• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամերիկահայ նկարիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանի «Խաղաղութեան արուեստ» խորագրով ցուցահանդէսի բացմամբ մեկնարկեց Հայրենիք-Սփիւռք 5-րդ համաժողովը

18.09.2014   08:13

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած Հայաստան-սփիւռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում բացուեց ամերիկահայ նկարիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանի անհատական ցուցահանդէսը` «Խաղաղութեան արուեստ» խորագրով` (www.PeaceofArt.org)  նուիրուած Հայաստանի անկախութեան 23-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Ցուցահանդէսի բացմանը մասնակցում էր ՀՀ Վարչապետ Յովիկ Աբրահամեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Հայաստանից հասարակական եւ քաղաքական գործիչներ, արուեստագէտներ:

Դանիէլ Վարուժան Հեճինեանը 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը վերապրած եւ Սիրիայում օթեւան գտած հայ ընտանիքի զաւակ է, ով մանկուց ականջալուր է եղել կոտորածի դաժան պատմութիւններին եւ իր ծնողների աչքերով տեսել այն: Հայրենիքի կարօտը եւ բնատուր տաղանդը զարգացնելու ցանկութիւնը երիտասարդ Վարուժանին բերեցին հայրենիք:

Հեջինեանը Սփիւռքի պատմութեան մէջ առաջին անգամ 1996թ. Մասաչուսէթս նահանգում բարձրացրել է Հայոց ցեղասպանութիւնը ոգեկոչող մեծադիր ցուցապաստառներ: Միջոցառումն ունի ամենամեայ շարունակական բնոյթ` 1996-ից մինչեւ 2014թ.: Նա միջազգային հանրութեանը բացէիբաց ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան ողջ իրողութիւնը, որպէս անհերքելի պատմական փաստ` կոչ անելով ճանաչել այն, դատապարտել ոճրագործին եւ հատուցում պահանջել:

Ողջունելով հեղինակին եւ արուեստասէր ողջ հանրութեանը` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը նշեց. «Հայ մեծանուն գրող Դանիէլ Վարուժանի անունով կնքելով իրենց զաւակին` նկարչի ծնողները հայ ազգին նուիրեցին տաղանդաւոր արուեստագէտ Դանիէլ Վարուժան Հեջինեանին, եւ եթէ գրող Դանիէլ Վարուժանն իր եղէգնեայ գրչով պատկերեց Հայոց վիշտն ու իղձերը, ապա նկարիչ Դանիէլ Վարուժան Հեջինեանը դա արեց վրձնով»:

ՀՀ սփիւռքի նախարարը մասնակիցների ուշադրութիւնը հրաւիրեց Հեճինեանի բրոնզակուռ «Մոր ձեռքերը» կոչուող խաչքար-յուշարձանին, որը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակների յիշատակին: Այն տեղադրուել է Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց` բոլորի համար տեսանելի վայրում եւ անուանուել է «Մայր խաչքար», քանի որ քարը խորհրդանշում է մարմինը` «Հայրենիքը», իսկ բրոնզը` հոգին` «Սփիւռքը»:

Գերատեսչութեան ղեկավարն ընդգծեց, որ նկարչի բոլոր ստեղծագործութիւններում իշխում է սէրը` Հայրենիքի, կնոջ, բնութեան, զաւակների հանդէպ:

Նկարչի արուեստի եւ ներկայացուած ստեղծագործութիւնների մասին խօսեց արուեստագէտ Շահէն Խաչատրեանը` բարձր գնահատելով Հեջինեանի ոճային ինքնատիպութիւնը, կատարման բարձր վարպետութիւնը:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ԱՄՆ-ի Մասաչուսէթս նահանգի Միդլսեքս քաղաքի շէրիֆ Փիթեր Կուտուջեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց ՀՀ սփիւռքի նախարարութեանը` Ամն-ում բնակուող իր հայրենակցի` Հայրենիքում բացուած ցուցահանդէսին մասնակցելու հրաւէրի համար: Հայազգի շէրիֆը հպարտութեամբ խօսեց իր հայրենակից Դանիէլ Վարուժան Հեջինեանի` Հայոց Ցեղասպանութեան թեմայով ստեղծած բարձրարուեստ կտաւների մասին, որոնք միջազգային հանրութեանը ներկայացրել են 20-րդ դարի սկզբում թուրքերի կողմից իրականացրած ոճրագործութիւնը:

Ցուցահանդէսի հանդիսաւոր բացման աւարտին խօսեց նկարիչ Դանիէլ Վարուժան Հեջինեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց ՀՀ սփիւռքի նախարարութեանը եւ յատկապէս նախարար Հրանոյշ Յակոբեանին` Հայրենիքում իր անհատական ցուցահանդէսը կազմակերպելու վաղեմի երազանքը իրականութիւն դարձնելու համար:

Հեջինեանն իր շնորհակալական խօսքը յղեց նաեւ կնոջն ու դստերը` ցուցահանդէսի կազմակերպման գործում իրեն քաջալերելու համար եւ մասնակիցներին հրաւիրեց ցուցասրահ` դիտելու ներկայացուած կտաւները:

Միջոցառումից անմիջապէս յետոյ Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի մասնակից Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարները եւ ներկայացուցիչները կայցելեն Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ ծաղիկներ կը դնեն ամեղ զոհերի յուշակոթողին, ինչպէս նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում ծառ կը տնկեն:

www.mindiaspora.am

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր