• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Սպասվող լրահոս. 6.10.2017

06.10.2017   05:27
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Պետական գերատեսչությունների հաշվետու ասուլիսները շարունակվում են: Այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ կհանդիպի ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա կներկայացնի վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները:

Տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը կնախագահի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կքննարկվեն սիրիահայերին ցուցաբերած աջակցությանը և նախատեսվող ծրագրերին, Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացին, ամառային հանգստին վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալու է միության համագումարը: Միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի իր ծրագիրը:

«Մերիդիան» էքսպո  կենտրոնում տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովը: Համատեղ լիագումար նիստի ընթացքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի այլ պաշտոնյաների մասնակցություն: Պլենար նիստի շրջանակներում կստորագրվեն մի շարք պայմանագրեր: Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև Հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովը:

Հոկտեմբերի 7-ին անցկացվելու է «Արենի» գինու փառատոնը: Օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ, որից հետո կկայանա հայկական գինեգործական 21 ընկերությունների՝ ավելի քան 100 տեսակի գինիների համտես-մրցույթ: Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները կգնահատեն գինու միջազգային առաջատար փորձագետներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կներկայացնի երեխաների իրավունքներին նվիրված նոր կայք: Շնորհանդեսին կնախորդի «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» թեմայով քննարկում, որի ընթացքում ելույթ կունենան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության՝ Հայաստանում և Վրաստանում տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Գեորգի Մուրադովը հանդես կգա ասուլիսով: Նա կխոսի հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես՝ Ղրիմի հետ կապի, նաև թերակզղում բնակվող հայերի կյանքի մասին։ Մուրադովը մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր կհանձնվեն երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին։ Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործող պետական բուհերը, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։

Հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կկայանա Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների համաժողովը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մամուլի ասուլիսին կներկայացնի համաժողովի մանրամասները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Հայաստան վերադարձնելու և կոմպոզիտորի տուն-թանգարանին նվիրելու հանդիսավոր արարողությունը: Կմասնակցի նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր