• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մի Երգի Պատմութիւն -53- Մենիաք – Մայքլ Սեմպելլօ (Maniac –Michael Sembello)

24.07.2020   11:48

Այսօր ուզում եմ պատմել մի երգի մասին, որը շարժանկարում հնչող երաժշտական թեմաներից է։ Շարժանկարը յայտնի դարձաւ էքրան բարձրանալուն պէս եւ իր հետ միասին մի շարք երգեր յայտնի դարձրեց։ Խօսքը «Maniac» երգի մասին է՝  «Flashdance» շարժանկարից։

            Երգի հեղինակը Մայքլ Սեմպելլոն է, ով մինչ այդ եւ դրանից յետոյ  շատ յայտնի երգեր է ունեցել, սակայն նրան յիշելիս առաջինն այս երգն են յիշատակում։

            Սեմպելլոն երգը գրել է Տենիս Մատքոսքիի (Dennis Matkosky) հետ համատեղ։ Երգի մտայղացումն առաջացել էր «Maniac»   մռայլ շարժանկարը դիտելուց յետոյ, որը նիւեորքցի սերիական մոլագար  մարդասպանի  (serial killer) մասին էր։ Նրանք դիտումից ազդուած արել էին երգի սեւագիր նմուշ։

            Հետաքրքրական է, որ երգը ֆիլմի մէջ յայտնուեց շատ պատահական կերպով։ Մայքլի կինը ՝ սխալմամբ,  ձայնագրել էր երգը հենց այն ձայներիզի վրայ, որը ուղարկուել էր Paramount Pictures ֆիլմիընկերութեան արտադրիչներին։ Երգը դուր է գալիս   Ֆիլ Ռամոնին (Phil Ramone), ով շարժանկարի համար երաժշտութիւններ էր հաւաքագրում։ Երգի բառերը ( որ մոլագարի մասին էին ), չէին համապատասխանում շարժանկարի բնոյթին, որ աշխատասէր ու յամառ պարուհու մասին նկար էր, ով երազում էր  պալետի պարուհի դառնալ, բայց ժամանակաւորապէս ստիպուած է աշխատել մետաղաձուլական գործարանում, ապրել ձեւափոխուած պահեստում՝  իր շան ընկերակցութեամբ եւ երեկոյեան աշխատել ակումբում՝ պալետի մասին երազանքը սրտում պահած եւ դրա համար պայքարելով։ Ֆիլը Մայքլին խնդրեց փոխել երգի բառերը․ վերջինս սիրով համաձայնեց։

            Բացի շարժանկարում հնչելը, երգը նաեւ թողարկուեց միայնակ սկաւառակի տեսքով՝ ֆիլմի հրապարակ գալուց մի քանի ամիս անց։ Մի քանի ամսուայ ընթացքում այն բարձրացաւ Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնական։

            Երգը առաջադրուել էր «Օսկար»  ֆիլմի մարցանակաբաշխութեան անուանակարգերից մէկում, սակայն կազմակերպիչները մերժել էին թեկնածութիւնը, պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում կանոնակարգին, ուր ասւում էր, որ երգը պէտք է գրուած լինի հենց շարժանկարի համար (յիշենք, որ երգը ֆիլմից քիչ առաջ էր գրուել)։  Մայքլ Սեմպելոյի խօսքերով, նա մինչեւ հիմա  նեղացած է այդ մերժումից։

              Երգի համար  յատուկ տեսահոլովակ չի նկարահանուել՝ ամբողջութեամբ ֆիլմի տեսարաններն են օգտագործուել։

            Մի քանի տարի յետոյ երգը գործածուեց նաեւ «American Wedding» եւ « Tommy Boy» շարժանկարներում։

             Ի միջի այլոց, երգը որոշ ժամանակ մեծ համբաւ էր վայելում KIA  մեքենաների արտադրողի կողմից, ով գովազդի մէջ այս երգն էր գործածում, ուր մեքենայի վաճառողը հենց այս երգի տակ էր պարում։

 

«Ձուլարանի քաղաքի աղջնակը, շաբաթ երեկոյեան իր կեանքի մենամարտին  է գնում։

            Ոչ ոք  նրան  ուշադրութիւն չի դարձնում իրական կեանքում։ Բոլորն ասում են,

որ նա մոլագար է, ով շարժումը լոյսի է վերածում, իսկ սիրտն էլ՝ երգի հարուածների յետ է բաբախում։

Նա մոգար է, մոլագար՝ ով երբեք այսպէս չէր պարել, ինչպէս հիմա․․․»

 

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

 

 

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր