• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արցախի Հանրապետութիւնը Ուժեղ է ու Անառիկ. Բակօ Սահակեանի Շնորհաւորական Ուղերձը

02.09.2014   12:03

ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեան շնորհաւորական ուղերձ յղած է ԼՂՀ անկախութեան 23-րդ տարեդարձին առիթով:

“Սիրելի հայրենակիցներ,

Իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիդ մեր կարեւորագոյն պետական տօնի` Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ:

1991 թուականի Սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղաւ արցախահայութեան կեանքում եւ դարձաւ նրա դարաւոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետութեան ծնունդը, որն արդիւնք էր մեր ժողովրդի երկարամեայ մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապէս նուաճեցինք մեր հողի վրայ ազատ ու անկախ ապրելու իրաւունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժէքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ:

Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպէս դաժան փորձութիւններ, այնպէս էլ մեծ յաղթանակներ, յաղթանակներ, որոնք ձեռք բերուեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քոյրերի ու եղբայրների թափած արեան գնով: Դրանք հնարաւոր դարձան համայն հայութեան միասնականութեան ու համախմբուածութեան, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնուիրութեան շնորհիւ:

Ուղիղ մէկ ամիս առաջ ղարաբաղա-ատրպէյճանական սահմանին տեղի ունեցած դէպքերը ցոյց տուեցին, որ Արցախի Հանրապետութիւնն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինուորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպէս է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպէս կը լինի այսուհետ:

Թանկագին հայրենակիցներ,

Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն, երջանկութիւն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին, զօրացում ու բարգաւաճում` մեր հարազատ Արցախին”:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր