• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. Վարդան Արամյան

27.10.2017   06:31

Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. այսպես է «Արմենպրես»-ի հետ զրույցում 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բնութագրում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Յուրաքանչյուր տարվա բյուջեն յուրահատուկ նախանշում ու անվանում ունի: 2017թ. բյուջեն անվանվել է կայունացման բյուջե: Քանի որ երկու տարի անընդմեջ ունեցել էինք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական շոկեր, որոնց դիմակայելու համար ստիպված էինք պարտք վերցնել, որպեսզի մեզ մոտ տնտեսական անկում չգրանցվի, 2017թ. մենք դրոշակ բարձրացրեցինք՝ ասելով՝ պետք է կայունացնել վիճակը, որովհետև հնարավոր չէ նույն տեմպերով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել: Փորձ է արվում իրագործել այդ քաղաքականությունը և կարծես թե հաջողվում է: Մենք խոստացել էինք, որ դրանից հետո պետք է տնտեսական աճը կայունացնել, որպեսզի հնարավոր լինի հասնել 5 տոկոս տնտեսական աճի»,-պարզաբանեց նախարար Արամյանը:

Նրա խոսքով՝ այն գործողությունները, որոնք դրվել են 2018թ. բյուջեի հիմքում, սրտում, միտված են լինելու զարգացման փուլի մեկնարկին. «2017թ. կայունացրեցինք, 2018 թվականին պետք է սկսենք զարգանալ»:

Հաջորդ տարվա համար կանխատեսվում է 4,5 տոկոս իրական տնտեսական աճ. դրան հասնելու համար էապես ավելացվում են կապիտալ ծախսերը՝ շուրջ70 տոկոսից ավելի: Եթե 2017թ. կապիտալ ծախսերը հաստատված բյուջեով կազմել են 98.6 միլիարդ դրամ, ապա 2018թ. ծրագրվում են 172.6 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր:

«Ընդ որում, պահպանվելու է ոսկե կանոնը՝ պակասուրդն ավելի ցածր է լինելու, քան կապիտալ ծախսերը (պակասուրդ/ՀՆԱ՝ 2,7 տոկոս, կապիտալ ծախսեր/ՀՆԱ՝ 3 տոկոս), այսինքն՝ պարտք ենք վերցնում կապիտալ ներդրում կատարելու համար և ոչ ընթացիկ ծախսերի»,-պարզաբանում է նախարարը:

2018թ. պետական բյուջեի եկամուտները ծրագրվում են 1,307.3 միլիարդ դրամ (2016թ. փաստացի 1,135.9 միլիարդ դրամի և 2017թ. հաստատված 1,210.0 միլիարդի դիմաց): Հաջորդ տարվա բյուջեի նախագծում ծախսերը ծրագրվել են 1,464.2 միլիարդ դրամ (2016թ. փաստացի 1,420.6 միլիարդ դրամի և 2017թ. հաստատված 1,360.1 միլիարդի դիմաց), դեֆիցիտը՝ 156.9 միլիարդ դրամ (2016թ. փաստացի 284.7 միլիարդ դրամի և 2017թ. հաստատված 150.1 միլիարդի դիմաց):

2017 թվականին տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր վերականգնողական աճ, որը պայմանավորվել է արդյունաբերության և ծառայությունների բարձր աճով: 2018 թվականին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում: Կանխատեսվող ժամանակաշրջանում հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող է լինելու: ՀՆԱ-ի ճեղքը փակվում է, որի պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունը զսպող է՝ ուղղված պետական պարտքի կայունության պահպանմանը: 2018թ. բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն են՝ տնտեսական աճ (ՀՆԱ-ի իրական աճ)՝ 4,5 տոկոս, սպառման մակարդակը (սպառում ՀՆԱ-ում)՝ 91,1, ներդրումների մակարդակ (ներդրում/ՀՆԱ)՝ 18,4, ՀՆԱ-ի դեֆլյատոր՝ 103,5, 12-ամսյա գնաճ՝ 4, արտահանում/ՀՆԱ՝ 37,4, ներմուծում/ՀՆԱ՝ 48,5, հարկային եկամուտներ/ՀՆԱ՝ 21,3, ճշգրտված հարկային եկամուտներ/ՀՆԱ՝ 21,3, պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ՝ -2,7:

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները կմեկնարկեն հոկտեմբերի 30-ից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր