Լիբանանի Մէջ 29 Նոր Վարակակիրներ. Մահուան Մէկ Դէպք

Կիրակի օրուայ տուեալներով Լիբանանի մէջ գրանցուած է քորոնա ժահրի արդիւնքով մահուան դէպք մը, որ առաջինն է երկար ժամանակէ ի վեր: Զուգահեռ արձանագրուած են 29 նոր վարակակիրներ Լիբանանի մէջ վարակակիրներուն ընդհանուր թիւը հասցնելով 1220-ի:

Քորոնա ժահրին հետեւանքով Լիբանանի մէջ ցարդ պատահած են 27 մահուան դէպքեր: Մինչ այդ 712 վարակակիրներ բուժուած են: Իսկ այժմ խնամքի տակ կան 481 պարագաներ:

Երէկուայ արձանագրուած թիւէն 27-ն արտերկրէն Լիբանան հասած քաղաքացիներու շարքերէն են. հաստատեց Առողջապահութեան նախարարութիւնը:

Նոյն աղբիւրը հաստատեց, որ անոնցմէ 16-ն վերջերս Կապոնէն վերադարձած են: Ինը վարակակիրներ կան վերջերս Քոնկոյէն վերադարձած քաղաքացիներուն մէջ:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը

Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած խնդրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին Դմիտրուկը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:  

«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր երկիրը դրանց թվում չէ»,- գրել է Դմիտրուկը:

 

Պատգամավորը նաև ընգծել է խնդրագրի կարևորությունը Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի համար:

«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար, ես մշտապես շփվում եմ հայ ժողովրդի ներկայացուցիչների և հետ հրաշալի հասկանում եմ, թե որքան կարևոր է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Չի կարելի անտարբերության մատնել և փակել աչքերը մեր եղբայր ժողովուրդների պատմության նման արյունալի էջերի վրա»,- նշել է պատգամավորը:

«Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիր է կազմել, որը ներկայացրել է Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Խնդրագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի կայքում:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք է գրանցվել: Մահացել է 1,2 հազար մարդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հենվում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալների վրա:

Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 24 266 նոր դեպք: Նախորդ օրը վարակվածների թիվը 22 577 էր: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 1193 մարդ:

Համալսարանի տվյալներով՝  ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հաստատվել է վարակի 1 747 087 դեպք, մահացել է 102 836 մարդ, առողջացել է 400 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  6 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 366 հազարից:

Սեւամորթ Քաղաքացիի Դաժան Սպանութենէն Ետք ԱՄՆ-Ի Շարք Մը Շրջաններու Մէջ Լարուած Իրավիճակ

ԱՄՆ Մինեսոթա նահանգի Մինեապոլիս քաղաքի մէջ արդէն երրորդ գիշերն է լարուած  իրավիճակ կը տիրէ՝ Ճորճ Ֆլոյտի սպանութեան հետեւանքով բռնկած ցոյցերու պատճառով. ցուցարարները իրենց բողոքը կ’արտայայտեն դիմելով հրկիզումներու, անոնք մասնաւորապէս կը հրկիզեն ոստիկանական բաժանմունքը, կը գրէ The Guardian պարբերականը:

Անկարգութիւնները սկսած են, երբ ոստիկանը դաժանաբար սպանած է սեւամորթ իրաւախախտ Ճորճ Ֆլոյտը եւ համապատասխան տեսանիւթը տարածուած է համացանցի մէջ: Յայտնի է, որ սպիտակամորթ ոստիկանը, մօտ 9 վայրկեան պառկեցնելով Ֆլոյտը գետնին, ծունկով սեղմած է անոր վիզը եւ ուշադրութիւն չէ դարձուցած տղամարդուն բացականչութիւններուն, երբ ան գոռացած է, որ չի կրնար շնչել:

Այս դէպքէն բարկացած՝ հարիւրաւոր ցուցարարներ քալած են քաղաքի կեդրոնով՝ բացականչելով արդարութեան կոչեր եւ բարձրացնելով պաստառներ, որոնց  վրայ գրուած է՝ «Ես չեմ կրնար շնչել»: 

Օրը մթնելուն պէս իրավիճակը աւելի սրուած է, ցուցարարները սկսած են հրկիզել շէնքերը: Սակայն ցուցարարներու հիմնական թիրախը եղած է 3-րդ ոստիկանական բաժանմունքը, ուր ներխուժած են երիտասարդները եւ հրկիզած:

Ոստիկանները հետեւած են դէպքերու զարգացման, բայց չեն միջամտած: Ոստիկանները մարած են հրդեհները, բայց չեն մօտեցած ոստիկանական բաժանմունք: 

Բողոքողները կը պահանջեն խստագոյնս պատասխանատւութեան ենթարկել մարդասպան ոստիկանը եւ անոր հետ եղած մնացած երեք սպաները, որոնք դէպքի վայր գտնուելով ոչինչ ձեռնարկած են տղամարդուն կեանքը փրկելու համար։

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Օդակայանի Բացումը Կախում Ունի Վարակումներու Թիւերու Յատկանշական Եւ Յարաճուն Անկումին Հետ. Հասան

Լիբանանի օդակայանի բացումը կախում ունի վարակակիրներու թիւի յարաճուն անկումին հետ յայտարարեց առողջապահութեան նախարարը:

Օդակայանի եւ առեւտրական մեծ կեդրոններու բացման մասին տակաւին քննարկումներ չկան ըսաւ ան:

Ըստ իրեն օդակայան վերաբացելը կը կարօտի միջազգային չափանիշերով եւ գործակցութեամբ միջոցառումներու եւ տակաւին շուտ է անոր մասին խօսիլ եզրակացուց նախարարը:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Նախարարաց Խորհուրդը Նշանակումներու Թղթածրարը Յետաձգեց

Լիբանանի նախարարաց խորհուրդը իր երէկուան նիստին պետական պաշտօններու նշանակումներու խնդրայարոյց թղթածրարը յետաձգեց յաջորդ Հինգշաբթի օրուայ նիստին:

Այս բանը կատարուեցաւ թեթեւցնելու համար արդէն իսկ թէժ մթնոլորտը երբ նախորդ օր խորհրդարանին նիստը ընդհատուեցաւ ընդհանուր ներումի հարցով օրէնքի վաւերացումի աշխատանքի պահուն, որ այնպէս ալ չվաւերացուեցաւ:

Տեղեկատուութեան նախարարը նիստի աւարտին լրագրողներուն տեղեկացուց, որ յետաձգման պատճառը առաջարկուած անուններու շուրջ տարակարծութիւնը չէ այլ անոնց շուրջ ընդհանուր համաձայնութեան գալու փորձը:

Նախարարը անուններ չտուաւ:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

COVID-19.աշխարհում կորոնավիրուսը հաղթահարել է 2 մլն 602 հազարից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 935 հազարից: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 362 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 602 հազար 600 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 768 հազար 609 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 103 հազար 344 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 438 հազար 812-ի, մահերինը՝ 26 հազար 764-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 284 հազար 986 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 119:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 269 հազար 127 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 837: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 231 հազար 732, մահերինը՝ 33 հազար 142: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186  հազար 238 է, մահացածներինը՝ 28 հազար 662:

Գերմանիայում 182 հազար 495 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 574 մարդ: Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Թուրքիային՝ հայտնվելով 9-րդ տեղում: Այստեղ հաստատվել է վարակի 167 հազար 442 դեպք, մահացել է 4 հազար 797 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 160 հազար 979-ի, մահացածներինը՝ 4 հազար 461-ի:

Իրանում հաստատված դեպքերի թիվը  146 հազար 668 է: Մահերի թիվը կազմում է 7 հազար 677:    Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 141 հազար 779, Կանադան՝ 88 հազար 512 ընդհանուր դեպքով: Կանադային հաջորդում է Չիլին, որը շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Չիլիում ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 943 է: Վարակվածների ընդհանուր թվով 15-րդ տեղում հայտնված Չինաստանում այս անգամ ևս վարակի նոր դեպք չի գրանցվել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 995 է, որից ապաքինվել է 78 հազար 291-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 746-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 52 հազար 907, մահերինը՝ 36: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 32 հազար 532 է, մահացածներինը՝ 258:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 24 հազար 112-ի, մահացածներինը՝ 185-ի: Եգիպտոսում 20 հազար 793 հաստատված դեպք կա, մահացել է 845 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 457 վարակվածության, 179 մահվան դեպք: Լիբանանում կա 1172 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում

Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ այս մասին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշևը:  «Այո, մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար »,-ասել է Մալիշևը:

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատել են նախատեսվածից շուտ, հիվանդների համար ստեղծել են մահճակալներ, որպեսզի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ չլինեն:

Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակը արդեն համեմատաբար հանգիստ է, կա ինֆեկցիոն մահճակալնների զգալի ֆոնդ: «Մենք պատվով դուրս եկանք այդ վիճակից »,-ասել է Մալիշևը:

Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը:

Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ վտանգված է

COVID-19 համավարակով պայմանավորված՝ Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ կրճատվելու վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իտալական արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Կարլո Բոնոմին: «Տվյալներին կսպասենք մայիսի վերջին, սակայն խոսքը 700 հազարից մինչև 1 մլն աշխատատեղի մասին է, որոնք վտանգի տակ են»,-ասել է նա:

Այդ կապակցությամբ Բոնոմին սուր քննադատության է ենթարկել Իտալիայի իշխանություններին: Նրա խոսքով, բացակայում է ռազմավարական տեսլականը: «Ես տեսնում եմ, որ կա կենտրոնացում արտակարգ դրության վրա, և դա ճիշտ է, սակայն իշխանությունների մոտ ամբողջությամբ բացակայում է ռազմավարության այն տեսլականը, որը ցույց կտա, թե մենք ուր պետք է գնանք, իսկ դա հանգեցնում է խորը մտահոգության»,-ասել է նա: Նա հույս է հայտնել, որ ներկա ճգնաժամի հետևանքները թույլ կտան երկրում անցկացնել խոշոր արդիականացում:

Շոտլանդիան սկսում է թեթևացնել սահմանափակումները

Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նոր կանոնները նշանակում են, որ երկու տարբեր ընտանիքներից մարդիկ կարող են դրսում հանդիպել՝ 2 մետր հեռավորություն պահպանելով:  Միաժամանակ 8 հոգուց ավելի մարդկանցով հավաքները չեն թույլատրվում, և մարդիկ չեն կարող գնալ մեկ ուրիշի տուն:

 

Առաջին նախարար Նիկոլա Սթարջենը շեշտել է, որ մարդիկ պետք է հնարավորինս տանը մնան: Շոտլանդիան կարանտինի մեջ է մարտի 23-ից սկսած և սահմանափակումների մեծ փոոխություններ չէր արել:

Թայլանդի իշխանություններն առայժմ մտադիր չեն բացել սահմանները

Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թայլանդի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սոմսակ Ռունգսիտան:

«Մենք մեղմացնում ենք մի շարք սահմանափակումներ երկրի ներսում, սակայն, ցավոք, չենք կարող բացել սահմանները զբոսաշրջիկների համար: Նայեք մեր կորոնավիրուսի նոր դեպքերի վիճակագրությունը, արդեն տևական ժամանակ է բոլոր նոր դեպքերը բերովի են»,-նշել է նա: Քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը մնում է վտանգավոր, հետևաբար Թայլանդը չի կարող ընդունել զբոսաշրջիկների և այլ այցելուների: Դա կբերի երկրում վարակի երկրորդ ալիքի ռիսկի:

Թայլանդում ցամաքային, օդային և ջրային սահմաններ սկսել են փակել մարտի վերջից ապրիլի սկիզբը: Ապրիլի 4-ից գործում է միջազգային ուղևորափոխադրումների արգելքը:

Թայլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը 3 հազար 076 է: Վերջին մեկ օրում գրանցվել է 11 նոր դեպք: Վարակի հետևանքով մահացել է 57 մարդ:Ապաքինվել է 2 հազար 945-ը:      

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մտադրության մասին։ Որպես պայմանագրից դուրս գալու հիմնական պատճառ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նշել են Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խախտումը և հայտարարել, որ պայմանագրից դուրս գալը կիրականացվի վեց ամսվա ընթացքում։    

Ներկայումս «Բաց երկնքի մասին» պայմանագրին անդամակցում է 34 երկիր։ Այն կնքվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) անդամ 27 պետությունների միջև, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 երկրիր և այն ուժի մեջ է մտել 2002թ.-ին։ «Բաց երկնքի մասին»  պայմանագիրը հնարավորություն է տալիս անդամ երկրներին միմյանց օդային տարածքում իրականացնել համաձայնեցված դիտորդական թռիչքներ՝ սպառազինությունների սահմանափակման միջազգային  պարտավորությունների պահպանման նպատակով: Հատկանշական է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը  պարբերաբար մեղադրել են միմյանց այս պայմանագրի դրույթների խախտման և միմյանց տարածքներում թռիչքների իրականացման սահմանափակման մեջ։

 

«Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու  վերաբերյալ Դ․ Թրամփի որոշումը պետք է դիտարկել արտաքին քաղաքականության ոլորտում նրա որդեգրած «պրագմատիկ» քաղաքականության համատեքստում։ Փաստացի, սա սպառազինությունների վերահսկման վերաբերյալ արդեն  երրորդ միջազգային պայմանագիրն է, որից ԱՄՆ-ը դուրս է գալիս։ 2018թ. ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից ու վերջինիս նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ։ 2019թ. ԱՄՆ դուրս է եկել նաև Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, ինչին նույնպես նախորդել էին Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից պայմանագրի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրաքները:

Հետաքրքրական է նաև, որ ԱՄՆ-ը պայմանագրից դուրս գալու մտադրությունների մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա աշնանը, և այժմ էլ ԱՄՆ կողմից նման հայտարարությունները  հիմնականում փաստում են այն մասին, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում միջազգային  պայմանագրերից դուրս գալու իր  քաղաքականությանը։

Թրամփի վարչակազմը, փաստացի, արդեն հայտարարել է պայմանագրից դուրս գալու վեցամսյա ժամկետի մասին և սկսելով ծանուցման փուլը` վարչակազմը երաշխավորում է, որ անգամ եթե Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ԱՄՆ-ը դուրս կգա պայմանագրից մինչև Ջ. Բայդենը ստանձնի պաշտոնը:  Այսպիսով, Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, որ հաստատակամ է նաև «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու հարցում։

Պետք է նշել, որ բոլոր միջազգային դերակատարներն այս պայմանագիրը դիտարկում են գերտերությունների միջև սպառազինությսունների մրցավազքի զսպման կարևոր գործիք։ Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո պայմանագրի անդամ պետությունները հիմնականում բացասական են արձագանքել և ափսոսանք հայտնել, քանի որ ԱՄՆ կողմից պայմանագրից դուրս գալը կարող է  վնասել միջազգային անվտանգությանը, խթանել սպառազինությունների մրցավազքը և ստեղծել ռազմական պատահական բախման առիթներ։

 

Թրամփի հայտարարությունը հավանության չի արժանանցել նաև երկրի ներսում՝ առաջացնելով դեմոկրատների դժգոհությունը։ Վերջիններս  օրինագիծ են ներկայացրել Կոնգրես, որով ԱՄՆ նախագահին արգելվում է, առանց Կոնգրեսի հավանության, երկիրը դուրս բերել որևէ միջազգային պայմանագրից՝ այս քայլով փորձելով կանխել Թրամփի ծրագիրը։

Չնայած որպես պայմանագրից դուրս գալու գլխավոր պատճառ նշվում է ՌԴ կողմից պայմանագրի դրույթների խախտումը՝ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ պայմանագրի 8-ամսյա ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի շահերից չի բխում  պայմանագրի անդամ մնալը: Ավելին, ըստ նրանց` ԱՄՆ տեխնիկական հնարավորությունները նրան թույլ են տալիս տարբեր երկրների տարածքում դիտարկումներ իրականացնել հետախուզական արբանյակների միջոցով: Թրամփի որոշումը կարելի է կապել նաև չինական գործոնի հետ. ԱՄՆ նախագահը փորձում է հասնել «Բաց երկնքի մասին» նոր պայմանագրի կնքման, որը կներառի նաև Չինաստանին, որը, սակայն, հաստատակամորեն մերժում է նման հեռանկարը։

Անկախ տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններից` պետք է արձանագրել, որ միջազգային կայունությունը երաշխավորող հերթական պայմանագիրը վտանգված է, իսկ նոր երաշխիքների ձևավորման գործընթաց չկա մեկնարկած:

Լիբանանի Տարածքին Գրանցուեցան 21 Վարակուածներ, Ընդհանուր Թիւը Հասցնելով 1161-ի

Լիբանանի Առողջապահութեան նախարարութիւնը երէկ հաստատեց 21 նոր վարակակիրներու գրանցում: Այսպիսով Լիբանանի մէջ վարակուածներու ընդհանուր թիւը հասաւ 1161-ի

Վարակակիրներ վերջերս Լիբանան վերադարձող քաղաքացիներու շարքերէն էին իսկ 16-ը ներքին վարակաւորումի արդիւնք:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Ներումի Օրէնք եւ Դրամատնային Խնդիրներ. Խորհրդարանի Նիստի Կարեւոր Օրակարգերը Պիտի Ըլլան Այսօր

Լիբանանի Խորհրդարանը այսօր պիտի գումարէ օրէնսդրական ժողով: Օրակարգի վրայ կան կարեւոր կէտեր ինչպէս ներումի երկար քաշքշուած օրէնն ու դրամագլուխի վերահսկողութիւնը:

Նիստը, որ պիտի գլխաւորէ խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրի պիտի գումարուի առաւօտեան ժամը 11-ին ԵՈՒՆԵՍՔՕ պալատին մէջ:

Օրակարգը լեցուն է նաեւ այլ խնդրայարոյց կէտերով ինչպէս , փտածութեան, կողոպտուած գումարներու վերադարձնելու դրամատնային գաղտնապահութեան վերացումը կարգ մը անձնաւորութիւններու հաշիւներէն:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը