• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Կանգառ Երևանում». նկարիչները՝ սիրիահայերին օգնելու համար

16.08.2014   09:45

*Մարինե Մարտիրոսյան*

Ֆրանսիայում բնակվող նկարիչ Վաչե Դեմիրճյանի աչքերում հուզմունքի նուրբ ուրվագծեր են հայտնվում, երբ պատմում է, թե ինչպես իր ինստալացիոն աշխատանքի համար գնացել էր Երևանի «քրջի բազար»: Ինստալացիայի համար նրան անհրաժեշտ էին հին հագուստ, ճամպրուկ, որպեսզի մարմնավորի գաղթականներին: «Մարմինս, գիտեք, նորից փուշ-փուշ եղավ, երբ սա պատմեցի: Մարդիկ (նկատի ունի «քրջի» շուկայի առևտրով զբաղվողներին- հեղ.) կառավարությունից սպասելիք չունեն: Երևանից դուրս աղբանոցներ կան, որտեղ գնում են, զատում են իրերը և բերում: Գիտեք, այդ իրերը նրանք մաքուր, ադամանդի պես շարում են: Դա, կարծես, արդեն ինստալացիա լինի»,- ասում է նկարիչը:

Վաչեի ինստալացիան կարելի է տեսնել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Հեղինակը գաղափարական զուգահեռ է անցկացնում սիրիահայության խնդրի հետ: Թանգարանում այս օրերին ընթանում է «Կանգառ Երևանում» բարեգործական ցուցահանդես վաճառքը: «Կանգառից» ստացված գումարով նախատեսված է կացարան կառուցել սիրիահայերի համար: Վաչե Դեմիրճյանը նկատում է, որ նման «կանգառներ» ոչ սիրահայության խնդիրների համար դեռ տարիներ առաջ էին կազմակերպել Ֆրանսիայում, օրինակ, «Կանգառ Փարիզը»: Սա «Հալեպ» ՀԿ-ի կազմակերպած առաջին ցուցահանդես-վաճառքն է:

«Իմ գաղափարը կամուրջ ստեղծելն էր Հայաստանի և սփյուռքի միջև, և դրա հաջողությունը եղավ, որովհետև «Երրորդ հարկի» խումբը եղավ, որը 25 տարի առաջ Երևանում է ստեղծվել: Այդ խմբի մեջ են Վահան Ռումելյանը, Արման Գրիգորյանը, Արմեն Գևորգյանցը, Մոկոն և այլք: Կապվեցի նրանց հետ, և նրանք շատ սիրահոժար, ամեն մեկը 2-3 գործ նվիրեց այս կազմակերպության համար»,- նշում է նա: Ֆրանսիայում ապրող հայ նկարիչի խոսքով՝ այս ցուցահանդեսի նպատակը նաև այն է, որ Հայաստանում աղմուկ բարձրանա սիրիահայերին օգնելու համար: «Երբ 25 տարի առաջ երկրաշարժ եղավ, սիրիահայերը շատ օգնեցին Հայաստանին, երևակայածից ավելի շատ՝ թե՛ դրամով, թե՛ ուտելիքով, թե՛ հագուստով, հիմա մեր կարգն է, որպեսզի օգնենք մեր սիրիահայ քույրերին և եղբայրներին»,- ասում է նա:

Ցուցահանդեսին մասնակցում է 29 արվեստագետ (Հայաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից), ներկայացված է 104 աշխատանք: «Հալեպի» երիտասարդական հանձնաժողովի ատենապետ Հակոբ Կազանջյանն ասում է, որ առայժմ վաճառվել է 2 աշխատանք, բայց դա չի ենթադրում, որ հետաքրքրություն չկա: Նա նշում է, որ նկարներից ստացած գումարով 6-հարկանի շենք են կառուցելու կարիքավոր սիրիահայերի համար, որի առաջին հարկում բացվելու են արհեստանոցներ նրանց համար: «Ինչպես գիտեք, սիրիահայերի մեջ տարբեր արհեստներում հիանալի վարպետներ կան, և ափսոս է, որ նրանք կորեն: Իսկ այդ տարածքում նրանք կարող են պահպանել ավանդույթները»,- նշում է Հակոբը:

Ցուցահանդեսը օգոստոսի 22-ից հետո էլ լինելու է «շարժական»: Աշխատանքները, որոնք չեն վաճառվել, ցուցադրվելու են երևանյան սրճարաններում կամ այլ պատկերասրահներում: Սրահ մտած նկարիչ Լորեն Նիսունուշադիր լսում էր մեր զրույցը: Նա Ֆրանսիայից է, մայրը հայուհի է՝ Մարի Բոյաջյան, իսկ հայրը՝ ֆրանսիացի: Ասում է՝ ցավում է, որ հայերեն չի կարող խոսել, թեև միշտ ցանկություն ուներ սովորելու: «Մայրս ծնվել է Ֆրանսիայում, ամուսանցել է հորս՝ ֆրանսիացու հետ: Նրանք դրսում շատ չէին ուզում ցույց տալ, որ հայ են, իսկ տան մեջ այլ էր: 1940-50-ական թթ. Ֆրանսիայում շատ ճնշում կար, հայությունն ամաչում էր փողոցում իրենց լեզվով խոսելու, դրա համար մայրս ինձ չսովորեցրեց հայերեն լեզուն»,- նշում է նա: Վաչե Դեմիրճյանը, ով թարգմանում էր մեր զրույցը, ցույց տալով Նիսուի նկարները (հաճախ ստորագրում է «Սուն»), ասում է, որ նա մոր մահից հետո մոտ մեկ տարի չէր նկարում և միայն այս ցուցահանդեսի համար վերսկսել է նկարչությունը: Նիսուն ժպտում է: «Հայրենի հողը զորավոր ուժ ունի, և ես էլ Եղեռնի հետևանքներից եմ»,- ասում է Նիսուն:

Նկարիչ Արմեն Գևորգյանցն էլ ևս մեկ անգամ պտտվում էր սրահում՝ դիտելով նկարները: Հարցնում եմ՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ցուցահանդեսին, պատասխանում է, թե մասնակցել-չմասնակցելու հարց չի եղել: «Ես մտածում էի՝ ի՞նչ կարող եմ տալ»,- ավելացնում է: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի գաղափարը լավն է, բայց մեր իրականության մեջ դժվար է պատկերացնել, որ կստացվի շոշափելի արդյունք: «Չնայած դեպքեր գիտեմ, որ գործեր երբեմն վաճառվում են և՛ 20.000-ով, և՛ 25.000-ով: Էն մարդիկ, ովքեր այդ գումարները տալիս են, էստեղ չեն լինում: Միգուցե խնդիրն այդ դեպքում այդ մարդկանց այստեղ հրավիրե՞լն է: Չեմ կարծում, թե շատ թանկ են գնահատված գործերը, որ չկարողանան գնել. զուտ որպես բարեգործական ակցիա ամեն մեկը կարող է գնել մեկ գործ»,- ասում է Ա. Գևորգյանցը:

www.hetq.am

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր