• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հոբելյանական համերգ. բեմում կլինեն կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի ուսանողներն ու դասախոսները

29.09.2017   12:28

 Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները հանդիսավորությամբ կնշվեն նոյեմբերի 15-ին։ Համերգը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Մաեստրո Երզնկյանը, հիշելով ամբիոնի ստեղծման պատմությունը, նշեց, որ 1997-ին կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտոր Արմեն Սմբատյանը կանչեց իրեն և ասաց, որ պետք է բացվի ջազի և էստրադայի բաժին։

«Մարտին Վարդազարյանի հետ մենք ստեղծեցինք այդ բաժինը։ Առաջին տարին ընդամենը 4 ուսանող ունեցանք, հետո արդեն նրանց թիվն ավելացավ։ 20 տարվա մեջ մեծ թվով շրջանավարտներ ենք ունեցել, այդ թվում՝ Ինգա և Անուշ Արշակյանները, Էրիկը, Լիանան, Թութուշը, որ ցավոք մեզ հետ չէ, Սոնա Ռուբենյանը և շատ-շատերը։ Ամեն տարի ընդունում ենք 15-16 ուսանող։ Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով։ Մեր դասախոսներն են անվանի մարդիկ՝ Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը, Էմմա Պետրոսյանը, Գեորգի Մանգասարյանը և այլք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երվանդ Երզնկյանը։

Մաեստրոն նշում է կարևոր մի հանգամանք, որ աշխարհում ոչ մի ջազային բաժին չունի նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն, պրակտիկ աշխատանք նվագախմբի հետ առարկան։ Ամբիոնը համագործակցում է Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի հետ արդեն 20 տարի ուսանողները փորձեր են անում, ելույթներ են ունենում։ Փորձերը ձայնագրվում են, ինչը շատ է օգնում, որպեսզի սովորողները հասկանան` ինչ է կենդանի երաժշտությունը։

«Հիմա շատ տարածված են ֆոնոգրամաները, որոնք չեն տալիս ստեղծագործական այն ազդակները, որ հաղորդում է նվագախմբի հետ աշխատանքը։ Նույնիսկ հարուստ երկրները չունեն նման հնարավորություն»,– հպարտությամբ նշում է Երվանդ Երզնկյանը։

Նա նոյեմբերի 15-ին խոստանում է շատ հետաքրքիր համերգային երեկո, որի ընթացքում ելույթ կունենան ինչպես Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի նախկին ու ներկա ուսանողները, այնպես էլ՝ դասախոսները:

«Ինձ համար սա շատ կարևոր համերգ է, մենք ներկայացնելու ենք ամբիոնի 20-ամյա պատմությունը»,-ասաց նա։

Պարոն Երզնկյանը ընդգծեց այն փաստը, որ համերգը կայանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Նա նաև նկատեց, որ հիմնադրամի հետ սա առաջին համագործակցությունը չէ, և հույս հայտնեց, որ գործակցությունը կլինի շարունակական։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը երիտասարդների շրջանում բարձրարժեք արվեստ սերմանելն է: Նա նաև շեշտեց, որ պետք է ցույց տալ, արժևորել մեզանում կատարվող լավ աշխատանքը, ու այս միջոցառումը ծառայում է հենց այդ նպատակին։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, հոբելյանական երեկոն ընդգրկված է երիտասարդության և ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Բացի այս համերգից, Կարեն Ավագյանը խոստացավ Հայաստանի երիտասարդներին մատուցել բազմաթիվ այլ անակնկալներ։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր