• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թուրքիային Ձեռնտու Է Լիբանանում Ապրող Տարբեր Համայնքներին Իրար Դէմ Հանելը. Հակահայ Ցոյցերի Դրդապատճառները

15.06.2020   09:28

Հայրենի «Առաջին Լրատուական»ի Զրոյցը Ընկ. Սեւակ Յակոբեանի Հետ

– Պարոն Յակոբեան, Լիբանանում ընդհանուր առմամբ վիճակն ինչպիսի՞ն է:

– Ինչպէս ձեզ արդէն ծանօթ է, Լիբանանն անցեալ տարուայ հոկտեմբերի 17-ից ի վեր ապրում է տնտեսական սուր ճգնաժամ, ինչի հետեւանքով երկրում տեղի են ունենում ժողովրդական ցոյցեր կառավարութեան եւ ընդհանրապէս փտած իշխանութեան դէմ: Օրուայ կառավարութիւնը հրաժարական տուեց՝ տեղի տալով ցոյցերին: Կազմուեց նոր կառավարութիւն, որի կազմութիւնն ու գործելաոճը, ըստ մեզ, ո՛չ մի լուրջ տարբերութիւն չունի նախկինից: Քորոնավիրուսի պարտադրած իրավիճակը մի պահ ցոյցերը դադարեցրին: Հազիւ էր վիրուսի վտանգն անցել, համեմատաբար թեթեւացել հաւաքների հակաառողջական իրավիճակը երկրում, երբ ցոյցերը վերսկսուեցին նոյն թափով: Մանաւանդ, որ Լիբանանի ազգային արժոյթը աննախադէպ անկում արձանագրեց՝ ժողովուրդին մեծամասնութեանը հասցնելով կենցաղային լուրջ ճգնաժամի:

– Վերջին օրերին Լիբանանում հակահայկական բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Ո՞րն է դրդապատճառը: Ովքե՞ր են բողոքի ակցիայի կազմակերպիչները, մասնակիցները։ Թուրքական ի՞նչ ազդեցութիւն էք նկատում ցոյցերի կազմակերպման գործում։

– Մինչ երկիրն ապրում է նման տնտեսական քաղաքական ճգնաժամ, բացառուած չէ, որ արտաքին ուժերը սկսեն իրենց նպատակները հետապնդեն տուեալ երկրի մէջ: Թուրքիան անմասն չէ այս բոլորից: Այն մշտական ախորժակ ունի իր քաղաքական ազդեցութիւնը տարածելու շրջանում՝ մերթ զինուորական միջամտութիւններով, ուրիշ անգամ տնտեսական օժանդակութեամբ կամ այսպէս կոչուած մարդասիրական օգնութիւններով: Պէտք է նշել, որ Լիբանանն ու ամբողջ տարածաշրջանը մինչեւ 1918 թուականը մի ամբողջ 400 տարի եղել է օսմանեան տիրապետութեան տակ: Թուրքիայի նախագահ Էրդողանն, իրեն համարելով օրինական ժառանգորդը օսմանցիների, ամեն առիթ օգտագործում է  ներկայ Թուրքիայի տիրապետութիւնը  տարածաշրջանում տարածելու համար: Դրա վկայութիւնն է իր ռազմական միջամտութիւնները Սիրիայի եւ Լիպիայի մէջ:

Կարեւոր է շեշտել, որ Թուրքիան ունի իր ցեղակիցներն ու կրօնակիցները 

Լիբանանում, որտեղ պակասում է  արաբական ավանդական հովանավորությունը (սուննի արաբական երկիրներ՝ Սաուդիան Արաբիա, Արաբական Էմիրութիւններ, Եգիպտոս, եւ այլն), որոնք չեն ուզում համագործակցել Լիբանանի այսօրուայ կառավարութեան հետ՝ նկատելով շիա Իրանի գործակատարները (Իրանն էլ իր հերթին ունի նկրտումներ շրջանում՝ գլխաւոր յանձնակատար ունենալով Հեզպոլահը):

Հետեւաբար ստեղծուած է սուննի արաբ հովանաւորի վակուում (vacuum), որը սիրով է ուզում լցնել պատեհապաշտ Թուրքիան, մանաւանդ, որ ենթահողն էլ օգնում է (սուննի եղբայրակիցներ, որոնք Լիբանանում ունեն կենցաղային եւ ապահովական լուրջ խնդիրներ եւ հասարակաց «թշնամի»՝ Իրանը):

Մինչ վերոյիշեալն առկայ է, պատահեց միջադէպ, որ ըստ մեզ, կարելի էր շրջանցել նկատի ունենալով իրավիճակի լրջութիւնը:

Լիբանանահայ ծանօթ հաղորդավարներից մէկը տեղական հեռուստաընկերութiւններից մէկով հեռարձակուող իր հաղորդման ընթացքում նամակ ստացաւ, որտեղ իրեն ու հայերին վարկաբեկում էին: Նա, հասկանալի անմիջականութեամբ եւ զգացական պոռթկումով եթերի ընթացքում նուաստացուցիչ խօսքեր յայտնեց Էրդողանի եւ Թուրքիայի հասցէին՝ մարտահրաւէր նետելով նամակագիրին:

Հակազդեցութիւնը չուշացաւ: Թրքական «նուրբ մատներով» շարժուող Լիբանանում գրանցուած միութիւն յայտնուեց «Արաբ-Մերտինցիների Միութիւն», որի, այսպէս կոչուած նախագահը, ամենագռեհիկ ոճով լուտանքներ թափեց նշեալ հաղորդավարի հասցէին եւ ընդհանրապէս հայութեան հասցէին: Ազդանշանը տրուած էր: Յանկարծ փողոցների մէջ յայտնուեցան խմբաւորումներ, որոնք թուրքական դրօշակներով երթեր կազմակերպեցին՝  հակահայ լոզունգներ արձակելով:

-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս բողոքի ցոյցերը։ Թուրքիան  ինչպէ՞ս է 

դա օգտագործում հակահայկական քարոզչութեան նպատակներով։

«Պղտոր ջրի մէջ ձուկ որսացողներ» հասկացողութիւնը վստահ եմ ծանօթ է ձեզ եւ ձեր ընթերցողներին: Կատարուածը հենց դա է: Թուրքիան լաւագոյնս փորձում է օգտագործել Լիբանանի ճգնաժամը իր ձեռքերը այստեղ էլ երկարացնելու նպատակով: Հայկական թեման լաւ պատճառաբանութիւն է իրեն եւ շահագործման կարեւոր առիթ:

Թուրքիան Լիբանանի նկատմամբ նկրտումներ ունի: Նրան ձեռնտու է Լիբանանում լարուած իրավիճակը: Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դէմ հանելը, միմեանց միջեւ լարուածութիւն առաջացնելը: Այդ թւում հայերի ու երկրում ապրող միւս համայնքների ներկայացուցիչների: Եթէ Լիբանանի այս համայնքների միջեւ խնդիր առաջանայ, դա կը վտանգի Լիբանանի ազգային անվտանգութիւնը: Այս առիթով Լիբանանի մէջ գործող Հայ երեք աւանդական կուսակցութիւնները միացեալ հաղորդագրութիւն հրապարակեցին ի տես այս վերջին պատահածին, շեշտելով Լիբանանում համակեցութեան կարեւորութիւնը, որ հիմնուած է համայնքների փոխադարձ յարգանքի ու հանդուրժողականութեան վրայ: Յիշեցնելով, որ թուրքական այս արարքը լոկ հակահայ արարք չէ, նպատակ է հետապնդում Լիբանանը թուլացնել: Բարեբախտաբար եւ ինչպէս միշտ լիբանանցի մեր եղբայրակիցները բոլորն անխտիր լաւ հասկանում են նպատակն ու զօրավիգ են մեր համայնքին, որոնց հասկացողութեանն ու գործակցութեանն ապաւինելով՝ մենք պիտի շարունակենք մեր գոյութիւնն ու աշխուժութիւնը Լիբանանում՝ ի հեճուկս թուրքական նկրտումների:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր