Թուրքիոյ Հայութիւնը Վախի Մթնոլորտի Մէջ Կ՛ապրի. Սայաթ Թեքիր

Դեկտեմբեր 27-ին, Երեւանի մէջ կազմակերպուած՝ «Թուրքիոյ ներքաղաքական զարգացումները եւ ազդեցութիւնը՝ տարածաշրջանին եւ Հայաստանի վրայ» նիւթով քննարկումին ընթացքին, «Նոր Զարթօնք» շարժման համահիմնադիր, փորձագէտ Սայաթ Թեքիր, որ Պոլիսէն սոյն քննարկման միացած էր համացանցի միջոցով, ըսաւ, որ զինուորական յեղաշրջման փորձէն ետք Թուրքիոյ մէջ իրավիճակը փոխուած է, իսկ Էրտողան կը փորձէ սուլթանութիւն հիմնել:
«Բայց ընդդիմութի՛ւն ալ կայ, ինչպէս օրինակ՝ քրտական շարժումը, որ յաջողութիւններ կ՛արձանագրէ, սակայն, միաժամանակ, քիւրտերուն վրայ ճնշումներ ալ կը գործադրուին: Վերջին մէկ տարուան ընթացքին, Թուրքիոյ մէջ քիւրտերու դէմ Ցեղասպանութիւնը յիշեցնող ջարդեր գործադրուեցան, ռմբակոծուեցան անոնց թաղամասերը: Հայերու դէմ ուղղակի ոչինչ կատարուած է, բայց միշտ կ՛ըսենք, որ քիւրտերու դէմ «պայքարը» միայն թուրք-քրտական պայքար չէ, այլ թուրքերու եւ խաչակիրներու պայքար է, որուն մասնակից են նաեւ կրօնափոխ հայերը: Ատելութեան խօսքեր մի՛շտ կը հնչեն հայերու դէմ, եւ հիմա կը տեսնենք, որ գրեթէ յաճախ, հայկական եկեղեցիներու կամ դպրոցներու պատերուն վրայ ատելութեան խօսքեր կը գրուին: Ուղղակի յարձակումներ չենք տեսներ, բայց Թուրքիոյ հայութիւնը վախի մթնոլորտի մէջ կ՛ապի»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ըսաւ Սայաթ եւ աւելցուց, որ Թուրքիոյ մէջ ապրող հայերը սկսած են արտագաղթելու:
Քննարկման միւս բանախօսը՝ Միջազգային եւ ապահովութեան հարցերով հայկական հիմնարկի փորձագէտ Գէորգ Մելիքեան, յայտնեց, որ Թուրքիա կ՛անցնի շատ լուրջ փոփոխութիւններու ընդմէջէն, եւ ըստ իրեն՝ տակաւին պարզ չէ, թէ այդ փոփոխութիւնները ի՞նչ ազդեցութիւն պիտի ունենան տարածաշրջանին վրայ։
«Տարածաշրջանում իր դերակատարութիւնն աշխուժացնում է Ռուսաստանը. աշխոյժ դերակատարում ունի նաեւ Թուրքիան: Սիրիական հարցում Թուրքիան եւ Ռուսաստանը, լինելով հակադիր կողմերում՝ այժմ գտնւում են գրեթէ այն վիճակում, որ կարողանում են համագործակցել եւ միասին իրականացնել ռազմական գործողութիւններ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեւաւորւում է որոշակի համագործակցութիւն, որը չի կարող ազդեցութիւն չունենալ այս տարածաշրջանին վրայ», ըսաւ ան՝ յիշեցնելով, որ Անգարա խնդիրներ ունի Արեւմուտքի հետ:
«Ռուսաստանը փորձում է, մինչեւ Յունուար, Թուրքիային տանել իր կողմը, իսկ Յունուարի վերջին, Ամերիկան կ՛ունենայ նոր նախագահ, որը, եթէ նոյնիսկ շարունակի այսօրուան վարչակարգի քաղաքականութիւնը տարածաշրջանում, միեւնոյն է՝ շատ յստակ փոփոխութիւններ կ՛անի», ըսաւ ան։
Մելիքեան նաեւ նշեց, որ Ռուսիոյ, Թուրքիոյ, Ազրպէյճանի եւ Իրանի միջեւ տեղի ունեցող գործընթացներուն մէջ յստակ չէ Հայաստանի դերը։ «Հայաստան կը կեդրոնանայ միայն ղարաբաղեան խնդրի լուծման վրայ, բայց զարգացումները ցոյց են տալիս, որ լրջագոյն փոփոխութիւններ են տեղի ունենում տարածաշրջանում, որոնց հիմնական նախաձեռնողը ռուսական կողմն է: Հայաստանը, լինելով ՌԴ դաշնակիցը՝ չեմ կարծում, որ անմասն մնայ այդ գործողութիւններից», եզրակացուց ան:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

