• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նոր ազդակներ հայ-լիբանանյան հարաբերություններում

25.10.2018   23:02

 Հոկտեմբերի 20-21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Լիբանան կարևոր էր ինչպես հայ-լիբանանյան գործընկերության խթանման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք օրակարգում վերաձևակերպումներ կատարելու տեսանկյունից:

Հայ-լիբանանյան հարաբերություններ

Բեյրութում կայացել է Հայաստանի և Լիբանանի ղեկավարների արդեն երրորդ հանդիպումը վերջին մեկ ամսվա ընթացքում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում և մտքեր փոխանակել Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Հայ և լիբանանցի ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Երկխոսությունը շարունակվել է Բեյրութում Մ. Աունի, ինչպես նաև Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ Ն. Փաշինյանի հանդիպումների շրջանակներում: Մատնանշելով երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ավելի քան 3 տասնյակ փաստաթղթեր են ստորագրվել, Հայաստանը մասնակցում է Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության իրականացմանը, հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում: Երկու երկրների միջև առկա են բավական բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, մինչդեռ տնտեսական ներուժը նվազագույն չափով է իրացված:

Այս տեսանկյունից կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան` պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:

Հայ-լիբանանյան տնտեսական հարաբերություններն, իրականում, կարող են բավական հեռանկարային լինել: Օրինակ, լիբանանցի գործարարները Հայաստանի միջոցով կարող են մուտք գործել ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ իրանական շուկա: Այս տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն կարող են ունենալ Հայաստանի երեք ազատ տնտեսական գոտիները, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: Հատկանշական է նաև Լիբանանի խորհրդարանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք: Այս ուղղությամբ հետևողական աշխատանքը թույլ կտա շոշափելի արդյունքներ արձանագրել:

Բավական հեռանկարային է համարվում նաև ռազմատեխնիկական ոլորտը: Վերջին տարիներին պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի մշակման մասին, իսկ ոլորտի պատասխանատուները բարձրաձայնում են պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Այս տեսանկյունից դրական խթան կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Նպատակահարմար է նաև առավել ամրապնդել Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Այս առումով հատկապես կարևոր են այն կազմակերպությունները, որտեղ, օրինակ, Հայաստանը ներկայացված չէ, բայց Հայաստանին վերաբերող փաստաթղթեր են ընդունվում, օրինակ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Հայաստան-Սփյուռք օրակարգ

ՀՀ վարչապետի այցը Լիբանան առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի՝ Լիբանանում գտնվելու հանգամանքը և Սփյուռքի կառույցների վրա նրա ունեցած ազդեցությունը: Լիբանանում Ն.Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին, Անթիլիասում հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, ինչպես նաև հանդիպել է հայ համայնքի, Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների` ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչների հետ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և հզոր հայրենիք կառուցելու ողջ հայության միասնականությունը՝ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է «համախմբել մեր համազգային ներուժը, ձևակերպել և հստակեցնել մեր համազգային օրակարգը»: Հայտարարելով այն մասին, որ «Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան», Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ակնկալում են ներդրումներ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում:

Հատկանշական է Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման հրամայականի շեշտադրումը Փաշինյանի կողմից: Վերջինս ընդգծել է, որ «հայությունը պետք է մասնակցություն ունենա Հայաստանում պետականաշինության գործին, բայց դա պետք է համախմբման ավելի բարձր` ինստիտուցիոնալ մակարդակով իրականացնել»:

Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության գործնական մեխանիզմների մշակման անհրաժեշտությունն, այսօր, առավել քան երբևէ, ժամանակի հրամայականն է: Նման մեխանիզմները հնարավորություն կտան Սփյուռքի ներուժը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վայելում են Սփյուռքի աջակցությունը՝ կարելի է ակնկալել, որ վստահության այս մթնոլորտը ևս կարող է իր նպաստը Հայաստնա-Սփյուռք համագործակցության գործնական մեխանիզմների մշակման գործին:

Արփինե Հովսեփյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր