ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի նկարիչների միության հետ

ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրն ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Կողմերը, արտահայտելով ընդհանուր կամք` բնապահպանական խնդիրների լուծման գործում հասարակության լայն շերտերի ներգրավման, էկոմշակույթի ձևավորման հարցերում համագործակցության վերաբերյալ, համոզված լինելով, որ համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացմանը, հուշագրով ամրագրել  են իրենց պատրաստակամությունը` ձեռնարկել որոշակի գործողություններ և միջոցներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստորագրման արարողության մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը տեղեկացրել է, որ հուլիսի19-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացված «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրով նկարների ցուցահանդեսի ժամանակ  միտք է հղացավ նկարիչների հետ համագործակցությունը նոր որակական հարթության վրա դնելու և այն համագործակցության հուշագրով ամրագրելու մասին:

 ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր խոսքում նշել է, որ հուշագրի ստորագրումը լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի հասարակական միավորումը և պետական մարմինը համագործակցության իրական գործընթաց սկսեն` նպատակ ունենալով հանրային շահ համարվող բնության պահպանության քաղաքականությունը վերածել նաև կոնկրետ գործողությունների: «Այս տեսակետից չափազանց կարևորում եմ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր և այնտեղ մենք տեսանք լուրջ մտահոգություններ, այդ մտահոգությունների` նկարի, նկարչական լեզվով ներկայացում, ինչն այսօր մեր երկրում, ցավոք, շատերի մոտ բացակայում է: Մենք համոզված ենք այն մոտեցման մեջ, որ անհրաժեշտ է էկոկրթության և էկոդաստիարակության շրջանակներում հանրությանն առավելագույնը մատուցել, և դա, մեր խորը համազմամբ կարող է նաև հենց պատկերների տեսքով, նկարիչների ստեղծագործությունների միջոցով լինել` ակնառու ցույց տալու համար, թե որքան վտանգված է Երկիր մոլորակը և որքան կարիք ունի բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, աշխարհի յուրաքանչյուր ծայրում, առավել ևս Հայաստանի յուրաքանչյուր վայրում»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարարը և կարևորել նկարչական պատկերներով` մարդկանց ուղերձներ հղելը, կամ մարդկանց  շրջակա միջավայրի խոցելիության վերաբերյալ տեղեկատվության հասցնելը, ինչը մի կողմից ստեղծագործություն է, մյուս կողմից` շատ հստակ ուղերձ:

Ըստ Արծվիկ Մինասյանի, առաջնային նպատակն այն է, որ ստորագրված հուշագիրը երկար ժամանակ լինի գործունակ, անկախ նրանից, թե ով կղեկավարի ոլորտը: 

Երկու կառույցների միջև համագործակցությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար կներգրավվեն նաև դրամաշնորհային միջոցներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանության հանրային գիտակցության բարձրացման գործողություններին, մյուս կողմից էլ մշակութային գործիչներին հնարավորություն կընձեռվի ստեղծագործել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Արծվիկ Մինասյանը շեշտելով, որ Էկոդաստիրակությունը և էկոկրթությունը գերատեսչության վարած քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն աշնանը ներկայացնելու է էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարությունը, որի ավարտից հետո Հանրապետությունում կիրականացվեն արշավներ և կրթական ծրագրեր, որոնցում էական դեր կունենան նաև նկարիչները: 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ նկարիչներն ուրախ են, որ կարող են ինչ-որ ձևով նպաստել երկրի բնապահպանական խնդիրների լուծմանը: «Մոլորակը վտանգված է և Հայաստանը կարծես դրա կիզակետում է, ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդու ձեռքերով, կամ բնության աղետների պատճառով ոչնչանում կանաչ տարածքները, որոնք շատ սակավաթիվ են Հայաստանում»: Նկարիչների միության նախագահը նշել է, որ նկարիչները, ինչպես մեր բոլոր քաղաքացիներն, անմասն չեն մնա բնապահպանական խնդիրների լուծման գործընթացից և ներկայում կան նկարների ֆոնդեր, որոնց վաճառքից որոշակի գումարներ կարող են ուղղվել բնապահպանական խնդիրների լուծմանը:

Հուշագրով` ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում օժանդակելու և աջակցելու է կերպարվեստի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման, հանրայնացման, լուծման առաջարկների նպատակով նկարիչների միության նախաձեռնած միջոցառումներին, իսկ վերջինս նախաձեռնելու է  միջոցառումներ /ցուցահանդեսներ, անհատական ցուցադրություններ, քննարկում-հանդիպումներ/ կերպարվեստի միջոցով բնապահպանական խնդիրների ներկայացման, դրանց հանրայնացման նպատակով: Հուշագրով համագործակցություն է իրականացվելու նաև էկոլոգիական մշակույթի ձևավորմանը նպաստող այլ գործողություններով:

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:

Անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձեւավորել են բարձր մակարդակի միջպետական երկխոսություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծապես կարեւորել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը եւ բարձր գնահատել դեսպան Լուկաս Գասսերի գործունեությունը հայ-շվեյցարական կապերի խորացման ուղղությամբ:

Արա Բաբլոյանը նշել է. «Շուրջ երեսուն տարի համագործակցում եմ Շվեյցարիայի հետ, եւ մեծ է Ձեր երկրի դերն իմ մասնագիտական կայացման, հայացքների եւ մոտեցումների ձեւավորման գործում»:

Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-շվեյցարական խորհրդարանական կապերի դերը եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության առավել զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուլի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բյումանի գլխավորած պատվիրակության այցելությանը Հայաստան եւ Արցախ. այցելությունը հնարավորություն է տվել ծանոթանալու ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդի հետ, տեղում պատկերացում կազմելու իրավիճակի մասին:

Արա Բաբլոյանը ուրախությամբ նշել է, որ երկու երկրների խորհրդարանականներն իրենց ջանքերը միավորել են նաեւ հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների սերտացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու հարեւան երկրների միջեւ հարաբերություններին:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնությանը տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում միջնորդական գործունեության ծավալելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Թուրքիան հրաժարվեց հարաբերությունները բարելավելու հնարավորությունից՝ ի տարբերություն Հայաստանի: Եվ այսօր ակնհայտ է, որ տարիներ առաջ դեպի ժողովրդավարություն ընթացող Թուրքիայում հետընթաց է տեղի ունենում:

Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերն իր խոսքում անդրադարձել է բարեկամ երկրների՝ տարեցտարի զարգացող եւ ընդլայնվող հարաբերություններին եւ կարեւորել երկու երկրների ընդհանրությունների վրա հիմնված համագործակցությունը:

Դեսպանն ընդգծել է զբոսաշրջության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառներում առկա համագործակցության եւ դրա ընդլայնման հնարավոր ուղիների կարեւորությունը:

Լուկաս Գասսերը կարեւորել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, ընդգծել ակնհայտ առաջընթացը եւ իր գոհունակությունը հայտնել մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալի մեծացման հետ կապված:

ԱԻՆ աշխատակիցները Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր են ստացել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը լինելու է շարունակական և արվելու է ամեն ինչ, որպեսզի համատեղ ուժերով դեռևս առկա խնդիրները ստանան համապատասխան լուծումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետև փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայութան Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանին, փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կորյուն Արզումանյանին, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանին:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վահագն Ալավերդյանը, Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության Արաբկիր բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արման Նալգրանյանը և փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, փ/ծ ավագ ենթասպա Նորայր Ավագյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանին կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառած անձն անմեղսունակ է ճանաչվել

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը. մեղադրյալը ճանաչվել է անմեղսունակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց  բուժօգնության է տեղափոխվել  2017 թվականի հուլիսի 17-ին, որտեղ  օրեր անց՝ հուլիսի 20-ին,  մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ պրոֆեսորը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր աշխատասենյակում, հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանի կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն՝ մեղադրյալի հոգեկան վիճակը, այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին, պարզելու համար:

Համաձայն ստացված եզրակացության՝ Հ.Համբարձումյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ և իրավախախտումը կատարելիս գտնվել է հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան ճանաչել են անմեղսունակ:

Քննիչը որոշում է կայացրել քրեական գործով Հ.Համբարձումյանի  նկատմամբ հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ: Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:     

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկ շաբաթում Երևանում ծնվել են 224 տղա և 198 աղջիկ

Երևանում օգոստոսի 25-31-ը մայրաքաղաքում ծնվել են 422 երեխա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:

Մայրաքաղաքում մեկ շաբաթում ծնվել են 224 տղա, 198 աղջիկ:

Ծովագյուղում սկսվել է հնդկացորենի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի հնդկացորենի արտերում սկսվել է բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ծովագյուղի Արծափ-Հնդկացորեն» կոոպերատիվի նախագահ, հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշես Խալաֆյանը, այս տարի Ծովագյուղում հնդկացորենի ցանքերը կազմում են 111 հեկտար, որից 8 հեկտարի վրա արդեն ավարտվել են բերքահավաքի աշխատանքները: Յուրաքանչյուր հեկտարից ստացվել է մոտ 12 ցենտներ բերք:«Այս տարին անչափ անբարենպաստ ստացվեց բերքի համար: Մեր ցանքերը վնասվեցին կարկտից, ցրտահարությունից ու տեւական երաշտից: Եթե Ռուսաստանից բերված հատուկ պարարտանյութով չսնուցեինք ցանքերը, եղած արդյունքն էլ չէր ապահովվի: Ի դեպ, 50 հեկտար հնդկացորենի ցանք կարկտահարվեց հունիսի վերջերին, եւ ստիպված եղանք կրկնացանք կատարել, ինչը գոհացնող արդյունք տվել է: Այս պահին վերամշակման գործարանում ընթանում են գազաֆիկացման աշխատանքներ, որի ավարտից հետո արդեն կսկսենք հումքի վերամշակման աշխատանքները: Այս պահին դեռ իրացման հարցում չենք շտապում, քանի որ շուկայում որոշակիորեն նվազել է հնդկաձավարի գինը: Մտածում ենք հնդկացորենի ալյուր եւ հաց ու թխվածքներ արտադրելու ուղղությամբ: Պատրաստ ենք վերամշակել նաեւ մարզի մյուս համայնքներում ցանված հնդկացորենի բերքի ողջ ծավալը, քանի որ գործարանի գազաֆիկացումը դրա հնարավորությունը տալիս է»,-ներկայացրեց Արտաշես Խալաֆյանը:

Կոոպերատիվի նախագահի կարծիքով՝ հնդկացորենի ցանքերը Ծովագյուղում եկող տարի կարող են ընդլայնվել, եթե կազմակերպությունը կարողանա կառավարության աջակցությամբ մատչելի վարկավորում ստանալ:«Մենք ներդրումային ծրագիր ենք ներկայացրել կառավարություն՝ խնդրելով ցածր տոկոսներով վարկավորում՝պահեստային մաս կառուցելու, հացահատիկահավաք կոմբայն եւ վարուցանք կատարող տեխնիկա ձեռք բերելու համար: Այդ խնդիրները լուծելու դեպքում, անկասկած, եկող գարնանը կարող ենք նկատելիորեն ավելացնել հնդկացորենի ցանքատարածությունները»,-հավաստեց Արտաշես Խալաֆյանը: Հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները տեղում դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

Խոսրով Խլղաթյան

Բակաու քաղաքում ռումինահայ ֆիլմի եւ թատրոնի փառատոն է կազմակերպվել

Ռումինիայի Բակաու քաղաքի կենտրոնում՝ Եռագույնի հրապարակում, Սեպտեմբերի 1-3-ին Ռումինիայի Հայոց Միության Բակաուի մասնաճյուղը (նախագահ Հակոբ Վասիլե) Բակաուի քաղաքապետարանի հովանու ներքո կազմակերպել էր Հայկական ֆիլմի եւ թատրոնի 5-րդ փառատոնը, որը կրում էր«Հայաստան» անունը եւ որին մասնակցեցին հազարավոր ռումինացիներ։

Եռօրյա փառատոնի ընթացքում ռումինահայ տարբեր ռեժիսորներ ներկայացրին իրենց ֆիլմերը՝ «City Tour», «Ուժեղ զրնգոց եւ կրեմով տորթ» (Անդրեյ Տեոդորեսկու), «Նորավանք» (Ֆլորին Գեւորգյան), «Քաշմի կապոց», «Երբ մահն ուշանում է» (Արմինե Ոսկանյան), «Հաշտություն, հաշտություն», «Մեդիտացիա» (Անդրեյ Լեւոն Ինիզյան),  ինչպես նաեւ ցուցադրվեց ամերիկյան «Խոստումը» ֆիլմը։ Թատերական մասում Բուխարեստի «Ռամպա» երիտասարդական թատերախումբը ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի մոտիվներով«Տեղդմնացիրյան» (Staipelochian) գործը։ «Ծովի մակերեսի վրա» (Ստավոմիր Մրոզեկ) թատերական ներկայացմամբ հանդես եկավ«Գեւորգյան խումբը»։ Թատերական ներկայացումներ եւ այլ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ երեխաների համար։

Երաժշտական մասում հրաշալի երեկո կազմակերպեց ռումինահայ հայտնի երգչուհի Կորինա Կիրիակը, հայկական անզուգական պարերը ներկայացրին Բուխարեստի «Վարդավառ» (պարուսույց՝ Բելա Մարտիկյան) եւ Գեռլայի «Հայաքաղաք» (պարուսույց՝ Էրիկա Էստեգար) պարախմբերը։ Դուդուկի վարպետ կատարումներով հանդես եկավ Կոսմին Ռաֆաել Բալեանը:

Փառատոնի անակնկալներից էր Վարդավառի կազմակերպումը քաղաքի կենտրոնում, ինչը նորություն էր բազմաթիվ ռումինացիների համար։

Այլ ազգային փոքրամասնությունները՝ հույներն ու գերմանացիները, նույնպես մասնակցեցին փառատոնին՝ ներկայանալով համապատասխանաբար«Արետի» պարային խմբով եւ «Zwel Mal Zwei» երգչախմբով։

Փառատոնի տպավորիչ պահերից էր սեպտեմբերի 1-ի երեկոյան Ռումինիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հրապարակային ցուցադրումը Եռագույնի հրապարակում։

ՌՀՄ Բակաուի մասնաճյուղի նախագահ Հակոբ Վասիլեն դրական է գնահատում փառատոնի անցկացումը․ «Փորձեցինք Բակաուի հասարակությանը երեք տոնական օր նվիրել՝ կապված հայկական ֆիլմի, թատրոնի, երաժշտության հետ եւ ոչ միայն։ Հրավիրեցինք Ռումինիայի հայ համայնքի հայտնի արտիստներին եւ խմբերին։ Առաջին անգամ մեր փառատոնի ընթացքում անցկացվեց «ջրային կռիվը»՝ Վարդավառը, որը մեծ արձագանք գտավ հատկապես երիտասարդների շրջանում»։

Փառատոնին բազմաթիվ հայեր էին ժամանել Ռումինիայի տարբեր քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Պիտեշտ, Յաշ, Թըրգու Օկնա, Բոտոշան, Ռոման, Կլուժ-Նապոկա, Գեռլա, Դումբրավեն, Բայա Մարե եւ այլն։ Փառատոնի ամբողջ ընթացքում հրապարակի ողջ երկայնքով գործում էին հայկական տաղավարներ, որոնք տեղացիներին առաջարկում էին հայ եւ հայերին առնչվող գրականություն, բազմազան ձեռագործ աշխատանքներ, հայկական սուրճ, տարբեր խաղեր երեխաների համար եւ այլն, ինչպես նաեւ գործում էր շուրջօրյա ցուցահանդես հայկական մոտիվներով։ 

Արսեն Արզումանյան

Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր ADAMI մրցանակաբաշխության գիտաժողովը

 Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող «Ադամի» մեդիա-մրցանակը Երևանում մշակութային գիտաժողով կանցկացնի մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության թեմաներով աշխատող հեռուստալրագրողների, պրոդյուսերների և ռեժիսորների համար: «Ադամի» մեդիա մրցանակաբաշխությաններկայացուցիչ Վախթանգ ԿունցևԳաբաշվիլին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ գիտաժողովը կանցկացվի 2017թ. նոյեմբերի 4-5-ը:

«Գիտաժողովի նպատակը հանդիպումներն են, փորձի փոխանակումը, հետագա շփումների հեռանկարը և Եվրոպայի հեռարձակողների և ռեժիսորների հետ համագործակցությունը: Նման գիտաժողովներ կանցկացվեն նաև Արևելյան գործընկերության մյուս երկրներում`Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում: Հայաստանից գիտաժողովին մասնակցելու համար կընտրվի 23 մասնակից: Ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը»,– «Արմենպրես»ի փոխանցմամբ` ընդգծեց Կունցև-Գաբաշվիլին:

Նա մանրամասնեց, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, կկիսվեն իրենց փորձով, կուսումնասիրեն և մասնակիցների ներկայացրած աշխատանքները, կաջակցեն խորհուրդներով: գիտաժողովի ընթացքում ներկայացված լավագույն աշխատանքները կարող են մասնակցել 2018թ. Մոլդովայում կայանալիք մրցանակաբաշխությանը: «Այս անգամ մենք նաև նորություն ունենք: Եթե նախկինում մրցանակաբաշխությունը միայն հեռուստալրագրողների, ռեժիսորների և պրոդյուսերների համար էր, ապա հիմա դրան կարող են մասնակցել նաև այն մարդիկ, ովքեր զբաղվում են վեբ-դիզայնով: Քիչ առաջ ես տեղեկացա, որ այս անգամ նրանց համար առանձին մրցույթ է լինելու»,- ասաց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպանմամուլի դեպարտամենտի ղեկավար Կլաուս Վենդելբերգերընշեց, որ «ADAMI-երկխոսություն-Երևան» գիտաժողովն ընդունում է արտադրության տարբեր փուլերում գտնվող նախագծերի հայտեր` մտահաղացումից մինչև մոնտաժ. հրավիրված մասնագետների կողմից մասնակիցները կստանան նախագծի զարգացմանը, նկարահանումներին և մոնտաժին վերաբերվող առաջարկություններ: «Մեդիա մրցանակի նպատակն է խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին Արևելյան գործընկերության երկրներում  հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաների առաջխաղացման համար: Մրցանակը շնորհվում է մշակութային բազմազանության թեմային նվիրված լավագույն հեռուստատեսային ֆիլմերի և առցանց ծրագրերին: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է ստանում նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից: Նպատակը մեկն է` Արևելյան գործընկերության երկրներում խթանել լրագրողներին և ռեժիսորներին որքան հնարավոր է շատ անդրադառնալ մշակութային բազմազանության, հանդուրժողականության թեմաներին»,- մանրամասնեց փոխդեսպանը:

 «Ադամի» մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ «Ադամի»-ն Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր մեդիամրցանակաբաշխությունն է` գոհունակությամբ նկատելով, որ այս տարի այն գիտաժողով է անցկացնելու նաև Երևանում: «Այս մրցանակաբաշխությունը իսկապես լայն հնարավորություն է բացում մեր մեդիա դաշտի համար: Բոլոր լրագրողներին, ռեժիսորներին կոչ եմ անում օգտվել այս առիթից: Այն բացառիկ հնարավորություն է պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու, նրանց խորհուրդները լսելու առումով»,- ասաց նա:

ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը գուցե պայմանավորված էր համագործակցության ձևաչափի փոփոխմամբ

Հայաստանը չի մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին գուցե այն պատճառով, որ համագործակցությունն այս անգամ այլ ձևաչափ է կրել: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Զորավարժություններին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ պաշտոնական հաստատում չի եղել: Այլ վարկածները կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այս զորավարժությունները գուցե չեն համապատասխանել համագործակցության այն ձևաչափին, որում ՆԱՏՕ-ի ուժերի հետ ներգրավված էր նաև Հայաստանը: Նախորդ զորավարժություններին, որոնց Հայաստանը մասնակցել է, ներկայացված է եղել հայկական հումանիտար ռազմական բլոկը: Նախկինում ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործողություններում Հայաստանն իրականացրել է ավելի շատ հումանիտար առաքելություն»,-ասաց քաղաքագետն ու հավելեց, որ հետաքրքրվածության բացակայությունը գուցե պայմանավորված է եղել տվյալ գործոնով: 

Նրա խոսքով, հաշվի առնելով անվտանգության պահպանման գործընթացի զարգացումները՝ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող համագործակցությունն իրականացվում է ՀԱՊԿ-ի ձևաչափի շրջանակում: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը շարունակում է  համագործակցել, սակայն ոչ այնքան խորացված ձևով, որքան ՀԱՊԿ-ի հետ: Ամեն դեպքում Հայաստանը համապատասխան համագործակցային ձևաչափեր ունի երկու տարբեր կազմակերպությունների հետ: Մնացած կարծիքների համար հիմնավոր փաստեր չկան: Չմասնակցելու պատճառն Ադրբեջանը չի եղել:

«Զորավարժության  նպատակներից է ուժեղացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի եվրոպական շտաբի հետ: Իսկ մեր ռազմական ստորաբաժանումների հիմնական նպատակում այն ներառված չէ»,-ասաց Մարկարովն ու հավելեց, որ Հայաստանը այս զորավարժություններին չմասնակցելով կարևոր բան չի կորցրել:

Փաստաբանների պալատի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրվել

 Փաստաբանների պալատի նոր նախագահի ընտրություններում միակ թեկնածուն ՓՊ գործողնախագահ Արա Զոհրաբյանն է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալում:

Նրա կարծիքով, այլ թեկնածուների չլինելու պատճառը նրանց ինքնավստահության պակասն է:

«Երևի, վստահ չեն մնացածները, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց վստահության քվեն նրանց կտրամադրի: Ես չեմ ասում, որ արժանիքներով որևէ մեկից ավելի լավն եմ, ես այդպիսի մեծամտությամբ չեմ տառապում: Կարծում եմ, որ իմ ընդդիմախոսներն իրենց ծայրահեղ դրսևորումներում անուղղակիորեն վիրավորանքներ էին հասցնում փաստաբաններին»,– ասաց Զոհրաբյանը:

Նրա համար վիրավորական է, երբ ընդդիմախոս փաստաբանները հիշում են, որ որակյալ փոքրամասնություն են, կամ երբ նշում են, որ նոր արտոնագիր ստացած փաստաբանը դեռ փաստաբան չի կարող համարվել, քանի որ չի անցել ինչ-որ ճանապարհ:

«Ինձ համար վիրավորական է նաև, որ ասում են, թե իբր բոլոր փաստաբանները ճնշված են, երբ նշում են, որ փաստաբանների պալատը կարողանում է վարչական ռեսուրս կիրառել փաստաբանների նկատմամբ: Ես ցանկանում եմ որպես մեկնաբանություն ասել, որ փաստաբանների պալատը գերատեսչական շահ չունի, ի տարբերություն այլ պետական կառույցների»,- ընդգծեց Փաստաբանների պալատի նախագահը:

Նա շեշտեց, որ եթե որոշ փաստաբաններ ուզում էին փրկել փաստաբանների պալատն իրենից, լավ կլիներ, որ ընտրություններին ընդդիմախոսները միասնական թեկնածուով հանդես գային:

«Եթե նրանք կարծում են, որ ես սխալ քաղաքականություն եմ վարում և իրենց պատկերացմամբ կործանարար գործունեություն ծավալում, այս իրավիճակում վստահ եմ, որ պետք է առաջադրեին իրենց թեկնածուին և փրկեին պալատն ինձանից»,- ասաց  Զոհրաբյանը:

Նրա պնդմամբ՝ ամեն դեպքում, եթե նա միակ թեկնածուն է՝ չի նշանակում, որ անպայման ընտրվելու է:

«Հնարավոր է՝ փաստաբանների կեսից ավելին չմասնակցի ընտրությանը, և 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում չըտնրվեմ, կամ էլ ուղղակի բոլորը դեմ քվեարկեն»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Իր պաշտոնավարման տարիներին պալատում կատարված փոփոխությունների մասին ՓՊ նախագահն ասաց, որ ստեղծվել են հանձնաժողովներ, ինստիտուտներ և խորհուրդներ:

«Վերջին 4 տարվա ընթացքում իմ աշխատանքի ընթացքում ստեղծվել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, մարզերում կան մարզային համակարգողի գրասենյակներ, ստեղծվել է փաստաբանների երիտասարդական խորհուրդ, որի գործառույթը երիտասարդ փաստաբաններին պալատին ինտեգրելն է, ստեղծվել է արագ արձագանքման խորհուրդ և այլն»,– նշեց ՓՊ նախագահը:

Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 9-ին: