Սփյուռքի նախարարը վեցերորդ համահայկական համաժողովը փորձի փոխանակման մեծ հարթակ է համարում

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը լինելու է քաղաքական, տնտեսական, ազգային և փորձի փոխանակման մեծ հարթակ: «Արմենպրես»ի հաղորդմամբ` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար ՀրանուշՀակոբյանը: Նրա խոսքով` Երևանում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը ի մի է բերելու և ամփոփելու է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ապագային միտված անելիքները:

«Համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից: Հատկանշականն այն է, որ համաժողովին առաջին անգամ են մասնակցելու մոտ 20 հեռավոր երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Սինգապուրը, Սուդանը, Եթովպիան, Թայլանդը և այլն»,- ասաց Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանն ու հայապահպանության հիմնախնդիրներին:

«Առաջին լիագումար նիստում ելույթ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը,  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա վարչապետ Կարեն Կարապետյանը, կքննարկվեն տնտեսական քաղաքականության հետ կապված հարցեր: Իսկ համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը»,- ասաց Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում կներկայացվեն նախորդ՝ 5-րդ համահայկական համաժողովի առաջարկների արդյունքում ձևավորված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի մի կբերվեն բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն:

«Համաժողովում առաջին անգամ անցկացվելու են երկու կլոր-սեղան: Առաջին կլոր-սեղանին քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրվելու է Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին»,– ասաց Հակոբյանը:

Նախարարի խոսքով` համագումարի շրջանակում ձևավորվելու են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումները կներկայացնեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը:

«Կցուցադրվեն գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների նորությունները: «Մեգերյան կարպետը» կներկայացնի հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները կներկայացնի Արցախը: Կլինեն նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ»,- նշեց Հակոբյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ համաժողովի շրջանակում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ:  

 

 

Ֆրանսիայի լավագույն գինեգործի մասնակցությամբ անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց

Հայաստանի խաղողագործության  և գինեգործության հիմնադրամի, մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով հայկական գինիների յուրահատուկ համը և խաղողի որակը: 

«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն: 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը հայկական գինիների ճանաչելիությունը բարձրացնելու գործում. «Աշխարհահռչակ սոմելյեների դրական գնահատականները այցեքարտ կդառնան մեր գինիների համար՝ առավել մրցունակ լինելու և նոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: Հիմնադրամը պատրաստակամ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայկական գինիների վարկանիշը բարձրացնելուն և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բացահայտմանը»

Արմեն Մեհրաբյանի խոսքով՝ ներկայում մարդիկ փորձում են վերադառնալ դեպի արմատները և վերականգնել  հայկական կենցաղում առողջ սնվելու և գինի ըմպելու երբեմնի տարածված ավանդույթը: «Գինու մշակույթը նույնպես վերածնունդ է ապրում, ինչի աջակցմանը և ուղղված է սոմելյեին հրավիրելու մեր նախաձեռնությունը»,- հավելել է նա: 

Միջոցառման ավարտին Ֆրանկ Թոմասը կիսվել է իր տպավորություններով Հայաստանում իրականացրած այցելությունների, բուսական թեյերի, գինու հետ մատուցվող ռեհանի սերմերի հիման վրա պատրաստված ավանդական բանդակների և գինեգործական ձեռնարկությունների  արտադրանքի վերաբերյալ: Մասնակիցները նաև քննարկել են այդ արտադրանքը եվրոպական սպառողին հասցնելու հեռանկարները և հետագա անելիքները։

«Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է արվեստների և արհեստների գրեթե բոլոր ոլորտները

«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնի շրջանակում կցուցադրվեն գորգարվեստի բացառիկ գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության և այլ ոլորտների հետաքրքիր ցուցանմուշներ: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Դիլիջանում։ Այդ մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:

«Փառատոնը նպաստում է երկրի պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: Այն բացահայտում է  հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական պոտենցիալը թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում, նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Այս փառատոնը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ համագործակցության լավագույն օրինակներից է»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց ՀՀ տնտեսականզարգացման և ներդրումների նախարարությանԶբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջինտեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամինախագահ Մարիամ Մինասյանի խոսքով`Դիլիջանի երախտավոր որդիներից մեկը` Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը, փոքրիկ գյուղաքաղաքը դարձրեց մշակութային գեղեցիկ քաղաք: «Այս փառատոնն ասես շարունակում է նրա գործը: Հայաստանի տարբեր գյուղերից, քաղաքներից այստեղ են գալիս վարպետներ և ցուցադրում իրենց գործերը: Ներկայացվում են ասեղնագործ աշխատանքներ, հայկական խաչքարեր, գորգարվեստի նախշազարդ նմուշներ, որոնք ազգային են ու ինքնատիպ: Մեր խնդիրը մեր մշակութային արժեքները մասսայականացնելն ու դրանց տեր կանգնելն է, հակառակ դեպքում մեր հարևանները դրանք հեշտությամբ կյուրացնեն»,-ընդգծեց նա:

Մինասյանը հավելեց, որ փառատոնը նպաստում է նաև միջմարզային շփումների զարգացմանը, ինչը նաև համագործակցության պտուղներ է տալիս:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շեշտեց, որ նախկինում որպես  զբոսաշրջային քաղաք Դիլիջանը ակտիվության հատուկ շրջաններ ուներ, բայց նման փառատոնների շնորհիվ այն աշխուժացել է և աշխատում է ավելի քան ութ ամիս: Քաղաքապետը սիրով բոլորին հրավիրեց մասնակից դառնալ փառատոնին և վստահեցրեց, որ ներկաները մեծ բավականություն կստանան միջոցառումից:

«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Այս տարի յուրօրինակ ու հետաքրքիր ուտեստներ կներկայացնեն նաև սիրիահայերը:

Փառատոնին առանձնակի ձև ու բովանդակություն է հաղորդում դեֆիլեն` ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրումը:

«Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և սփյուռքը:
Փառատոնին նաև կներկայացվի ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը։

Փառատոնի ավարտին ներկայացուցչական ժյուրին կպարգևատրի տարբեր անվանակարգերում հաղթողներին: Տավուշի սահմանը պահող լավագույն զինծառայողներից մեկին կշնորհվի հատուկ «Երախտագիտության մրցանակ»:

Քաղաքագետը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ԼՂ հիմնախնդրի կարգավորման լուրջ առաջընթաց չի ակնկալում

Սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպումից արցախա-ադրբեջանական խնդրի կարգավորման լուրջ առաջընթաց ակնկալել չենք կարող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Այդ հանդիպումն, ըստ էության, հերթական փորձն է՝ ճշտելու կողմերի մոտեցումները, որոնք էական փոփոխության չեն ենթարկվել: Հանդիպումից պետք է սպասել նույնը, ինչ նախորդներից:  Կողմերը ևս մեկն անգամ կհաստատեն իրենց պատրաստակամությունը՝ կարգավորել խնդիրը խաղաղ եղանակով»,-ասաց Մարկարովն ու հավելեց, որ ակնկալիքներ կլինեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահողները կարող են կարգավորման հարցում հանդես գալ որպես դրական դերակատարներ: 

Քաղաքագետի խոսքով՝ Հոգլանդի ներկայացրած առաջարկներում մենք տեսնում ենք սկզբունքներ, որոնք նախկինում ևս առաջարկվել են: 

«Հանդիպումից պետք չէ ակնկալել խնդրի կարգավորման լուրջ առաջընթաց և կողմերի պատրաստակամություն՝ գտնելու նոր լուծումներ կամ բանակցելու նոր առաջարկների վերաբերյալ»,-եզրափակեց Մակարովը:

Հայկական ալկոհոլային խմիչքները մեծ ծավալներով չինական շուկա մտնելու հայտ են ներկայացնում

Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Այս մասին այսօր համատեղ գործունեության պայմանագիր է ստորագրվել երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի և Զարուհի Մուրադյանի միջև։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ «Prօwine China»-ն այս ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների, դիստրիբյուտորների ու մեծածախ գնորդների այցելություն։

«Prօwine China 2017»-ին միասնական տաղավարով Հայաստանի ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնում է գինու, կոնյակի ու սպիրտային խմիչքների 15 արտադրող։ Հայկական ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվում է պետական աջակցության շրջանակում։

Գինու նախորդ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ՀԶՀ աջակցությամբ ձեռք բերված պայմանագրերով հայկական խմիչքներն արդեն արտահանվում են Նիդերլանդներ, Բելգիա, Անգլիա, Գերմանիա և այլ երկրներ։ Իսկ անցած տարի ՀԽԳՀ աջակցությամբ միջազգային հեղինակավոր «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխությանը հայկական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված արտադրանքն արժանացել է 10 ոսկե և 13 արծաթե մեդալի և արտահանման նոր շուկաներ գտել:

«Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային ցուցահանդեսներում հայկական արտադրանքի առաջմղման արդյունավետ փորձ ունի։ Յուրաքանչյուր էքսպոյից մեր պատվիրակություններն արտահանման պատվերներով են վերադառնում։ «Prօwine China»-ից բացի, իմ թիմը պատրաստ է հետագայում նույնպես իր փորձը ներդրնել՝ գործընկեր հիմնադրամների հետ տեղական արտադրանքը միջազգային գնորդներին ու մատակարարներին լավագույնս ներկայացնելու համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն իր գործունեության կարճ ընթացքում արդեն հասցրել է տարբեր միջազգային ցուցահանդեսների միջոցով նշանակալի արդյունքների հասնել հայկական գինիների ճանաչելիությունն ու պահանջարկը միջազգային շուկայում բարձրացնելու գործում: Վստահ եմ՝ այս համագործակցությունը  նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի զարգացման և արտահանման խթանման համար»,-նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Ucom-ի բաժանորդները մատչելի սակագներով ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ զանգելու հնարավորություն կստանան

Հայկական Ucom  և ռուսական MTT ընկերությունները հայտարարեցին նոր ու համատեղ «Ունիվերսալ պլյուս» և «Իմ Հայաստան»  ծառայությունների մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը,  Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ներկայացնելով ծառայության վերաբերյալ մանրամասները, նշեց, որ Dual SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան մեկ SIM քարտում համատեղել երկու հեռախոսահամար` հայկական և ռուսական, հայկական համարը` Հայաստանում, ռուսականը` Ռուսաստանում օգտագործելու համար: «Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ներկայացնել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ պլյուս» հետվճարային սակագնային պլանով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով և կզանգեն Հայաստանի բոլոր ցանցեր մատչելի սակագներով»,- պարզաբանեց Հայկ Եսայանը:

Նա հավելեց, որ սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով Ucom-ի բաժանորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները, ըստ որոնց ընկերության բաժանորդների միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին կատարվում է դեպի Ռուսաստան: «Ունիվերսալ պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1SIM քարտ երկու համարով` հայկական և ռուսական, այլ նաև սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս` ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են»,- ընդգծեց Հայկ Եսայանը:

MTT ընկերության գլխավոր փոխտնօրեն Անդրեյ Աժիգիրովը նշեց, որ Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները և մատչելի գները, ինչպես նաև Aiva Mobile ցանցի ներսում ռոումինգի բացակայությունը մեծ պահանջարկ կունենա Ucom-ի բաժանորդների շրջանում: Նա հավելեց, որ Ռուսաստան ժամանելու պես բաժանորդները ստանում են Sms ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը,կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամարը:

Վիգեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում

Սեպտեմբերի 5-ի առավոտյանՀայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել էՉինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։ 

Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնքմասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլերկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանությանակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետՀայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանըՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների ընթանցքումկուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայսպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսևորում ենբացառապես դրական կողմերով և փայլուն արդյունքների հասնումկրթության մեջ։ 

Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ-չինական պատմականընդհանրություններին, հայկական բանակի ձևավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև խոսել տարածաշրջանայինհիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։ 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև ակադեմիայի սաների հարցերին։

Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական հնարավորություններին:

Սանկտ Պետերբուրգում նշվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հնչեցվել է հովվապետական մաղթանք, այնուհետև համայնքային «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացել Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորել է ներկաներին Արցախի անկախության տոնի առթիվ: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ արցախցիների տոնը համայն հայության տոնն է, քանի որ անկախության տարիների նվաճումները ձեռք են բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է արցախյան ազատամարտին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու մոտեցումները հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Ելույթներով հանդես են եկել նաև Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ԱՊՀ երկրներից փախստական և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Միջոցառումների շարքը եզրափակվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Հայաստանում սեպտեմբերի 6-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           23.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

ԱԺ-ում պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. պարզվել են մի շարք հանգամանքներ

ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ։ Կատարված անհրաժեշտ որոնողական աշխատանքների արդյունքում ահազանգը չէր հաստատվել և պայթուցիկ շենքում չէր հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։ Ըստ նախնական տվյալների՝ հեռախոսահամարն օգտագործում է Երևանի մի բնակչուհի, ով հարցաքննվել է։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: