• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 54 – Սեւամորթ Ֆլոյտի Սպանութիւնը, Ցեղական Խտրականութիւնն Ու Սպասուելիք Նախագահական Ընտրութիւնները․ ԱՄՆ Գործող Իշխանութիւնը Խնդիր Ունի

11.06.2020   08:48

Մայիսի 25-ին ԱՄՆ Մինեափոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ճորճ Ֆլոյտի սպանութիւնից յետոյ ԱՄՆ-ի տարբեր շրջաններում սկսուել են զանգուածային բողոքի ցոյցեր եւ անկարգութիւններ: Ոստիկանութեան աշխատակիցը, դաժան կերպով խեղդամահ անելով, սպանել էր Ֆլոյտին։ Միջադէպում ներգրաւուած բոլոր չորս ոստիկանները հեռացուել են աշխատանքից, եւ նրանց մեղադրանք է առաջադրուել: Բողոքի ցոյցեր են ընթանում ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Դրանք սկզբնական շրջանում խաղաղ բնոյթ էին կրում, յետոյ վերածուեցին զանգուածային անկարգութիւնների։ Երկրում կարգ ու կանոնի պահպանման եւ վերահսկման գործում ներգրաւուած է նաեւ ԱՄՆ ազգային պահակագունդը. մօտ 40 քաղաքներում յայտարարուել է պարէտային ժամ: Բողոքի ցոյցերի մասնակիցները յարձակումներ են կատարել նաեւ Սպիտակ տան վրայ։ Թրամփը ստիպուած է եղել թաքնուել ստորգետնեայ թաքստոցում։ Արդեօք ԱՄՆ-ում տեղի ունեցող այս գործընթացները միայն ցեղային խտրականութեան դէմ պայքա՞ր է, թէ այնուամենայնիւ քաղաքական ենթահողեր եւս կան։ Այս տարուայ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւններ։ Ինչքանո՞վ կը տուժի Թրամփի վարկանիշը։ Քորոնավիրուսային համավարակով պայմանաւորուած երկրում ստեղծուած ծանր տնտեսական վիճակն ինչպէ՞ս կ՛ազդի ընտրութիւնների ելքի վրայ։ Արդեօք Դեմոկրատները կը կարողանա՞ն իրավիճակն օգտագործել ի օգուտ իրենց։ Ո՞վ վերջնականապէս կը լինի իրենց թեկնածուն ընտրութիւններում։ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ճօ Պայտընը՞։ Ի դէպ՝ ինչպէս հաղորդում է Politico թերթը, ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփը յայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, մտադիր է մօտ ապագայում վերսկսել իր նախընտրական հաւաքները ողջ երկրում:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Զարթօնք» զրուցեց «Կլոպալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանի հետ։

 

– Պարոն Գրիգորեան, ԱՄՆ-ում տեղի ունեցող այս, բողոքի ցոյցերը, անկարգութիւնները Ձեր կարծիքով միայն ուղղուած են ցեղային խտրականութեան բացառման դէմ, թէ, այնուամենայնիւ,  քաղաքական թաքնուած գործընթացներ են տեղի ունենում։ Այս համաթեքսթում կը ցանկանայի նաեւ խօսել այն մասին, թէ ինչու այս անգամ սեւամորթի սպանութիւնն այդքան մեծ արձագանգ ստացաւ։ Ի՞նչն էր պատճառը։ Նախկինում եւս ԱՄՆ տարբեր քաղաքներում տեղի ունեցել էին սեւամորթների սպանութիւններ։

– Այն, ինչ կատարւում է Միացեալ նահանգներում, սեւամորթների հետ կապուած խնդիրը, վաղուց կար։ Պարբերաբար տարբեր քաղաքներում, երբ սեւամորթի սպանութիւն էր լինում, բողոքի գործողութիւններ էին տեղի ունենում, բայց ինչու այս անգամ նման մեծ արձագանգ եղաւ ու բողոքի ցոյցերը տարածուեցին 30-ից աւել նահանգներում։ Դա կապուած էր պետութեան ներսում կորոնավիրուսի բերած լարուածութեան հետ։ Այդ համատեքստում էլ աւելի արտայայտիչ դարձաւ այս խնդիրը։ Խնդիրը կապուած ցեղային խտրականութեան հետ, կար։ Չեմ ասում շատ մեծ էր, բայց կար։ Արձագանգը ուժեղացաւ, քանի որ կորոնավիրուս կար։ Եթէ դա չլիներ, մենք նոյնիսկ կարող է չիմանայինք այդ սպանութեան մասին։ Ոստիկանը կը ձերբակալուէր, կը պատժուէր, բայց մեծ աղմուկ չէր լինի։ Սրանից բացի կայ նաեւ քաղաքական բաղադրիչ։ Այս տարի նախագահական ընտրութիւններ են։ Դա նորմալ է, որ քաղաքական տարբեր ուժեր օգտագործում են նման իրադարձութիւնները։ Նման խնդիրներից առաջին հերթին տուժուողը գործող իշխանութիւնն է։ Ինչքան էլ գործող իշխանութիւնը վատ է աշխատում, միեւնոյն է նման դէպքում իրենց համար բացասական ազդեցութիւն կարող է ունենալ։ Գործող իշխանութիւնները պէտք է մտածեն՝ ինչպէս թուլացնեն այդ ալիքը, ինչպէս լուծեն հարցը։ Պարզ է՝ Միացեալ նահանգները մեծ փորձ ունի, կլուծի այդ հարցերը, բայց իրօք աղմուկը շատ մեծ էր ու կը խփի միանշանակ Թրամփի վարկանիշին։

– Թրամփն այս պահին բաւական բարդ կացութեան առա՞ջ է կանգնած։ ԱՄՆ-ում Թրամփի վարկանիշի անկում նկատւո՞ւմ է արդեն։

– Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Միացեալ նահանգներում անգամ աշխոյժ կերպով չեն լուսաբանում ընտրարշաւից առաջ տեղի ունեցող գործընթացները։ Դեմոկրատներն իրենց առաջնորդին են ընտրում։ Նկատեցի՞ք, որ ուշադրութիւնից վրիպեց անգամ այդ լրջագոյն գործընթացը, որը շատ աշխոյժ լուսաբանւում էր մշտապէս։ Այս փուլն այնքան աշխոյժ չի ընթանում, ինչպէս նախկինում էր։ Ես ուզում եմ ասել, որ գլխաւոր հարցը հետեւեալն է՝ կ՛ունենա՞յ Թրամփը արժանի մրցակից, թէ ոչ։ Դա է լինելու գլխավւորը։

– Կարծես թէ Պայտը՞նն է լինելու Թրամփի մրցակիցը։

– Եթէ Պայտընը լինի, ես կարծում եմ՝ Թրամփը կ՛անցնի, քանի որ շատ կարեւոր է հասկանալ, թէ ո՞վ է քո մրցակիցը։ Թրամփը վառ դէմք է, անհատականութիւն է, ինչքան էլ քննարկենք իր քաղաքականութիւնը, վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ, միեւնոյնն է ինքը լաւ խաղացող է։ Յիշում էք, որ Թրամփը մի շարք միջազգային կառոյցներից դուրս եկաւ կամ դադարեցրեց ֆինանսաւորումը։ Վերջին քայլը, որով դադարեցրեց Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ֆինանսաւորումը, շատ դուր եկաւ հասարակութեանը։ Թրամփը ԱՄՆ-ն դուրս բերեց Մարդու իրաւունքների Ժնեւեան քոնվենցիայից։ Թրամփը դադարեցրեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի ֆինանսաւորումը։ Դա դրական է ընկալւում ժողովրդի կողմից։ Թրամփն ասում է՝ ինչո՞ւ ենք մենք Առեւտուրի համաշխարհային կազմակերպութիւնը ֆինանսաւորում, որտեղ մեր դէմ խմբաւորումներ կան։ Կարող ենք այդ գումարը ուղիղ տալ։ Օրինակ, տանք Հայաստանին, որը կարիքի մէջ է, տանք Նիկերիային, որը կարիքի մէջ է։ Եւ այս քաղաքականութիւնը ժողովրդին դուրս է գալիս։ Նա ասում է՝ եկէք այդ փողն աւելի արդիւնաւէտ օգտագործենք։ Թրամփի այն քաղաքականութիւնը, որով նա չի խրախուսում մեծ, հզօր ընկերութիւնների՝ ԱՄՆ-ից դուրս գործարաններ բացելու գաղափարը , բերեց նրան, որ աշխատատեղերը կտրուկ աւելացան երկրում։ Խոշոր ընկերութիւնները գործարաններ են կառուցում երկրի ներսում։ Այս քայլերը միանշանակ ցոյց է տալիս, որ շատ հաւանական է, որ ինքը կը վերընտրուի։ Բայց, նորից կրկնում եմ,  կորոնավիրուսը կարող է ամեն ինչ խառնել։

– Դեմոկրատներն ինչպէ՞ս են օգտագործում կորոնավիրուսի հետեւանքով ստեղծուած ծանր տնտեսական ու քաղաքական վիճակն ի օգուտ իրենց։

– Դեմոկրատներն հիմա շատ են օգտագործում այն, որ մարդու իրաւունքների ոլորտում վերջին տարիներին երկրում շատ մեծ խնդիրներ են առաջացել։ Դա իրենք շատ լաւ են օգտագործում։ Երկրորդը՝ իրենք օգտագործում են նաեւ կորոնավիրուսի դէմ պայքարի ոչ անարդիւնաւէտ լինելը։ Միացեալ նահանգներում մահացածների թիւը 100 հազարից անցել է։ Ակնյայտ է, որ դա գործօն է, ինչը կ՛օգտագործուի Թրամփի դէմ։ Ես կարծում եմ՝ գլխաւորը դա է։ Միւս հարցերը երկրորդ փլան կը մղուի։ Դուք յիշում էք, որ Թրամփը փոխեց ապահովագրութեան հետ կապուած քաղաքականութիւնը, չեղեալ համարեց Օպամայի քաղաքականութիւնը։ Դա ինչ-որ չափով դրական իմաստով կ՛ազդի իր վարկանիշի վրայ։ Այս գործօնը եւս կ՛օգտագործեն, բայց իհարկէ, գլխաւորը կորոնավիրուսը կը լինի։ Թրամփի արտաքին քաղաքականութիւնն իր մէջ շատ անսպասելի տարրեր է պարունակում։ Դա եւս ինչ-որ կերպ դեմոկրատները կ՛օգտագործեն։  ԱՄՆ ընտրարշաւների ժամանակ կայ մի աւանդոյթ։ Իրենք արտաքին քաղաքական հարցերը շատ չեն կարեւորում։ Այդ ժամանակ աւելի առաջնային է դառնում ներքին քաղաքականութեան հարցերը։ Ընտրարշաւի ժամանակ Թրամփի դէմ կ՛օգտագործուի կորոնավիրուսը, նահանգների ղեկավարների հետ ունեցած հակասութիւնները՝ վարակի դէմ պայքարի հարցում։ Այսինքն՝ ներքին քաղաքականութեան հարցերն աւելի առաջ կու գան, որտեղ առաջինը կը լինի կորոնավիրուսը։

– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար։

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«ԶԱՐԹՕՆՔ»-ի Երեւանի Աշխատակից

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր