• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թրամփն Իրաքից զորքերի դուրսբերումը պայմանավորել է ԱՄՆ ռազմաբազայի կառուցման ծախսերի փոխհատուցմամբ

06.01.2020   22:40

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրաքը կհանդիպի աննախադեպ պատժամիջոցների, եթե տեղի իշխանությունները որոշում ընդունեն ԱՄՆ զորքը Իրաքի տարածքից դուրս բերելու մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքնաթիռում՝ արձակուրդից Սպիտակ տուն վերադառնալու ճանապարհին։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այդ պատժամիջոցները կլինեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից ավելի կոշտ: ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ չի պատրաստվում զորքը դուրս բերել Իրաքի տարածքից, մինչև Իրաքը չփոխհատուցի այնտեղ ԱՄՆ-ի կառուցած ռազմաբազայի ծախսերը:

Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից: Խորհրդարանը կոչ է արել արգելել ցանկացած օտարերկրյա ռազմական ակտիվություն երկրում, օդային տարածքում կամ տարածքային ջրերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներով է նման ակտիվությունը պայմանավորված: Այժմ Իրաքում մոտ 5000 ԱՄՆ զինծառայող կա, որոնք հիմնականում ռազմական խորհրդականներ են:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր