) Skystriker ԱԹՍ: Երկուսն էլ իսրայելական արտադրության են: Thunder-B-ն կիրառվել և խոցվել է նաև ապրիլյանի ժամանակ, իսկ Skystriker-ները համեմատաբար նոր են՝ առաջին անգամ ցուցադրվել են Ադրբեջանի ՊՍԾ սպառազինությունում 2019-ի հունվարին, ապա նաև բանակում:

Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր