Հայաստանը և Լեհաստանը մշակութային նոր ծրագրեր կիրականացնեն

Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Հայաստանում: Մշակութային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության առաջիկա ծրագրերի, հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի, Լեհաստանում հայկական համայնքի մասին «Արմենպրես»–ի թղթակիցը զրուցել է Յարոսլավ Սելինի հետ:
-Երեկ հանդիպել եք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ և հետագա համագործակցության փաթեթ եք առաջարկել: Ի՞նչ է ներառված այդ փաթեթում: Հստակ մշակված ծրագրեր կա՞ն:
-Զրուցել ենք երկու երկրների ուսանողների փոխանակման ծրագրի մասին: Լեհաստանի կրթական բոլոր հաստատությունները, երաժշտական ակադեմիաները պատրաստ են ընդունել հայ ուսանողներին: Ցանկանում ենք, որ տարբեր բնագավառների մասնագետնեը Հայաստանից գան Լեհաստան և հակառակը, վերապատրաստվեն, նոր հմտություններ ձեռք բերեն: Դա փորձի փոխանակման հիանալի հարթակ կարող է լինել:
Պարոն Ամիրյանի հետ խոսել ենք նաև Հայաստանում կինոյի մասին օրենքից, որը շուտով կգործի: Կարծում եմ, այն մեզ հնարավորություն կտա հեռանկարում հայ-լեհական ֆիլմարտադրությամբ զբաղվել:
Հաջորդ տարի Հայաստանը նշելու է Առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը, ինչը համընկնում է Լեհաստանում անկախության հաստատման 100-րդ տարեդարձին: Այդ առիթներով պատրաստվում ենք ցուցահանդես բացել Լեհաստանի թագավորական ամրոցում: Ցուցահանդեսի թեման կլինի Լեհաստանի հայկական համայնքի քաղաքակրթությունը:
Ասեմ, որ Վարշավայում Ֆրեդերիկ Շոպենի թանգարանի դիմաց երգող նստարաններ են տեղադրված: Արմեն Ամիրյանը հարցումներ կատարեց դրանց ստեղծման տեխնոլոգիաների վերաբերյալ, որպեսզի Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Երևանում նման նստարաններ տեղադրվեն:
-Այս տարի լրանում է Լեհաստանում հայկական համայնքի գոյության 650-ամյակը: Հայ համայնքի ներկայացուցիչները հատկապես ո՞ր բնագավառներում են ակտիվ. տնտեսական, քաղաքական, մշակութային…
-Նախկինում հայերն իսկապես մեծ դեր են կատարել Լեհաստանի առևտրային ոլորտում, եղել են հրաշալի առևտրականներ, լեհերի համար դռներ են բացել դեպի հեռավոր երկրներ, քանի որ ունեցել են ողջ աշխարհով սփռված հայրենակիցներ: Շատ հաճախ լեհ մագնատները`մեծահարուստները, հայերին հորդորել են տեղափոխվել իրենց քաղաքներ` նպատակ ունենալով նրանց սատարել ու աջակցել առևտրային ոլորտը տվյալ տարածքներում զարգացնելու համար:
Լեհաստանում մեծ հուզմունքով ենք ընդունում հայկական համայնքի 650-ամյա փաստաթղթային գոյությունը: Այդ կապակցությամբ մտածում ենք ընդլայնել լեհահայերի պատմությանն անդրադարձող գրքերի հրատարակության ծավալներն:
Շուտով Հայաստանում ներկայացնելու ենք ցուցահանդես` նվիրված լեհական բանակում ծառայած հայ զինվորականներին, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր երկրի անկախացման հարցում:
-Այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 25-ամյակը: Այդ տարիներին երկու երկրների միջև համագործակցության արդյունքում մշակութային ոլորտում նշանակալի հաջողություններ գրանցվե՞լ են:
–Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անմիջապես հետո մենք մշակութային ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցինք: Այդ համագործակցության գլխավոր արդյունքն այն է, որ Լեհաստանի և Հայաստանի համալսարանները, կրթական հաստատությունները կարողանում են շահավետ հարաբերություններ պահպանել, համագործակցել միմյանց հետ: Հենց այդ հենքի վրա երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց լեհ նկարիչ Հենրիկ Չեշնիկի «Վտանգավոր խաղեր» խորագրով կտավների ցուցահանդեսը: Ապագայում նպատակ ունենք մեկշաբաթյա երաժշտական փառատոն կազմակերպել Լեհաստանում, որտեղ կներկայացվեն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների ազգային երաժշտությունը: Հուսամ` հայկական երաժշտությունն էլ կընդգրկվի փառատոնում:
-Հայաստանում որտե՞ղ եք հասցրել լինել: Ի՞նչն եք հավանել:
-Եղել եմ Զվարթնոցում, Էջմիածնում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շատ եմ տպավորվել: Վաղը պետք է այցելեմ Խոր Վիրապ և Նորավանք:
-Այսօր երեկոյան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Ի՞նչ ակնկալիքներ ունեք խաղից:
-Հույս ունեմ, որ լեհերը հաղթանակ կտանեն, բայց բացարձակապես չեմ տխրի, եթե հայկական կողմը հաղթի:
Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

