• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանում առաջին անգամ կնշվի «Սպարապետի օրը»

04.10.2017   09:16

 Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 7-ին կնշվի «Սպարապետի օրը»։ Խնձորեսկում կայանալիք տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ կանգնած կատարողները դհոլ-զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը: Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների մասնակցությամբ և ուղեկցությամբ տեղի կունենա երթ դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը, որտեղ նրանք զինվորական խոստում կտան և ծաղկեպսակ կդնեն՝ պատվո պահակ կանգնելով ի նշան հարգանքի: Ապա կտրվի զինվորական համազարկ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառման շրջանակներում հանդես կգա «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ցանկացողների համար կկազմակերպվի հայկական ռազմական պարերի (քոչարի, յարխուշտա, վերվերի) ուսուցում: Սբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կհնչեն շարականներ երգչախմբի կատարմամբ: Կանցկացվի նետաձգության մրցաշար:

Այնուհետև տեղի կունենա մանկական թատերական ներկայացում, կանցկացվի հայկական ազգային կոխի մրցաշար, Արցախյան և Հայրենական մեծ պատերազմներում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ կկայանա ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի ելույթը:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական կերակուրներ, թխվածքներ ու խմիչքներ: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ կներկայացնի մարզին բնորոշ կերակրատեսակներ: 

Ելույթ կունենա Արսեն Գրիգորյանի (Մրո) ղեկավարած ազգագրական երգի համույթը՝ ներգրավելով ներկաներին և ելույթը վերածելով իսկական ժողովրդական տոնախմբության:

Կանցկացվի փեյնթ բոլի մրցաշար: Ելույթ կունենան Absolute բենդը և Քրիստինե Մանգասարյանը: Սպարապետների ծառուղով կկայանա թմբկահար աղջիկների քայլերթը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Պարի պետական անսամբլի, Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի, Արսեն Գրիգորյանի (Մրո), ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Կցուցադրվեն գալա համերգի համար պատրաստված ֆիլմեր: Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:

«Սպարապետի օրը» խորագրով միջոցառումը կազմակերպել է «ԿՎՆ ուրախների և հնարամիտների ակումբ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագիրն ունի ռազմահայրենասիրական և մշակութային ուղղվածություն, այն նաև ժողովրդական տոնախմբություն է, ինչը, ակնկալվում է, կլինի շարունակական: Կունենանք ևս մեկ ամենամյա գեղեցիկ միջոցառում, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը դեպի այդ տարածաշրջան և, ընդհանուր առմամբ, դեպի Հայաստան: Միջոցառումը նաև մի յուրօրինակ դաս-պատգամ է երիտասարդ սերնդին այն մասին, որ մեր պետականության ամրապնդման և հզորացման համար միշտ պետք է գնանք առաջ՝ երբեք չմոռանալով անցյալը և մեր պատմությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր