• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մեկնարկել է Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավը. ինչո՞ւ ընդդիմադիրները խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

17.02.2020   20:25

Այսօրվանիցՙ փետրվարի 17-ից, մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կտևի 44 օր ու կավարտվի ապրիլի 3-ին: Ձևավորվել է «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբ։ Հետաքրքրական է, որ ընդդիմադիր ոչ մի կուսակցություն այդպես էլ չստանձնեց «Ոչ»-ի շտաբի ձևավորման պատասխանատվությունն ու ղեկավարումը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ հայտարարեց, որ ընդհանրապես չի մասանկցելու քարոզչությանը, քանի որ այն հակասահմանադրական է: Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրությանը կոչ արեց բոյկոտել ապրիլի 5–ին կայանալիք ընտրությունը: Մնացած արտախորհդարանական  ընդդիմադիր ուժերն ու փոքր կուսակցությունները ինչ-որ չափով մասնակցելու են «Ոչ»-ի քարոզչությանը:

Խորհրդարանական, այսպես ասած, ընդդիմադիր ուժերից Բարգավաճ Հայաստանը ևս հայտարարեց, որ չի մասնակցի իրավական կողմից խոցելի այս հանրաքվեին: Ըստ էության, իշխող կուսակցությունը միայնակ է պայքարելու 650 հազար այո ստանալու համար: Այս օրերին իշխանության ներկայացուցիչները մեծ ուժերով լծվել են այդ գործին:

«Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հավանաբար, ինչպես նախկինում, այժմ ևս քարոզարշավի լիարժեք իրականացման համար նախարարը արձակուրդ կվերցնի ու նախկին իշխանության անդամների նման կզբաղվի քաղաքական քարոզչությամբ Ի դեպՙ նախկինում ներկա իշխանության անդամները մշտապես քննադատում էին ՀՀԿ-ականներին ընտրությունների ժամանակ պաշտոնի հետ քարոզչությունը հմատեղելու համար:

«Ոչ»-ի շտաբում ընդգրկվել են իրավապաշտպաններ, իրավաբաններ, հասարակական գործիչներ: Այնուամենայնիվ, ինչու ոչ ոք չստանձնեց «Ոչ»-ի շտաբի ղեկավարման քաղաքական պատասխանատվությունը: Միանշանակ է, որ քաղաքական ընդդիմադիր ուժերից ոչ մեկն այս պահին չունի այն հեղինակությունը, որով կարող է հասարակությանը կոչ անել չմասնակցել հանրաքվեին: Դրա հետ մեկտեղ, նախկին ընտրությունների ու հանրաքվեի փորձը ցույց է տալիս, որ հանրությունը ակտիվ չէ հանրաքվեների մասնակցության հարցում: Միանշանակ իշխանությունների համար բարդ է լինելու 650 հազար այո ձայն հավաքել: Ի դեպՙ քվերակությանը չմասնակցելն ավտոմատ նշանակում է ոչ: Հավանաբար, «Ոչ»-ի կողմնակիցները հույսները դրել են ընտրություններին չմասնակցողների վրա: Այդ իսկ պատճառով ոչ ոք հանարձակություն չունեցավ ստանձնել ոչ ձայների, որը կարող է շատ փոքր թիվ կազմել, պատասխանատվությունը:

Եվ վերջապես, հասարակությունը բավարար չափով տեղեկացված չէ, թե ինչ նպատակով է այս հանրաքվեն անցկացվում: Դա էլ ստիպելու է նրանց պարզապես չմասնակցել: Այս պարագայում անգամ Նիոլ Փաշինյանի հեղինակությունը չի կարող մեծ դեր խաղալ: Քանի որ այս դեպքում չկա Սերժ Սարգսյանից ազատվելու խնդիր: Այս դեպքում չկա «Սերժիկ հեռացիր» կոչ, որը մարդկանց ոգևորի: Այս դեպքում կա «Հրայր հեռացիր», որը մեծ հաշվով հասարակությանը հետաքրքիր չէ: Հանրաքվեները, որոնք նախատեսված են երկրում ուղիղ ժողովրդավարական գործընթացների համար, իշխանությունների թեթև ձեռքով դառնում են քաղաքական հարցեր լուծելու գործիք:

Ինչևէ: Ունենք շատ հետաքրքիր պատկեր, որի ամբողջական գունազարդումը տեղի կունենա ապրիլի 5-ին: Հենց այդ օրը ժողովուրդը ցույց կտաՙ ի՞նքն է որոշում Սահմանադրական դատարանի ճակատագիրը, թե՞ ոչ: Ի դեպՙ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը չի փոխվել: Տիգրան Մուկուչյանն է: Այն մարդը, ով տարիներ շարունակ, ներկա իշխանությունների կողմից մեղադրվել է ընտրությունները կեղծելու, ձայներ նկարելու և Հանրապետական կուսակցությանը ծառայելու մեջ: Այս հանրաքվեն ինչ-որ չափով Մուկուչյանի համար քննություն է, ներկա իշխանություններին իր հավատարմությունը ցույց տալու քայլ:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով իշխանութուններն առաջարկում են դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը, բացի երկու դատավորի, որոնք ընտրվել են հետհեղափոխական Հայաստանում:

Քրիստինա Աղալարյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր