• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայտնի են Իրինա Գյուլնազարյանի անվան գրական մրցանակի հաղթողների անունները

02.10.2017   12:58

Իրինա Գյուլնազարյանի անվան  մրցանակաբաշխությանը խրախուսական մրցանակի արժանացավ Անի Ամսեյանը: Երրորդ մրցանակը տրվեց Անուշ Հեքիմյանին, երկրորդը` Արթուր Մեսրոպյանին, իսկ առաջին մրցանակը ստացավ Արամ Թարվերդյանը:

Այն գործերը, որոնք ներկայացվել են մրցույթին, իսկապես հետաքրքիր են ու արժանի են գնահատանքի: «Արմենպրես»ի հաղորդմամբ`այս մասին հոկտեմբերի 2-ին մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա շեշտեց, որ 11-րդ տարին է անցկացվում միջոցառումը և տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է:

Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Եղիազարյանի խոսքով` մասնակցել է 17 գրող: «Տպավորություն է, որ նրանցից շատերը ոչ միայն հայ պոեզիա չեն կարդացել, այլև ընդհանրապես չեն կարդացել: Դա զգացվում է նրանց գործերում: Սակայն պետք է  նաև փաստել, որ քիչ չեն շնորհաշատ ստեղծագործողները, որոնք կարող են առաջ գնալ»,-ընդգծեց նա:

Հանձնաժողովի անդամ Սամվել Կոսյանը երիտասարդ գրողներին հորդորեց ուշադիր լինել լեզվազգացողության նկատմամբ, մտածված ընտրել բառերը: «Այս  մրցանակաբաշխությունը բանաստեղծների գնահատականը չէ, սա նրանց ապագա ստեղծագործությունների կանխավճարն է: Մասնակից գրողների մեջ շատ էին հեղինակները, որոնք աշխատելու դեպքում կարող են հաջողությունների հասնել»,-նշեց Կոսյանն ու հավելեց, որ պոեզիան դավաճանություն չի սիրում, պետք է սիրել այն ու նվիրվել, հակառակ դեպքում այն գրողին կդավաճանի:

Խրախուսական մրցանակի արժանացած Անի Ամսեյանն ասաց, որ երկու տարի է ինչ ստեղծագործում է: «Իմ գործերը պարբերաբար տպագրվում են գրական մամուլում և շուտով լույս կտեսնի իմ բանաստեղծությունների ժողովածուն: Ընդգծեմ, որ ցանկացած գնահատական կարևոր է գրողի համար, բայց ստեղծագործելիս երբեք չես մտածում դրա մասին. գրելն ասես արկածախնդրություն լինի»,-եզրափակեց նա:

Միջոցառման ավարտին գրողները հատվածներ ընթերցեցին իրենց ստեղծագործություններից:

Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն անցկացնում է Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամը, որը ստեղծվել է 2003 թվականին ԱՄՆ-ում՝ երիտասարդ բանաստեղծուհու վաղաժամ մահվանից հետո:

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր