• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի հրդեհից տուժածներին

25.10.2017   11:50

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 25-ին մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը:

Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն  այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ: Բացի այդ, ընտանիքները օրը մեկ անգամ տաք ճաշ կստանան ՀԿԽԸ բարեգործական ճաշարանում, որը գործում է Արմավիր քաղաքում՝ միայնակ տարեցների համար:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00 սահմաններում խոշոր հրդեհ էր բռնկվել  Արմավիրի  մարզի Արմավիր    քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում: Հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ մոխրացել էր,  իսկ շենքում բնակվող 11 ընտանիքները՝ մնացել անօթևան:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի  միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և  հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ,  նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության  պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր  պայմաններում գտնվող մարդկանց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր