• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանում արյան դոնորները բնակչության քիչ տոկոսն են կազմում. մեկնարկեց փոխներարկումային բժշկության վերաբերյալ միջազգային համաժողովը

27.10.2017   11:15

Հայաստանում մեկնարկել է «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը: Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Արյան փոխներարկման միջազգային կոմիտեի (ISBT), Արյան փոխներարկման եվրոպական դպրոցի (ESTM) ու Հայկական արյունաբանական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպված համաժողովի  նպատակն  է բարելավել տրանսֆուզիոն բուժօգնությունը Հայաստանում և համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, ով նշեց, որ սա տրանսֆուզիոն բժշկությանը նվիրված առաջին միջազգային ISBT կրթական միջոցառումն է, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրոպայի և Ռուսաստանի փոխներարկումային բուժօգնության առաջատար մասնագետները: Նրանք զեկույցներ են ներկայացնելու արյան բաղադրամասերի պատշաճ կիրառման,  արյան դոնորների առողջության պահպանման, իմունաարյունաբանության եւ մի քանի այլ թեմաներով:

«Աշխարհում տրանսֆուզիոն բուժօգնությունը բավականին արագ է զարգանում, ստեղծվում են արյան անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են փոխներարկվող արյան որակը: Մեր երկիրը գտնվում է այնպիսի մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որ տրանսֆուզիոն բուժօգնությունը շատ կարեւոր է մեր երկրի առողջապահության կազմակերպման համար: Այն  ընկած է բժշկության մի խաչմերուկում, որը մի շարք մասնագիտությունների հաջող իրականացման շատ  կարեւոր գրավականն է եւ  առողջապահության որակի համար իր որակական հատկանիշներով շատ կարեւոր տեղ ունի:  Այս առումով  հատկանշական է նմանատիպ կրթական միջոցառման  կազմակերպումը մեր մասնագետների համար, որպեսզի նրանք ծանոթանան միջազգային փորձին: Գիտենք, որ Առողջապահության նախարարությունը եւ Կառավարությունը իրականացնում են արյան ծառայության օպտիմալացման ծրագիր, եւ այս առումով այն եւս կարեւորվում է  օպտիմալացման հետ կապված խնդիրները քննարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Սմբատ Դաղբաշյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կա արյան հավաքագրման 21 կետ, իսկ արյան փոխներարկման բաժանմունքներ՝ մարզային 6 հիվանդանոցներում: Նրա խոսքով՝ այդ բաժանմունքները շատ կարեւոր նշանակություն ունեն, քանի որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում:

«Շատ ժամանակ սահմանին ունենում ենք վիրավորներ, ուստի ռեգիոնալ արյան բաժանմունքները կարեւոր են մեզ համար»,- ընդգծեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ Հայաստանում արյան դոնորները կազմում են բնակչության միայն 0,3 տոկոսը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրի արյան բաղադրամասերով ինքնաապահովման համար անհրաժեշտ է բնակչության դոնորների 2 տոկոսը:

Կենտրոնի տնօրենի դիտարկմամբ՝ Հայաստանը ամենացածր դոնորական արյան հավաքագրող երկրների շարքում է, եւ այս համաժողովը նաեւ նպաստելու է  նման խնդիրների բարձրացմանը հասարակության շրջանում:

«Տարեկան ունենում ենք 14.000 արյունատվություն, բայց մեր հաշվարկներով պետք է ունենանք շուրջ 25 հազարը»,-շեշտեց Սմբատ Դաղբաշյանը՝ հույս հայտնելով, որ  առաջիկա տարիներին դոնորների թիվը կավելանա:

Նա անդրադարձավ նաեւ մարզային առողջապահության զարգացմանը՝ ընդգծելով, որ մեծ ծավալով արյան կենտրոնացումը Երեւանում նշանակում է, որ լուրջ վիրահատությունները եւս կենտրոնացված են մայրաքաղաքում, ուստի պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել մարզային առողջապահությանը:  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր