• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Սևանի ջրի ծաղկման պրոցեսի թուլացում կնկատվի օգոստոսի կեսերին

22.07.2020   20:17

Սևանի ծաղկման պրոցեսը, կապտականաչ ջրիմուռների ի հայտ գալու գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին, կտևի մի քանի շաբաթ: Օգոստոսի կեսերին կունենանք ծաղկման պրոցեսի թուլացում: Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:

 

«Ասեմ, որ նախորդ երկու տարիների համեմատ Սևանում կանաչելու պրոցեսի ինտենսիվությունը նույնն է, այսինքն՝ էական փոփոխություն, տարբերություն չի նկատվում: Այդ ավել կամ պակաս դրսևորումները հիմնականում քաղաքացիների կողմից նկատվում է որոշակի տարածքներում: Ասեմ, որ քամու հետևանքով տեղի է ունենում այդ կապտականաչ զանգվածների կուտակումներ: Հնարավոր է, քաղաքացիները որևէ հատվածում ավելի մեծ զանգված տեսնեն, որը կուտակվել է քամու հետևանքով, և դա վերագրվի կանաչելու ինտենսիվ պրոցեսին: Ասեմ, որ դա այդպես չէ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարի կանաչելու ինտենսիվությունը նույնն է»,- ասաց Գայանե Շահնազարյանը:

Խոսելով Սևանի ծաղկման պատճառների մասին՝ Գայանե Շահնազարյանը նշեց, որ դրանք մի քանիսն են: Նախ տարիներ առաջ Սևանի ջրի մակարդակի իջեցումը, որի հետևանքով խախտվել է էկոհամակարգի հավասարակշռությունը, և տեղի ունեցող էկոհավսարակշռության պրոցեսներն իրենց ուղղությունները փոխել են: Դրանից բացի, տարիների ընթացքում Սևանում կուտակվել են մեծ քանակությամբ սնուցող նյութեր, որոնք էլ այս ծաղկման պրոցեսների պատճառներից են:

«Սնուցող նյութերի ծավալի ավելացումը պայմանավորված է մի շարք պատճառներով: Առաջին հերթին ամբողջ ջրհավաք ավազանի կոմունալ-կենցաղային կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ: Ջրհավաք ավազանում ինտենսիվորեն զարգացավ գյուղատնտեսությունը, սնուցող նյութերի քանակությունն էլ բավական ավելացավ: Այսօր Սևան թափվող գետերում մի քանի անգամ բարձր է նիտրատի պարունակությունը»,- ասաց մասնագետը:

 Հաջորդ խնդիրը անմիջապես ափամերձ հատվածներում հանգստյան գոտիների, հյուրանոցների ազդեցությունն է: Այս ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը միջոցառումները է ձեռնարկել: Այդ հատվածներում գործող տնտեսավարողները պետք է ունենան լոկալ կենսաբանական մաքրման կայաններ: Բացի այդ, խնդիր է տարածքների ջրածածկ լինելը, որը սնուցող նյութերի աղբյուր է Սևանա լճի համար:

Գայանե Շահնազարյանը ներկայացեց Սևանա լճի մակարդակի վերջին տվյալները, ըստ որոնց, 2020 թվականի հուլիսի 21-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1978 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 3 սմ-ով: Հուլիսի 21-ի դրությամբ լճից բաց թողնված ջրի քանակը մոտ 18.9 խմ-ով ավելի է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում: Արփա­-Սևան թունելով Սևանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը 15.6 խմ-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մարտ ամսին դիտվել է բավական տաք ժամանակաշրջան, որի հետևաքով Սևանա լճից գորլորշիացումը նորմայից բարձր է եղել 20-70 տոկոսի շրջանակում:

«Որպեսզի մենք ունենանք ջրի մակարդակի անհրաժեշտ վեց մետրի չափով բարձրացումը՝ Սևանա լճի մակարդակը պետք է լինի 1903 մետր: Այս պահին այդ նիշից դեռ ցածր ենք, բնականաբար, սահմանված ցուցանիշին հասնելու տեսանկյունից միտումները գոհացուցիչ չեն: Սևանի ջի մակարդակի բարձրացումը դեռ պետք է ինտենսիվորեն շարունակվի, որպեսզի կարողանանք հասնել վեց մետրին՝ Սևանա լճի հավասարակշռության վերակագնումն ինչ-որ չափով ապահովելու համար»,- նշեց Գայանե Շահնազարյանը:

Խնդիրների լուծման ուղղությամբ բազմակողմանի աշխատանքներ են իրականացվում, սակայն մասնագետն ընդգծեց, որ արդյունքները կարճ ժամկետում տեսանելի չեն լինի: Հաջորդ տարի ևս Սևանում սպասվում է ծաղկման պրոցես: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր