• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Զոհրաբ Մնացականյան

17.09.2018   22:06

Հայաստանը հավատարիմ է  մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արցախում լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ սպասվող հանդիպմանը:

«Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է: Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, և այդ կանոններից մեկը նաև համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք մշտապես ընգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել ևս, գործողությունների առումով: Սա դատապարտելի է և անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա բնականաբար անընդունելի է:

Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր