• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում

23.10.2017   10:08

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից, որտեղ մասնակցել է խմբերգային արվեստի Աբու-Գոշ փառատոնին։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշքաղաքներում: Փառատոնի մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և  գլխավոր  դիրիժորխմբավար Տիգրան Հեքեքյանը:

«Փառատոնի կազմակերպիչները շատ խստապահանջ են մասնակիցներ ընտրելու հարցում: Առաջին անգամ փառատոնի ողջ պատմության ընթացքում նրանք մանկական երգչախմբի էին հրավիրել: Մեր կենդանի կատարումը լսելով` հիացած էին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց  Հեքեքյանը:

Նրա խոսքով` իրենք այս շրջագայությունը անվանել են «Ուխտագնացություն», քանի որ ելույթներ են ունեցել կարևորագույն վայրերում: «Մեզ տրվեց հնարավորություն պատարագ երգել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում»,-շեշտեց խմբավարը:

Ավետյաց երկրում համերգային շրջագայություն ունենալու հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելի Երգչախմբային Ֆեդերացիայի Աբու-Գոշ միջազգային փառատոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթից։

Սույն թվականի հոկտեմբերի 5-15-ը տևած շրջագայության ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ հնչած դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն ծափողջյունների են արժանացել: Յուրաքանչյուր ելույթ եզրափակվել  է Մայա Շավիթի ոգեշունչ խոսքերով հայ ժողովրդի, Ցեղասպանության մասին նրա հիշողության, շուրջ 100 տարի մղվող պայքարի մասին: Նա հույս է հայտնել, որ իսրայելական կառավարությունը պաշտոնապես կընդունի հայոց ցեղասպանության փաստը:

30 տարուց ավել Աբու-Գոշ փառատոնն  անց է կացվում իսրայելական գեղատեսիլ վայրում գտնվող Աբու-Գոշ գյուղի եկեղեցում։ Երաժշտական յուրօրինակ մի տոնախմբություն, որը վայելելու համար շատ երաժշտասերներ կտրում են հարյուրավոր կիլոմետրեր։ Մասնակից երգչախմբերը, վոկալ անսամբլներն ու մենակատարները կազմակերպիչների կողմից ընտրվում են գերագույն բծախնդրությամբ։ Հրավեր է ուղարկվում միայն աշխարհում իսկապես հեղինակություն վայելող և բարձր գեղարվեստական որակ ունեցող արտիստներին։

Համերգին ներկա են եղել նաև  Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար պրոֆեսոր Սթենլի Սփերբերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար Անատ Էֆրատին:

Ազատ օրերին երգչախմբի 13 անդամները մկրտվել են Երուսաղեմի  հայկական եկեղեցում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր