• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ընտրութիւնների Առաջին Փուլում Ժողովուրդն Իրապէս Ունի Ընտրութեան Հնարաւորութիւն․ Հայկ Խանումեան

27.03.2020   09:08

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 8 –

 

Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:

Մեր հարցազրոյցներու այս շարքին յաջորդ հիւրն է «Ազգային վերածնունդ» կուսակցութեան նախագահ, ԱԺ պատգամաւոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հայկ Խանումեանն է։ Պրն. Խանումեանի հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:

 «Խմբ.»

Հայկ Խանումեանը ծնուել է 1984թ. սեպտեմբերի 12-ին Իջեւանի շրջանի Խաշթառակ գիւղում: Սովորել ու աւարտել է Իջեւանի հ.1 միջնակարգ դպրոցը։ 2001թընդունվել է ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի համանուն բաժինը: 2004-2006թթծառայել է ՀՀ Զինուած ուժերում: Աւարտել է ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետը։ 2009թաւարտել է ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի մագիստրոսի բաժինը: Քաղաքագիտութեան գծով մէկ տարի մասնագիտացել է Կովկասի ինստիտուտում (Երեւան): Եվրոպական ուսումնասիրութիւնների գծով մէկ տարի մասնագիտացել է Ստրասպուրկի համալսարանում (Ֆրանսա): 2010 թուականից հանդիսանում է «Արցախի եւրոպական շարժում» ՀԿ նախագահ

2012թնախագահական ընտրութիւններում եղել է Արցախի նախագահի թեկնածու Վիթալի Բալասանեանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն: 2013 թուականից՝ «Ազգային վերածնունդ» կուսակցութեան նախագահն է։ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրութիւններում  ընտրուել է 6-րդ գումարման ԱԺ պատգամաւոր «Ազգային վերածնունդ» կուսակցութեան  համամասնական ցուցակով: Համանուն խմբակցութեան ղեկավարն է։ Ամուսնացած է: Ունի մէկ զաւակ:

 

– Պարոն Խանումեան, շնորհակալ  եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար։ Նախընտրական քարոզարշաւն ինչպէ՞ս է ընթանում։ ՀՀ-ում յայտարարած արտակարգ դրութիւնը որեւէ ձեւով ազդե՞լ է Արցախում ընտրական գործընթացների վրայ։

– Փոքր փոփոխութիւններ կան գրաֆիկի հետ կապուած, բայց առանձնապէս չի ազդել։ Քարոզարշաւը հիմնականում շարունակւում է միւս թեկնածուների մօտ։ Մենք էլ ենք շարունակում։ Փորձում են հնարաւորինս շատ բացօթեայ հանդիպումներ անել, եթէ եղանակային պայմանները թոյլ տան։

– Արցախցիները ինչպէ՞ս են տրամադրուած։ 14 թեկածու կայ, 14 ծրագիր։ Ինչքանո՞վ էք կարողանում Ձեր ծրագրերը ներկայացնել։ Օգնո՞ւմ է այն փաստը, որ Արցախում մշտապէս աշխոյժ ընդդիմադիր քաղաքական գործունութիւն էք ծաւալել։

– Մենք Արցախում ճանաչուածութեան խնդիր չունենք։ Ով ունի, թող ինքը մտածի դրա մասին։ Ժողովուրդը լաւ էլ հասկանում է, որ թեկնածուների մեծ մասը իշխանական ուժերն են ու Բակօ Սահակեանի թիմակիցները։ Եթէ ժողովուրդն ընտրութիւն է կատարելու իշխանութեան ներսում, դա այլ հարց է, բաց եթէ ուզում են իրական փոփոխութիւններ, ապա այդ ուժը մենք ենք, ես՝ անձամբ։

– 14 թեկնածուի առկայութիւնը խօսում է ժողովրդավարութեա՞ն թէ հակառակի՝ պառակտման մասին, ինչպէս կարծում են թեկնածուներից ոմանք։

– Դա քաղաքական գերազատականացման արդիւնք է։ Քաղաքական դաշտը նախկինում այդքան բաց չէր։ Հիմա բացուել է ու միանգամից այսքան թեկնածուներ են յայտնուել։ Ժամանակին քաղաքական դաշտը փակուել էր գործող իշխանութեան կողմից։ Հայաստանեան յեղափոխութիւնից յետոյ այն բացուեց։ Կարծում եմ, որ տարիների ընթացքում քաղաքական դաշտը կը զուլալուի։ Այս պահին մի քիչ պղտոր է։

– Ձեր ծրագրային առաջնահերթութիւնները որո՞նք են։

– Առաջինը՝ համակարգային կաշառակերութեան վերացումն է։ Պիզնեսն իշխանութիւնից տարանջատելը։ Ապակենդրոնացում եւ համայնքային պիւտճէների աւելացում։ Մեզ մօտ աղբիւրներն ու իշխանութիւնը բաւականին կենտրոնացուած են։ Մեր առաջնահերթութիւններից են տնտեսական ոլորտի հզօրացումը, ենթակառուցուածքների կառուցումն ու զարգացումը։ Մենք առաջարկում ենք 1000 քլմ. նոր ճանապարհ 5 տարուայ ընթացքում։ Արցախի պետական պիւտճէից վերջին տարիներին շատ քիչ գումար է յատկացուել ճանապարհների ասֆալտապատման կամ կառուցման վրայ։ Դա կատարուել է հիմնականում բարեգործական միջոցների հաշուին։ Բարեփոխումներ ենք իրականացնելու դատաիրաւական ոլորտում, կրթութեան եւ միւս բոլոր ոլորտներում։

– Պարոն Խանումեան, վերջին շրջանում աւելի առարկայական են դառնում ընտրութիւնների երկրորդ փուլի մասին պնդումները։ Ձեր կարծիքն այս մասով կասէ՞ք։

– Ես էլ եմ կարծում, որ դա շատ հնարաւոր տարբերակ է։ Վստահ եմ, որ կը լինի ընտրութիւնների երկրորդ փուլ։

– Ձեզ տեսնու՞մ էք երկրորդ փուլում։

– Իհարկէ։ Պէտք է ասեմ, որ մենք առաջարկում ենք հենց այս տարբերակը։ Առաջին փուլում ժողովուրդը գոնէ իրաւունք ունի ընտրելու իրական փոփոխութիւններ կատարող թեկնածուի կամ ուժի։ Իսկ եթէ կ՛ընտրի իշխանական թեկնածուների, ապա՝ երկրորդ փուլում կը լինի ընդամէնը իշխանական թեկնածուների շրջանում չարեաց փոքրագոյնի ընտրութիւն։ Այսինքն՝ իշխանական թեկնածուների շրջանում համեմատաբար լաւին, կաշառակերութեան մէջ քիչ երեւացողին եւ այլն։ Բայց առաջին փուլի համար, վստահաբար կարող եմ ասել, որ ժողովուրդն ունի ընտրութեան հնարաւորութիւն։

– Եթէ դուք չանցնէք երկրորդ փուլ, որեւէ քաղաքական ուժի կամ թեկնածուի սատարելո՞ւ էք։

– Որեւէ մէկին չենք միանալու կամ չենք սատարելու։ Եթէ երկրորդ փուլում չլինենք, կը յայտարարենք, որ ձայն չտան համակարգային կաշառակերութիւն ստեղծած քաղաքական ուժին կամ թեկնածուին։

– Արցախի նախագահի թեկնածու, ԱԽ նախկին քարտուղար Վիթալի Բալասանեանը հանդէս է եկել Արցախում արտակարգ դրութիւն յայտարարելու կոչով։ «Հաշուի առնելով Հայաստանում եւ հարեւան միւս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը՝ համարում եմ, որ անհրաժեշտ է յայտարարել արտակարգ դրութիւն: Եւ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կը լինի աղէտից խուսափելու հնարաւորութիւնը: Արցախը եւ Հայաստանը իրարից մեկուսացած տարածքներ չեն»,- նշել է Բալասանեանը։ Դուք կիսո՞ւմ էք նրա տեսակէտը։ Անհրաժեշտ է Արցախում եւս արտակարգ դրութիւն յայտարարել։ Եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ է նման կոչով հանդէս եկել Վիթալի Բալասանեանը։

– Դա քննարկման ենթակայ հարց է։ Այս պահին Արցախում վարակման որեւէ դէպք չկայ։ Ամենայն դէպս քննարկման հարց է։ Պէտք է համակողմանի վերլուծենք, հասկանանք։ Չենք կարող միանգամից այդ հարցին պատասխանել։

– Ընտրուելու պարագայում, Սփիւռքի հետ ի՞նչ ձեւաչափով էք աշխատելու։ Ի՞նչ ակնկալիքներ կան Սփիւռքից։

– Սփիւռքի մեր ներկայացուցիչների հետ լինելու է ամենալայն համագործակցութիւնը։ Հայրենադարձութիւն, վերաբնակեցում։ Մենք Սփիւռքին դիտարկում ենք որպէս Արցախի հաւանական բնակիչներ։

– Գաղտնիք չէ, որ սփիւռքահայ ներդրողների մօտ կայ վստահութեան որոշակի պակաս թէ՛ ՀՀ-ում, թէ՛ Արցախում ներդրումներ կատարելու մասով։ Դա առաջացել է տարիների ընթացքում։ Ի՞նչ քայլեր էք պատրաստւում ձեռնարկել նրանց մօտ վստահութիւնը վերականգնելու ուղղութեամբ։

– Մեր ծրագրում մի շարք կէտեր կան դատաիրաւական ոլորտի փոփոխութիւններից մինչեւ տնտեսական տարբեր հարցերի շուրջ փոփոխութիւններ։ Գլխաւոր նպատակը ոչ միայն Սփիւռքին է ուղղուած, այլ՝ ընդհանրապէս ներդրողին։ Պէտք է ներդրումներ անելու արհեստական խոչընդոտները վերանան, համապատասխան իրաւական ու քաղաքական դաշտ ձեւաւորուի՝ ներդրումներ ներգրաւելու ու օրինական գործարարութեան շահերը պաշտպանելու առումով։ Արցախում, ցաւօք սրտի, վերջին տարիներին հայրենասիրական մղումներով ներդրումներ են միայն եղել։ Պէտք է կարողանանք այնպէս անել, որ մարդիկ գան Արցախ ներդրում անեն, հարստացնեն ու հարստանան։ Այսինքն, ոչ միայն հայրենասիրական մղումներից ելնելով, այլեւ՝ ուղղակի տնտեսական շահից ելնելով։

– Ընտրուելու դէպքում ՀՀ իշխանութիւնների հետ համագործակցութիւնն ինչպիսի՞ն է լինելու։

– Ամենաջերմ ու ամենակառուցողական յարաբերութիւններն են լինելու։ Այս պահին ՀՀ կառավարութիւնը որոշ ենթակառուցուածքային ծրագրեր է անում Արցախում եւ վստահաբար մեր ընտրուելու դէպքում այդ ծրագրերը բազմապատկելու են։

– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար եւ յաջողութիւն ձեզ։

 

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր