• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մի Երգի Պատմութիւն – 49 – Տը Լայըն Սլիիփս Թունայթ – Տը Թոքընս   (The Lion Sleeps Tonight-The Tokens )

17.06.2020   09:09

1961 թուականին ամերիկեան երաժշտական շուկան ցնցեց մի երգ, որը ծնունդ  էր առել 1939 թուականին հեռաւոր Հարաւային Աֆրիկայում եւ մինչ Տը Թոքընս խմբի կատարմամբ հիթ դառնալը, մի քանի անգամ ձեւափոխութիւնների էր ենթարկուել։

            Երգի հեղինակն էր Հարաւ Աֆրիկեան Հանրապետութիւնում ապրող, ազգութեամբ զուլուս մի երիտասարդ, ում անունն էր Սոլոմ Լինտա։ Ինչպէս իր եղբայրակից զուլուսները, նա եւս,  ողջ մանկութիւնն ու պատանեկութիւնը անց էր կացրել  հովուութիւն անելով, եւ առիւծների մասին քաջատեղեակ էր իր իսկ  սեփական փորձից։ Բացի հովուութիւն անելուց, պատանեակը յաճախ էր տեղական հարսանեկան արարողութիւնների ժամանակ երգում  եւ առիթը բաց չէր թողնում ծանօթանալու  եւ կապ հաստատելու բոլոր նրանց հետ, ով որեւէ կապ ունէր երգարուեստի հետ ։  Այսպէս նա 1939 թուականին Evening Birds խմբի հետ յայտնուեց ձայնագրման արհեստանոցում եւ ձայնագրեց «Mbube» (զուլուսերէն՝ առիւծ) երգը։

Երգը կատարւում էր a capella՝ առանց երաժշտական նուագակցութեան, միայն ռիթմիկ «Uyimbube, uyimbube »-ի (զուլուսերենից թարգմանաբար ՝ «դո՛ւ առիւծ» ) ուղեցութեամբ։ Երգը ծայրից մինչեւ վերջ իր մէջ պարունակում էր ընդամէնը 7-8 բառ, չհաշուած  մէջ ընդ մէջ կրկնուող «Ույիմպուպեն» ։

            Երգը ՀԱՀ-ում բաւականին մեծ յաջողութիւն ունեցաւ, սակայն Սոլոմոնը վաճառքներից հասոյթ չուներ, թէպէտ հարկ է մէջբերել, որ նրա մտքով անգամ չէր անցել, որ կարող է հեղինակային իրաւունք պաշտպանել։ Մի քանի դրամով վաճառել էր երգը ՝ ձայնագրուած լինելու  գաղափարից ոգեշնչուած։

            Որոշ ժամանակ անց, այս երգի սկաւառակը յայտնուեց Միացեալ Նահանգներում։ Երգը պատահաբար յատնուեց նաեւ ամերիկացի  ՝  ժողովրդական երգերի երգիչ Փիթ Սիկերի տեսադաշտում ։ Նայ յայտնի էր նրանով, որ մեծ սէր էր   տածում  ժողովրդական երգերի ՝  յատկապէս քիչ յայտնի եւ փոքր ցեղախմբերի ժողովրդական գործունէութեան հանդէպ ։  Քանի որ նայ զուլուսերէն ոչ մէկ բառ էր հասկանում, երգի վերնագիրը՝ «Մպուպէ-առիւծ» , նա վերծանեց իւրովի եւ ենթադրեց, որ երգը նուիրուած է   զուլուսների թագաւոր Շակային, որը  փրկեց իր ժողովրդին «Սպիտակ նուաճողներից» ։ Իսկ այ «mbube» բառը նա , չգիտես թէ  ինչու, լսել էր «Wimmoweh» եւ երգը ձայնագրելուց եւ թողարկելուց յետոյ այն հենց այդպէս էր անուանեց։ 1959 թուականին Նահանգներում երգը բաւական մեծ հաջողութեամբ  թողարկուեց  եւ    վաճառվեց  ։ Սակայն երգի աստեղային ժամը դեռ առջեւում էր։

 Մէկ տասնամեակ անց  երգը գրաւեց Ճորճ Վայսի ուշադրութիւնը։ Մինչ այդ նա  արդէն յայտնի էր իր «Can’t Help Falling in Love» (Elvis Presley)   եւ  «What a Wonderful World» (Louis  Armstrong ) երգերով։  Նա երգը դարձրեց իսկական հիթ։ Նախ եւ առաջ ձեւափոխեց եւ կարգաւորեց երաժշտական կառուցուածքը, այնուհետ աղքատիկ՝  8 բառից բաղկացած բնագրին աւելացրեց 2-րդ եւ 3-րդ տները , ինչպէս նաեւ հանեց ջուգլիների ձայներ յիշեցնող վայրի աղաղակումները , թողնելով միայն  «Wimmoweh» արտայայտութիւնը։ Երգը վերանուանուեց «Առիւծը քնած է այս գիշեր» («The Lion Sleeps Tonight») ։ Քանի որ Վայսը երգը մշակելիս նկատի էր առել բազմաձայն երգեցողութիւն, երգի կատարողներ ընտրեց The Tokens խումբը։ Չնայած նրան, որ թէ Վայսը եւ  թէ խումբը  չէին կարծում որ այն հիթ կը դառնայ, այնուամենայնիւ  1961 թուականին թողարկուելով, երգը  դարձաւ ամերիկեան ազգային հիթ-շքերթի առաջատար։

1990-ականներին երգը մի նոր ալիքով նորից վերակենդանացաւ, երբ այն  որպէս երաժշտական թեմայ գործածուեց «Առիւծ արքայ» («The Lion King») ֆիլմում  եւ  «Էյս Վենթուրա ․կենդանիների հետախոյզ» (« Ace Ventura : Pet Detective») ֆիլմում։

2000 թուականին հարաւաֆրիկեան լրագրող Ռայան Մելանը  «Rolling Stone» ամսագրում հրատարակեց մի յօդուած , ուր կոչ էր անում վերականգնել Սոլոմոն  Լինտայի հանդէպ հեղինակային իրաւունքի արդարութիւնը։ Երբ 1962 թուականին երգը ամերիկեան արտադրողներին  հսկայական  գումարներ էր բերում, երգի հեղինակը մահացաւ ծայրայեղ չքաւորութեան մէջ։ Նրա ընտանիքն այնքան աղքատ էր ապրում, որ անգամ նրա գերեզմանին տապանաքար չդրուեց ։ 2006 թուականին , այնուամենայնիւ , փաստաբանները կարողացան վերականգնել Լինտայի հեղինակային իրաւունքները եւ  հասոյթի մի մաս յատկացուեց նրա  դստերը, որը նոյնպէս ծայրայեղ աղքատութեան մէջ էր ապրում։

Մինչ այսօր ձայնագրուել է երգի մօտաւորապէս 160 տարբերակ եւ հաւատալի չէ, որ երգը գրել է աֆրիկեան երուանդավանում հովուութիւն անող , երաժշտական կրթութիւն չստացած մի պատանեակ։

 

«Ջունգլիներում, թաւ ջունգլիներում

Քնած է առիւծն այս գիշեր․․․»

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր